close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավատացնում եմ՝ բանակցություններն ուշ, թե շուտ լինելու են. Դավիթ Բաբայան

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2020, 17:41
 Հավատացնում եմ՝ բանակցություններն ուշ, թե շուտ լինելու են. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ բանակցությունները վերսկսելու կոչերի, դրանց ուղղված Ադրբեջանի նախագահի արձագանքի և հայտարարությունների մասին Yerkir.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

 - Պարո՛ն Բաբայան, Մինսկի խմբի համանախագահների առաջարկից հետո՝ սկսել բանակցություններ առանց նախապայմանների, ականատես ենք լինում Ադրբեջանի բուռն արձագանքին: Ալիևը մեղադրում է ՀՀ վարչապետին բանակցությունները տապալելու մեջ՝ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որակելով որպես քաղաքական սադրանք: Ի՞նչ է այսպիսով հանրությանը փորձում հասկացնել Ադրբեջանը:

- Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ փորձել է, փորձում է և կփորձի բանակցային գործընթացի ողջ բարդությունը ՀՀ քաղաքականության վրա գցել: Սա շատ պարզ է: Ադրբեջանը նույնն արել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք: Հիմա, երբ Ալիևն ասում է, որ Հայաստանն է մեղավոր, երևի մոռանում է, որ ինքն ասել էր՝ Երևանն իրենցն է, իրենք Երևանը նվիրել են հայերին, Շուշին իրենցն է, Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս չի լինելու, որ իրենք այնտեղ թեյ են խմելու և այլն, այս ամենը Ալիևը մոռացության է մատնում: Սրանք խաղի կանոններ են, որ Ադրբեջանն անվերապահորեն պահպանում է ու միշտ ասում, որ իրենք այլ տիպի կարգավորում չեն տեսնում:

Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին հղած ուղերձում հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի ներքո, այսինքն՝ այլևս չի ասվում տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, նույնիսկ «տարածքային ամբողջականության սկզբունքը» չի օգտագործում, ասում է՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո»:

Բայց պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանի նման կարծր դիրքորոշումն ունի իր նախապայմանները: Նախ՝ Ադրբեջանում ընթանում է կատաղի պայքար ապագա իշխանության համար, պաշտոնաթող մարդիկ հիմա դարձել են ընդդիմություն, Ադրբեջանը պետք է դրանց դեմ պայքարի, իսկ այդ պայքարի ձևերից մեկը կարծր դիրքորոշումն է, մարդկանց սրտերը շոյելը, թե իրենք ազգայնական, հայրենասեր են: Իսկ երկրորդը՝ այդ պատրվակի տակ ռեպրեսիաներ կատարելն է:

Ադրբեջանի նման դիրքորոշումը կապված է նաև Թուրքիայի հետ, որը հիմա իր ազդեցությունն Ադրբեջանում ավելի է ուժեղացրել: Նախիջևանը հիմա դարձել է Թուրքիայի ռազմակալված տարածք, իսկ սա շանտաժի լավ աղբյուր է: Թուրքիայի ներխուժումը Նախիջևան փաստացի և՛ Իրանի դեմ է ուղղված, և՛ Ադրբեջանին սանձազերծելու փորձ է:

-Ի՞նչ պետք է այս իրավիճակում անի Հայաստանը:

-Մենք պետք է չընկնենք էմոցիաների մեջ: Բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել, որովհետև բանակցային գործընթացը ոչ միայն Ադրբեջան-Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների հստակեցումն է, դրանց բուն կարգավորումը, այլև հարթակ է, որը թույլ է տալիս տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռություն պահպանել: Սա շատ ավելի կարևոր է: Սրա համար պետք է խաղի կանոններով առաջ շարժվենք ու հասկանանք, որ եթե ֆուտբոլ ենք խաղում, չենք կարող բասկետբոլի կանոններ օգտագործել:

-Պարո՛ն Բաբայան, հայկական կողմից արտգործնախարարի մակարդակով եղել է հայտարարություն, որ ՀՀ-ն վճռական է բանակցային գործընթացը շարունակելու հարցում, մինչդեռ Ադրբեջանի կողմից նույնը չենք տեսնում: Այս պարագայում որքանո՞վ եք հավանական համարում, որ պաշտոնական Բաքուն ու պաշտոնական Երևանը կվերսկսեն բանակցությունները: Ի՞նչ աշխատանք այստեղ պիտի տանեն համանախագահները: Գուցե ավելի հասցեական կոչե՞ր պիտի հնչեն:   

-Հավատացնում եմ ձեզ, որ այդ բանակցությունները ուշ, թե շուտ լինելու են, որովհետև պարտադիր չէ, որ համանախագահները հրապարակային ձևով հասցեական հայտարարություններ անեն: Այն աշխատանքը, որ կատարվում է ոչ հրապարակային խողովակներով, երբեմն շատ ավելի ազդեցիկ է, քան հրապարակայինը: Սա միայն Ադրբեջանի քմահաճույքը չէ, սա միայն Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների հստակեցումը չէ, կրկնում եմ՝ սա ռազմաքաղաքական հավասարակշռության խնդիր է, և Ադրբեջանն այստեղ չի կարող իր քմահաճույքով վարել գործընթաց, որը պետք է ապահովի գերտերությունների և տարածաշրջանային տերությունների ռազմական հավասարակշռությունը: Ժողովրդի լեզվով ասած՝ Ադրբեջանը մի քիչ «ֆիքստուլություն» է անելու, բայց եթե անգամ բանակցային գործընթացն ակտիվ չընթանա, ստատուս քվոն պիտի պահպանվի, որովհետև այն գերտերությունների հավասարակշռության պահպանումն է: Անգամ եթե չլինեն բանակցություններ, ստատուս քվոյի պահպանումն էլ է ձեռնտու կարևորագույն պետություններին, բայց հակամարտության կարգավորման ավելի արդյունավետ լինելու համար այդ հանդիպումներն անհրաժեշտ է շարունակել, և կարծում եմ՝ համանախագահներն այս ուղղությամբ ջանքեր գործադրելու են:

-Ադրբեջանական լրատվամիջոցները երեկվանից հայտարարում են, թե Միլի մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է իբր «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը», սակայն այցի մասին ՌԴ պաշտոնական հաղորդագրության մեջ նման հայտարարություն չի նշվում: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նման կերպ փորձում է Ռուսաստանի դեմ տրամադրվածություն ստեղծել:

-Իհարկե, այստեղ Թուրքիայի դերն էլ է մեծ: Նույնիսկ եթե տեսականորեն ռուսական կողմը կամ որևէ այլ կողմ մտածեր, որ պաշտոնական Երևանի քաղաքականությունը  կարող է ինչ-որ տեղ խոչընդոտ հանդիսանալ, նրանք դա չէին ասի հրապարակային հայտարարություններում: Ուրեմն ՀՀ քաղաքականությունը տապալո՞ւմ է բանակցային գործընթացը, իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Երևանն իրենցն է, որ հարվածելու են ատոմակայանին, որ Ղարաբաղն իրենց պապական հողն է, որտեղ թեյ են խմելու, չի՞ խանգարում: Ոչ, իհարկե, հետևաբար՝ Լավրովը, լինելով բարձրակարգ դիվանագետ, այս ամենը հաշվի առնելով, չէր կարող նման հայտարարություն անել: Ադրբեջանը գուցե դրանով ռուսներին է ուզում վատ կողմից ներկայացնել կամ էլ գուցե, նույնիսկ չհասկանալով, կարող է նման բան անել: Բայց էլի եմ կրկնում՝ նման բան անհնար է: Եթե ինչ-որ խնդիր լինի, որը պետք է պարզաբանեն, կան ոչ հրապարակային խողովակներ, որոնց միջոցով անգամ ամենաբարդ հարցերն են քննարկվում և լուծում ստանում:

-Հաշվի առնելով Ադրբեջանի նման հայտարարությունները՝ հնարավո՞ր է, որ ապագայում ականատես լինենք ռազմական նոր սադրանքների:

-Մենք միշտ պետք է լինենք աչալուրջ: Անգամ եթե իդեալական իրավիճակ լինի, Ադրբեջանում սկսեն խոսել խաղաղության մասին, և ընդհանրապես կրակոցներ չլինեն, սա ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել մեզ համար, որովհետև յուրաքանչյուր պահի նրանք կարող են դիմել սադրանքի: Բայց սադրանքի հավանականությունը մի շարք հանգամանքներից է կախված՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում մենք, պահպանո՞ւմ ենք, արդյոք, հավասարակշռությունը, խորացնում և զարգացնո՞ւմ ենք մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ, թե՞ երես ենք թեքում նրանցից: Սա կախված է այն բանից, թե ինչքան է համախմբված մեր հասարակությունը, ինչքան է ուժեղ մեր բանակը: Սրանք գործոններ են, որոնք հակառակորդի համար ուղենիշ են:

 

Վարդուհի Ստեփանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica