close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրթությունը ՀՀ հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն

Քաղաքական

13 Օգոստոսի 2020, 18:43
 Կրթությունը ՀՀ հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն

Հայոց պետության,  հայ  ազգի անվտանգության ապահովման ու հզորացման գործում կարևոր  է պետական մտածելակերպ ունեցող,  արտաքին մարտահրավերներին  դիմակայող Հայ մարդու ձևավորումը: Այս նպատակին ընդառաջ հստակեցվում է պետության կողմից տարվող կրթական  քաղաքականությունը, ընդունվում է կրթության զարգացման ռազմավարությունը: Կրթության զարգացման ռազմավարությամբ է որոշվում, թե պետությունը ի՞նչ նպատակներ է հետապնդում ապագա սերնդին դաստիարակելու, գաղափարական ի՞նչ հենքով, ի՞նչ աշխարհայացքով քաղաքացիներ է կրթելու:

Ներկայումս, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի փոփոխությունների նախագիծ,  որը հասարակության լայն շրջանակներում դժգոհությունների և մտահոգությունների առիթ  է տվել հատկապես այն պատճառով, որ  այս փոփոխությունների վերաբերյալ նախապես մասնագիտական և հանրային լայն քննարկումներ չեն կազմակերպվել: Նախապես նշենք, որ Հանրակրթական պետական չափորոշիչները  ձևավորվում են կրթության ռազմավարության հիման վրա և հիմք են հանդիսանում առարկայական չափորոշիչների մշակման համար: Առարկայական չափորոշիչների  հիման վրա  են մշակվում  ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են հանդիսանում դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի համար:

Փաստենք, որ ներկայացված   փոփոխությունների  փաթեթում  ներառված  չեն Հայ Եկեղեցու պատմություն, Ռազմագիտություն (հիմնական դպրոց) առարկաները: Ինչպես նաև հանվել է Հայոց պատմության դասավանդումը 6-րդ դասարանում: Թեև կառավարության հավաստիացումներին, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառվել է «Հայոց պատմություն» առարկայի մեջ, բայց դատելով առարկայական չափորոշիչներից և «Հայոց պատմության» համար նախատեսված դասաժամերից, «Հայոց եկեղեցու պատմություն»  առարկայի գոնե կեսը չի ընդգրկվել «Հայոց պատմության» դասագրքերում: «Հայոց պատմության», «Համաշխարհային պատմության» դասագրքերը (ըստ մասնագետների)   բովանդակային և ժամանակագրական առումով խեղաթյուրված են, կատարվել են պատմական իրողությունների ամբողջական բացթողումներ:

Հարց է առաջանում. առարկայական նոր չափորոշիչներով ուսումնառության արդյունքում ինչպիսի՞ անձ, ինչպիսի՞ քաղաքացի կձևավորվի, եթե դպրոցական դասագրքերի բովանդակությունից  հանվում են  հայրենասիրություն,  ազգային ազատագրական պայքար, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ և այլ հասկացություններ:  

Վտանգ ներկայացնող մի փոփոխություն ևս. Հայոց պատմության ուսումնական ծրագրից հանվել է «Հայկական կամավորական շարժումները» թեման, որոնք հայ ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմում: Հիշեցման կարգով ասեմ, ազգային ազատագրական շարժման արդյունքում է ձևավորվել  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (պաշտոնապես 1890 թ․), առանց որի դժվար էր պատկերացնել Հայաստանի առաջին  Հանրապետության գոյությունը: Կարծում ենք, որ այս ամենը թշնամու կերպարը  չեզոքացնելու, այն դրական հետնապատկերի վրա ներկայացնելու  միտում ունի. «Եթե չկա  ազգային ինքնության համար պայքար, հետևաբար՝ չկա թշնամի, չկա կոնֆլիկտ»: Հետևաբար, այս չափորոշիչներով ուսումնառության արդյունքում  ունենալու  ենք  ազգային նկարագրից, քրիստոնեական արժեքներից, հավատքից զուրկ անձ-քաղաքացի և  բարոյահոգեբանական ու հայրենասիրական դաստիարակության խղճուկ վիճակ: Հետևաբար, ներկայումս ծրագրված կրթական քաղաքականությունն սպառնալիք է Հայոց պետականությանը, հիմնարար արժեքներին:

Եթե «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակը  հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելն է, ապա  հարց է առաջանում. նույն առարկան չուսումնասիրած  երիտասարդն  ինչպե՞ս է  համալրելու  ՀՀ Զինված ուժերի շարքերը: Սա Հայստանի Հարապետության  ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Կարծում եմ, այս հարցին պետք է լրջորեն  արձագանքեն ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունները: Չէ՞ որ Զինված ուժերի նախապատրաստումը ներառում է անձնակազմի բարոյահոգեբանական կայուն պատրաստություն, ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպում: Վերջապես՝ ո՞վ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները. ազգային նկարագրից զուրկ, թշնամուն ներող, համակեցություն առաջարկող դասալի՞քը։ Գուցե հետագայում  էլ  զինվորական պարտադիր ծառայությունն աննպատակ համարվի և դուրս մղվի հայ իրականությունից:

Մեկընդմիշտ հիշենք. Հայոց Բանակն է մեր սահմանների անձեռնմխելիության երաշխավորը. հայ զինվորի  ազգային մտածելակերպի, քրիստոնեկական  հավատքի, Հայրենիք-Հայրենասիրություն գաղափարաբանության  հենքը  մշակվում է հայ ավանդական ընտանիքում և շարունակվելու է  հանրակրթության բոլոր մակարդակներում: 

Արփի Աբրահամյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica