close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սպանեցիք ձեր Սերժով էլ, Սերժի ժամանակով էլ, վերջին հաշվով՝ ձեր իշխանությունը Սերժի ժամանակվա ծնունդ է». Ա. Մովսիսյան

Քաղաքական

11 Օգոստոսի 2020, 21:45
 «Սպանեցիք ձեր Սերժով էլ, Սերժի ժամանակով էլ, վերջին հաշվով՝ ձեր իշխանությունը Սերժի ժամանակվա ծնունդ է». Ա. Մովսիսյան

ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ իրեն ուղղված քննադատությունների հետ կապված մի շարք հարցեր էլ վերահասցեագրել էր ընդդիմախոսներին եւ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանին:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով իշխանական պատգամավորի պնդումները՝ պարոն Մովսիսյանը նշեց. «Ամոթ է, որ մարդն արել է մի բան եւ փոխանակ արածի համար պատասխան տա, սկսում է մանկական ոճով՝ բա դուք ինչու եք սա արել, բա դուք ինչի էսպես չեք արել… Ժամանակին մենք մեր դժգոհությունն իշխանություններին հայտնել էինք՝ կապված «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, նույնիսկ վիդեոկադրերով Աշոտ Մելքոնյանի պաշտոնական ելույթը կա, որն ուղղված էր ամբողջությամբ հայ-թուրքական հաշտեցմանը, ֆուտբոլային դիվանագիտությանը:

Բազմիցս տարբեր ամբիոններից արտահայտվել ենք, այնպես որ դա իր (Սոս Ավետիսյանի-Գ.Հ.) համար արդարացում չէ:

Երկրորդը, Սերժ Սարգսյանի 800, թե 400 հեկտարը վերջին շրջանի խոսակցություն է: Մեր գրքում իրենք մեզ՝ հայ հեղինակներիս, մեղադրում են միլիտարիզմի մեջ, որ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց գրքում գրել ենք այդ մասին երկու էջանոց տեքստ: Խոսքը այն դասագրքի մասին է, որը 2016թ. սեպտեմբերի 1-ից դպրոցում է եղել: Այո, դա այդպես է: Մենք մեր հերոսներին պատշաճ ներկայացրել ենք` մեր հարգանքի տուրքը մատուցելով, իսկ ինքը թուրքերի հետ միասին՝ դրա համար մեզ մեղադրել է միլիտարիզմի մեջ: Ինքը թուրքերի մակարդակին է իջել, ինքն էլ, Մարիա Կարապետյանն էլ, Լիլիթ Մկրտչյանն էլ՝ բոլոր նրանք, որոնք այդ գրքի համահեղինակներն են»:

Սոս Ավետիսյանի այն դիտարկմանը, որ իրենք ընդամենը համահեղինակներ են, իսկ գիրքը միջազգային փաստաթուղթ չէ, պատմաբանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ ԱԺ պատգամավորն այնքան խակ է մնացել, որ չգիտի՝ եթե գրքի վրա գրվում է մարդու անունը որպես հեղինակ, ինքը ստորագրում է այդ գրքում եղած ամեն տառի տակ: Ի՞նչ է նշանակում՝ գիրքը միջազգային փաստաթուղթ չէ: Եթե դու հեղինակ ես, ուրեմն գրքի ամեն բառի համար պատասխանատու ես: Ես ինքս բազմաթիվ գրքեր ունեմ, եւ ցանկացած գրքի ցանկացած տողի ու բառի համար պատասխանատու եմ: Շատ վատ է, որ ԱԺ պատգամավորը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է նշանակում գրքի համահեղինակ լինել եւ պատասխանատվություն կրել գրվածի համար. փոխարենը էժան համեմատություններ է փորձում անել միջազգային պայմանագրերի հետ»:

Ինչ վերաբերվում է Սոս Ավետիսյանի այն արտահայտությանը, թե ինչու չէին ընդվզում Հանրայինով շաբաթներ շարունակ ցուցադրվող «Անատոլիական պատմություններ» ֆիլմի դեմ, այս մասին էլ Արտակ Մովսիսյանը տարակուսանքով ասաց. «Ես չգիտեմ՝ այդ երիտասարդը դպրոցում մասնակցե՞լ է աշխարհագրության դասերին, թե ոչ… «Անատոլիական պատմություններ» ֆիլմը նվիրված է Կիլիկիայի հայերին, Ադանայի շրջանի մասին է խոսքը… Անատոլիան Բյուզանդական ժամանակաշրջանի տերմին է, որ նշանակում է Արեւելք: Փոքր Ասիայի տարածքն ընդունված էր կոչել Արեւելք՝ Անատոլիա, որի մեջ մտնում էր Կիլիկիան, բայց ոչ Հայկական լեռնաշխարհը: Պատգամավորը նույնիսկ Կիլիկիան ու Հայկական լեռնաշխարհը չի տարբերում իրարից»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շապիկներից Արարատը հանելուն էլ անդրադարձ եղավ: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը հիշեցրեց. «Այդ ժամանակ ամբողջ երկիրը, ողջ ժողովուրդն ընդվզում էր, թքում-մրում, մենք էլ հետը: Ես հիշում եմ՝ աղմուկ բարձրացավ, որ ֆուտբոլի խաղի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել էին… Հետո սկսեցին վիճել՝ այդպես եղե՞լ է, թե՞ չի եղել: Այդ շրջանում հասարակական մեծ աղմուկ է եղել, եւ եթե ինքը չի հիշում, շատ վատ է»:

Սոս Ավետիսյանի այն մտքին էլ անդրադարձ եղավ, որ Անատոլիա եւ Կովկաս տերմիններն են օգտագործել իրենց գրքում, որովհետեւ կրկնաբանություն կստացվեր, եթե գրեին՝ «Հայկական լեռնաշխարհում նկարագրվում է Հայկական լեռնաշխարհը»:

«Ես այդ թուրք-հայկական խայտառակ ձեռնարկի մասին հատուկ 54 րոպեանոց նյութ եմ պատրաստել, որին կարող եք մանրամասն ծանոթանալ: Այդ ձեռնարկում բերվում է ցիտատ մեր գրքից՝ Հայկական լեռնաշխարհի մասին, եւ կողքին՝ իրենց մեկնաբանությունը, որտեղ իրենք Հայկական լեռնաշխարհի փոխարեն Անատոլիա եւ Կովկաս են օգտագործում: Եթե դու ցիտատ ես բերել «Հայկական լեռնաշխարհ» տերմինը, բարի եղիր եւ վերլուծիր հենց Հայկական լեռնաշխարհը, իսկ եթե դու դա փոխարինում ես Անատոլիայով եւ Կովկասով, ուրեմն քո ընկալման մեջ Հայկական լեռնաշխարհը Անատոլիա եւ Կովկաս է, իսկ դա թուրքական մերժողական կոնցեպտն է, որի տակ ստորագրել են նաև մեր հանճարեղ ԱԺ պատգամավորները:

Մի հավելում էլ անեմ: Այս գրքի հեղինակները, որոնցից մեկն էլ Սոս Ավետիսյանն է, մեջբերում են մեր գրքերի հարցը՝ «ինչպե՞ս է Հայաստանին տրվել Ուրարտու անունը», ապա մեկնաբանում՝ «Կարելի է կարծել, թե այդ ժամանակ կար Հայաստան, որին տրվեր Ուրարտու անունը»… Իսկ սա նշանակում է, որ այս հեղինակները չեն ընդունում Հայաստանի գոյությունը Ք.ա. 9-րդ դարում, այսինքն՝ հետևում են հայերի եկվորության կեղծ տեսությանը, որն այսօր թմբկահարում են միայն թուրք-ադրբեջանական և պրոթուրքական ուժերը…

Այս իշխանությունների մի շարք ներկայացուցիչների մոտ սովորություն է դարձել, իրենց ասում ես՝ այս ինչ բանը վատ է, ասում են՝ բա լավ է, որ Սերժի ժամանակ… Սպանեցիք դուք ձեր Սերժով էլ, Սերժի ժամանակով էլ, վերջին հաշվով ձեր իշխանությունը Սերժի ժամանակվա ծնունդ է… Մի մոռացեք, որ առանց Սերժ կամքի այն ժամանակ հնարավոր չէր, որ որեւէ մեկը պառլամենտ մտներ…»,-ասաց պարոն Մովսիսյանը:


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica