close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Քաղաքական

2 Հոկտեմբերի 2020, 01:11
 Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին.

- Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրույցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգուշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մեկ այլ Սիրիա, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք այդպես խորապես մտահոգված:

- Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական պատկերը: Պատմության տեսանկյունից պետք է նայել, թե որտեղ է Լեռնային Ղարաբաղը գտնվում, ինչ է Լեռնային Ղարաբաղը: Սա պատմական Հայաստանի մի մաս է, որտեղ հայերը բնակություն են հաստատել հարյուրավոր, հազարավոր տարիներ: Միայն խորհրդային ժամանակահատվածում Ստալինն այս տարածքը հանձնեց Ադրբեջանին: Ստալինը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի մեծ վարպետ էր և խնդիրներ ստեղծեց խորհրդային բոլոր երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև:

- Կներեք, պարոն նախագահ, այս պատմական ակնարկը կարևոր է, սակայն այսօր մենք ունենք հակամարտություն, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:

- Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991 թվականին հստակորեն արտահայտեց իր ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը դարեր շարունակ հայեր էին, դառնալու անկախ պետություն: Սակայն ժողովրդի կամքը հարգելու փոխարեն Ադրբեջանը որոշեց կռվել նրանց դեմ, ուղարկեց բանակ, և պատերազմ սկսվեց անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի միջև: Առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականի հրադադարով: Դրանից հետո միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, ստեղծեց երկխոսության հարթակ՝ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս ընթացքում վարվել են բանակցություններ՝ երբեմն հաջող, երբեմն ոչ այնքան, սակայն այս բանակցությունների թիրախում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն էր:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս չեն շարունակելու երկխոսության և խաղաղ կարգավորման որոնման այս ուղին և խնդիրը պետք է լուծեն ուժի միջոցով: Ադրբեջանի կողմից ԼՂՀ առաջնագիծ ուղարկվեցին զինվորականներ: Հրետակոծությունը շարունակվեց նաև քաղաքացիական բնակչությամբ բնակեցված վայրերի վրա:

- Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման:

-Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց...

- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ:

Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա:

- Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են և ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:

- Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի:

- Լեռնային Ղարաբաղի նախագահն ասում է, որ ԼՂ-ում ներկայիս պատերազմը նաև պատերազմ է Իրանի դեմ: Համաձա՞յն եք սրա հետ:

- Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի մեկնաբանությունն է աշխարհաքաղաքական փոփոխություններին, որոնք տեղի կունենան, եթե այս պատերազմը չդադարեցվի:

- Ռուսաստանն առաջարկել է հանդես գալ միջնորդությամբ: Դուք բա՞ց եք ռուսական միջնորդության համար:

- Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահներն են:: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իհարկե, մենք բաց ենք միջնորդության համար, և որքան շուտ այն սկսվի, այնքան լավ:

Դա միջնորդություն է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և նաև Հայաստանի միջև, իսկ թուրքական ներկայությունն ու ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

- Ի՞նչ հիմքով կամ պայմանով եք ընդունելու այս միջնորդությունը, քանի որ անգամ Հայաստանի վարչապետն է ասում, որ դուք պատրաստ չեք վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները հիմա, քանի որ համապատասխան պայմաններ չկան: Իսկ Դուք հիմա ասում եք, թե բաց եք:

- Այստեղ չկա հակասություն իմ ասածի և կառավարության խոսքի միջև: Դուք ընդհանուր հարց եք տալիս՝ արդյո՞ք Հայաստանն ընդունում է Ռուսաստանի միջնորդությունը, եթե այն սկսի աշխատել: Պատասխանը այս է՝ սկզբունքայնորեն այո: Սակայն միջնորդությունը գործընթաց է, այն սկսվում է հատուկ միջնորդներով, ռազմական, քաղաքական գործիչների, արտգործնախարարությունների միջև կապերով, սակայն այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Պատասխանն է՝ այո, մենք պատրաստ ենք միջնորդության, հատկապես Ռուսաստանի կողմից, եթե նման միջնորդություն կազմակերպվի:

- Ռուսաստանը խոսե՞լ է այդ մասին...

- Հայաստանի տարբեր պետական մարմիններ ամեն օր կապի մեջ են ռուսական կողմի հետ, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Ռուսաստանի գործընկերոջ հետ: Քննարկումներ են տեղի ունենում կառավարությունների, վարչապետի մակարդակով: Քննարկումներ միշտ կան, սակայն դեռևս չկա հստակ ձևաչափ, որպեսզի մենք ասենք, թե կողմերի միջև միջնորդություն է սկսվել:

- Դուք Ռուսաստանի հետ կապված եք Հավաքական անվտանգության համաձայնագրով: Կարո՞ղ եք խնդրել Ռուսաստանի ռազմական աջակցությունն այս պատերազմում:

- Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Այն, Հայաստանից բացի, այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառույցին, թեպետ ունի դրա իրավունքը: Հուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարևանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, կդադարեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, և պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դեմ, ու մենք կարիք չենք ունենա դիմել այլ կառույցների կամ միջազգային կազմակերպությունների: Հուսով ենք, որ առողջ բանականությունն ու մարդկային տրամաբանությունը կգերակայեն:

Սակայն Հայաստանն իրավունք ունի դիմել կառույցի, որի մասն է: Մենք նաև հարց ենք բարձրացրել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, քանի որ Թուրքիան, լինելով այդ կառույցի անդամ, իրականացնում է գործողություններ, որոնք դեմ են կազմակերպության ողջ փիլիսոփայությանը: Նրանք ներգրավված են մի հակամարտության մեջ, որտեղ ուղիղ/անմիջական հետաքրքրություն չունեն, թեպետ ձևացնում են, իբր կան PKK զինյալներ կամ սպառնալիք կա միջազգային էներգետիկ աղբյուրների նկատմամբ:

- Նշեցիք, որ իրավունք ունեք դիմել Ռուսաստանին ձեզ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Իհարկե, Ռուսաստանի հետ ունեք ընդհանուր պաշտպանական պայմանագիր, ինչպես նաև ռուսական ռազմական կայան կա Հայաստանում: Ռուսաստանը կամք ցուցաբերե՞լ է՝ միջամտելու այս հակամարտությանը՝ դրա մասը կազմելու առումով:

-Ձեր հնչեցրած հարցն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի նախագահին, այլ ոչ թե ինձ: Ես Ձեր հարցերին պատասխանում եմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի անդամ է նաև Ռուսաստանը: Մենք հատուկ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես արդեն նշեցի, պաշտոնապես չենք դիմել ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին՝ մեզ օգնելու համար: Քանի դեռ չես դիմել նրանց, չես կարող ասել՝ նրանք պատրաստ են աջակցել, թե ոչ: Սակայն մենք ունենք պայմանագրեր: Մենք չենք ցանկանում լարել իրավիճակը: Մի բան շատ կարևոր է՝ մենք չենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև եղած այս հակամարտության շուրջ գերլարվածություն ստեղծել: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև Դուք նշեցիք Ձեր խոսքում, եթե առճակատումն ավելի մեծ լարվածության հասնի, ապա Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա: Այդ դեպքում թող Աստված մեզ պահապան լինի, թե ինչ կկատարվի ամբողջ տարածաշրջանում: Մենք փորձում ենք զսպել այս իրավիճակը: Այս ամենն անելու գործում կա մեկ կարևոր մաս՝ Թուրքիան: Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի և քաղաքացիների վրա չուղարկի իր ԱԹՍ-ները և F-16-ը՝ կրակելով նրանց վրա, ապա ներկա պատերազմը որոշ ժամանակ անց որոշակի հանգուցալուծում կունենա: Հուսով ենք, որ կողմերը՝ ներառյալ Ադրբեջանը, կլսեն, թե մենք ինչ ենք ասում: Հաշվի առնելով, թե ինչ է հիմա կատարվում, եկեք վերադառնանք բանակցային սեղան, քանի որ այլընտրանք չկա: Այս խնդիրը ռազմական լուծում չունի: Եթե մենք չլսենք այս ուղերձը, ապա հազարավոր մարդիկ կմահանան: Իսկ ինչպիսի՞ն կլինի արդյունքը: Մեծ ողբերգություն երկու երկրների՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար:

-Մյուս կողմն ասում է՝ թող Հայաստանը դուրս գա այդ շրջանից, որը ճանաչված չէ, կա Ադրբեջանի ինքնիշխանության միջազգային ճանաչում: Ինչպե՞ս են հայերը արձագանքում այս հարցին, ո՞րն է ավարտը:


-Ճանաչման համար առաջին հերթին ժամանակ է պետք: Ճանաչման լավագույն ճանապարհը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով ի վերջո պետք է գա եզրահանգման, ըստ որի՝ երկու կողմերը կհամաձայնեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետագա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի վերաբերյալ: Դա է ամենալավ ճանաչումը:

Այդպիսով, այս խնդրի լուծման հիմնական ուղին մեկ կամ երկու երկրի կողմից ճանաչումը չէ, որը, հնարավոր է, կօգնի, սակայն վերջնական լուծումը պետք է լինի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բանակցությունների միջոցով: Երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմել միայն խորհրդային տարիներին, այն նախկինում երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Այն Ադրբեջանին տվել է Ստալինը: Երբ խոսում եք ամբողջականության մասին, և եթե նկատի ունենք այն, ինչ Ստալինը ստեղծել է, ապա դա խորհրդային կայսրությանն էր: Մարդկանց կամարտահայտմամբ և երկխոսության շնորհիվ Միացյալ Թագավորությունում Շոտլանդիան որոշեց հանրաքվեի միջոցով արտահայտել անկախանալու իր ցանկությունը: Մեծ Բրիտանիան չասաց ոչ. նրանք թույլ տվեցին շոտլանդացիներին հանրաքվե անցկացնել: Եթե հանրաքվեն դրական լիներ, ապա Շոտլանդիան այսօր անկախ պետություն կլիներ, սակայն այն բացասական էր: Ինչո՞ւ Միացյալ Թագավորությունում, նախկին Հարավսլավիայի պետություններում, նորմալ մարդկային հասարակության դրսևորում եղավ, իսկ Լեռնային Ղարաբաղը, որի 90 տոկոսը դարերով բնակեցված է հայերով, երբ անկախության հանրաքվե անցկացրեց, Ադրբեջանը պատերազմ սկսեց, Թուրքիային ներգրավեց, սկսեցին կրակել մարդկանց վրա, մեկ այլ էթնիկական զտում իրականացնել: Կարո՞ղ եք դա բացատրել ինձ:

-Պարոն նախագահ, ակնկալո՞ւմ եք, որ Իրանը կներգավվի՞ այս խնդրում:

-Հույս ունեմ, որ այս ընթացող պատերազմում չի ներգրավվի ուրիշ որևէ այլ երկիր: Հույս ունեմ, որ Թուրքիան դուրս կգա այս խնդրից, և ոչ ոք այլևս չի միջամտի: Այդ իսկ պատճառով մենք ուրիշներին չենք դիմում: Յուրաքանչյուր նոր ներգրավում տասն անգամ ավելի շատ լարում կառաջացնի, և հակամարտությունը հնարավոր չի լինի կանգնեցնել: Իրանին, Ռուսաստանին կամ մյուսներին ներգրավվելու փոխարեն կցանկանայի տեսնել այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալը:

- Ո՞ւմ եք դիմել, որ Թուրքիային դուրս մղի: Ո՞վ կցանկանա դուրս մղել Թուրքիային:

-Հորդորում եմ անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Յուրաքանչյուրը հասկանում է, որ այս հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումն անհամաչափ, անհիմն է, բոլոր միջազգային օրենքներին և համաձայնագրերին դեմ է: Թուրքիայի ներգրավումը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ ամենի համար նրանք ունեն արդարացումներ, ինչպես այսօր են արդարանում, թե իբր պաշտպանում են միջազգային էներգետիկ խողովակաշարերը, PKK զինյալների մասին են խոսում, ինչն ուղղակի անհեթեթություն է: 1915 թվականին նրանք ասում էին, որ հայերը քրիստոնյա են, աջակցում են ռուսներին և այլն, և այլն:
Դրանք բոլորն արդարացումներ են, իսկ նպատակը շատ պարզ է՝ էթնիկ զտումներ անել, հայերին դուրս հանել այն հողից՝ Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Սա անընդունելի է: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան դարձել է մեծ բացասական գործոն այս հակամարտության մեջ, ինչը թույլ չի տա վերադառնալ նորմալ բանակցային սեղան: Ես բանակցված լուծման կողմնակիցն եմ, որովհետև ուրիշ լուծումներ չկան: Կա միայն մեկ մարդկային ճանապարհ խնդիրների լուծման համար, որը երկխոսությունն է:

- Հնարավո՞ր է երկխոսությունը սկսել հիմա՝ հաշվի առնելով իրավիճակը: Հնարավոր կլինի՞ առանց փոփոխությունների, հրադադարի հաստատման սկսել երկխոսություն: Դա ընդունելի՞ է Ձեզ համար:

-Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն: Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

-Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, ասում է, որ աջակցում է ադրբեջանցիներին և ժխտում է ուղղակի միջամտությունը այս խնդրում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Նրանք ճիշտ չեն ասում: Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը:

- Թուրքիան միջամտում է Սիրիայի խնդրին, և դա հայտարարվել է՝ որ Էրդողանը թիրախավորել է...

-Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: Թուրքիան ասում է այլ բան, սակայն ես ասում եմ սա: Դուք ընտրեք այն, ինչ նախընտրում եք: Խաղաղ բնակիչներ են մահանում այն կրակոցներից, որոնք գալիս են Լեռնային Ղարաբաղի հակառակ կողմից՝ Ադրբեջանի կողմից, որտեղ Թուրքիան ամբողջությամբ ներգրավված է: Իմ հարցը շատ պարզ է՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել ներգրավվել այս խնդրում: Չէ՞ր կարող Ադրբեջանը, որն շատ ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, այս գործը գլուխ բերել: Ինչու՞ Թուրքիան որոշեց միջամտել այս արյունալի պատերազմին, որը մարդկանց է սպանում: Նրանք ասում են, որ միջազգային էներգետիկ խողովակաշարերի համար սպառնալիք կա, ինչն ուղղակի անհեթեթություն է: Եթե հայերը ցանկանային կրակել միջազգային էներգետիկ խողովակաշարերի վրա, նրանք դա կանեին 20 տարի առաջ, երբ սկսում էին կառուցել դրանք: Սակայն այդ խողովակաշարերն այնտեղ են 20 տարի շարունակ, և Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վաստակել, որոնք օգտագործել է զենք գնելու և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ օգտագործելու համար: Ասել, որ հայերն այսօր մտածում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարվածելու մասին, սխալ է և սուտ:

Շնորհակալություն մեզ միանալու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica