close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սա մեր դպրոցը քանդելու ճանապարհ է, թշնամություն է ուղղակի. պետք է բոլոր հնարավոր տարբերակներով կանգնեցնել այս ընթացքը». Արտակ Մովսիսյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2020, 22:35
 «Սա մեր դպրոցը քանդելու ճանապարհ է, թշնամություն է ուղղակի. պետք է բոլոր հնարավոր տարբերակներով կանգնեցնել այս ընթացքը». Արտակ Մովսիսյան

«2019թ. մրցույթը, որ հայտարարված է եղել, և նախարարի հրամանը վերաբերում էին չափորոշիչների լրամշակող խմբի ստեղծմանը: Այսինքն՝ եղած չափորոշիչները: Հիմա այս խումբը ոչ թե եղած չափորոշիչների վրա է աշխատել, այլ ավագ դպրոցի եղածը ուղղակի վերցրել՝ դրել են մի կողմ և զրոյից գրել են նորը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ նկատելով, որ ինչ-որ առումով նախարարի հրաման է խախտվել:

«Դուք հիշո՞ւմ եք՝ օգոստոսի սկզբին վարչապետը հայտարարեց, որ՝ հայեցակարգը շուտով կընդունենք և հետո չափորոշիչներին կանդրադառնանք։ Այսինքն՝ հակառակն է արվել. փոխանակ սկզբից հայեցակարգը ընդունես և ըստ այդ հայեցակարգի՝ հանձնարարես համապատասխան խմբերին մշակել չափորոշիչներ, չափորոշիչները գոնե աշխատանքային խմբերի մակարդակով գրել-վերջացրել են, նոր հայեցակարգ պետք է ընդունեն»,- ընդգծեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափորոշիչների վերաբերյալ ասել էր, որ դրանք առաջիկայում կհաստատվեն կառավարության որոշմամբ, և, որ հանրային քննարկման ներկայացված նախագիծն արտահայտում է իշխանության պատկերացումը հանրակրթությանն անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ.

«Այս ընթացքում, իհարկե, կլավացվի չափորոշիչը, այն իմաստով, որ կանցնի անհրաժեշտ ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք մեր ռազմավարական պատկերացումը պիտի արձանագրենք։ Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ մենք նաև ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ»:

Ա․ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս չափորոշիչները կարելի է համարել արդեն ընդունված:

«Ոչ: Հիմա լրամշակումների փուլն է գնում, և դեռևս նոր լրամշակված տարբերակները չեն հրապարակվել: Խնդիրն այն է, որ, երբ ամբողջապես փոխվում է ավագ դպրոցի կոնցեպցիան, դա պետք է արվի համապատասխան քննարկումներից հետո: Ի՞նչ են արել մեզ մոտ՝ ստեղծվել է 11 հոգուց բաղկացած խումբ, որի կեսն էլ կապ չունի պատմության հետ, իրենք հասարակագետներ են, պատմության հետ կապ ունեն 4 գիտության թեկնածուներ և մեկ պատմության  ուսուցչուհի, այսինքն՝ 11 հոգուց 5-ն է պատմության մասնագետ: Նրանք որոշել են հայեցակարգը և գրել են ավագ դպրոցի չափորոշիչներ, որի իրավունքն էլ չունեին, խնդիրը սա է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե նախկինում երբեք նման քննարկում չի եղել կրթական չափորոշիչների վերաբերյալ, Արտակ Մովսիսյանը հակադարձեց, որ մշտապես եղել են քննարկումներ.

«Այդ քննարկումն իրականացնում էր պետական մի հաստատություն, որը Կրթության ազգային ինստիտուտն էր և որը մի քանի ամիս առաջ լուծարվեց: Նախկինում նախ՝ քննարկումներ էին գնում, Կրթության ազգային ինստիտուտն ուղարկում էր բոլոր մասնագիտական օղակներին, օրինակ՝ ուղարկում էր բուհին, բուհն ուղարկում էր համապատասխան ֆակուլտետներին և ամբիոններին: Ամբողջ մասնագիտական աշխարհի կարծիքը ստանում էին, և դրանց վրա կոնսենսուսային լուծում էր ստացվում»:

Արտակ Մովսիսյանի խոսքով՝ ներկայացված չափորոշիչների վերաբերյալ բացասական է արտահայտվել ամբողջ մասնագիտական հանրույթը. «Հիմա դրել է հանրային քննարկման, բայց երբ բացասական կարծիք ես արտահայտում, այդ թվում՝ պաշտոնյա անձինք ասում են՝ մեծ աղմուկ բարձրացավ. աղմկողն իրենք են, սա աղմուկ չէ, դժգոհության ձայն է: Երկրորդ՝ եթե կոնցեպցիա ես փոխում, ուղարկիր մասնագիտական քննարկման: Ամենամեծ դժգոհությունն ինչի՞ առաջացավ՝ երբ մենք տեսանք՝ ամբողջական կոնցեպտուալ փոփոխություն է արվել»:

Նա մանրամասն ներկայացրեց մասնագիտական հանրույթի մտահոգությունները. «Այսօր դպրոցում «Հայոց պատմությունն» անցնում են 4 դասարանում՝ 6-9-րդ, հիմա որոշվել է 6-րդ դասարանն առանձնացնել, տալ «Հայրենագիտությանը», որը միայն 5-րդ դասարանում են անցնում: Առաջարկվող չափորոշիչներով՝ 5-րդ և 6-րդ դասարաններում անցնելու են «Հայրենագիտություն», «Հայոց պատմությունը»՝ 7-9-րդ դասարաններում՝ 3 տարի: 6-րդ դասարանում վերցրել են «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկան, վերցրել են այսօրվա 6-րդ դասարանի նյութերը՝ «Համաշխարհային պատմություն»-ից և «Հայոց պատմություն»-ից, միացրել են, խառնաշփոթ են սարքել։ Ընդ որում՝ ծանրագույն թեմաներ են, ասենք՝ 10-11 տարեկան երեխան ո՞նց պետք է հասկանա եգիպտական աստվածակենտրոն քաղաքակրթությունից անցումը հունական մարդակենտրոն քաղաքակրթության: Մյուս աբսուրդը՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը սկսվում է Վանի թագավորությունով, և ասում են՝ տեսեք՝ 6-ում մենք 3-րդ և 2-րդ հազարամյակին և նախնադարին անդրադառնում ենք: 6-րդ դասարանի դասագրքում նյութն անհասկանալի է և չպատճառաբանված»:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի խոսքով՝ չափորոշիչներում ավագ դպրոցի կոնցեպցիան ընդհանրապես անհասկանալի է. «Որոշել են, որ 10-րդ դասարանում պետք է անցնեն պետականություն, 11-րդ դասարանում՝ ազատագրական պայքար, 12-րդ դասարանում՝ նորարարություններ: Ո՞վ է որոշել: Երբ «Հանրային հեռուստաընկերության» եթերում ես հարցրի՝ ինձ պատասխանեցին՝ խումբը: Խումբը իրավասու չէ, որովհետև խումբը կոչված էր վերամշակելու եղած չափորոշիչները, ոչ թե զրոյից նորը ստեղծել: Կոնցեպցիա է փոխվում, որի համար մեծ քննարկում էր պետք ամբողջ մասնագիտական աշխարհի հետ: Այն, ինչ ներկայացված է, սխալ բան են արել, և կոպիտ սխալ է: Եթե 10-րդ դասարանը վերցնում ենք պետականություն, սկսվում է Ուրարտուից և ավարտվում Կիլիկիո Հայոց թագավորության անկումով, այսինքն՝ չկա մեր սկզբնական պետականությունը՝ 3-րդ և 2-րդ հազարամյակ, և չկա մեր վերջին պետականությունը՝ 1918թ. մինչև այսօր: 10-րդ դասարանն ավարտվում է 14-րդ դարով, իսկ 11-րդ դասարանում հետ են գնում, Ավարայրի ճակատամարտից նորից գալիս են: Տրամաբանություն չկա, աշակերտը չի հասկանում՝ ինչո՞ւ 14-րդ դարից վերջացրել ենք դասագիրքը և շարունակում ենք ոչ թե 15-րդ դարից, այլ հետ ենք գնում և 5-րդ դարից նորից գալիս ենք: Եթե անգամ այդպես է որոշվել, ինչո՞ւ չի սկսվում Աքեմենյան տիրապետության դեմ հայերի ազատագրական պայքարով: 11-րդ դասարանը կոնցեպտուալ սխալ է, չի կարելի ազատագրական պայքարը պոկել-առանձնացնել պետականությունից: 12-րդ դասարանը լրիվ աբսուրդ է. որոշել են՝ նորարարություններ: Եթե անգամ որոշվել է նորարարություն, նյութը վերցված է միայն Խորհրդային Հայաստանի պատմությունը: Հայոց պատմության մեջ ուրիշ ոչ մի նորարարություն չկա՞»:

Արտակ Մովսիսյանի խոսքով՝ դրվել է մի կոնցեպցիա, որը ոչ մի քննադատության չի դիմանում. «Նման բան անել դպրոցի նկատմամբ, նախարարությանն է սա ուղղված, սա թշնամություն է ուղղակի: Չի կարելի, դպրոց է»:

Նա հավելեց, որ այս ամենը իրեն չէր հետաքրքրի, եթե չլիներ մտահոգությունը վաղվա դպրոցի համար. «Վաղվա դպրոցի համար է մտահոգությունը: Վատ չափորոշիչ որ եղավ՝ դա վատ դասագիրք է դառնալու, իսկ դա նշանակում է, որ երեխայի մոտ այդ դասագիրքը հակակրանք է առաջացնելու: Ամենավատ բանն այն է, որ հայ երեխայի մոտ վաղը «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը կարող են հակակրանք առաջացնել: Սա մեր ապագային վտանգ է, սա դպրոցը քանդելու ճանապարհ է, և, բնականաբար, պետք է ամեն հնարավոր տարբերակներով կանգնեցնել այս ընթացքը: Ինձ համար վաղվա մեր դպրոցն անհամեմատ ավելի կարևոր է, քան Հայաստանի բոլոր 4 իշխանություններն իրենց անձերով վերցրած՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, ավարտած Նիկոլ Փաշինյանով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica