close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թատրոնը սկսվել է հրապարակից և նորից վերադարձավ հրապարակ․ Արմեն Էլբակյան

Մշակույթ

23 Սեպտեմբերի 2020, 16:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թատրոնը սկսվել է հրապարակից և նորից վերադարձավ հրապարակ․ Արմեն Էլբակյան

Սեպտեմբերի 25-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 99-րդ թատերաշրջանը կսկսի անսովոր պայմաններում՝ բացօթյա ու սակավ հանդիսատեսով։ Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված՝ համաճարակային պայմաններն են։

«Թատրոնը կարևոր է, որովհետև թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է։ Մենք փորձում ենք չխոսել այն մասին, թե ինչ դժվարությամբ ենք հաղթահարում այս «հարձակումը», որն ուղղված է դեպի մարդկությունը, և այդ առումով թատրոնը նույնպես շատ է տուժում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու ընդգծեց, որ այս համավարակը նաև մարդկանց հոգեբանության վրա է ազդում, հատկապես՝ թատրոնի մարդկանց։

«Այս շրջանը թատրոնի մարդկանց համար դժվար ընթացք էր»,- խոստովանեց Էլբակյանը, ապա հավելեց․ «Էլ չեմ ասում, որ դերասանն ուղղակի սպորտսմենի նման կարիք ունի «տրենաժի», որպեսզի չկորցնի իր սպորտային վիճակը»։

Ըստ Էլբակյանի՝ այս շրջանում թատրոնը սկսեց որոնել հանդիսատեսի հետ շփվելու նոր արտահայտչամիջոցներ: «Գուցե ոչ բոլոր արտահայտչամիջոցներն էին արդյունավետ, բայց դրանք նույնպես առիթ տվեցին մտածելու, թե ինչպիսին պետք է լինի թատրոնն այսօր, ինչպիսի տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել։ Թատրոնը սկսվել է հրապարակից և, կարծես, նորից վերադարձավ հրապարակ»,- նշեց նա։

Ըստ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի՝ համավարակը փոխում է թատրոնի և հանդիսատեսի հարաբերությունը: «Պատմականորեն թատրոնը եղել է հրապարակային հանդիսություն, և այս համավարակով, կարծես, թատրոնը ետ է  նայում դեպի իր խոր անցյալը: Պարզվում է, որ թատրոնն իր հմայքը չի կորցնում՝ անգամ, եթե դուրս է գալիս բեմական տուփի տարածքներից, թատրոնի պատերից դուրս։ Ավելին, բեմական միջավայրից դուրս գալով, թատրոնը ձեռք է բերում նաև կինեմատոգրաֆիական հնարք»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 25-ին Մայր թատրոնն իր թատերաշրջանը կբացի իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործության բեմականացման առաջնախաղով։ Վարկածի և բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է, որը Բոկաչչոյի գլուխգործոցը հանդիսատեսի դատին կհանձնի յուրատիպ և ժամանակակից լուծումներով։ 

«Գործում կարմիր գծով խոսվում է ժանտախտի մասին, և այն շատ նման է մեր օրերին, պանդեմիայի հոգեվիճակին»,- այսպես բացատրեց Լիլի Էլբակյանը, թե ինչու է որոշել հենց այս գործին անդրադառնալ։

Իսկ բացօթյա բեմադրական աշխատանքների թերությունների մասին էլ հավելեց. «Այն, ինչ կտեսնեք, մեծ աշխատանքի արդյունք է, աշխատել ենք մեզ համար անսովոր իրավիճակում, ամեն ինչ խանգարել է աշխատանքին, բայց փորձել ենք թատերական մթնոլորտը փոխանցել հանդիսատեսին»։

Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս են 50-60 հանդիսականով փակելու ներկայացումների արդյունքում գոյացած ծախսերը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պատասխանեց, որ կոմպենսացնում են՝ ամսվա ընթացքում խաղացանկում ավելի շատ ներկայացումներ դնելով: «Օրինակ՝ հոկտեմբերին 12 ներկայացում ենք նախատեսել։ Յուրաքանչյուր ներկայացման, որը ոչ ստանդարտ է, սահմանվում են առանձին գներ, օրինակ՝ «Դեկամերոն»-ի տոմսը կարժենա 5000 դրամ։ Արդեն ունենք հանդիսատեսին ընդունելու խնդիր, քանի որ ցանկացողների թիվն ավելին է, քան 50-ը»,- հայտնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica