close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը դժվար թե չգիտակցի, որ փուլայինը առաջ քաշելը իր համար լուրջ խնդիրներ է առաջացնելու․ Տիգրան Աբրահամյանը՝ գաղտնի հանդիպումների մասին

Արցախ

25 Սեպտեմբերի 2020, 21:01
 Իշխանությունը դժվար թե չգիտակցի, որ փուլայինը առաջ քաշելը իր համար լուրջ խնդիրներ է առաջացնելու․ Տիգրան Աբրահամյանը՝ գաղտնի հանդիպումների մասին

Չկա որևէ իշխանություն, որը կարող է Արցախի հակամարտության կարգավորման հարցում գնալ պայմանավորվածությունների, դրանց մասին տեղյակ չպահել հանրությանը և մարսել դա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գաղտնի՝ միջնորդավորված, բանակցությունների մասին լուրն ու փաստը, որ վարչապետը դա չհերքեց։

Նրա համոզմամբ, հանրությանը տեղյակ չպահելով՝ պայմանավորվածությունները  վտանգավոր են հա՛մ տվյալ իշխանության, հա՛մ, ընդհանրապես, պետության համար։

«Առհասարակ, 2018 թ-ին եկած իշխանությունը հայտարարել է, որ ցանկացած գործընթաց լինելու է առավելագույնս թափանցիկ․ այս իրավիճակում ո՛չ հակված եմ մեկնաբանելու ադրբեջանական լրատվամիջոցի հայտարարությունը, մյուս կողմից էլ՝ ինձ համար ոչ այնքան ընկալելի են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդ թեմայով։ Հոդվածին ես, բնականաբար, ծանոթ էի, բայց չէի անդրադարձել, քանի որ մանիպուլյացիայով զբաղվող ադրբեջանական լրատվամիջոց էր հրապարակել։ Սակայն այս իրավիճակում անհասկանալի էր վարչապետի արձագանքը այդ թեմային, որը ոչ թե թեման փակեց, այլ կարծես նոր հարցադրումներ առաջ բերեց»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Մնացած առումներով, ըստ նրա, այս թեման միգուցե այսքան մեծ աղմուկ չբարձրացներ, եթե ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում լարված չլիներ։

Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել էր վերադառնալ կարգավորման փուլային տարբերակին, զիջել Արցախի 5 շրջան՝ ՀՀ-ում ներքին խնդիրները հարթելուց հետո։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ փուլային տարբերակը վաղուց մերժվել է, մերժվել է ավելի քան 20 տարի առաջ․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է, հատկապես 2018 թ-ից հետո, բանակցությունները վերադարձնել փուլայինի տրամաբանություն։ Ցավոք, այդ մասին որոշակի ակնարկներ անում են նաև միջնորդները։ Այս իրավիճակում, կարծում եմ, իշխանությունը դժվար թե չգիտակցի ու չտիրապետի, որ այդ սկզբունքն առաջ քաշելը հանրության մոտ իր համար լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Եվ տրամաբանական չեմ համարում, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը գնա այդ տարբերակին»։

Նա համոզված է, որ դա մեծ հակազդեցություն կառաջացնի, ինչն առաջին հերթին մեծ հարված է իշխանությանը և կարող է անդառնալի իրադարձությունների հանգեցնել։

«Այն տարբերակը, որն առաջ է մղում Ադրբեջանը, բնականաբար, ենթադրում է միակողմանի զիջումներ։ Բնական է, որ դա որևէ պայմաններում չի կարող մեր հանրության և իշխանության համար ձեռնտու լինել։ Սա է պատճառը, որ ադրբեջանական սցենարով գնալը կամ դրա մասին որոշակի համաձայնությունների հանգելը, բնականաբար, անդառնալի հետևանքներ է ունենալու նաև հենց իշխանության համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա չբացառեց, որ որևէ փուլում ինչ-որ կոնֆիդենցիալ բնույթի խորհրդակցություններ, բանակցություններ եղած լինեն, բայց, նրա համոզմամբ, ինչ  էլ տեղի ունեցած լինի, կա գիտակից հանրություն, որը երեք տասնամյակ է այս ամենի մեջ է և նրանից թաքցնելով ինչ-որ լուծումների հասնելը ուղղակի անհնար կլինի։

Խոսելով վարչապետի արձագանքի այն հատվածի մասին, որով ասում է՝ եթե կարգավորման ուժային տարբերակն ընդունելի լիներ, Արցախը կասեր՝ հարցը կարգավորել եմ ու վերջ, մինչդեռ ինքը լուծման բանաձև գտնելու կողմնակից է, Տիգրան Աբրահամյանն ասաց, «Ցանկացած երկրի ղեկավար, որը հայտարարի, որ չկա խաղաղ ճանապարհով լուծման հասնելու տարբերակ, նշանակելու է դուրս գալ բանակցություններից և պատերազմ սկսել։ Ցանկացած պարագայում, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը նման ձևով պետք է արտահայտվեր»։

Աննա Բալյան

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica