close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփի կողմնակից սևամորթ ամերիկացիների խմբի վիճահարույց կապերը Թուրքիայի հետ (մաս 1)

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 23:59
 Թրամփի կողմնակից սևամորթ ամերիկացիների խմբի վիճահարույց կապերը Թուրքիայի հետ (մաս 1)

2020 թ․ սեպտեմբերի 4-ին և 5-ին Salon.com կայքը հրապարակեց երկու մասից բաղկացած մի ծավալուն բացահայտում սևամորթ ամերիկացիների խմբի մասին, որը փորձել է միջոցներ հայթայթել թուրքական բիզնեսներից՝ ի պաշտպանություն նախագահ Թրամփի վերընտրման: Հոդվածներից մեկը վերնագրված էր. «Ինչպե՞ս Թրամփի կողմնակից սևամորթների խումբը վերածվեց ոչ պաշտոնական թուրքական լոբբիստական ընտրապայքար իրականացնողի․  Salon-ի հետաքննությունը բացահայտում է Թրամփի սևամորթ աջակիցների պատմությունը, որոնք փորձել են օգտագործել թուրքական միլիարդները», իսկ մյուսը՝ «Թուրքական իրարանցում․ Թրամփի կողմնակից սևամորթների խումբը ինչպե՞ս  դարձավ ոչ պաշտոնական լոբբիստական խումբ Էրդողանի համար․ Թրամփի քարոզարշավի հետ կապված կասկածելի ոչ շահութաբեր կազմակերպությունը փորձել է կազմակերպել խոշոր առևտրային գործարք»։  Հոդվածները գրել են Ռոջեր Սոլենբերգերը և Քեթլին Օ’Նիլը։

Salon.com-ը հաղորդեց, որ «2018 թ․ Թրամփի կողմնակից պաշտոնյաները ոչ առևտրային «Քաղաքների վերածննդի դաշինք» (URC) անվամբ վիճահարույց կազմակերպությունից, որը վերջերս կորցրել էր հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը և այս տարվա սկզբին հայտնվել թերթերի վերնագրերում՝ սևամորթ ընտրողներին կասկածելի կանխիկ գումարներ բաժանելու համար, նպաստել են ոչ պաշտոնական օտարերկրյա ազդեցության քարոզարշավին Թուրքիայի ազդեցիկ մարդկանց անունից»:

 «URC-ի պաշտոնյաներ Դարել Սքոթը և Քարիմ Լանիերը, երկուսն էլ Թրամփի նշանավոր աջակիցները սևամորթների համայնքում, ըստ բազմաթիվ աղբյուրների, կազմակերպությունն օգտագործել են որպես միջոց «նվիրատվություններ հավաքելու համար», այդ թվում՝ Թուրքիայի հարուստ քաղաքացիներից։ Այս միջնորդություններից մի քանիսը ստացվել են նախկին MAGA [Make America Great Again] համաշխարհային աստղ [թուրք գրող] Ռաբիա Կազանի միջոցով», ըստ Salon.com-ի։

Բացի այդ, «Սքոթի և Լանիերի գործընկեր Բրյուս Լեվելը, Թրամփի աջակից, Կոնգրեսի նախկին թեկնածու և Փոքր բիզնեսի ասոցիացիայի փաստաբան․․․ իբր կանխիկ փող է կորզել Կազանից, այնուհետև խնդրել է նրան ոչնչացնել գրառումները Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի տանն ու գրասենյակում կառավարության ստուգայցերի հաղորդումներից հետո», հաղորդել է Salon.com-ը:

Սևամորթ ամերիկացիների այս ջանքերը նպատակ ունեին ձևավորել ԱՄՆ քաղաքականություն՝ ակնկալելով Միացյալ Նահանգներում մեծ ներդրում թուրք գործարարների կողմից: Ըստ Salon.com-ի՝ «ստորև մանրամասնորեն նկարագրված այս գործողություններից մի քանիսը լուրջ իրավական հարցեր են առաջացնում, ինչպիսիք են հարկերը կարգավորող կանոնների խախտումները և լոբբիստական օրենսդրությունը», ասել են փորձագետները Salon-ին։ Իրավաբանները և URC-ին ծանոթ մարդիկ Salon-ին հայտնել են, որ հաշվի առնելով այդ գործունեությունը, կազմակերպությունը, կարծես, իրականացրել է կեղծ լոբբիստական և դրամահավաք գործողություն, և որպես միջնորդ հաղորդակցվել ինչպես Թրամփի վարչակազմի (և Թրամփի նախընտրական արշավի) հետ, այնպես էլ թուրքական (Էրդողանի հետ կապված) շահերին։  Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են երկրորդական խաղացողները, ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, աշխատել լոբբիստական գործունեության, քարոզարշավի և օտարերկրյա գործակալների օրինական սահմաններում՝ Թրամփի քաոսային նախագահության ժամանակ։ Նրանք խառնել են պաշտոնական և ոչ պաշտոնական վարչական պաշտոնները կազմակերպական և ընտրական այլ դերակատարումների հետ և թաքցրել միջոցների աղբյուրն ու օգտագործումը, ինչպես հասարակական, այնպես էլ պետական մարմիններից, ինչպիսիք են Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) և Դաշնային ընտրական հանձնաժողովը»:

Ամեն ինչ սկսվեց 2018-ին, երբ «URC- ի պաշտոնյաները առաջին անգամ ֆինանսական օգնություն և ներդրումներ ապահովեցին թուրքական բիզնեսներից՝ կապված Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկված տնտեսական նախաձեռնության հետ», հայտնել է Salon.com- ը: Թուրք գործարար բանագնացներն ապահովում էին հանդիպումներ Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ հասնելով մինչև Թրամփի պաշտոնյաներին, Կոնգրեսի հանրապետական անդամներին և քարոզարշավի փոխարինողներին, ինչպիսիք էին Թոմ Բարաքը [միլիարդատեր և Թրամփի մտերիմ ընկերը] և Լարա Թրամփը [նախագահի հարսը և Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականը]»:

Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ այս սխեման նախատեսված էր ամերիկյան արտադրական շուկան թուրքական ընկերությունների առջև բացելու համար։ «Այն փաստը, որ այդ հանդիպումներն ակնհայտորեն ուղղված էին ԱՄՆ պաշտոնական քաղաքականության վրա ազդելուն, փորձագետների կարծիքով, հարցեր է առաջացնում, թե արդյոք ներգրավվածները պե՞տք է գրանցվեին Արդարադատության նախարարությունում որպես օտարերկրյա գործակալներ», հայտնել է Salon.com-ը:

 «URC-ը հայտնվեց թերթերի վերնագրերում, երբ անցկացրեց  քարոզարշավին նվիրված միջոցառումներ՝ կանխիկ գումարներ բաժանելով աղքատ համայնքների սևամորթ ընտրողներին, ներառյալ 25 հազար դոլարի խաղարկությունը անցյալ տարվա դեկտեմբերին, որը ինչպես IRS-ին հայտնել էր կազմակերպությունը, չէր անցկացվելու։ Politico-ն այդ վիճակախաղերը նկարագրել է որպես համաժողովրդական ռազմավարություն՝ «սևամորթների համայնքներում միջոցառումներ անցկացնելու համար, որտեղ նրանք փառաբանում են նախագահին՝ հազարավոր դոլարներ նվիրաբերելով», նշել է Salon.com-ը:

«URC- ի աշխատանքներին ծանոթ բազմաթիվ մարդիկ հայտնել են Salon-ին, որ պարզ էր՝ Սքոթն ու Լանիերը հիմնադրել էին կազմակերպությունը, որպեսզի անեին այն ամենը, ինչ հաճախ ասում էին Ռաբիա Կազանին, որ իրենց  թույլ չէին տալիս անել Մայքլ Քոհենի քաղաքական ուղղվածություն ունեցող նախորդ կազմակերպության՝ Ազգային բազմազանության դաշինքի միջոցով, որն իրականում Թրամփի նախընտրական արշավի լծակներից մեկն էր, այսինքն ՝ փող վերցնել: Փաստաթղթային ապացույցներ կան, որ URC-ն առնվազն մեկ դեպքում մեծ գումարներ է որոնել և ստացել: Այն ստացել է 238 հազար դոլարի դրամաշնորհ Թրամփի կողմնակից կեղտոտ փողերի տեր America First Policies կազմակերպությունից, որը կապված է սուպեր PAC America First Action-ի հետ: URC-ը դրամաշնորհը ստացել է 2018-ին՝ Կազանին ֆինանսական ներդրումներ փնտրելու ուղղորդելուց մի քանի ամիս անց: Սակայն, քանի որ URC-ն երբեք հարկային հայտարարագիր չի ներկայացրել, անհնար է իմանալ, թե ինչքան գումար է խումբը ստացել կամ ինչպես է ծախսվել այդ գումարը », գրել է Salon.com-ը:

Թուրք գործարար Ալի Աքաթը, «որը մի քանի անգամ հանդիպել է Սքոթի և Լանիերի հետ, ենթադրաբար քննարկել է բազմամիլիարդանոց ներդրումների համապարփակ ծրագիր, որը հնարավորություն կընձեռեր հիմքեր ձեռք բերելու արտադրության և փաթեթավորման համար՝ ներդրումներ կատարելով և ստեղծելով գործարաններ «Հնարավորության գոտիներում»», հայտնել է Salon.com-ը: «Այս ծրագիրը օգտագործելու էր ԱՄՆ սակագներում առկա բացը: Աքաթն ասել է թուրքական լրատվամիջոցին, որ թուրքական բիզնեսի տերերը կարող են խուսափել բարձր սակագներից՝ կիսավարտ ապրանքներ արտահանելով ԱՄՆ, որտեղ այդ ապրանքները կհավաքվեն և կփաթեթավորվեն, ցանկալի է՝ «Հնարավորության գոտիներում» գտնվող թուրքական ընկերությունների կողմից»:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica