close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային գաղափարախոսությունն ատոմակայան չէ, որ երբ ուզեք՝ փակեք, երբ ուզեք՝ բացեք. Ս. Սահակյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանին

Հասարակություն

11 Օգոստոսի 2020, 23:50
 Ազգային գաղափարախոսությունն ատոմակայան չէ, որ երբ ուզեք՝ փակեք, երբ ուզեք՝ բացեք. Ս. Սահակյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանին

Yerkir.am-ը ներկայացնում է մեծանուն երգիչ Սահակ Սահակյանի «Ազգային զարթոնքի շեփորահարը» անտիպ գրքից երկու հատված, որոնք հեղինակը գրել է հեռավոր 1995 թվականին: Դա այն ժամանակն էր, երբ իշխանությունների կողմից կասեցված էր իր կուսակցությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

***

Հայոց Համազգային Շարժման առաջնորդ՝ ազգընտիր նախագահի ասույթներից. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»:

Ամենայն տեղ մահը մի է
       Մարդ մի անգամ պիտ մեռնի
    Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Մեծարգո նախագահ, այդ հայտարարությունն անելուց առաջ լավ կլիներ հանեիք այս տողերը «ձեր» հանրապետության օրհներգից, որովհետև դրանք պատկանում են Հայ Ազգային գաղափարախոսության հիմնադիրներից մեկի՝ Միքայել Նալբանդյանի գրչին:

1988-ին ի՜նչ վեհ զգացումներվ, ի՜նչ երկյուղածությամբ էինք գրում այս տողերը և հպարտությամբ փակցնում, այսօր արդեն Ազգային թատրոնի ճակատին: Եվ դուք, պարոն նախագահ, հիշու՞մ եք, ի՜նչ բոցաշունչ ճառեր էիք ասում ազգային միասնության, ազգային ոգու վերածննդի, ազգային զարթոնքի մասին: Ամեն մի հանրահավաք բացում էիք ազգային երգերով՝ Պատկանյան, Նալբանդյան…և փակում ազգային-հեղափոխական երգերով՝ «Արյունոտ դրոշ», «Ձայն տուր ով ֆետա», «Աղբյուր Սերոբ», «Գևորգ Չաուշ»…

Սերունդ էինք դաստիարակում՝ վաղը Արցախում կռվող սերունդը: Ազգային գաղափարախոսությունը ատոմակայան չէ, որ երբ ուզեք՝ փակեք, երբ ուզեք՝ բացեք: Այն ավելի խորն է մխրճված այս ազգի գենոֆոնդի մեջ և մեռնելու է նրա հետ միասին: Զարմանալի է, չէ՞, ձեզ շրջապատող տաղանդաշատ և տաղանդասպառ գրողներն ու մշակույթի գործիչները, պալատական երգիչներն ու նկարիչները լռելյայն անցնում են ձեր ամենահակասական հայտարարությունների կողքով: Նրանցից շատերը նույնիսկ գլուխ են գովում, որ իրենք Ղարաբաղյան Շարժմանը չեն էլ մասնակցել: Մի՞թե մեր հարգաժան Իշխանյանը, որ այդպես համառորեն մաքառում է ամեն մի հայ տառի ու բառի համար, ձեզ հայրաբար չստաստեց, թե՝ էդ ի՞նչ ես անում, ա՜յ Լևոն ջան, բա Ավարայրից մինչև սարդարապատ, Արամ Մանուկյան ու Գարգին Նժդեհ, և այլն, և այլն…

Այո՛, դուք ձեր հայտարությամբ անարգեցիք Ավարայրից մինչև Շուշի մեր հազարավոր նահատակների հիշատակը, դու՛ք անարգեցիք մեր աննման վրիժառուների հիշատակը Թեհլերյանից մինչև Լիզբոնի տղաները, որոնք ընկան ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ «կատեգորիա»-ները շուրթերին:

1995թ., Երևան

***

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ուղիղ յոթ տարի առաջ այս հարթակից երգեցի «Հառաջ, նահատակ» երգը: Դարասկզբին այն կամավորական խմբերի քայլերգն էր: Այդ, ինչպես նաև բազմաթիվ այլ երգերով՝ «Հիմի էլ լռենք», «Աղբյուր Սերոբ», «Անդրանիկ», «Գևորգ Չաուշ», սկիզբը դրվեց մեր նորօրյա ազգային-ազատագրական պայքարին և կամավորական շարժմանը:

1988-ի այն երանելի օրերին այս հարթակից, ծովածավալ բազմության առջև, ի՜նչ կարգախոսներ էին հնչում, բոլորն էլ ազգայինի պարտադիր շեշտերով՝ «Մահ իմացյալ՝ անմահություն է», «Ամենայն տեղ մահը մի է»…Ազգային զարթոնք, ազգային վերածնունդ, ազգային արժանապատվություն, ազգային ինքնագիտակցություն…և այս ֆոնի վրա՝ փակե՛լ ռուսական դպրոցները, հայ մանուկին միայն հայկական դպրոց, ջարդել, փշրել բոլշևիկների արձանները, անվանափոխել փողոցներն ու հրապարակները: Այսօր ես չգիտեմ՝ այդ անվանափոխությունները պատի՞վ բերեցին մայրաքաղաքի փողոցներին, թե անարգեցին Մաշտոցին ու Խորենացուն, Տիգրան Մեծին ու Գարեգին Նժդեհին:

 

1989 թ. Մատենադարանում

 

Ես չեմ ուզում ասել, թե գալով իշխանության՝ մեր նոր իշխանավորները շուտ մոռացան այս ամենը: Ո՛չ: Դա ինչ-որ տեղ այդպես էլ պետք է լիներ: Նրանց առջև ծառացան նոր, ավելի բարդ խնդիրներ և գերխնդիրներ: Ամենացավալին ու հուսախաբ անողը, սակայն, այն է, որ գալով իշխանության, նրանք ոչ թե մոռացան, այլ կատաղի գրոհ ձեռնարկեցին ազգային արժեքների, ազգային գաղափարախոսության և գաղափարախոսության առաջամարտիկի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ: Այդ գրոհի էտապներից մեկում նախագահը ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այդ դեպքում, ասեք, ինչու՞ Ֆրեզնոյում կամ Բեյրութում ծնված հայ երիտասարդը, որը չի տեսել հայրենիքը, գալիս է և նահատակվում Արցախում՝ իմացյալ մահով: Առանց ազգային գաղափարախոսության կեղծ է հենց հայրենիքի գաղափարը: Առանց այդ գաղափարախոսության մենք չենք կարող կերտել հայրենիք ոչ 29.000 քառակուսի կմ-ի վրա, ոչ էլ՝ 160.000-ի: Մեր կերտածը, լավագույն դեպքում, կլինի Բանգլադեշի տոնավաճառ՝ իր գոմային վայրենի առևտրով, փալաս-փուլուսների և մարդկանց խառնամբոխով՝  համեմաված արաբական և պարսկական ռաբիսախառն երաժշտությամբ:

Վերջին երեք-չորս տարիների ընթացքում, այդ ժխորի մեջ մեր ժողովրդի աչքի առաջ հառնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ իր զորավոր կազմակերպական կառույցներով, իր մամուլով, իր ուղեկից կազմակերպություններով: Չկարողանալով ուրանալ Դաշնակցության անցյալի մեր ժողովրդին մատուցած անգնահատելի ծառայությունները, շրջանառության մեջ դրվեց մի թեզ, որ իբր այսօրվա Դաշնակցությունը առաջվանը չէ, որ Դաշնակցությունը Հայաստանում չկայացավ և այլն: Համոզված եմ, որ եթե կայացած չլիներ, ՀՅԴ-ն չէր կասեցվի հայրենի իշխանությունների կողմից: Որպես բացասական երևույթ՝ մի բան էլ է շատ հոլովվում. Դաշնակցությունը լիդեր չունի: Լիդեր ունեն նորաստեղծ բոլոր քաղաքական կազմակերպությունները: Նրանցից շատերին ժողովուրդը ճանաչում է հենց լիդերներով: Ես չեմ հիշում, որ իր 105-ամյա պատմության ընթացքում Դաշնակցությունը երբևէ կոչվեր, ասենք, Քրիստափորի կուսակցություն, Վրացյանի կամ Մարուխյանի կուսակցություն: Դաշնակցությունը դրա կարիքը չունի: Ինքը տեղով եղել է և է հայ ժողովրդի լիդերը: 

Ավարտելով խոսքս, ուզում եմ հիշել 1988-ին ամենաշատը գործածվող կարգախոսը՝ «Պայքար, պայքար, մինչև վերջ»: Սա լուրջ կարգախոս չէ: Այստեղ բացակայում է նպատակը, ի՞նչ ասել է՝ վե՛րջ: Դաշնակցությունը ասում է՝ մեր ժողովրդի պայքարը վերջ չունի, այն հարատև է: Այո՛, այս ժողովուրդը աշխարհաքաղաքական այս միջավայրում նախախնամության կամոք  ուղղակի դատապարտված է հարատև պայքարի: Եվ այդ պայքարը իր վերջնական հանգրվանը կարող է ունենալ միայն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանում: Հայ քաղաքական մտքի հորիզոնում դեռ չի ծնվել ավելի խելոք և ընդհանրական բանաձև, քան այս է: Ինչ էլ որ գրելու լինեն իրենց ծրագրային դրույթներում նորաթուխ քաղաքական կուսակցությունները (ազատ-անկախ, ազատ-արդար, արդար-հավասար և այլն), այս բոլորը իրենց լուծումը կարող են գտնել միայն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանում:

Ուստի, ավարտելով խոսքս, ուզում եմ մեկ անգամ ևս հնչեցնել շատերի համար իր դարն ապրած, շատերի համար՝ ռոմանտիկ, շատերի համար անիրական, բայցևայնպես, ամենահայերեն, ամենալիարժեք և ամենաճշմարիտ կարգախոսը՝ «Կեցցե՝ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը»:

 

1995թ., Երևան

 

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica