close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պատերազմը Թուրքիայում ապրող հայերի տագնապն ավելի է մեծացրել

Սփյուռքի ձայնը

23 Հոկտեմբերի 2020, 17:19
 Արցախի պատերազմը Թուրքիայում ապրող հայերի տագնապն ավելի է մեծացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները Թուրքիայի հայերի մոտ ավելացրել է Հրանտ Դինքի  նկարագրած  «աղավնու տագնապը»։ Նրանք հոգնել են, որ յուրաքանչյուր հակամարտության դեպքում իրենց (Թուրքիայում) դիտում են որպես օտարի և կողմանակցի։

Ալի Քեմալ Էրդեմ

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի (Արցախ- Ակունք խմբ) շրջանում սկսված կռիվները շարունակվում են։ Բացի երկու կողմից, որոնք վախենում են իրենց սիրելիներին կորցնելուց, կա նաև դեպքերին անհանգստությամբ հետևող մեկ այլ հատված։ Նրանք Թուրքիայում ապրող հայերն են։

Ենթադրվում է, որ ներկայում Թուրքիայում ապրում է 40․000-60․000  հայ, ովքեր հիմնականում բնակվում են Ստամբուլում։ Նրանք ժամանակին երկրի չորս կողմերում ապրած հայ ժողովրդի վերջին ներկայացուցիչներն են։

Այսօր ադրբեջանցիների և Թուրքիայի մեծամասնությունը կազմող թուրքերի էթնիկ մտերմության պատճառով Թուրքիայի իշխանություններն ու հասարակության մեծ մասն աջակցում է Ադրբեջանին։

Այդ առումով Թուրքիայում ապրող հայերը, բառիս բուն իմաստով, երկու քարի արանքում են հայտնվել։ Երկիրը, որի քաղաքացիներն են, աջակցում է Ադրբեջանին, իսկ ռազմաճակատի հակառակ կողմում հայերն են, որոնք իրենց ազգակիցներն են։

13 տարի առաջ համայնքի առաջադեմ մարդկանցից «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի քաղաքական սպանությունը և դրա հոգեցնցումը չհաղթահարած թուրքաբնակ հայերն անհանգստացած են պատերազմի մթոլորտում գլուխ բարձրացնելու հավանականություն ունեցող ազգայնականությունից։

Անցած օրերին Գում Գափուում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմաց ադրբեջանական դրոշներով  ավտոերթը այդ անհանգստությունը ավելի է մեծացրել։

Թուրքիայում ապրող հայերի զգացողությունների, գործընթացի մասին ունեցած մտածմունքների վերաբերյալ զրուցեցինք զանազան մասնագիտության տեր  և տարբեր տարիքի հինգ հոգու հետ և դուրս եկանք հետևյալ հարցերի պատասխանները փնտրելու․

– Ընթացիկ ադրբեջանա-հայկական բախումները ինչպե՞ս են ընդունվում Թուրքիայում ապրող հայկական համայնքի կողմից։

–  Դուք ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող դեպքերը։

– Թուրքիայում, բախումների ընթացքում ժողովրդի մեջ կամ քաղաքական լեզվում ազգայնական կարգախոսների հավանական աճը ձեզ անհանգստացնու՞մ է։

– Հայ համայնքը մի կողմից՝ Թուրքիայում ապրելու, մյուս կողմից էլ Ղարաբաղում ադրբեջանցիների հետ կռվող մարդկանց ազգակիցները լինելուց առաջացող բնական կապվածության պատճառով երկու քարի արանքում մնալու զգացողություն ունենու՞մ է։

Չնայած հարցերը նման են, պատասխաններն էլ՝ տարբեր, սակայն ընդհանուր զգացողությունը անհանգստությունն ու տագնապն են։

Ոմանք տեղի ունեցող գործընթացը սառնասրտությամբ, ոմանք հակազդեցությամբ են ընդունում, սակայն բոլորի միակ ցանկությունն այն է, որ ժամ առաջ ավարտվեն կռիվները և իրենց նկատմամբ եղած նախապաշարմունքը։

Ատամնաբույժ Թաթյոս Բեբեք Բախումների պատճառով հայկական համայնքի վրա ճնշումներ են գործադրվում, մեծ մասը «Գետինը բացվի, մեջը մտնենք» տրամադրության մեջ է։

Անատոլիան բազմաթիվ քաղաքակրթությունների բնօրրանն է եղել, մի բնակավայր է, որտեղ միասին գոյատևել են եղբայրությունը, հարևանությունը, թշնամանքը, սերն ու ատելությունը։ Եվ բնական է, որ այդ համայնքն ունի որոշ փխրուն կետեր, նուրբ խոռոչներ։ Դրանք պոտենցիալ խնդիրներ են։ Հայկականությունը այդ խնդիրներից մեկն է։ Դա հատկապես քաղաքական դժվարին ժամանակաշրջաններում է օրակարգ բերվում, փորձում են դրա շուրջ քաղաքականություն վարել։ Պետության անվտանգության հեռանկարն էլ ճանապարհ է հարթում այդ խնդրի համար։ Այսօր էլ հենց դա է տեղի ունենում։

Ադրբեջանի և Ղարաբաղի միջև բախումների պատճառով Թուրքիայում ապրող հայկական համայնքի վրա մեծ ճնշում է գործադրվում, որն անհանգստություն է հարուցել։  Նրանց մեծ մասը հետևյալ տրամադրվածությունն ունի․ «Գետինը բացվի, մեջը մտնենք ու մի որոշ շրջան դուրս չգանք»։ Պատրիարքարանի շրջակայքում և հայերով հոծ բնակեցված շրջաններում իրականացված ակցիաներն էլ աղ ու պղպեղ դարձան։

«Բազմաթիվ մարդիկ կան, որ ստացել են ատելության խոսքի իրենց չափաբաժինը և հեռախոսով հնչեցված սպառնալիքները»։

Հնարավոր չէ խուսափել աճող ազգայնականությունից։ Բազմաթիվ մարդիկ կան, որ ստացել են ատելության խոսքի իրենց չափաբաժինը և հեռախոսով հնչեցված սպառնալիքները։

Համայնքի առաջադեմ հայերը ցավոք նույնպես ենթարկվում են նման վերաբերմունքի, անհանգստանում դրանից։ «Աղավնու տագնապը» կհասկանան միայն նրանք, ովքեր դա ապրել են։ Քաղաքական գործիչների մեծ մասն էլ երբ միանում է ազգայնական խոսքի քարավանին, բացասականը կրկնապատկվում է, և հնարավոր չի լինում դուրս գալ դրա միջից։

Մարդկանց ձեռքում չէ նրանց ազգային պատկանելությունը, նրանք չեն կարող դա փոխել։ Ես էլ ազգային ինքնություն ունեմ։ Եթե փորձեք դեպքերին գնահատականներ տալ այդ ինքնությանն առաջնորդություն տալով, շատ բարձր է հավանականությունը, որ օբյեկտիվ չեք լինի։ Ուստի ես նման դեպքերին փորձում եմ գնահատականներ տալ իմ մարդ ինքնությամբ։

Ոմանք իրենց չպետք է դիտարկեն որպես «օտար»

Այս գործընթացում երկու հիմնական խնդիր եմ նկատում։ Առաջինը՝ փոքրամասնությունների նկատմամբ պետության տեսակետն ու քաղաքական մտածելակերպն է։ Դա անպայման պետք է փոխվի։ Ոմանք չպետք է իրենց դիտարկեն որպես «օտար» կամ «երկրորդ կարգի քաղաքացի» և պետք է վստահեն պետությանը։ Միայն այդ ժամանակ կաճի մարդկանց ինքնավստահությունն ու տեր կանգնելու զգացողությունը, և համատեղ ապրելու ազդակները կավելանան։

Երկրորդ խնդիրը մարտերի նկատմամբ մեր մոտեցումներն են։ Բախումներն սկսվելուն պես ռեֆլեքսով մեծ մասի բերաններում էին կողմնակից լինելու, մի կողմին աջակցելու և մյուսին ստորացնելու կարգախոսները՝ քաղաքական գործիչների գլխավորությամբ։ Մինչդեռ թեժ մարտեր են տեղի ունենում, և երիտասարդներ են մահանում՝ լինեն նրանք ադրբեջանցի թե հայ։

«Երկրում խաղաղություն, տիեզերքում խաղաղություն» նշանաբանը մեզ ճանապարհ պետք է ցույց տա, որի համար պետք է անենք այն, ինչ անհրաժեշտ է»

Անհրաժեշտ է նախ՝ կարողանալ կանխել մարդկանց մահը և հանդես գալ բախումների պատճառ հանդիսացած խնդիրները բանակցությունների ճանապարհով լուծելու նախաձեռնություններով։ Պատերազմում հաղթող չի լինում, և դեռևս շանս ունենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նախաձեռնությամբ հանդես գալու։ Տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը, վստահությունն ու շահեկան հարաբերությունները զարգացնելուն միտված քայլեր պետք է անենք։

Խեցեգործության ուսուցիչ Քայուշ Չալըքման Գավրիլոֆ Ես վստահ եմ, որ պատերազմական մթնոլորտը մեծացնելու է տագնապը

Սեպտեմբերի 1-ին մի տեղ ասել եմ, որ «Խաղաղությունը կնոջ երգն է»։ Որպես կին՝ իհարկե իմ դիրքորոշումը միշտ խաղաղությունն է լինելու։ Երիտասարդների մարմինները հողին հանձնելու գնով չպետք է լուծվի կառավարությունների գոյատևման հարցը։

Վստահ եմ, որ այս բախում-պատերազմական մթնոլորտը միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար «աթոռի» պահպանման նկատմամբ անհագստությունն է, որ կրակի վրա յուղ է լցնելու։ Նախապատրաստություններն սկսել են գարնան ամիսներին։ Այդ պատերազմը եթե չավարտվի, երկու երկրների ղեկավարների (թուրք և ադրբեջանցի) ուզած ձևով, այդ երկու առաջնորդի գահընկեցությունը վայրկյանների հարց է։ Ինձ համար ընդունելի չէ այն ճշմարտությունը, որ լինի Թուրքիայի, լինի Ադրբեջանի ժողովուրդների քաղաքականապես չիրականացված իշխանափոխությունը կրկին հայերի թափվող արյան գնով լինի, ճիշտ սրանից 100 տարի առաջ Ադանայի ջարդերի ժամանակ, ճիշտ 1915 թ․ եղածի նման։

Մի նոր Թուրքիա կամ էլ մի նոր Ադրբեջան է կրկին հիմնադրվելու հազարավոր հայերի կյանքի գնով։

Մի բան գիտեմ՝ վախը ժամանակ առ ժամանակ անօգուտ է

Չեմ ընդունում «աճող ազգայնական կարգախոսներ» արտահայտությունը, քանի որ այդ ազգայնական կարգախոսներն ընդհանրապես չեն պակասում, միշտ կան, միայն որոշ չափով քիչ են լինում, երբեմն շատանում են։ Թուրք հասարակությունն իր իշխանությունների կողմից շատ հեշտ   է սադրանքի ենթարկվում, այս հարցում ևս հասարակությունն ուղղորդվում է կառավարության կողմից։

Մենք ինչպիսի՜ ջարդեր, ինչպիսի՜ պոգրոմներ ենք տեսել, չտեսած մարդիկ էլ այդ պատմություներով են մեծացել, միակ բանը, որ գիտենք, այն է, թե վախը երբեմն անօգուտ է։

Շատ լավ գիտենք, որ նրանք չեն հանգստանա, մինչև Կովկասում և Մերձավոր Արևելքում  մեկ հայ անգամ չթողնեն, քանի որ հանցագործը զոհի աչքերի մեջ չի կարողանում նայել, երբ նայում է, հիշում է անցյալը, ինչքան էլ ժխտի, միևնուն է՝ հիշում է։

 «Այս պատերազմական մթնոլորտում առաջին անգամ զգում եմ, որ զրկված եմ իմ թուրք ինքնությունից»

Սկզբում էլ ասացի, որ չեմ կարող ասել, թե հայ ժողովուրդն ինչ է մտածում ու զգում, ես իմ անունից եմ խոսում։

Ես առաջին անգամ այս պատերազմական մթնոլորտում ինձ զրկված զգացի իմ թուրք ինքնությունից և կարծում եմ՝ ճիշտ եմ, քանի որ իմ երկիրը կողմ չհանդիսացող մի պատերազմի մեջ է և պատերազմական գոտուց դուրս հարևան երկրի սահմաններում փորձում է պատերազմ մղել։ Ես նույնացվում եմ իմ ազգակիցներին, որոնք շատ մեծ անարդարության, ստի զոհ դարձան, և շատ դժբախտ եմ։

Վիճակագիր Արի Գևորգ Դեմիրջօղլու Հրանտ Դինքի սպանությունը կոտրվելու պատճառ դարձավ

Սխալ չի լինի ասել, որ հայ համայնքը, մինչև պատրիարք Մեսրոպ Երկրորդի պատրիարք դառնալը, նախընտրել է ապաքաղաքական դիրքորոշում ունենալ։

Իհարկե որոշ բացառություններ կային, սակայն երբ ընդհանուր առմամբ  նայում ենք համայնքին, տեսնում ենք, որ այն ավելի փակ համայնք էր։ Մեսրոպ Երկրորդի պատրիարք դառնալուց հետո համայնքն աշխարհին ու մեծ համայնքին ավելի է ինտեգրվել։

Դրա հետ մեկտեղ Հրանտ Դինքի սպանությունը կրկին կոտրվելու պատճառ դարձավ, և այսօրվա էլ, որոշ բացառություններով, համայնքի մեծ մասին համար ապաքաղաքական ձևակերպումը կարծում եմ՝ սխալ չի լինի։ Հետևաբար ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան բախումը, այլև ցանկացած այլ քաղաքական հարցով համայնքում բարձրաձայն կարծիք հայտնող, խնդիրների համար լուծումներ առաջարկող շատ անձինք չկան։

 «Երեք հազար տարի այս երկրում ենք ապրում, սակայն ամեն անգամ այնպես են անում, որ մենք մեզ հյուր զգանք»

Թուրքիայում ապրող հայերիս  վիճակի նման վիճակ աշխարհում հավանաբար մեկ այլ օրինակ չկա։ Մենք այս երկիր չենք գաղթել որևէ այլ վայրից։ Մենք երեք հազար տարի այս հողերի վրա ենք ապրում, այսինքն՝ մենք այս երկրում հյուր չենք, սակայն ամեն անգամ այնպես են անում, որ մենք մեզ զգանք այնպես, կարծես հյուր ենք, կարծես մեր սեփական հայրենիքում չենք ապրում։ Պատկերացրեք, որ դա ձեզ հետ է կատարվում, գուցե այդ ժամանակ կարողանաք հասկանալ մեր հոգեվիճակը։

 «Մենք թուրք չենք, սակայն առնվազն ձեր չափ Թուրքիայի քաղաքացի ենք»

Իրականում շատ ցավոտ է աշխարհի ցանկացած վայրում հայերի հետ կապված ցանկացած իրավիճակին որպես հակազդեցություն անընդհատ սպառնալիքներ ստանալ։ Սակայն խնդրում եմ, մի մտածեք, որ դա կապված է մեր կյանքը և գույքը կորցնելու վախի հետ։

Դա իրականում երեք հազար տարի այստեղ ապրող և խորը արմատներ գցած համայնքին անընդհատ հայրենիքից հեռանալու, արմատներից  կտրվելու սպառնալիքներ հնչեցնել է, որ  մեծ թախիծ է առաջացնում։ Մենք թուրք չենք, սակայն առնվազն ձեր չափ Թուրքիայի քաղաքացի ենք։

«Կրկին կարծես մոր ու հոր արանքում մնացած երեխաներ լինենք»

Բացի այդ՝ ինչքան էլ պաշտոնական աղբյուրները նշում են 100 հազարը, իմ ենթադրությամբ այսօր 40-50 հազարի չափ մնացած  ժողովրդից ենք խոսում։ Այսինքն՝  նոր ձևով մեր հայրենիքում, սեփական հողերում օր օրի անհետանում ենք։

1980-ական թթ․ ի վեր, երբ աշխարհում հայկական համայնքին վերաբերող զարգացումներ են լինում, ամեն անգամ պահանջում են մեզնից բացահայտ ասել, թե ինչ ենք մտածում, ինչ կողմնորոշում կամ էլ դիրքորոշում ունենք։ Ես անձամբ կարծում եմ, որ դա արդար չէ։ Միայն այս մոտեցումը  պատճառ է հանդիսանում, որ մենք նույնիսկ մեր հողերի վրա անհայրենիք մեզ զգանք։

Բացի այդ՝ մեջտեղում պատերազմ կա, և Ղարաբաղում ապրող հայերն էլ մեր հայրենակիցներ են։ Ցանկանում եմ օգտվել մեր սիրելի, լուսահոգի պատրիարք Մեսրոպ Երկրորդի շատ գեղեցիկ խոսքերից, որոնք պատմում են այս հարցով իմ զգացողությունների մասին։  Այն հողերը, որոնց վրա մենք ապրում ենք, կոչում ենք մայրենիք, իսկ Հայաստանի համար էլ հայրենիք բառերն ենք օգտագործում։ Եվ կրկին մեզ զգում ենք մոր ու հոր կռվի արանքում մնացած երեխաների նման։

Ուստի, եթե անգամ ֆիզիկապես մեզ վրա դա չազդի, հոգեբանորեն պատերազմը ընդունելի կողմեր չունի, հուսով եմ, որ վայրկյան առաջ այն դադարեցնելու համար բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն, և խաղաղություն կհաստատվի։

«Հրանտ Դինքի սպանությունից հետո համայնքի կարևոր հատվածը արդեն իսկ աղավնու ունեցած տագնապի մեջ է»։

Ինչպես ավելի վաղ ասացինք, Հրանտ Դինքի սպանությամբ համայնքի կարևոր հատված արդեն իսկ մշտապես աղավնու ունեցած տագնապի մեջ է։ Չենք կարող ասել, որ պետությունը այդ հարցում շատ է օգնում։

Սովորաբար երբ երկու մարդ հանդիպում են, դրա մասին պետությունը տեղյակ  է լինում, այդ ինչպես եղավ, որ Պատրիարքարանի շուրջ դրոշներով շրջելուց շատ ժամանակ անց միայն տեղեկացավ այդ մասին։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ է նշանակում։

Շատ մանրակրկիտ պետք է մտածենք, թե «Ում համար է  օգտակար, եթե Թուրքիայում 1 հայ անգամ չմնա»։ Ընդհակառակը, հայերն այս հողերում դարեր շարունակ ապրել են, ապրում են ու պետք է ապրեն, որ իրենց պապերի նման շարունակեն զբաղվել ճարտարապետությամբ, երաժշտությամբ, գյուղատնտեսությամբ, թատերական արվեստով, գյուտարարությամբ, նկարչությամբ և այլն, ունենան իրենց ներդրումն այդ ոլորտներում:

Լրագրող Սելին Միլոշյան Ազերիների հետ պատերազմող հայաստանցի հայերի հետ ազգակից ենք, սակայն մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք։

Թուրքիայում ապրող հայ համայնքն էլ կողմ է, որ ինչքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի։ Ամենավատ պայմաններով խաղաղությունն անգամ ամենալավ պատերազմից լավ է։ Չնայած Մինսկի խմբի խաղաղության կոչերին՝ պետք է ընդգծենք, որ Թուրքիան խաղաղութանն ուղղված քայլ անելու փոխարեն Ադրբեջանի կողմից է,  իսկ մեդիան կռիվները փոխանցում է աչառու, ագրեսիվ և չափազանց ազգայնական լեզվով, ինչն այլ բան չէ, քան կրակի վրա յուղ լցնել։

Թուրք հասարակության մեջ լոկ միայն «հայ» բառը առաջացնում է թշնամանք և օտարացում, իսկ «Հայերը պատերազմում են  եղբայր ազերիների դեմ» արտահայտությունն այդ թշնամանքը համեմում է ազգայնամոլության սոուսով, և սխալ չի լինի ասել, որ ազգայնամոլությունն ավելի կմեծանա։ Այդ դիրքորոշումը, այդ լեզուն, հատկապես Թուրքիայում գտնվող հայերին հայաստանցի հայերի հետ նույնականացնող, նրանց մեջ եղած տարբերությունները չըմբռնող հատվածին  ավելի է կատաղեցնում և ակտիվացնում։

Սխալ թող չհասկացվի իհարկե, սակայն ազերիների հետ պատերազմող հայաստանցի հայերի հետ ազգակից ենք, բայց մենք թուրքիացի, Թուրքիայի քաղաքացիներ ենք։ Մեր արմատներն այստեղ են։ Մենք՝ թուրքիացի հայերս, սերում ենք մի ազգից, որը դարեր շարունակ ապրել է Անատոլիայում, որի տունուտեղը, դպրոցները, եկեղեցիները, կարճ ասած՝ հայրենիքը Անատոլիան է։

Մեր հայրենիքը Հայաստանը չէ, Անատոլիայի հողերն են, դա թող լավ իմանան։ Մենք Օսմանյան կայսրությունում պետական մարմիններում կարևոր հանձնարարություններ ստացած օսմանյան հայերի՝ հավատարիմ ազգի թոռներն ենք։

Տեղին կլինի ասել, որ հայ ազգային փոքրամասնությունը զգում է «աղավնու ունեցած տագնապը»։

Այս առիթով ցանկանում եմ մեջբերել Հրանտ Դինքի հետևյալ խոսքը․ «Մենք՝ հայերս, այս հողերի վրա աչք ունենք։ Ունենք, քանի որ մեր արմատներն այստեղ են։ Սակայն մի անգհանգստացեք. ոչ թե այս հողերը վերցնել տանելու համար, այլ այդ հողերի տակն անցնելու համար»։

Անցած օրերին Գում Գափուում Հայոց պատրիարքարանի մոտ ադրբեջանական դրոշով ավտոերթ է տեղի ունեցել, որը ցույց է տալիս, թե ինչպես են ակտիվացնում ու սադրում ժողովրդին։ Պատմությունը հարուստ է սեպտեմբերի 6-7-ի դեպքերի նման  օրինակներով։

Ուստի տեղին է ասել, որ արդեն իսկ մշտական վախերով և պարանոյայով ապրել սովորած հայ ազգային փոքրամասնությունը հիմա ավելի շատ է փշերի վրա նստած, և տեղին կլինի ասել, որ կրկին զգում է Հրանտ Դինքի ասած «աղավնու ունեցած տագնապը»։

Գում Գափուի դեպքը մյուս թաղամասերում ապրող հայերի մոտ առաջացրել է հետևյալ հարցերը. «Արդյո՞ք նման դեպքեր մեր թաղամասերում էլ կկրկնվեն», «Ինչպե՞ս ենք պաշտպանելու մեզ, մեր երեխաներին», հարցեր, որոնք երևան են հանում ենթագիտակցության մեջ առկա տագնապը։

Շատ եմ անհանգստանում երեխաներիս ապագայի համար

Այոʹ, որպես մի մայր և կին՝ կռիվներում կյանքը կորցրած երիտասարդ բոլոր ազերիների և հայերի համար տխուր եմ, սակայն իմ երեխաների և նրանց ապագայի համար էլ, ճիշտն ասած, շատ անհանգիստ եմ։ Ծագումով հայ լինելու պատճառով անընդհատ թիրախավորվող, պառակտման և օտարացման, ատելության և քենի ենթարկվող ազգային փոքրամասնության անդամ լինելն այդքան էլ հեշտ չէ։

Երբ երեխաների անունները հարցնելու ժամանակ դիմացինը չի հասկանում, դեմքին տարբեր ձև է տալիս ու հարցնում՝ «օտար ե՞ք» կամ էլ «հայաստանցի՞ եք», իրականում ցույց է տալիս, թե ինչպես է այս հասարակության մեջ տեղի ունեում օտարացումը։

Հայերեն չխոսելը, երեխաներին հայկական ծագումը չբացահայտող անուններ դնելը բացի այն, որ ցույց են տալիս, թե ինչպես է տեղի ունենում բռնաձուլումը, այլև արտացոլում է հայերի թաքնվելու, ուշադրություն չգրավելու, «պիտակավորվելու» վախը։

Հուսով եմ, որ ամենակարճ ժամանակահատվածում զինադադար կհայտարարվի և խաղաղություն կհաստատվի։

Հրատարակիչ Սևան Դեղիրմենջյան Եթե պատերազմը շարունակվի, ապա պատասխանատու կլինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև զենք վաճառող երկրները։

Հաշվի առնելով հակամարտության  և բանակցությունների ընթացքը, դա անընդունելի է։ Դեռևս Սովետական Միության փլուզման գործնթացի սկզբում՝ 1988 թ․, երկու երկրների հիմնադրման շրջանում շարունակված և 1994 թ․ զինադադարի կնքմամբ ավարտված պատերազմը եթե 2020 թ․ կրկին սկսվել է, ապա պատասխանատու են ոչ միայն երկու երկրները, այլև տարածաշրջանում հավակնություն ունեցող, Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառող, Հայաստանին շրջափակման մեջ գցող, տարածաշրջանի նախագծերում նրան շրջանցող երկիրներն ու կազմակերպությունները։

Արդեն իսկ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններն անարդյուք են անցել, սակայն բանակցությունների անհաջող ընթացքը պատերազմի, 20 տարեկան երիտասարդների մահվան, քաղաքների ու քաղաքացիական անձանց ռմբակոծման արդարացում չի կարող լինել։

 « Ազգայնամոլությունը շարունակաբար աճում է»

Ազգայնամոլություն, այս վերջին զարգացումներից անկախ, արդեն իսկ սկսել էր աճել։ Ատելության խոսքը և ատելության մեղքերն էլ դրանից անկախ չեն։ Օրինակ՝ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից պատրաստված «Ատելության խոսքը մեդիայում»  զեկույցը վերջերս պարզել է, որ անցած տարի ամենաշատ թիրախավորված համայնքերն են հայկականը, ասորականը, հունականև և հրեականը։

Ազգայնամոլական ղեկավարությունն ստիպված է իր համար թշնամու կերպար ստեղծել, համայնքի ամենափխրուն հատվածներն էլ այդ մթնոլորտում հեշտ թիրախ են դառնում։

Կհիշեք, որ բազմիցս հարձակումներ են եղել եկեղեցիների վրա, Հրանտ Դինք հիմնադրամին և ղեկավարներին սպառնացել են․ հայկական ու հունական եկեղեցիներին, հոգևորականներին թիրախավող լուրեր են եղել։ Այդ ամենը, բնականաբար, արդարացված անհանգստություն է առաջացրել, քանի որ անցյալում արված վատությունները նման գործընթացների ուղեկցությամբ են արվել։

«Խնդիրը հայ լինել-չլինելը չէ, այլ խիղճ ունենալն ու պատերազմին վերջ ասելն է»

Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խաղաղություն ցանկանալը բառիս բուն իմաստով մեղք է որակվում,  մի ժամանակաշրջանում, երբ խաղաղություն ուզելու, պատերազմ չուզելու համար դատապարտված, բանտ նետված, մասնագիտական գործունեությունից հեռացված գիտնականներ, ուսուցիչներ, խիղճ ունեցող մարդիկ կան։ Խնդիրը հայ լինել-չլինելու մեջ չէ, խնդիրը պատերազմին վերջ ասելն է։

Մեր համայնքը Ղարաբաղյան հարցում, ինչպես մյուս հարցերում, քննադատական տեսակետ չունի, խնդրի էության մասին տեղյալ է այնքանով, որքանով դրանք արտացոլում են ղեկավարությունն ու իշխանական մեդիան, և մեծ ջանքեր է գործադրում, որ մեզ միայն  «ազգակիցներ» լինելու համար  կողմնակից համարի մի պատերազմի, որին մենք չենք մասնակցում։ Հայ լինելուց առաջ մենք մարդ ենք։

Ցարական Ռուսաստանում, Սովետական Միության ժամանակաշրջանում Կովկասում  ազերիներն ու հայերը, Ադրբեջանն ու Հայաստանը հաջողել էին միասին ապրել։ Ղարաբաղը այդ ժամանակ էլ կար։ Հավատացեք, նրանք մեր «ազգակիցները» համարվող անհատներին ավելի լավ գիտեն, ավելի լավ են ճանաչում։

«ԱԶԿ (Առաջադիմություն և զարգացում կուսակցություն) ու ԱՇԿ (Ազգային շարժում կուսակցություն) ղեկավարները երկու հին ժողովուրդներին միմյանցից բաժանում են»

Մեջտեղում մնալու զգացողություն իհարկե կա։ ԱԶԿ—ԱՇԿ ղեկավարությունը տարածաշրջանում ապրող երկու հնագույն ժողովուրդներին միմյանցից առանձնացնում է։ Որպես տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը՝ Թուրքիան միջնորդական դեր ստանձնելուց հետո այսօր Ադրբեջանի կողքին պատերազմին աջակցող երկիր է դարձել։ Եվ դա, իմ կարծիքով, արտաքին քաղաքականության մեջ էլ Թուրքիային վնաս է տալու։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica