close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ճանաչման պահն է

Հասարակություն

25 Հոկտեմբերի 2020, 15:37
 Արցախի ճանաչման պահն է
Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն երկու անգամ հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրադադարի հաստատմանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջադրած սկզբունքների կիրարկմանը։ Հասկանալի է, որ ազատագրված տարածքների մի մասի զավթման պայմաններում դա հավասարազոր է լինելու դե-ֆակտո վիճակը դե-յուրեի վերածելուն։

Այսինքն՝ մի մասը պատերազմով եմ վերցրել, մի մասն էլ ինքներդ կտաք՝ որպես Մադրիդյան սկզբունքների իրականացման առաջին քայլ, իսկ կարգավիճակի հարցն էլ կմնա անորոշության մեջ, քանի որ Հայաստանը կզրկվի այն առաջ տանելու հիմնական բանակցային լծակից՝ ազատագրված տարածքներից։ Արդյունքում ստացվում է, որ Բաքվի բռնապետը ոչ միայն չի պատժվելու իր կատարած հանցանքի համար, որը հազարավոր կյանքեր արժեցավ երկու կողմերին, այլ դեռ հերոսի կեցվածք է ընդունելու՝ սեփական ժողովրդի առջեւ։ Հասկանալի է որ նման պայմաններում այժմ էլ հայկական կողմն է հանդես գալու հրադադարի առաջարկներն անտեսողի դերում՝ մինչ այդ փորձելով ետ բերել թշնամու զավթածի գոնե մի մասը։ Բայց արդյո՞ք դա բավարար է՝ անցած մեկ ամսվա արյունոտ տեսաշարի արագ վերախաղարկման համար։ Կարծում ենք, որ ոչ, քանի որ Ալիեւի ներկա անհանգստությունը միանգամից երկու պատճառ ունի։

Առաջինը Իրանի բացահայտ ռազմական նախապատրաստություններն են՝ Արցախի հարավում արդեն ձեւավորված թուրքական կիսամիջանցքի դեմ հանդիման։ Երկրորդը Թուրքիայի սադրիչ կեցվածքն է, որը հակամարտության գոտի զորքեր ուղարկելու իր ցուցադրական պատրաստակամությամբ եւ Ռուսաստանին ձեռնոց նետելով վտանգավոր վիճակ է ստեղծում Բաքվի բռնապետի համար։ Ադրբեջանը չի կարող շարունակել պատերազմը՝ Ռուսաստան- Իրան -Հայաստան- Արցախ քառանկյունու արանքում։ Ուրեմն՝ նա պիտի փորձի կամուրջները վերականգնել Ռուսաստանի հետ՝ ազատագրված տարածքների մի մասը հետ ստանալու պայմանով։ Բայց կընդունի՞ արդյոք Մոսկվան «տարած հետ բերած անբախտ աղջկան», երբ վերջինս մի քանի տարի կազդուրվելուց հետո նորից փախչելու է իր փեսայի մոտ։ Դատելով Ռուսաստանի նախագահի վերջին զգուշավոր կեցվածքներից՝ կարող է նաեւ ընդունել, եթե Հայաստանը ճիշտ չգնահատի իրավիճակը եւ չկատարի իր քայլը։

Հայաստանը արագորեն պետք է օգտվի այն իրողությունից որ, ա. Ադրբեջանը սկսելով ցեղասպանական նպատակներ ունեցող ռազմական գործողություններ՝ բացառել է երկու ժողովուրդների համատեղ կեցության որեւէ հնարավորություն, բ. Ադրբեջանը մերժում է հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի մուտքը, իսկ Հայաստանը ընդունում է խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը բայց չի կարող այն իրականություն դարձնել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի անկախությունը, քանի որ առկա բանակցային ձեւաչափով պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը։ Ուրեմն՝ մնում է կատարել ընդամենը մեկ քայլ՝ ճանաչել Արցախի անկախությունը եւ դրանով իսկ օրինականացնել իր պաշտպանության հարցը Ռուսաստանի, Իրանի կամ որեւէ այլ երկրի հետ լուծելու՝ Արցախի իրավունքը։

Գևորգ Խուդինյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Վէմ» համահայկական հանդեսի գլխավոր խմբագիր
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica