close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգային շուկայում բենզինի ու դիզվառելիքի գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել, մինչդեռ մեզ մոտ 8-10 տոկոսով բարձրացել են

Տնտեսական

11 Օգոստոսի 2020, 12:43
 Միջազգային շուկայում բենզինի ու դիզվառելիքի գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել, մինչդեռ մեզ մոտ 8-10 տոկոսով բարձրացել են

Գազի գնի թանկացումն արդեն սպասելի էր և դրա հետևանքները միայն գազալցակայաններում ավտոմեքենաների, տրանսպորտային միջոցների լիցքավորման թանկացումը չէ։ Վերջին օրերին թանկացել են նաև բենզինը և դիզվառելիքը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դիզվառելիքի և բենզինի թանկացումը նախ պայմանավորված է միջազգային շուկայում փոփոխություններով։ Վերջին շրջանում դիզվառելիքի և բենզինի գներն էապես նվազել էին, իսկ հիմա պահանջարկը մեծացել է. «Մեր հանրային կյանքը որոշակի աշխուժացել է։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ամառ է, հանգստյան շրջան և բնական է՝ պահանջարկի որոշակի ավելացման է հանգեցրել։ Պահանջարկն ակնհայտորեն ավելացել է, և տնտեսվարողները, կարծեք թե, օգտվելով առիթից, թանկացրել են գները։ Սա նշանակում է, որ այս շուկայում շարունակում է մնալ մենաշնորհային վիճակը, որովհետև պահանջարկի փոքր ավելացումը միանգամից հանգեցրեց գների բարձրացման»,-ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ այստեղ ակնհայտորեն կա մրցակցային խնդիր, ինչը գալիս է մեր շուկայի փոքր լինելուց և այս ոլորտում շարունակվող մենաշնորհից. «Մենաշնորհ ներկրման և հատկապես մանրածախ վաճառքի մասով։ Հիմնականում մի քանի ընկերություններ են վաճառում և այստեղ պայմանավորվածության գալը շատ ավելի հեշտ է։ Հենց մի փոքր աշխուժացավ, պահանջարկը մեծացավ, ականատես եղանք գների միանգամից բարձրացման։ Մինչդեռ միջազգային շուկայում գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել։ Մեզ մոտ գինը գրեթե 8-10 տոկոսի չափով բարձրացավ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Վերջինս նկատեց՝ այնպես չէ, որ երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, Հայաստանում էլ պետք է միանգամից բարձրանան, քանի որ ամեն օր չէ, որ նավթամթերք է գնվում ու Հայաստան ներկրվում. «Գնվում է մոտ 2-3 ամսվա պայմանագրերով, մատակարարվում, որից հետո կրկին շուկայից գնվում է։ Երբ միջազգային շուկաներում գնանկում ենք ունենում, հարց է առաջանում՝ ինչու մեզ մոտ միանգամից չի նվազում համարժեք գինը։ Նույն փաստարկն է բերվում, որ ձեռք ենք բերել ավելի թանկ գնով և այդ խմբաքանակը պետք է իրացնենք, որ կարողանանք էժան գնով ձեռք բերենք ու էժան գնով վաճառենք»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այս օպերատիվ բարձրացումները հիմնականում գալիս են այն երևույթից, որ շուկան շարունակում է մնալ մենաշնորհային։

Ինչ վերաբերում է այս իրավիճակը զսպող մեխանիզմներին, ապա դրանք կան գործող օրենսդրությամբ։ Կա նաև համապատասխան մարմինը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը տնտեսագետի խոսքով կանխարգելելու և իրավիճակին համարժեք արագ արձագանք տալու փոխարեն միշտ ուշանում է. «Հանրությունը շատ ավելի արագ է արձագանքում։ Լինում են խնդիրներ, տարբեր քննարկումներ, իսկ հետո արդեն ուշացած արձագանքում են կամ չեն արձագանքում։ Այս մարմինը պետք է նաև կանխարգելիչ գործառույթ իրականացնի և այստեղ բավականաչափ գործիքակազմ կա, որպեսզի ամենօրյա մոնիթորինգով փորձեն ավելի արագ արձագանքել։ Եթե գազի գնի թանկացումն ունի որոշակի օբյեկտիվ հիմքեր, ապա դիզվառելիքի և բենզինի գների թանկացումը ոլորտի վրա կունենա ամբողջական հետևանքներ։ Բացի այդ շուտով նաև գյուղատնտեսական աշնանային աշխատանքներն են սկսվելու և դիզվառելիքն այս աշխատանքներում բավականաչափ կարևոր ծախսային կոմպոնենտ է։ Ազնիվ չէ նաև, երբ ակնհայտորեն հնչեցվում են տարբեր ցուցանիշներ, որ հաղթահարել ենք, մենաշնորհ չկա, բայց ակնհայտ տեսնում ենք, որ ժամերի ընթացքում մեր երկրում կարող է 8-10 տոկոսով դիզվառելիքի գին բարձրանա»,-ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ համաշխարհային շուկայում և տարբեր երկրներում սա օրինաչափ երևույթ չէ։

Տնտեսագետը չի բացառում, որ գազի ու դիզվառելիքի թանկացումն իր ազդեցությունը կունենա նաև տրանսպորտի վրա։ Թադևոս Ավետիսյանի կարծիքով մոտ ապագայում նաև այդ խնդրին ենք բախվելու. «Հիմա ինչու՞ չկա, որովհետև սահմանափակումները դեռևս գործում են և այնպես չէ, որ ամբողջությամբ ենք վերադարձել բնականոն կյանքի, բայց երբ վերադառնանք բնականոն կյանքի և այդ պահանջարկն ամբողջությամբ վերականգնվի, կարծում եմ՝ նաև կսկսվեն հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ քննարկումները։ Մարդկանց եկամուտները չեն աճում, հակառակը նվազում են, բայց նրանց առաջին անհրաժեշտության ծախսերը, այդ թվում տրանսպորտի սակագնի բարձրացման նախադրյալները կան»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Պետությունն այս դեպքում պետք է կարողանա օրենսդրությամբ առկա գործիքակազմն առաջանցիկ կիրառել։

Տնտեսագետի խոսքով ոչ թե պետք է փորձեն հետևանքներին արձագանքել, այն էլ քաղաքական որոշակի շեշտադրումներով, այլ իրենց գործն անեն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica