close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարոնուհի Քերոլայն Քոսքի նամակը՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2020, 20:10
 Բարոնուհի Քերոլայն Քոսքի նամակը՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին

Բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը նամակ է հղել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Թահիր Թաղիզադեին, որում մի քանի մտահոգություններ է ներկայացրել Արցախի առնչությամբ:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է բարոնուհու նամակի հայերեն տարբերակն՝ ամբողջությամբ.

«Հարգելի՛ դեսպան

Սեպտեմբերի 7-ի Ձեր նամակը վկայակոչում է շատ թյուր կարծիքներ, որ անհրաժեշտ եմ համարում արձանագրել: Մասնավորապես՝ ես կցանկանայի առանձնացնել առնվազն չորս լուրջ մտահոգություններ:

1. Լեռնային Ղարաբաղ

Հենց Ստալինն է Ադրբեջանում որպես «ինքնավար մարզ» տեղակայել Ղարաբաղը/Արցախը (95 տոկոս հայ բնակչությամբ): Հետագայում Ադրբեջանը յուրացրեց ցածրադիր վայրերի մեծ տարածքներ և ստեղծեց Լեռնային Ղարաբաղը՝ որպես լեռնային անկլավ, որը կտրված էր Հայաստանից:

1991-1994 թվականների ընթացքում Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ`խախտելով միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաները, օրինակ` կասետային ռումբերի և օրական 400 «Գրադ» հրթիռների գործադրմամբ Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության վրա: Ես այնտեղ էի և կարող եմ վկայել մարդու իրավունքների այս խախտման ճշմարտացիության մասին: Ես նաև ականատես եղա Մարաղայում ադրբեջանցիների կողմից կոտորածի անմիջական հետևանքին և տեսա գլխատված քաղաքացիական մարմիններ, տներ, որոնք դեռ ծխում էին ռազմական հարձակումից հետո:

Հետագայում ապացույցները զետեղվեցին «Էթնիկական զտումներն՝ ընթացքի մեջ. պատերազմ Լեռնային Ղարաբաղում» (Քերոլայն Քոքս և Ջոն Էյբներ, 1993) հոդվածում:

Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք իրենց անկախության գործընթացում ներգրավված են համարժեք իրավական հիմքերով, ինչպես 1991 թ.-ին՝ Ադրբեջանը, ունեն բավարար ապացույցներ ինքնորոշման նույն իրավունքը պահանջելու համար, որն արդարացված է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պատճառով, ինչպես Թիմոր Լեստեն, Էրիթրեան և Կոսովոն, որոնք արժանացել են ինքնորոշման`համանման էթնիկ զտումների ենթարկվելու համար:

2. Շուշի

Թեև Շուշին տասնամյակներ շարունակ օկուպացվել է Ադրբեջանի կողմից՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս, այն ի սկզբանե եղել է Կովկասի հայկական մշակույթի ճանաչված կենտրոն, որը զիջել է միայն Թբիլիսիին: Մինչ 1920-ի մարտն այստեղ կոտորվեցին հազարավոր հայեր: Այն ժամանակ արքեպիսկոպոսը գլխատվեց, և նրա գլուխը ցուցադրեցին ձողի վրա:

3. Նախիջեւան

Հանրաքվեի կասկածելի գործընթացից հետո և Աթաթուրքի Թուրքիայի հետ գործարքի արդյունքում Նախիջևանը դարձավ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, որի հետ այն ցամաքային կապ չուներ և ամբողջովին սահմանակից էր Հայաստանին:

Ադրբեջանն իրականացրել է Նախիջևանում պատմականորեն բնակվող հայերի էթնիկական զտումներ: Ազնաբերդ անունը կրող վերջին հայկական գյուղը տարհանվել է ադրբեջանական ճնշման ներքո 1988-ի դեկտեմբերին: Մոտակայքում շարունակվում էին հայերի դեմ հարձակումները, և ես ներկա էի, երբ ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին գյուղերը և ստիպում խաղաղ բնակիչներին՝ փախչել՝ փրկելու համար իրենց կյանքը: Տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերի արդյունքում Ադրբեջանը հետագայում ոչնչացրեց բազմաթիվ հայկական պատմական վայրեր ու մշակութային նմուշներ, այդ թվում՝ տասնյակհազարավոր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված հին քարե փորագրություններ, որոնք փորձագետները բնութագրում են որպես 21-րդ դարի «մշակութային զտման ամենածավալուն արշավ»:

Կարծում եմ՝ հայերը Նախիջևանը վերադարձնելու իրավունք ունեն: Կամ, թերեւս, Ադրբեջանը կառաջարկի պատվավոր այլընտրա՞նք՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հայկական հող ճանաչվելու իրավունք, իսկ հայերը գուցե զիջե՞ն Ադրբեջանի կողմից Նախիջևանի օկուպացիան:

4. Լարվածության սրում

Ադրբեջանը խախտեց եվրոպական կարևորագույն կոնվենցիան՝ ներելով, պարգևատրելով և փառաբանելով 2004-ին Հունգարիայում քնած հայ գործընկերոջը կացնահարած՝ ադրբեջանական բանակի սպային: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած վճռի համաձայն՝ Բաքվի գործողությունները «էթնիկ կողմնակալության շատ լուրջ հանցագործություն են»:

2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակահատվածում ադրբեջանական ուժերը նախահարձակ եղան Լեռնային Զարաբաղում հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների վրա, ինչը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:

Այս տարվա հուլիսին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ տեղակայեց խաղաղ բնակչությանը շատ մոտ՝ Տավուշում՝ հյուսիսարևելյան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղից շատ հյուսիս: Հաղորդվում էր, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել բժշկական դիմակների արտադրության գործարանի ուղղությամբ, որը էական դեր ունի երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում: Հաղորդվում էր նաև Տավուշի Այգեպար գյուղի մանկապարտեզի դեմ հարձակման մասին:

Հուլիսին Բաքվում տեղի ունեցան պատերազմամետ ցույցեր, որոնց ընթացքում հազարավոր ցուցարարներ պահանջեցին, որ Ադրբեջանի կառավարությունը ամբողջությամբ սահմանին տեղակայի բանակը՝ վանկարկելով «Մահ հայերին», իսկ ոմանք նույնիսկ մտան ազգային խորհրդարան:

Հայերի նկատմամբ ատելություն սերմանող`Ադրբեջանում հաստատված քաղաքականությունը, այդ թվում` դպրոցներում ատելության ուսուցումը և Հայաստանը «համար մեկ թշնամի» հռչակելը, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ-ի վերջին վրդովեցուցիչ հայտարարությունները շարունակում են մնալ լուրջ անհանգստություն: «Չմոռանանք, որ մեր բանակի գերժամանակակից հրթիռները կարող են ճշգրիտ հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին». նման թշնամական քաղաքականության հիմքում ընկած է այն տարածված մտահոգությունը, որ Ադրբեջանը հավատարիմ է պատերազմին և դաժանությանը, այլ ոչ թե անդրսահմանային երկխոսությունը խթանելուն և իրոք արդարացի կարգավորման նախորդ ագրեսիայից հետո:

Կարծում եմ, որ բոլոր կողմերի համար անհապաղ անհրաժեշտ է պահպանել բարոյական արդարության հիմնական սկզբունքները, և ես կցանկանայի հանդիպել՝ քննարկելու համար այս ողբերգական իրավիճակը:

Անկեղծորեն Ձեր՝

Քերոլայն Քոքս»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քոքսը շնորհավորել էր Արցախի անկախության առթիվ, նշելով՝ «Լրացնելով Հայաստանի ոգին՝ դուք ավերի մոխիրներից գեղեցկություն եք ստեղծում»:

No description available.

No description available.

No description available.

Թարգմանությունը՝ Yerkir.am

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica