close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որ քաղաքական գործիչներն են այս օրերին հասցեական հայտարարություններ հնչեցրել՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2020, 17:27
 Որ քաղաքական գործիչներն են այս օրերին հասցեական հայտարարություններ հնչեցրել՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային

Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, որոնք մինչ օրս չեն դադարում, հայտնվեցին աշխարհի ուշադրության կենտրոնում: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին այս անգամ էապես աջակցում է Թուրքիան. փաստացի Հայաստանն այս պահին կռվում է երկու հակառակորդի՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Yerkir.am-ը ներկայացնում է այս օրերին օտարերկրյա քաղաքական գործիչների արձագանքն ու գնահատականները:

Միացյալ Նահանգների արձագանքը ռազմական գործողություններին չուշացավ: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով իրավիճակին, նշել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում։ Կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել դա»: Այսպիսով` Թրամփը ձեռնպահ է մնացել հստակ գնահատականներ հնչեցնելուց:

Փոխարենը հասցեական կոչ է արել նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին` հորդորել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել էսկալացիան: Բայդենը նաև մատնանշել է, որ Թուրքիան պիտի հեռու մնա իրադարձություններից: «Թրամփը պետք է պահանջի այլոց, օրինակ` Թուրքիային, հեռու մնալ այս կոնֆլիկտից»,- ասել է նա։

Հասցեական հայտարարություններ են հնչեցրել նաև ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ՝ կոչ անելով Սպիտակ տանը սանձել Թուրքիային և չտրամադրել Ադրբեջանին ռազմական օգնություն: Դինա Թայթուսը, օրինակ, ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ջանքեր ներդնի ու կոչ անի Թուրքիային` դադարեցնել դեպի Ադրբեջան զենք և գրոհայիններ ուղարկելը:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և Թուրքիայի աջակցությունն այդ ագրեսիային», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թայթուսը:

Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը բացահայտ քննադատության է արժանացել նաև մի շարք այլ պատգամավորների կողմից:

Այսպես` Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Վորդևինդը «Թվիթեր»-ում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական հարձակման դեմ: Վորդևինը նաև կոչ է արել ԵՄ-ին` առաջ մղել զինադադարը:

Հասցեական և կոշտ հայտարարություններից չի հրաժարվել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» բանավիճային հարթակի հիմնադիր և ղեկավար Կոնստանտին Զատուլինը: Նա ընդգծել է, որ կոնֆլիկտի հրահրողը Ադրբեջանն է, որը երկար ժամանակ է` հակահայկական քաղաքականություն է վարում: Ավելին` Զատուլինը նշել է, որ այս անգամ Ադրբեջանի գործողությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ: Զատուլինը նաև շեշտել է, որ Ադրբեջանը ագրեսիվ հակահայկական քաղաքականություն է վարում:

Ստեղծված իրավիճակի շուրջ իր մտահոգություններն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության մասով, նաև` Թուրքիայի հայտարարությունների, թե ինքը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: «Ես ուշադրություն դարձրի Թուրքիայի հայտարարություններին, որոնք ինձ թվացին չմտածված և վտանգավոր», - ասել է Մակրոնը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում:   

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նույնպես քննադատել է Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը՝ նշելով. «Ադրբեջանը հերթական անգամ զանգվածային և անխտիր գրոհ է սկսել ողջ ռազմաճակատի երկայնքով և ծանր հրթիռային, հրետանային ու ավիահարվածներ է հասցրել, այդ թվում` հսկայական քանակությամբ թուրքական անօդաչու թռչող սարքեր կիրառելով Արցախի խորքում: Նրանք անխղճորեն և նույնիսկ կանխամտածված թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում ու գյուղերում, այդ թվում` դպրոցներն ու մանկապարտեզները»:

Քոքսը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդի` տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակմանը: «Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարվեց Արցախի դեմ ագրեսիան սկսելուն պես: Իր իսկ բնակչությանը լուրերի և սոցիալական լրատվամիջոցների ազատ մուտքը սահմանափակելու հստակ մտադրությամբ`ամբողջ ինտերնետ համակարգը Ադրբեջանում կա'մ անջատված է, կա'մ խիստ սահմանափակված, բացառությամբ Twitter-ի, որը լայնորեն օգտագործվում է պաշտոնական քարոզչության և ապատեղեկատվության համար»,- ընդգծել է բարոնուհին:

Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտել է Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում: Պատգամավորը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին` հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն:  

Կանադայի խորհրդարանի մի շարք անդամներ ևս դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան և իրենց զորակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին: Հայտարարություններով հանդես են եկել Կանադա-Արցախ խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Հակառակորդի գործողությունները դատապարտել է նաև Կանադայի Ժառանգության նախարարը:

Կանադայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի որդեգրած վարքագիծը քննադատել է նաև պատգամավոր Մարկ Դալթոնը:

Թեև տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչում են կոչեր, մեծ մասամբ դրանք հորդորներ են կողմերին` դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցությունները:

Այսպես` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախընտրել է ձեռնպահ մնալ մեկնաբանություններից՝ նշելով, որ սա ծայրահեղ զգայուն հարց է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հստակեցրել է, թե ինչու Ռուսաստանը միջոցներ չի նախաձեռնում վերսկսված պատերազմը դադարեցնելու համար, հատկապես` այն դեպքում, երբ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: «ՌԴ ներկայացուցիչներն աշխատում են իրավիճակի հանդարտեցման համար խնդիրներ գտնելու ուղղությամբ: Մենք Թուրքիա չենք, մենք Ռուսաստանն ենք։ Եվ պետք է դա հասկանալ ուղիղ իմաստով»,- ասել է նա:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծվել են ռազմական գործողություններ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: Այս պահին ևս արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է արտակարգ դրություն:

Մինչ ռազմական գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել կողմերին` առանց նախապայմանների բանակցություններ վերսկսել: Ադրբեջանը հրաժարվել էր բանակցություններից:  Ավելին` Թուրքիայի նախագահը մեղադրել էր համանախագահներին՝ նշելով, որ 30 տարի է` նրանք ոչինչ չեն ձեռնարկել ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:


Վարդուհի Ստեփանյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica