close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է կատարվում Ախալքալաքում և ի՞նչից է սկսվել այն

Քաղաքական

9 Օգոստոսի 2020, 13:23
 Ի՞նչ  է կատարվում Ախալքալաքում և ի՞նչից է սկսվել այն

Օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում սպանության և խմբակային բռնության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։ Հասարակական կարգը պահպանելու համար մոբիլիզացված է ոստիկանությունը. այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն՝ այսօր, ժամը 10:00-ին, Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքի շենքում տրված ճեպազրույցի ժամանակ:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին): Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է: Սպանությունից հետո վճիաբանությունը վերաճել է խմբակային բռնությունների, որի արդյունքում վնասվել է մասնավոր սեփականություն: Ինտենսիվ հետաքննություն է իրականացվում խմբակային բռնությունների կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ գտնելու այն մարդկանց, ովքեր իրագործել են բռնություն: Ինչպես տեսնում եք, իրավիճակը կայուն է: Հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար մոբիլիզացված են ոստիկանական ուժեր», – հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն՝ երիտասարդներից բաղկացած երկու խմբերի միջև, ինչի արդյունքում հրազենով սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանը (ծնված՝ 1993 թվականին):

Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Վարդիկ Մարաբյանի կողմնակիցներից բաղկացած երիտասարդների մոլեգնած խումբը ջարդուփշուր է արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տներ, որոնք պատկանել են սպանության մեջ կասկածվողի ընտանիքին և նրա ընկերներին: Հիշեցնենք՝ «ԱրտՍեգ» հյուրանոցը և որոշ այլ բիզնես հաստատություններ պատկանում են ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանին, իսկ սպանության մեջ կասկածվող և արդեն ձերբակալված նրա որդին համակարգել է Ջավախքի տարբեր քաղաքներում գործող խաղատների և այլ բիզնես հաստատությունների աշխատանքները։

Տեղեկությունների համաձայն՝ սպանված Վարդիկ Մարաբյանի համագյուղացիները շուրջ երկու տարի առաջ իջևանել են Սամվել Գաբրիելյանին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցում, ունեցել են հյուրանոցից որոշ դժգոհություններ, որտեղից  ծագած վեճը շարունակվել է երկու տարի՝ «հանգուցալուծվելով» վերջին արյունալի դեպքերով։

Օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատայինները:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի, III և IV մասերով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:

Ներքին գործերի նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, ովքեր օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել են հյուրանոցն ու 4 սեփական տները:

«Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքում հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերելու, կրելու, պահելու և խմբակային բռնության դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են այլ անձանց ունեցվածքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

Հանցագործության համար նախատեսված է 7-ից 15 տարվա ազատազրկում:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին) : Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է:

Մեղադրյալի անձնական խուզարկման ընթացքում իրավապահները առգրավել են այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը:

Դեպքից մի քանի ժամ անց՝ տաք հետքերով ձերբակալվել է Ա.Գ.-ն:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի, III և IV մասերի հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:

Հետաքննությունը շարունակվում է խմբակային բռնություն կազմակերպելու և դրանցում մասնակցելու փաստի առթիվ՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով»:

Բնականաբար, մի կաթիլ մեղրի տիպիկ օրինակով սկիզբ առած այս շղթայական բախումները, որտեղ առկա է վրեժխնդրության բաղադրիչը, դեռ երկար կշարունակվեն՝ ստվերելով Ջավախքում առկա և խորացող բազմաթիվ սոցիալ-տնտեսական և ազգային-քաղաքական խնդիրները։  

Հ.Գ. Հրապարակումը շարադրելիս՝ օգտագործել ենք  http://jnews.ge/  լրատվական գործակալության մեր գործընկերների հրապարակումները, լուսանկարներն ու տեսանյութերը  (խմբ.)։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica