close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում-քննարկում է հրավիրել

Արցախ

5 Օգոստոսի 2020, 21:14
 ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում-քննարկում է հրավիրել

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը  զբոսաշրջության  ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր հանդիպում-քննարկում  է հրավիրել:  Իր խոսքում Վ. Բալայանը  կարևորել  է   զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսային համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների վերհանումն   և հնարավոր լուծումների ապահովումը: Չբացառելով   օրենսդրական որոշ կարգավորումների անհրաժեշտությունն ու համագործակցաբար  խնդիրների  լուծումը, Վ. Բալայանը  նշեց, որ հանդիպում-քննարկումը  կարևոր է ստեղծված իրավիճակի վերաբերյալ  հանգամանալից  տեղեկատվություն ունենալու և ըստ այդմ՝ համապատասխան ընդհանրացումներ կատարելու տեսանկյունից:

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով,  կորոնավիրուսային համավարակի հետևանքով ոլորտը լրջագույն մարտահրավերի առջև է կանգնել:

Նրա հաղորդմամբ, այս տարի համաշխարհային զբոսաշրջության մինչև  80 տոկոս անկում է կանխատեսվում: Անդրադառնալով  արցախյան ցուցանիշներին, Ա. Գրիգորյանը նշել է, որ  առաջին կիսամյակում  հանրապետությունում  օտարերկրյա զբոսաշրջիկների թվի  նվազումը կազմել է  82 տոկոս, իսկ  մինչև տարվա վերջ կանխատեսվում է 95 տոկոս անկում: Արդյունքում  զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները մեծ կորուստներ են կրում,  իսկ որոշ դեպքերում՝ անորոշ  ժամկետով  դադարեցնում գործունեությունը: Վարչության դիտարկումների համաձայն,  ընթացիկ տարվա մարտ-մայիս ամիսներին, անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցրել  է շուրջ  20 հյուրանոցային տնտեսության  օբյեկտ: Ընդ որում, 17-ը՝ զբոսաշրջային տուն,  3-ը՝  հյուրանոց : Ընթացիկ տարվա  հունիսին  63 հյուրանոցային տնտեսության ընդգրկմամբ   կատարված  ուսումնասիրության համաձայն՝ 57-ի եկամուտների  համախառն անկումը կազմել է 88,5 տոկոս, իսկ 30 հյուրանոցային  օբյեկտում  վարձու աշխատողների թիվը կրճատվել  է 88–ով: Հաշվի առնելով առկա իրողությունները և տնտեսվարողների ակնկալիքները լիազոր  գերատեսչությունը   մշակում է  օժանդակության շարունակական ծրագրեր: Այդ համատեքստում, արդեն իսկ  մեկնարկել է ծառայությունների գնման եղանակով պետական աջակցության   ծրագիրը, որից օգտվել են ավելի քան 20 շահառու՝ հյուրանոցային տնտեսություններ,  զբոսավարներ  ու տրանսպորտային ընկերություններ:  Կառավարությունում շրջանառվող  մեկ այլ որոշման նախագծով ՝ օժանդակություն է նախատեսվում՝ ավելի քան 60  հյուրանոցային տնտեսության  օբյեկտներին, հաշվառված ու գործող բոլոր զբոսաշրջային օպերատորներին, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի տեսքով  աջակցություն՝  մասնագիտական բոլոր  աշխատատեղերի պահպանման համար: Քննարկմանը ներկա զբոսաշրջային տուր -օպերատորների և հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները,  հետաքրքրվել են զբոսաշրջային  օժանդակության ծրագրերում տուր-օպերատորներին  ևս ընդգրկելու, տրամադրվող աշխատավարձերի բաշխման սկզբունքի վերաբերյալ  հարցերով, ինչպես նաև նշել, որ հակահամաճարակային կանոների պահպանմամբ որոշ երկրներ  առաջիկայում կբացեն իրենց սահմանները, մինչդեռ ՀՀ-ում և Արցախում այդ ժամկետներն անորոշ են:

«Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանի խոսքով,  պետական աջակցության ծրագրերը ողջունելի են, սակայն  մեկ   քայլ ուշանում են: Ըստ նրա՝ օժանդակության ծրագրերի ժամանակին իրագործելը, կարևոր է հատկապես  մասնագիտական  աշխատատեղերի պահպանման համար:

Զբոսաշրջության ոլորտում ստեղծված ծանր իրավիճակի կայունացումը, Ս. Շահվերդյանն ու քննարկման մյուս  մասնակիցները,  հնարավոր են  համարում միայն, հանրապետության  անցակետերի բացման պարագայում:

Ներկաների խոսքով, ՀՀ-ում մի շարք  զբոսաշրջային կազմակերպություններ   հակահամաճարակային կանոների պահպանմամբ  ու պարետի  որոշումների համաձայն, ներկայում ներքին  տուրեր են  իրականացնում: Արցախյան տուր -օպերատորները հնարավոր են համարում, որպեսզի երաշխավորված գործունեություն իրականացնող  համանման կազմակերպությունների միջոցով   զբոսաշրջիկներն այցելեն նաև Արցախ:

Բացի այդ, զբոսաշրջության տնտեսվարողներն առաջարկում են  հստակեցնել անցակետերի բացման ժամանակը,  քանի որ հակառակ  դեպքում, զբոսաշրջային կազմակերպություններն ու զբոսաշրջիկները  պլանավորելու են մեկնել այնտեղ, որտեղ  սահմանի բացման ժամանակն արդեն իսկ հայտնի է: Ներքին զբոսաշրջության աշխուժացման, ինչպես նաև իրացվելիության խնդրի լուծման համար, տնտեսվարողներն առաջարկել են նաև մեկօրյա գիշերակացով տուրերի կազմակերպում դեպի արցախյան  պատմամշակութային վայրեր: Ընդ որում՝ դրանցում կարող են ընդգրկվել դպրոցականներ,  տարբեր կառույցների աշխատակիցներ:

Ամփոփելով հանդիպման ու քննարկման արդյունքները Աժ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրեց, որ  նպատակ ունեն  զբոսաշրջության խնդիրների վերհանման և  ըստ հնարավորության նաև լուծումների  շուրջ առավել ընդգրկուն կազմով     լսումներ կազմակերպել  պատգամավորների  արձակուրդից հետո՝  ընթացիկ տարվա սեպտեմբերին :   

Զբոսաշրջության  վարչության պետ Ա. Գրիգորյանը, «Ապառաժ»-ի հետ զրույցում, արդյունավետ գնահատելով  կայացած  քննարկումներն  ու հնչած  առաջարկությունները,  նշեց, որ  դրանք  առաջիկայում պարտադիր քննարկվելու են  և ըստ անհրաժեշտության  փորձելու են  լուծումներ առաջարկել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica