close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային անվտանգությունից ելնելով՝ ժողովրդագրական խնդիրը պետք է լուծենք գերազանցապես հայրենադարձությամբ և ծնելիության բարձրացմամբ. պատմաբան

Քաղաքական

9 Օգոստոսի 2020, 00:13
  Ազգային անվտանգությունից ելնելով՝ ժողովրդագրական խնդիրը պետք է լուծենք գերազանցապես հայրենադարձությամբ և ծնելիության բարձրացմամբ. պատմաբան

Պատմաբան Արթուր Եղիազարյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, պարոն Սինանյանի արտահայտած անզգույշ կամ ոչ ճիշտ ձևակերպումից ելնելով՝ կխնդրեմ ոչ ոք չվիրավորի այն ազգերին, որոնց անունը նա հնչեցրեց։ Մենք ոչ մի խնդիր չունենք այդ ազգությունների հետ, ավելին, ներկայում նրանք բոլորն էլ բարեկամ ժողովուրդներ են, թե՛ բազմազան արաբական ու արաբախոս ժողովուրդները, թե ասորիները և թե եզդիները։

Կխնդրեմ պատմության անցյալից ելնելով էլ դատողություն չանել այդ ազգերի մասին։

Այո, 3-ից 2.5 հազար տարի առաջ Ասորեստանն է եղել մեր գլխավոր ախոյանը։ Բայց այդ ժամանակ այն կայսրություն էր՝ կայսերական հավակնություններով։ Բայց իր մայրամուտին նա բարեկամական հարաբերությունների մեջ էր Արարատյան թագավորության հետ։ Ասորեստանի կործանումով ասորիներն այլևս երբեք միասնական ու հզոր պետություն չունեցան, հետագայում էլ տարբեր դարերում Ասորեստանը կռվախնձոր դարձավ Ալեքսանդր Մակեդոնացու տերության և Աքեմենյան կայսրության, Պարթևստանի, Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական ու Բյուզանդական կայրությունների միջև։ 6-7-րդ դարերում գրավվելով արաբական խալիֆաթության կողմից՝ վերջնականապես ասորիների զգալի մասն իսլամ ընդունելով՝ ձուլվեցին արաբներին, իսկ քրիստոնյա մնացած մասն՝ իր հայրենիքում դարձավ փոքրամասնություն։ Հետագա դարերում, մինչև առ այսօր, ասօրիները կրեցին այն նույն ճակատագիրը, ինչ մենք՝ հայերս: Այսօր ասորիները դանդաղ անհետանում են Իրանի, Իրաքի և Սիրիայի տարածքում, մի մասը կորցնելով լեզուն՝ ձուլվելով այլ ազգերի մեջ, մի մասն էլ, վերջին շրջանում հակամարտությունների ժամանակ սպանվելով կամ բռնի ու հարկադրված տարագրվելով։

1914-1923 թթ.-ի ցեղասպանության ժամանակ, հայերի հետ նույն ճակատագիրը կիսելով՝ ՀՀ-ում վերաբնակվեցին նաև Արևմտյան Հայաստանի Ջուլամերկի շրջանի ասորիները։

Հայաստանը նրանց համար դարձավ երկրորդ հայրենիք։ Թե 1918-1920 թվականներին, թե խորհրդային տարիներին, և թե 1991 թ.-ի ինքնորոշումից հետո, ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները մշտապես եղել են պետության հոգածության ներքո, հնարավորինս աջակցություն է ցուցաբերվել նրանց՝ ազգային ինքնությունը պահպանելու համար։ Երբե՛ք ազգային խտրականություն չի դրվել թե՛ պետության, և թե՛՝ հայ ժողովրդի կողմից։ Նրանք լիիրավ ՀՀ քաղաքացիներ են եղել ու կան։

Նույնը նաև Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան արտագաղթած, իրանական լեզվախմբին պատկանող եզդիների դեպքում, որոնք հենց սկզբից՝ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտից կանգնեցին Հայկական պետականության վերականգնման ակունքներում և շարունակեցին Հայաստանը պաշտպանել որպես իրենց նոր հայրենիք։ Քյարամ Սլոյանը վկա։

Այո, պատմականորեն ճիշտ է, որ Հայկական լեռնաշխարհում առաջին անգամ ժողովրդագրական պատկերը սկսեց լուրջ փոխվել Արաբական խալիֆաթության տիրապետման շրջանում, որպես կայսրություն՝ բնիկ հայերին հակակշռելու համար հետևողականորեն սկսեց հարավից տեղափոխել ու Հայաստանում բնակեցնել քրդական և արաբական ցեղախմբեր։ Բայց նկատի պետք է ունենալ, որ դա կայսրություն էր, ու հետագա դարերում մեր պայքարը ոչ թե արաբ ժողովրդի դեմ էր, այլ Արաբական խալիֆաթության, որի շատ կառավարիչներ ու նրանց ենթական զորքեր ու զորավարներ՝ անգամ ազգությամբ արաբ էլ չէին։ Հետագայում, երբ արաբական խալիֆաթությունը վերացավ, արաբ և արաբականացած ժողովուրդները հայերի հետ, ավելի քան 400 տարի գրեթե նույն ճակատագիրն էին կիսում (բացառությամբ կրոնական հարցում)։ 20-րդ դարի սկզբին, հայոց ցեղասպանության տարիներին, արաբական և արաբախոս երկրները բռնեցին օսմանական կայսրությունից ազատագրվելու և անկախանալու ուղին։ Նույն ժամանակ նրանք ընդունեցին ու ապաստարան տվեցին բազմահազար հայությանը, որոնք փրկվելով յաթաղանից՝ կիսամեռ հայտնվել էին արաբական անապատներում ու տափաստաններում։ Նրանք ոչ իրենց նախնիների քաղաքականության մասին գիտեին, ոչ էլ հետաքրքիր էր դա իրենց, ուղղակի մարդկային գտնվեցին։ Նրանց աջակցության շնորհիվ՝ հաց, ջուր, կացարան տրամադրելով՝ բարեբախտաբար ոչ բոլոր հայերը Դեր-Զորի նահատակների ճակատագիրը կիսեցին։ Ավելին, հետագա հարյուրամյակում հայերն ավելի լավ իրենց ազգային ինքնությունը պահեցին հենց արաբական երկրներում (նաև՝ Իրանում), ձևավորելով ուժեղ գաղթօջախներ։

Ինչ վերաբերում է Լիբանանի մարոնի քրիստոնյա արաբախոսներին (Լիբանանի բնակչության 30-35%-ը), առ այսօր էլ նրանց շատ ներկայացուցիչներ ապրում կամ գործում են Հայաստանում, որևէ մեկը նրանց հասցեին, նրանց հանդեպ որևէ խտրական վերաբերմունք դրսևորե՞լ է։ Բնականաբար՝ ոչ։

Քրիստոնյա մարոնիներն արաբախոս են, բայց բոլորը չէ, որ անգամ ազգությամբ արաբ են։ Դարերի ընթացքում, անցնելով տարբեր փորձություններով, նրանց երակներում հոսում է ասորու, արամեացու, արաբի, փյունիկացու, խաչակիրների, հայերի արյուն։

Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում մարոնիներն ընդունեցին կաթոլիկական Վատիկանի գերակայությունը։ 16-ից 17-րդ դարերում, Դաշտային Կիլիկիայի բազմաթիվ կաթոլիկ հայեր հաստատվեցին Լիբանանի մարոնիների միջավայրում և որոշ ժամանակ անց, կտրվելով ազգային ակունքներից՝ դարձան արաբախոս և ձուլվեցին նրանց մեջ։

Վերջին 150 տարում, լիբանանյան շատ մարոնիներ հաստատվել են հատկապես Հարավային Ամերիկայում։ Ընդհանրապես, երբ Լիբանանում բնակչության թիվը մոտ 6.5 միլիոն է, Լիբանանից դուրս ապրում է շուրջ 12 միլիոն լիբանանցի։ Շուրջ 9 միլիոն լիբանանցիներ (մեծամասամբ՝ մարոնիներ, դրուզներ, շիաներ, սունիներ, իսմայիլյաններ) այսօր ապրում են Հարավային Ամերիկայում, մասնավորապես Բրազիլիայում (7միլիոն), Արգենտինայում և Կոլումբիայում։ Մոտ 2 անգամ ավելի՝ քան 10452 ք/կմ-ոց Լիբանանում։

Լիբանանյան մարոնիական ծագմամբ լատինաամերիկացիներից շատերիս հայտնի են մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը, Բրազիլիայի նախորդ նախագահ Միշել Թեմերը (Michel Miguel Elias Temer Lulia), մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը, կոլումբիացի հայտնի երգչուհի Շաքիրան, Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիի կինը՝ գործարար Խուլիանա Ավադան և այլն։

Այս համառոտ տեղեկություններից հետո կրկին անդրադառնամ ներհայաստանյան իրականությանը։ Վերջին շրջանում նկատվում են արհեստածին խնդիրների արծարծում՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված։ Կարծես մի անտեսանելի ձեռք փորձում է խառնակություններ ստեղծել և բարձրացնել ազգային փոքրամասնությունների հետ կապված գոյություն չունեցող ազգային խտրականության հարցեր, թե՛ եզդիների հետ կապված, թե՛ ասորիների, և թե հիմա՝ պարոն Սինանյանի անզգույշ արտահայտությունների հետ կապված։ Հատկապես, որ նման օրակարգ չկա, պետք չէ նման թեմաներ բարձրացնել, նախապես հրավիրել ու այլ ազգերի համար Հայաստանը ապագա հայրենիք հայտարարել։ Սա նուրբ հարց է։ Հայաստան ով գալիս է, երբեք ոչ ոք չի խոչընդոտել, բարով գան ու թող դառնան մեր հանրության մի մասը։ Բայց երբ ունես երկրի բնակչությանը գերազանցող առնվազն եռակի սփյուռք, երբ ընդամենը 4 ամիս առաջ հայտարարում ես, որ Հայաստանը պատրաստ չէ զանգվածային հայրենադարձության համար, ապա նրբանկատ պետք է լինել ու չխոսել Հայաստանի դռներն այլ ազգերի առջև լայն բացելու մասին։ Մենք դեռ չենք հաղթահարել ցեղասպանության սպիները, մեր պատմական հայրենիքի 1/10-րդ մասում վերականգնել ենք ազգային պետությունը, որը պետք է միջուկ դառնա հայրենահավաքի համար, երբ դեռ պետք է անվտանգ և հզոր պետություն սարքենք հայկականության պահպանման այս օազիսը, բնականաբար հայության մեջ տագնապ է առաջանում այս վերջին անկյունն էլ կորցնելու պահով, երբ խոսում ես այլազգիներով բնակեցնելու մասին։ Հետևաբար, պետական և քաղաքական գործիչները պետք է զգույշ և նրբանկատ լինեն այս մասին խոսելուց, լավ հաշվարկած լինեն անվտանգության բաղադրիչները, իսկ շարքային քաղաքացիներս պետք է չտրվենք պրովոկացիաներին ու այնպիսի սխալ տպավորություն ստեղծվի, որ անհանդուրժող ենք այլ ազգերի հանդեպ։

Հայերս միշտ էլ եղել ենք մարդասեր, հյուրընկալ և գթասիրտ։ Ու եթե այսօր էլ կարող ենք՝ կհասնենք ու կաջակցենք այլ ազգերի ներկայացուցիչներին, անկախ նրանից, որ ինքներս բազմաթիվ խնդիրներ ունենք՝ լուծման կարոտ։

Բայց նաև՝ այլևս չենք ուզում կորցնել մեր մեծ հայրենիքից մնացած այս վերջին ամրոցները՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, որոնք պետք է հիմք դառնան հայությանն իր բնօրրանում հավաքելու և Միացյալ Հայաստանը վերադարձնելու համար։ Եվ երբ կլինենք Ամբողջական ու հզոր Հայաստան՝ բազմամիլիոն հայությամբ, այն ժամանակ վստահությամբ նոր կարող ենք հրապարակային խոսել ու քննարկել երկրի դռները բացելու մասին։

Իսկ առայժմ, ազգային անվտանգությունից ելնելով՝ ժողովրդագրական (դեմոգրաֆիական) խնդիրը պետք է լուծենք գերազանցապես հայրենադարձությամբ և ծնելիության բարձրացմամբ, պարոն Սինանյան։

Հ.Գ. Շատ բան կա ասելու, բայց այս գրառումով առայժմ սահմանափակվեմ։ Երկար գրելն առայժմ տեխնիկապես բարդ է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica