close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ

Խմբագրի անկյուն

26 Սեպտեմբերի 2020, 14:01
 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ

Թեժ ամռանը կատարած ֆեյսբուքյան գրառումներից մեկում ՀՀ վարչապետը նշել էր, որ 2020 թ. սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներում:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ նույն ժամանակ սփռած եռալեզու հաղորդագրության համաձայն էլ՝ «Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»:

Հաշվի առնելով ծրագրի հանկարծակի ի հայտ գալը և հասարակության մեջ առաջացած բազմաթիվ հարցերը, առանց հանրային քննարկման, հապշտապ կյանքի կոչելու իրողությունը՝ Yerkir.am-ը գրավոր դիմել էր ՀՀ վարչապետին և ներկայացրել հարցերի մի ամբողջ շարք:

«Ի՞նչ չափորոշիչներով է ընտրվել կամ ընտրվելու այս 100-յակը, մրցույթներ և այլ գործընթացներ լինելո՞ւ են»՝ հարցին ի պատասխան, Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության՝ ներուժի ներգրավման բաժնի ավագ մասնագետ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանի գրավոր պատասխանում նշված է. «իԳործ» ծրագրի մասնակիցների համար չափորոշիչներ են սահմանվել բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում առնվազն մագիստրոսի գիտական աստիճան ունենալը և Հայաստանում մեկ տարի ապրելու պատրաստակամությունը»:

Ինչի՞ հիման վրա է ձևավորվել 100 թիվը: Ինչո՞ւ 100 և ոչ, օրինակ, 87 կամ 76. պետական օղակից պատասխանել են, որ «…ծրագրին դիմել են 800-ից ավելի մասնակիցներ, գրասենյակի կողմից ընտրվել են 260 համապատասխան դիմորդները, որոնց հետ ոլորտային գերատեսչություններն անցկացրել են հարցազրույցներ և ընտրել լավագույն մասնակիցներին: Քանի որ և՛ սփյուռքից, և՛  ՀՀ պետական համակարգից պահանջարկը երկկողմանիորեն մեծ էր, ծրագրի շրջանակն ընդլայնվեց մինչև 100-ի»:

«Ի՞նչ մասնագիտությունների և կադրերի պահանջարկ ունենք երկրում, կա՞ ուսումնասիրություն, կարո՞ղ է հանրությունը ծանոթանալ դրան» հարցը ստացել է հետևյալ պատասխանը. «Գերատեսչությունների կողմից ներկայացվել է հետևյալ պահանջված մասնագետների ցուցակը՝ համապարփակ առողջապահության ապահովագրության, ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, առողջապահության ոլորտում հետբուհական կրթություն և շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգերի և ծրագրերի մշակման և իրականացման, դեղորայքային քաղաքականության մշակման,  կոռուպցիայի դեմ պայքարին,  քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին վերաբերող ռազմավարական ծրագրի իրականացման,  աղետների կառավարման ոլորտում իրավական ապահովման, Ճգնաժամային կառավարման Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) մշակման ու կիրառման, կրթության և գիտության ոլորտում ռազմավարական պլանավորման, հետազոտությունների իրականացման աշխատանքների, շրջակա միջավայրի կառավարման, միջազգային համագործակցության ոլորտի, արժեթղթերի շուկայի վերլուծության և կառավարման, աշխատանքային իրավունքի բնագավառի, երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման, քարտեզագրական վեբ ծառայությունների (WMS, WFS), երկրատարածական մեծ բազաների, մարդկային ռեսուրսների կառավարման, ոչխարաբուծության, թռչնաբուծության, ինտենսիվ այգեգործության մասնագետներ, հիդրոլոգ, սոցիալական աշխատողներ, տրանսպորտային ոլորտի շինարար-ինժեներ, շուկայագետ, նորարար տեխնոլոգիաների, գիտության բնագավառի ճարտարագետ, կառուցագետ և այլն: Մասնակիցները չեն լինելու հաստիքային աշխատողներ, նրանք ունենալու են այսպես կոչված fellow-ի կարգավիճակ և նույն պարտականություններն ու իրավունքները, ինչ մյուս աշխատակիցները»:

Պետական ի՞նչ մակարդակներում են տեղավորվելու սփյուռքահայ մասնագետները: Հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են հետևյալը. «Գերատեսչություններն են՝ ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և այլ կառույցներ»:

Գաղտնիք չէ, որ հայաստանյան բուհերի շրջանավարտները երկար դեգերումներից հետո, ի վերջո, հեռանում են հայրենիքից: Ինչո՞վ չեն բավարարում նրանք պահանջարկ ունեցող պետական ոլորտներին: Ըստ Հանձնակատարի գրասենյակի՝  այս ծրագիրը չի ժխտում այն փաստը, որ Հայաստանում ևս կան լավ մասնագետներ, սակայն փաստ է, որ առկա է կադրային սով, և պետական համակարգը բարեփոխելու ճանապարհին աշխարհի լավագույն համալսարաններում կրթված անհատները կարող են իրենց նպաստը բերել: «Նախկին վարչակազմից ժառանգություն է ստացվել կոռումպացված, փտախտի սինդրոմներ ունեցող մի համակարգ, որի արդյունքում էլ տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը: Մյուս կողմից՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հանձնառություն ունի աշխատել սփյուռքի հետ, նպաստել սփյուռքյան ներուժի ներգրավմանը հայաստանյան կյանքին և ապահովել մասնագիտական հայրենադարձություն, որին էլ միտված է «իԳործ»-ը»,- նշված է պատասխան գրության մեջ:

Ծրագրի 2020 թվականի բյուջեն կազմում է 176 մլն 386 հազար ՀՀ դրամ: Մասնակիցներն աշխատավարձ չեն ստանալու, նրանց հատկացվել է կացության ծախսերի համար նախատեսված գումար, որը կազմում է ամսական 336 հազար դրամ: Ծրագիրը մեկ տարի տևողությամբ է:

Թեև մենք խնդրել էինք տրամադրել ծրագրի ամբողջական բյուջեն, այդուհանդերձ, Հանձնակատարի գրասենյակը տրամադրել է միայն 2020 թվականի բյուջեն: Եթե հաշվի առնենք, որ ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերից, ապա կստացվի, որ ներկայացված թիվն ընդամենը քառամսյա բյուջեն է: Պարզ հաշվարկով՝ ամսական բյուջեն կկազմի ավելի քան 44 մլն 96 հազար դրամ, իսկ տարեկանը՝ շուրջ 530 մլն դրամ:

Որո՞նք են ծրագրի չափելի արդյունքները: Հանձնակատարի գրասենյակի մեկնաբանությունն այսպիսին է. «Մասնակիցներն իրենց աշխատավայրերում ակտիվ ներգրավված են լինելու նոր ծրագրերի մշակմանը և իրագործմանը, ռազմավարությունների կազմմանը: Եռամսյա կտրվածքով նրանք ներկայացնելու են իրենց աշխատանքի հաշվետվություններ, հատուկ ձևաչափով գնահատվելու են իրենց անմիջական ղեկավարների կողմից, գրասենյակը մշտապես իրականացնելու է մոնիտորինգներ»:


Վ. Սարգսյան

Տե՛ս նաև՝ «Որևէ կերպ չփորձված «իԳործ» ծրագրին բյուջեից հատկացվել է 455 միլիոն դրամ»

 

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica