close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում խաղաղապահների տեղակայումը, գուցեև, հեռավոր տարբերակներից մեկը կարող է լինել․ Նելլի Բաղդասարյան

Արցախ

23 Հոկտեմբերի 2020, 19:33
 Արցախում խաղաղապահների տեղակայումը, գուցեև, հեռավոր տարբերակներից մեկը կարող է լինել․ Նելլի Բաղդասարյան

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախն առայժմ անհրաժեշտություն չի գտնում խաղաղապահների տեղակայման, բայց դրանից հետո իրավիճակ է փոխվել, ռազմական գործողություններն ավելի լայն բնույթ են ընդունել և, ստացվում է այնպես, որ, սեփական ժողովրդի անվտանգությունը ապահովելու նկատառումներով, գուցեև հեռավոր տարբերակներից մեկը կարող է լինել դա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը։

Նա, սակայն, նշեց, որ խաղաղապահների հարցը որևէ կերպ չի քննարկվում առայժմ և դա դեռևս ներհայաստանյան տիրույթում է։

«Մենք գիտենք, որ Լավրովը հարցազրույցի ժամանակ խոսել էր ռազմական դիտորդների տեղակայման մասին, որպես խաղաղապահների տրանսֆորմացված ձև, բայց սա ևս Ադրբեջանի կողմից չի ընդունվել։ Այսինքն, առաջարկվող տարբերակներին պետք է կողմերը երկուստեք համաձայն լինեն։ Կարծում եմ, որ մենք դեռևս այդ իրավիճակին չենք հասել»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։

Առայժմ Արցախում բոլոր աշխատանքները տանում են, որ պատերազմը դադարեցվի, մնացած հարցերը ածանցյալ են համարում։ Նախագահի խորհրդականի խոսքով՝  ստեղծվել է մի իրավիճակ, որ առաջնորդվում են ոչ թե կոնկերտ գործողությունների պլանով, այլ իրավիճակն է թելադրում գործողություններ։

Խաղաղապահների թեման, քանի որ առայժմ որևէ ձևով չի քննարկվում, հետևաբար չեն քննարկվում նաև նրանց տեղակայման ձևաչափերը՝ վստահեցրեց նա։

Նելլի Բաղդասարյանի դիտարկմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խաղաղապահության վրա հույս դնել և երկրի անվտանգությունը կապել դրա հետ, միշտ չէ, որ նպատակին ծառայել է։

«Բայց, փաստորեն, նախկինում ունեցած բոլոր փաստաթղթերում խաղաղապահների բաղադրիչը մշտապես կար, սա դիտարկվել է որպես միջանցիկ ինչ-որ փուլ մինչև որոշակի կարգավիճակ արձանագրելը։ Այսինքն, սրանք ապրիորի, ենթադրությունների մակարդակում գտնվող քննարկումներ են»,-ասաց նա։

Արցախում չեն կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հայկական կողմը համաձայն է Արցախում խաղաղապահներ տեղակայելուն, զիջում է կամ հստակ պայմանավորվածություն։

«Զիջումների գնալու հետ կապված ես որևէ տեղեկություն չունեմ, մենք այս պահին այդ թեմաներով չենք խոսում։ Բնականաբար, մենք դեռևս պատերազմի մեջ ենք և քաղաքական գործընթաց նույնիսկ հնարավոր չէ սկսել, բանակցային գործընթացը փակուղում է, թեական է Փաշինյան-Ալիև հանդիպումը, հետևաբար, այս փուլում, բնականաբար, չենք կարող խոսել ինչ-որ զիջումների մասին»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։

Ռուսաստանի ակտիվ դերակատարությանը նա բնական է ընդունում։ Ասում է՝ երբ դիտարկում ենք հակամարտության ամբողջ քաղաքական պատմությունը, Ռուսաստանը միշտ այդ դերակատարությամբ է հանդես եկել թե՛ նախկինում՝ ԵԱՀԽ շրջանակներում, թե՛ հետագայում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, Ռուսաստանը մշտապես հանդես է եկել որոշիչ դերակատարությամբ։

Նելլի Բաղդասարյանը հիշեցնում է, որ Ռուսաստանի դերակատարությունը զգալի է թե՛ 1994 թ-ի հրադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրում, թե 2016 թ-ի ապրիլի 5-ի պայմանավորվածության հարցում։

«Հետևաբար, սա այս բոլոր պրոցեսների շարունակությունն է։ Բացի դրանից, նաև կա Ռուսաստանի կողմից հիմնախնդրի խորքային տեղեկացվածություն։ Այսինքն, եթե մի կողմից դա պայմանավորված է Ռուսաստանի տարածաշրջանային իրաղություններին տիրապետելու հանգամանքով, մյուս կողմից դա նաև մեռյալ կետից իրողությունները տեղաշարժելու կամքով է պայմանավորված»,-ասաց նա։

Արցախում, առայժմ, փորձում են արտաքին քաղաքական ուղղվածությամբ առավել գործուն դերակատարությամբ աշխատել։

«Հիմա ստացվել է այնպես, որ միջազգային հանրությունը սկզբնապես բավականին բուռն արձագանքել է, այժմ բյուրեղացվում է։ Այժմ մենք ունենք արձագանքներ կոնկերտ դերակատարներից՝ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է, առանձին պետություններն են և Ռուսատանի Դաշնությունը, որն, այս դեպքում, ունի թե՛ առանձնացված դերակատարություն, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում դերակատարություն»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։

Արդյո՞ք ճիշտ է մարդասիրական հրադադար հաստատելու ուղղությամբ աշխատել, թե՞ նպատակահարմար է արդեն մտածել ավելի կայուն՝ զինադադարի մասին․ Արցախի նախագահի խորհրդականի դիտանկյունից՝ իրավիճակին տիրապետելու դեպքում ունենում ենք առավել սթափ գնահատականներ, առավել իրատեսական գնահատականներ, հիմնականում ոչ իրատեսական գնահատականներ հնչում են այն դեպքում, երբ ընդհանրապես իրավիճակին չեն տիրապետում։

«Այս դեպքում իրավիճակը թելադրում է մի այնպիսի վիճակ, որ անգամ կրակի դադարեցման պայմանավորվածությունները հնարավոր չէ կյանքի կոչել։ Դուք տեսաք, որ հոկտեմբերի 10-ին ու 18-ին կրակի դադարեցման երկու պայմանավորվածությունները անարդյունավետ էին։ Հետևաբար, հիմա, երբ մենք ռեալ գնահատում ենք, մենք այս պահին նույնիսկ կրակի դադարեցման խնդիր ունենք, իսկ այստեղ բանակցային գործընթաց սկսելը կամ մեծ խաղաղության մասին խոսելը առայժմ տեղին չէ։ Մենք պետք է հասնենք հրադադարի հաստատմանը, այնուհետև նոր միայն անցնենք մնացած քաղաքական գործընթացներին։ Իսկ դա, այս լայնածավալ պատերազմի պայմաններում, այս պահին, երբ ստացվել է մի իրավիճակ, որ արտաքին քաղաքական ազդակները մինչև այս պահը շարունակում են ոչ այնքան արդյունավետ լինել, Արցախը միայն սեփական ուժերով պետք է դիմակայի արտաքին վտանգին»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։

ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ այս պահին արցախյան հարցի դիվանագիտական լուծում չկա, Արցախում այսպես են մեկնաբանել․ «Մենք ունենք հակառակորդ-թշնամի, որը պարզապես քաղաքական հայտարարություններ է անում արտաքին լսարանի համար, որ՝ պատրաստ է բանակցել և ունենք երկրորդ երեսը, որ՝ Ադրբեջանի նախագահը սեփական հասարակությանը մատուցում է բավականին էյֆորիկ տրամադրություններ՝ այսքան գյուղեր ենք ազատագրել, բնակավայրեր, շրջաններ և այլն։ Հիմա ստացվում է մի վիճակ, որ նա, բնականաբար չի էլ կարող նստել բանակցային սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը, պարզապես, ռեալ գնահատելով իրավիճակը, փորձել է այդպիսի պատասխան տալ, սա նաև սթափության կոչ է»։  

Նելլի Բաղդասարյանի մեկնաբանությամբ՝ մենք անընդհատ, ամեն դեպքում, ռազմական զսպումները պիտի ընդունենք, իսկ ռազմականը թելադրում է դիվանագիտականը։

Նա համոզված է, որ մինչև մենք արմատական բեկում ռազմաճակատում չունենանք, պետք չէ սպասել որևէ դիվանագիտական լուծումների․ «Այսինքն, ամեն դեպքում, ինչպես նախորդ արցախյան պատերազմի ժամանակ էր, մենք մինչև չենք արձանագրել որևէ կոնկրետ մեծ հաջողություն, Ադրբեջանը չի նստելու բանակցային սեղանի շուրջ»։

Նա նշեց, որ հայկական կողմը շեշտել է պատրաստակամությունը բանակցային գործընթաց սկսելու, բայց տվյալ դեպքում Իլհամ Ալիևը իր գործելաոճով բանակցային գործընթացը փակուղի է տանում և շատ լուրջ ակնկալիքներ ունենալ այս ամենից գոնե այսօր տեղին չէ։

«Մենք չգիտենք՝ վաղն ինչ կլինի, որովհետև քաղաքական գործընթացները շատ արագ են զարգանում և այսօր մեր տված գնահատականը կարող է վաղը ժամանակավրեպ լինել»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։

Նա կարծում է, որ գործընթացը թելադրում է պահական լուծումներ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica