close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա մեր բոլորի պատերազմն է, մեր հողն ենք պաշտպանում․ Արցախում ասորի 4 զինվոր է զոհվել

Արցախ

15 Հոկտեմբերի 2020, 20:30
 Սա մեր բոլորի պատերազմն է, մեր հողն ենք պաշտպանում․ Արցախում ասորի 4 զինվոր է զոհվել

Հայաստանի ասորի համայնքի անդամ Ռուդիկ Սարխոշևը 5 օր զինկոմիսարիատի դռներից տուն չէր գնում՝ պահանջում էր, որ իրեն տանեն որպես կամավոր։ Չէին տանում, քանի որ տարիքն էր մեծ՝ 59 տարեկան էր։ Վերջը հասավ իր ուզածին, կամավորագրեցին։ 10-12 օր առաջնագծում կռվելուց հետո երեկ հողին հանձնեցին հերոս մարտիկի մարմինը։

«Սա է տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների միջև։ Ադրբեջանի իշխանությունն ինքն է առաջնագիծ ուղարկում ազգային և կրոնական փոքրամասնություններին, որովհետև մտածում է՝ եթե մի բան պիտի լինի, թող նրանք վահան-պատնեշ լինեն, նրանք մահանան։ Հայաստանում մենք այդպես չենք, մենք տեսնում ենք, որ կարիքը կա, ինքներս ենք խնդրում, որ գնանք առաջնագիծ, տարբերությունը դա է»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ասորի համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան։

Սեպտեմբերի 27-ից ի վեր թուրքադրբեջանական ագրեսիային դիմակայելիս զոհվել է ասորի համայնքի 4 զավակ․ երկուսը՝ ժամկետային զինծառայողներ՝ 18-19 տարեկան, երկուսը՝ կամավորներ՝ 25 և 59 տարեկան։

Անահիտ Խոսրոևան պատմեց, որ Հայաստանի ասորական 4 գյուղերից, որտեղ մոտ 3 հազար ասորիներ են ապրում, 100-ից ավելի զինվորներ այսօր կանգնած են Արցախի առաջնագծում։ Նրանք թե՛ ժամկետային զինծառայողներ են, թե՛ պայմանագրային զինծառայողներ և թե՛ կամավորներ։

«Ես, որպես պատմաբան, որպես ցեղասպանագետ, մտածում եմ, որ այս պատերազմը՝ արցախյան պատերազմը, մեր բոլորի պատերազմն է՝ ՀՀ քաղաքացու Հայրենական պատերազմն է և կապ չունի՝ ասորի ես, եզդի ես․․․ տեսնում ենք, որ ասորիներն էլ, եզդիներն էլ իրենց ջոկատներն են ստեղծում և գնում են առաջնագիծ։ Մենք բոլորս մտածում ենք, որ սա մեր հայրենական պատերազմն է, որովհետև մենք մեր հողն ենք պաշտպանում»,-ասաց Անահիտ Խոսրոևան։

Ասորուհի մի աղջիկ, որը բուժքույր է, առաջին օրվանից առաջնագծում է․ ոչ թե հիվանդանոցում, այլ հենց առաջանագծում, որ առաջին օգնություն ցույց տա վիրավորներին։

Խոսրոևան պատմեց, որ միայն զենքով չէ, որ ասորիները կանգնած են հայ մարտիկի կողքին․ Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի ասորական համայնքները պարբերաբար խոշոր հանգանակություններ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ մեծ գումարներ են ուղարկում Հայաստանի ասորական կազմակերպությանը, որպեսզի նաև այդ ձևով մասնակցեն պատերազմի հաղթանակին։

«Մի քանի օր առաջ Ռուսաստանից 6 հազար դոլար են ուղարկել։ Ուկրաինայից էլ են ուղարկել։ Ամբողջ աշխարհի ասորական եկեղեցին ևս օգնում է մեր այստեղի եկեղեցուն, որ եկեղեցին կազմակերպի հումանիտար օգնությունները»,-նշեց Անահիտ Խոսրոևան։

Շվեդիայի ասորական լոբբիստական կազմակերպությունը 1 400 արցախցի ընտանիքների համար հումանիտար օգնություն է ուղարկել։

Հայաստանի ասորիների հոգևոր հոր կազմակերպմամբ՝ համայքնի անդամները 9 մեծ մեքենա հումանիտար օգնություն են ուղարկել առաջնագիծ՝ ուտելիք, ջուր, դեղամիջոց, ինչի անհրաժեշտությունը կա։

Իսկ Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Գիվարգիզ III Սլիվան նամակ է ուղարկել Հայաստանի ասորի հոգևոր հորը, որում դատապարտում է ադրբեջանաթուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի։

Աննա Բալյան

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica