close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արզականի` 5-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես մատուռը

Մշակույթ

31 Օգոստոսի 2020, 12:05
 Արզականի` 5-րդ դարով թվագրվող  Սուրբ Հովհաննես մատուռը

Արզական գյուղը գտնվում է  Հայաստանի Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Արզական գյուղն ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ.՝ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց դրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են ՄակուիցԽոյիցԲայազետից, մասամբ նաև Մուշից։

Միջնադարում Արզականը շարունակել է մնալ  Հայաստանի զարգացած բնակավայրերից մեկը, որտեղ տարբեր ժամանակներում կառուցվել են մի քանի՝ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող եկեղեցիներ:

Դրանցից  մեկն էլ  ժամանակի ընթացքում խոնարհված Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որի ավերակների տարածքում այժմ գտնվում է համանուն մատուռը: Ի դեպ, տեղացիների պնդմամբ, Սուրբ Հովհաննեսը  ներկայումս համարվում է  Ղալթաղչիի նշանավոր Սուրբ Հովհաննեսի քույր մատուռը:  Հատկանշական է, որ հին եկեղեցու ավերակները վերևից  դիտելիս այն խաչ  է հիշեցնում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցին թվագրվում է 5-րդ դարով, իսկ նրա հիմքերը գտնվում են առավել քան 16 մետր խորության վրա: Այն համարվում է գյուղի ամենահին քրիստոնեական հուշարձանը:

Բարեբախտաբար, եկեղեցու պատերը պահպանվել են 2-2,5 մետր  բարձրությամբ:

Մատուռում պահպանվել է հին եկեղեցու մի մասունք՝ եկեղեցիների տանիքը պահող սյուներից մեկի հիմքը, թեև այժմ այն լրիվ այլ նպատակով է օգտագործվում:

Ի դեպ, այս մատուռը,  տեղացիների պնդմամբ, հրաշագործ զորություն ունի և մշտապես հիշվում է մի դեպք. 19-րդ դարի կեսերից  այն պատկանել է գյուղում հայտնի Մովսիսյան ընտանիքին, որը գյուղում առավել հայտնի էր Տերտերանց գերդաստան անվանումով, քանի որ նրանք ժառանգաբար  եղել են գյուղի հոգևորականները: Մի քանի տասնամյակ առաջ ընտանիքի նորածին երեխաներից մեկը շատ ծանր հիվանդացել է, ոչ մի հիվանդանոցում, անգամ՝ երկրի լավագույն բժիշկները չեն կարողացել բուժել երեխային:  Գերդաստանի ավագները, այլ ելք չտեսնելով, մի օր մորից թաքուն վերցնում են երեխային, բերում մատուռ, դնելով հատակին, հավաքում են մատուռի հողը և շաղ տալիս երեխայի մարմնին, որից հետո երեխան լիարժեք առողջանում է, իսկ մատուռի համբավը տարածվում է նաև շրջակա գրեթե բոլոր բնակավայրերում: Հիվանդ երեխաների բժշկելու նպատակով մատուռ միշտ էլ ուխտավորներ գալիս են,  և մեծ մասամբ նրանց ուխտը արդյունք է տալիս:

Ստորև լուսանկարներ, որոնք ներկայացնում են մատուռը ներսից:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Օգտագործված աղբյուր՝

https://hy.wikipedia.org/wiki/Արզական

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica