close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանկ Օտոմանի գրավումը և «զուգակցված հարվածների» մարտավարությունը Հայկական հարցի և ազատագրական պայքարի համատեքստում

Սփյուռքի ձայնը

14 Օգոստոսի 2020, 12:11
 Բանկ Օտոմանի գրավումը և «զուգակցված հարվածների» մարտավարությունը Հայկական հարցի և ազատագրական պայքարի համատեքստում

1896 թ. օգոստոսի 14-ին 26 զինված հայեր 23-ամյա Բաբկեն Սյունու (Պետրոս Փարյան) գլխավորությամբ գրավում են Կ. Պոլսում գտնվող Օտոման բանկը։ Գործողության նպատակը Հայկական հարցի վրա մեծ պետությունների ուշադրությունը հրավիրելն էր: Մինչ բուն գործողությանն անցնելը՝ մի փոքր Հայկական հարցի մասին:

Հայկական հարցը, ինչպես գիտենք, միջազգային դիվանագիտական օրակարգ մտավ 1878 թ. մարտին. Սան Ստեֆանոյի և նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին Բեռլինի վեհաժողովների արդյունքում. հայերին էին վերաբերում Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածները: Այս փաստաթղթերում, իհարկե, Հայկական հարցը ձևակերպվում է միայն Օսմանյան կայսրության հայկական նահանգներում (Արևմտյան Հայաստանում) բարենորոգումներ իրականացնելու համատեքստում, սակայն Հայկական հարցը զուտ բարենորոգումների խնդիր չէր, գոնե հայության մի ստվար հատվածի համար այն «….հայ ժողովրդի ազատագրության, իր պատմական Հայրենիքում անկախ ազգային պետականության վերականգնման խնդիրն է» : Գերխնդիր ունենալով իր պատմական հայրենիքում անկախ հայկական պետականության վերակերտումը՝ «հայ ժողովուրդը պատմության անբարենպաստ փուլերում հարկադրված է եղել վարել բարեփոխումների իրականացման, ջարդերի ու ավերագործությունների դեմն առնելու մարտավարություն» :

Միջազգային դիվանագիտական օրակարգ մտած Հայկական հարցը մեծ պետությունների ձեռքին յուրահատուկ գործիք դարձավ Թուրքիային ճնշելու և իրենց ձեռնտու զիջումներ կորզելու համար, իսկ Թուրքիան, ի պատասխան դրա, Հայկական հարցը «լուծում» էր ջարդերով և ազգային ու կրոնական հալածանքները խորացնելով: Անխնա ջարդի ու հալածանքի ենթարկվող արևմտահայության իրավունքների պաշտպանության համար էր, որ ասպարեզ իջան հայ քաղաքական կուսակցությունները, որոնք ընտրեցին նոր մարտավարություն՝ արևմտահայության ֆիզիկական պաշտպանության և Հայկական հարցի լուծմանը հասնելու համար դիմել զինյալ պայքարի օգնությանը, քանի որ քաղաքական պայքարն արդյունք չէր տալիս:

Եվ ահա 19-րդ դարի 90-ական թվականներին սկսվում է Հայկական հարցի լուծման՝ ազգային-ազատագրական պայքարի զինյալ փուլը: 1894 թ. Սասունի ապստամբության պարտությունն ու դրա հետևանքով սկսված խաղաղ բնակչության ջարդը քաղաքակիրթ հասարակության ուշադրությունը սևեռեցին Արևմտյան Հայաստանում հայ (քրիստոնյա) բնակչության դեմ ծավալված հալածանքների վրա, և եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ 1895 թ. մայիսի 11-ին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները սուլթանին ներկայացրին Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի համաձայն իրենց կազմած բարենորոգումների ծրագիրը: Նախագիծը հիմնականում նախատեսում էր հայաբնակ վեց նահանգներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանություն քուրդ ցեղապետների կամայականություններից:

Բանկ Օտոմանի շենքը

Ըստ նախագծի՝ նահանգների վալիներ (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից՝ առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Բոլոր պաշտոնները, այդ թվում՝ ոստիկանական, պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը պետք է քրիստոնյա լիներ և հակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդ, սանջակի, կոզայի և նահիեի խորհուրդներ), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) անդամների կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օրինակ՝ Հաճնը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրումը վերահսկելու էր սուլթանի կողմից ընտրված և տերությունների հավանությանն արժանացած բարձր կոմիսարը: Սակայն անգամ այս խիստ չափավոր ծրագիրն առաջ բերեց օսմանյան կառավարության դժգոհությունը: Շուտով «Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտեմբերի 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդ 2-րդը հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ» :

1895-1896 թթ. համիդյան ջարդերը հայ հեղափոխականներին դրդեցին դիմելու առավել արմատական քայլերի։ Նրանք, սակայն, համոզվել էին, որ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով արձագանք չեն գտնում միջազգային հանրության շրջանակներում, ուստի հայ հեղափոխականների ուշադրության կենտրոնում է հայտնվում կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիսը:

Այդ օրերին ազգային-ազատագրական պայքարը ղեկավարող Դաշնակցությունը որդեգրեց «զուգակցված հարվածների» մարտավարությունը, որին բնորոշ էր «Երկրում, Կ. Պոլսում ու կայսրության ծովեզրյա խոշոր քաղաքներում միաժամանակյա կամ ժամանակի առումով մեկը մյուսին անմիջապես հաջորդող երկու և ավելի զուգակցված ու մասշտաբային հարվածներ հասցնելու գործելաոճը» :

Բանկ Օտոմանի գործողության մասնակիցները

Եվ ահա ՀՅԴ Կ. Պոլսի կենտրոնական կոմիտեն մշակում է չափազանց համարձակ և նախադեպը չունեցող մի ծրագիր՝ գրավել օսմանյան դրամատունը՝ բանկ Օտոմանը։ Դրան զուգահեռ «Նախատեսվում էր հայ մարտիկների ռմբային հարձակում Սամաթիայի զորանոցի վրա. Ղալաթիայի կամրջի վրա վարչապետի կառքի ոչնչացում և ռմբային հարվածներ դեպի դրամատուն շարժվող զորքերին» :

Հայ հեղափոխականներն այս գործողություններով հետապնդում էին երկու նպատակ՝ նախ՝ վրեժ լուծել հայ ժողովրդի 1895-1896 թթ. ջարդերի համար, երկրորդ՝ դնել քաղաքական պահանջներ՝ ապահովելով Հայկական հարցին մեծ պետությունների միջամտությունը՝ հասնելու մայիսյան բարենորոգումների իրականացմանը: Գործողությունը լի էր վտանգներով, բայց «Գաղափարը գինովցուցիչ էր իր ահարկու մեծութեան մէջ և շուտ նուաճեց կազմակերպութեան վերին խավերն ալ» :

1896 թ. օգոստոսի 14-ին 26 (այլ տվյալներով՝ 31) դաշնակցական մարտիկներ Բաբկեն Սյունու գլխավորությամբ գրավեցին դրամատունը և պատանդ վերցրին ավելի քան 150 մարդու: Դրամատան գրավման ընթացքում Բաբկեն Սյունին զոհվեց, և գործողությունների հետագա ղեկավարումն ստանձնեցին Արմեն Գարոն և Հայկ Թիրաքյանը: Կ. Պոլսում հավատարմագրված դեսպաններին ուղղված շրջաբերականում հեղափոխականները շեշտում էին. «Դիվանագիտական խաղերու ժամանակն ա՛լ անցած է: Մեր հարիւր-հազար նահատակներուն թափած արիւնը մեզի իրաւունք կուտայ ազատութիւն պահանջելու» : Միաժամանակ հեղափոխականները դնում են իրենց պահանջները՝

«1. Ապահովել միջազգային միջամտութեամբ ամբողջ երկրի խաղաղութիւնը,
2. Ընդունել բոլոր պահանջները, որ դրել է Հ Յ Դաշնակցութեան Պոլսոյ կենտրոնական կոմիտէն,
3. Մեր դէմ ուժ չդնել,
4. Կեանքի կատարեալ ապահովութիւն թէ բանկին մէջ գտնվողներուն, թէ քաղաքի այլ մասում խառնակութեանց մէջ մասնակցողներին» :

Բանկի գրավման լուրն առնելուն պես սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրամայում է գնդակոծել հեղափոխականներին, սակայն նրան այդ քայլից ետ է պահոմ Կ. Պոլսում ռուսական դեսպանության թարգման Ն. Մաքսիմովը, որը հանձն է առնում դրամատունը գրաված հեղափոխականների հետ բանակցելու գործը: Կ. Պոլսում հավատարմագրված եվրոպական դեսպանների անունից Մաքսիմովը սկսում է բանակցությունները հեղափոխականների հետ, որոնք, սակայն, տրամադրված էին պայթեցնելու դրամատունը։ Մաքսիմովը ջանում էր ամեն կերպ հակառակը համոզել. «Դրամատունը չթողնելու և այն պայթեցնելու դեպքում, նա հայ հեղափոխականներին սպառնում է նույն գիշերն իսկ Կ. Պոլսում սկսվելիք հայկական ջարդերով և Հայկական հարցի հանդեպ Եվրոպայի մինչ այդ ունեցած բարյացակամ վերաբերմունքի փոփոխությամբ» :

Հայկական ջարդերը, ինչպես գիտենք, հայ հեղափոխականների թույլ կողմերից էին: Հավատ ընծայելով բարենորոգումների հարցով զբաղվելու և Կ. Պոլսում ջարդերը կանխելու Մաքսիմովի խոստումներին՝ հայ հեղափոխականները 13 ժամ դրամատունը գրավված պահելուց հետո թողնում են այն. «Հաջորդ օրը նրանց այցելած ռուս, անգլիացի և հատկապես ֆրանսիացի դիվանագետներն արդեն միանգամայն այլ լեզվով էին խոսում՝ մոռանալով նախորդ օրերին իրենց անունից Մաքսիմովի տված խոստումների մասին» : Նույն օրը դրամատունը թողած հեղափոխականները ֆրանսիական «Ժիրոնդ» շոգենավով հեռանում են Կ. Պոլսից: 18-ժամյա հերոսական պայքարից հետո դադարում են նաև Սամաթիայի ռմբային կռիվները և բախումները Կ. Պոլսի առանձին վայրերում: Ի վերջո ինչո՞ւ դրամատունը գրաված հեղափոխականները զիջեցին իրենց դիրքերը։ Իրարամերժ տեսակետները բազմաթիվ են, սակայն առավել ճշմարտամոտ է թվում Արմեն Գարոյի խոստովանությունը, որ «….դրամատունը գրավողները չեն ունեցել բավարար քանակությամբ ուժանակ իրենց սպառնալիքն իրագործելու համար» :

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Ասել, որ օսմանյան դրամատան գրավումը ազդեցություն չունեցավ Հայակական հարցի վերաբերյալ մեծ տերությունների հետագա վերաբերմունքի վրա, սխալ կլինի: Շատերը կատարվածը միայն սպասվելիք իրադարձությունների նախակարապետն էին համարում, իսկ մեծ տերությունները անհանգստությամբ սպասում էին, որ իրականություն կդառնան Պոլսում եվրոպական պետությունների դեսպանատները պայթեցնելու մասին տարածվող լուրերը: Գործողության արդյունքն էր, որ մեծ տերությունները կոշտացրին իրենց դիրքորոշումը Աբդուլ Համիդի քաղաքականության վերաբերյալ: Եվ չնայած դրամատունը գրաված հեղափոխականների հեռանալուց հետո Մաքսիմովը չպահեց իր խոստումը և չկանխեց մինչև դրամատան գրավումը օսմանյան կառավարության կողմից ծրագրված հայկական ջարդերը, բայց դրամատան գրավումից հետո դրանք, ըստ էության, վերջինն էին մինչև 1909 թ. ապրիլի 2-ի Ադանայի ջարդերը, չնայած որ նոր ջարդերի համար քիչ չէին առիթները: Օսմանյան դրամատան գրավմանը հաջորդած ամիսներին մեծ տերությունների ձեռնարկած քայլերը կաշկանդեցին Աբդուլ Համիդին իր հետագա գործողություններում:

Շուտով Կրետեում պայթում է հույն-թուրքական պատերազմը, որը երկրորդ պլան է մղում Հայկական հարցը: Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ բանկ Օտոմանի գրավումը մեծ հարված էր նաև Օսմանյան կայսրության միջազգային «հեղինակությանը», քանզի դժվար է պատկերացնել, որ եվրոպական պետությունները ներդրումներ կանեին մի երկրում, որտեղ դրամատունն ապահով չէր, ավելին՝ գրավման մշտական վտանգի տակ էր: «Հերոսական այս գործողութիւնն ի լուր աշխարհի ազդարարեց հայ յեղափոխական շարժման հասունացման եւ կայացման մասին՝ դառնալով հետագայում կազմակերպւած ոչ պակաս յանդուգն ու նւիրական գործողութիւնների սկզբնաքայլը, որոնք կոչւած էին հայ մարդուն հանելու դարաւոր թմբիրից՝ նրան վերադարձնելով ինքնավստահութիւնը, ազգային արժանապատւութիւնն ու յանուն ազատութեան խիզախելու ունակութիւնը» : Դեռևս երիտասարդ և անփորձ հայ քաղաքական միտքը ծանր, բայց շատ անհրաժեշտ դասեր ստացավ բանկ Օտոմանի գրավման հանգուցալուծումից: Այնուամենայնիվ չենք կարող չարձանագրել, որ «իր գլխավոր նպատակին՝ միջազգային միջամտության ապահովմանը չհասնելով հանդերձ, oսմանյան դրամատան գրավման ձեռնարկը լուրջ կռվան դարձավ հայոց ազատամարտի համար: Օսմանյան իշխանությունները որևէ երաշխիք չունեին, որ նման, գուցե և ավելի մասշտաբային ձեռնարկներ հետագայում էլ չեն ցնցի կայսրության մայրաքաղաքը, ունենալով անկանխատեսելի, ինչու չէ, նաև աղետալի հետևանքներ» :

Ինչպես ասացինք, բանկ Օտոմանի գրավման գլխավոր նպատակը մեծ տերությունների ուշադրությունը 1895 թ. Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման վրա հրավիրելն էր, որը թեև այդ օրերին չիրականացավ, բայց այդ ծրագրին մեծ տերություններն անդրադարձան բալկանյան պատերազմների ընթացքում: 1895 թ. մայիսյան ծրագրի հիման վրա Օ. Մանդելշտամի կողմից կազմված բարենորոգումների նախագիծը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում 1913 թ. հուլիսի 3-ից մինչև 24-ը։ Ռուսական կողմի այս ծրագրին հավանություն տվեցին թե՛ Անգլիան և թե՛ Ֆրանսիան, մինչդեռ «Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին (միասնական Հայկական նահանգի ստեղծում, ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժամանակ հավասարության սկզբունքի կիրառում և այլն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրքական ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից: Այսպիսով՝ բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ:

Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով Արմ. Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (Էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ: Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուսական ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից Արևմտյան Հայաստանի հետագա ազատագրման համար: Պետությունների հանձնարարած երկու ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը» : Թեկուզ խմբագրված տարբերակով, բայց բարենորոգումների իրականացման հույս էր նշմարվում, սակայն շուտով պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, որն էլ օրակարգից հանեց հայկական բարենորոգումների հարցը, իսկ Հայկական հարցը Հայոց ցեղասպանությունից հետո վերափոխվեց Հայ դատի:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Գրականություն

1. Խուրշուդյան Լ., Հայկական հարցը. բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը, Եր., 1995։
2. Գրիգորյան Հ., Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Եր., 2002։
3. Վարանդեան Մ., Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Եր., 1992։

Մամուլ

1. «Դրօշակ», 15 սեպտեմբերի 1986 թ., թիվ 21։

Համացանցային նյութեր

1. http://www.armin.am/
2. https://alikonline.ir

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.

Անի Մելքոնյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica