close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան ուշանում է դիակների փոխանակման գործընթացը, այնքան բարդանում է նույնականացման խնդիրը․ Կարմիր Խաչի ներկայացուցիչ

Արցախ

21 Հոկտեմբերի 2020, 19:34
 Որքան ուշանում է դիակների փոխանակման գործընթացը, այնքան բարդանում է նույնականացման խնդիրը․ Կարմիր Խաչի ներկայացուցիչ

Արցախյան հակամարտության գոտում որքան ուշանում է դիակների փոխանակման գործընթացը, այնքան բարդանում է ճանաչման ու նույնականացման խնդիրը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

Նա տեղեկացրեց, որ դիակների, վիրավորների ու ռազմագերիների փոխանակման համար անհրաժեշտ է մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ ժամանակ՝ կախված թե ինչ գործողություն են պայմանավորվել անել։

«Եթե խոսքը դիակների բուն արտահանձնման մասին է, դա կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ օր, եթե արդեն ավելի երկար՝ փնտրման, դուրս բերման և ճանաչման աշխատանքների մասին է խոսքը, դա կարող է տևել շատ ավելի երկար՝ մինչև մի քանի շաբաթներ»,-ասաց նա։

Ռազմագերիների և դիակների փոխանակման համար կողմերը պետք է Կարմիր խաչին անվտանգության երաշխիքներ տրամադրեն․ ինչպես գիտենք, երկու անգամ մարդասիրական հրադադարի պայմանավորվածություն եղավ, բայց ռազմական գործողությունները շարունակվում են առայսօր։

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով մտահոգություն է հայտնում, որ զոհվածների մարմինների դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում են, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդությունների փոխանցման պատճառ։ Շրջակա միջավայրի նախարարության տեսագրող սարքերը տեսագրեցին, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Կարմիր խաչին այս հարցը մտահոգում է մարդասիրական տեսանկյունից։

«Քանի որ մենք շեշտում ենք, որ բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց հարազատի մասին լուրի, թեկուզ և վատ լուրի, ապա որքան երկար է ձգվում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ տառապանքներ են հասցվում մարդկանց։ Որքան ուշանում է արտահանձնման գործընթացը, խնդիրն ավելի բարդանում է, քանի որ դժվարանում է նույնականացումն ու ճանաչումը և սկսում են գրանցվել անհետ կորածների դեպքեր, իսկ դա շատ մեծ տառապանք է մարդկանց համար, պետք է հնարավորինս խուսափել դրանից»,-ասաց Զառա Ամատունին։

Նույն խնդիրը կա վիրավորների փոխանակման դեպքում․ նրանք համարվում են այլևս ոչ ներգրավված ռազմական գործողությունների մեջ, պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է անհապաղ դուրս բերվեն մարտի դաշտից ու ստանան անհապաղ բուժօգնություն։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված երեք հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին, ինչպես նաև քաղաքացիական անձ Ազնիվ Բաղդասարյանին։

Զառա Ամատունին հաստատեց, որ Կարմիր խաչը զրուցել է պահվող անձանց և ընտանիքների հետ և իսկապես նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։

«Այդ ռազմագերիների առողջությունը, պահման պայմանները և այլ հարցերը, բնականաբար, մեր այցի շրջանակներում մեր ուշադրության կենտրոնում են եղել, սակայն մեր աշխատաոճն այնպիսին է, որ դրանց մանրամասները չենք կիսում հանրության հետ և բոլոր տեսակի անհանգստությունները կամ նկատառումները կիսում ենք պահող իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկում ենք հենց անմիջապես իրենց հետ»,-ասաց Զառա Ամատունին՝ հայ ռազմագերիների պահման պայմանների մասին հարցին ի պատասխան։

ՀՀ ԱԺ պատգամավորներին  անհանգստացրել էր տարածված մի տեսանյութ, որում հայ ռազմագերիներից մեկին ստիպում են ՀՀ վարչապետի հասցեին վատ խոսք հնչեցնել։ Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ տարբեր սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարները իրենց ուշադրության ներքո են՝ ցանկացած նման դեպքի հետևից հետևողական գնում են, բայց չեն հրապարակում բովանդակությունը։

«Մենք, սովորաբար, ստանալով այդ նյութերը, ուշադրությամբ հետևում ենք դրանց, փորձում ենք հասկանալ դրանց ծագումը և համապատասխան ներկայացուցիչներից ճշտել՝ որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, անհապաղ խնդրում ենք հնարավորություն ընձեռել այցելել այդ անձանց և մեր ընթացակարգերի համաձայն շարունակել դա անել, քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց Զառա Ամատունին։

Կարմիր խաչի ու մեղավոր պետության երկխոսությունը հրապարակային չէ, Ամատունին միայն ասաց, որ կողմերին հորդորում են մաքսիմալ հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքին, որի համաձայն անգամ ռազմագերուն հանրային հետաքրքրության առարկա դարձնելն ու դեմքը ցույց տալը արգելվում է, ուր մնաց ավելին անել, որն ընդհանրապես անընդունելի է։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են նաև Հայաստանում գտնվող ադրբեջանցի մեկ ռազմագերու հետ։

Կարմիր Խաչն Արցախում ու Հայաստանում այցելում է ընտանիքներին, գնահատում կարիքները՝ ինչ-որ կերպ օգտակար լինելու համար։

«Այս պահին մենք փորձում ենք ընդհանուր պատկերացում կազմել կարիքների ծավալի մասին՝ սկսած մարդկանց, որոնք ժամանակավոր տեղափոխվել են և ապրում են Հայաստանում, և իհարկե, ծանոթանում ենք նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կարիքներին, որ շատ ավելի բարդ է այս իրավիճակում։ Մեր թիմերը, որ աշխատում են Լեռնային Ղարաբաղում, շատ սահմանափակ հնարավորություն ունեն գնալու համայնքներ և համայնքների հետ հիմնականում շփվում են հեռախոսով։ Լեռնային Ղարաբաղում մեր աշխատանքը տեղական կառույցների հետ է, որ անհետաձգելի աջակցություն տրամադրենք մեր առկա ռեսուրսներից»,-ասաց Զառա Ամատունին։

Հայաստանում սկզբնական կարիքների գնահատում արդեն կարողացել են կատարել և սկսել են կարիքների վրա հիմնված պլանավորել մեր աջակցությունը։ Ամատունին ասաց, որ բավականին լուրջ ռեսուրսներ են ներդնելու  այս անձանց աջակցելու համար՝ սկսած տարբեր պարագաների տրամադրումից մինչև դրամական անհետաձգելի աջակցություն։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica