close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Առաքելյանը, առանց սպասելու աշխատակարգային նիստին, հետ է վերադարձրել պատգամավորների կողմից ՍԴ մուտքագրված դիմումը

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 16:17
 Սամվել Առաքելյանը, առանց սպասելու աշխատակարգային նիստին, հետ է վերադարձրել պատգամավորների կողմից ՍԴ մուտքագրված դիմումը

Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից հունիսի 26-ին ՍԴ մուտքագրված դիմումը երկու անգամ ընդգրկվել է աշխատակարգային նիստերի օրակարգում, մինչդեռ դրանք չեն կայացել, իսկ պատգամավորներին դիմումի մերժման մասին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը՝ չսպասելով այդ հարցով նշանակված աշխատակարգային նիստին: 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշել է, որ հարցն ընդգրկված է եղել սեպտեմբերի 1-ի աշխատակարգային նիստերի օրակարգում, մինչդեռ օգոստոսի 31-ին Առաքելյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ տեղեկացնելով նրանց՝ ՍԴ մուտքագրած դիմումի մերժման մասին:  

ՍԴ աշխատակազմից մեզ տեղեկացրել են, որ ի սկզբանե ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից պատգամավորների դիմումը մակագրվել է ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանին, Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին:

«ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանի, Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավոր կատարող Աշոտ Խաչատրյանին հասցեագրված և նրա կողմից տրամադրված գրությունների, վերջինիս կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացված և նրա կողմից տրամադրված ներքին գրությունների հիման վրա հարցը մտել է Սահմանադրական դատարանի օգոստոսի 18-ի, այնուհետև օգոստոսի 25-ի և սեպտեմբերի 1-ի աշխատակարգային նիստերի օրակարգ, իսկ այդ նիստերը չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով:

Չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարականությունները ժամանակավոր կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին ՍԴ մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»,- ասվում է ՍԴ աշխատակազմից ստացված պատասխանում:

«Պահանջներին համապատասխանեցնել» ասելով՝ նկատի ունի ապահովել անհրաժեշտ քանակի ստորագրություններ: Պատգամավորների դիմումը մուտքագրվել էր 26 ստորագրությամբ: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդի ստորագրությունները: 132 պատգամավորի դեպքում այդ ցուցանիշը 26.4 է: 

Ստացվում է, որ Սամվել Առաքելյանը, օգտվելով աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հանգամանքից (Էդգար Ղազարյանի արձակուրդում գտնվելու ժամանակ), չսպասելով նշանակված նիստին, հետ է վերադարձրել պատգամավորների դիմումը:

Yerkir.am-ը փորձեց այս հարցի պարզաբանումը ստանալ դեռևս սեպտեմբերի 1-ին, սակայն Սամվել Առաքելյանը հեռախոսով չցանկացավ պատասխանել հարցերի՝ հորդորելով հարցում ուղարկել ՍԴ: Մեր հարցը շատ պարզ էր՝ ի՞նչ պատճառաբանությամբ է հետ ուղարկվել պատգամավորների դիմումը: Նշենք, որ դեռևս նախորդ օրը երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել էր լրագրողներին դիմումի մերժման հիմքերի մասին, այն է՝ ստորագրությունների անբավարարությունը: Տարակուսելի է, որ Առաքելյանը հարցին պատասխանելու համար գրավոր հարցում էր պահանջում:

Արման Աբովյանի հայտարարությունից հետո Yerkir.am-ն, այնուամենայնիվ, հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե ի՞նչ կազմով է անցկացվել և ե՞րբ է տեղի ունեցել այն աշխատակարգային նիստը, որի ընթացքում ՍԴ-ն որոշել է պատգամավորների մուտքագրած դիմումը վարույթ չընդունել: Ի պատասխան մեր հարցմանը՝ Առաքելյանը կարճ պատասխանել էր. «Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշում Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում չի կայացվել»:

Դրանից հետո ՍԴ ուղարկեցինք երկրորդ հարցումը՝ պարզելու, թե, ՍԴ աշխատակարգային նիստերից բացի, ի՞նչ այլընտրանքային ձևաչափ գոյություն ունի պատգամավորների դիմումները վարույթ ընդունելու կամ մերժելու մասով: Խնդրել էինք նաև պարզաբանել, թե ինչո՞ւ նման գրություն պատգամավորներին ավելի վաղ չէր ուղարկվում՝ հաշվի առնելով, որ նրանց դիմումին պատասխանելու վերջնաժամկետը լրացել էր դեռևս հուլիսին:

Այս անգամ, մեր հարցմանն ի պատասխան, պարզեցինք, որ որոշումը կայացրել է Առաքելյանը՝ հարցով նշանակված աշխատակարգային նիստերից մեկ օր առաջ:

Իհարկե, Առաքելյանը կարող է պնդել, որ, ինչպես նախորդ նշանակված նիստերը, այս մեկը ևս չէր կայանալու և, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ պատգամավորներին պատասխանելու վերջնաժամկետը վաղուց լրացել է, նման գրություն է ուղարկել նրանց: Սակայն մեզ համար այդպես էլ անպատասխան մնաց երկու հարց ՝ արդյո՞ք Սամվել Առաքելյանն ուներ նման լիազորություններ, ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանված, և եթե նման լիազորության հնարավորություն կար, ապա ինչո՞ւ այդ որոշումը չէր կայացվում ավելի շուտ: Եթե Առաքելյանը նման իրավասություններ ուներ՝ որպես ՍԴ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա  փաստացի նման լիազորություններ ուներ նաև Էդգար Ղազարյանը, որը, սակայն, դրանից չի օգտվել՝ սպասելով աշխատակարգային նիստերի կայացմանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ստորագրությամբ ԲՀԿ-ն ՍԴ դիմում էր մուտքագրել հունիսի 26-ին՝ բողոքարկելով խորհրդարանի ընդունած նախագիծը, համաձայն որի`չեղարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՍԴ ուղարկելու և դրանց սահմանադրականությունը պարզելու կարգը:

ՍԴ-ից դիմումը մերժելու կամ վարույթ ընդունելու մասին ժամկետը լրացել էր հուլիսի 22-ին, սակայն հուլիսի 22-ի դրությամբ այն ոչ մի դատավորի չէր մակագրվել: Yerkir.am-ը ՍԴ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվել էր, թե նման դեպքերում ինչպե՞ս է հանգուցալուծվում հարցը, նա էլ պատասխանել էր. «Դա դատարանը պիտի քննարկի։ Ոչ ստանդարտ իրավիճակ է, և մեր պատմության մեջ երբևէ նման բան չի եղել, որ գործը մուտք արվի դատարան ու որևէ ընթացք չտրվի»։

Ստեղծվել է իրավիճակ, երբ, մի կողմից, Սամվել Առաքելյանը, չսպասելով աշխատակարգային նիստի նշանակված օրվան, հետ է ուղարկում դիմումը, մյուս կողմից՝ ակնհայտ է, թե ինչ ճակատագրի էր արժանանալու աշխատակարգային նիստը. ինչպես նախորդ երկուսը, հավանական է չէր կայանալու քվորումի բացակայության պատճառով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում աշխատի ՍԴ-ն՝ քննելու համար կարևոր դիմումները:

Իշխանությունների՝  «ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը» հաղթահարելուն ուղղված քայլերը ՍԴ-ում ստեղծել են քաոսային իրավիճակ, որի պայմաններում աշխատակարգային նիստերը չեն կայանում, և կարևոր հարցերով ՍԴ մուտքագրված դիմումներին ընթացք չի տրվում:  

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica