close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկա՜, Ամերիկա՜…

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 22:35
 Ամերիկա՜, Ամերիկա՜…

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«Սովետի տարիներին երբ մեկը Ամերիկա էր գնում՝ մշտական բնակության, երանի էինք տալիս, ասում՝ փրկվե՜ց... Գնացողն էլ, մի քանի ամիս անց գունավոր (սովետում լուսանկարները դեռ սև ու սպիտակ էին) մի լուսանկար էր ուղարկում՝ դղեակ-առանձնատան համայնապատկերին կանգնած, ձեռքը՝ թանկարժեք մեքենային... Զարմանում էինք, կես տարում շքեղ առանձնատուն, թանկարժեք «ՄԵՐՍԵԴԵՍ»...

Հաշվում էինք, թե քանի՜ տարի պիտի ապրես ՍՈՎԵՏՈՒՄ, որ նման առանձնատուն կամ ավտոմեքենա ունենաս...

-Հարյուր տարի, որ մենակ աշխատեմ՝ չուտեմ-չխմեմ, էլի սենց ոչ տուն, ոչ մեքենա կունենամ,- ասում էր մեր թաղեցի Գևորգը, որը գրպանում խնամքով պահում ու ման էր ածում Ամերիկայից ուղարկած բարեկամի լուսանկարն ու հպարտանում, իմչ-որ տեղ էլ հաստատ նախանձում:

Մենք ավելի էինք ատում մեզ բաժին հասած երկիրն ու կարգերը և անթաքույց նախանձով նայում գունավոր լուսանկարներից մեզ ժպտացող դրախտի բնակիչներին... Ու՞մ մտքով կանցներ, որ մի օր թվացեալ դրախտի դռները բացվելու են, ՍՈՎԵՏՆ էլ քանդվելու է...

Սիրելի ընթերցող, կհիշես անշուշտ կամ էլ լսած կլինես սովետի տարիներին պատվող այս անեկդոտը:

Ըմկեր Մարգոն հարցնում է.

-Վարդանիկ, ի՞նչ կանես, եթե սահմանները բացվեն...

-Կբարձրանամ ծառը, ընկեր Մարգո,- պատասխանում է Վարդանիկը:

-Ինչի՞ համար,- զարմանում է ուսուցչուհին:

-Որ ոտնատակ չնկնեմ,- սրամտում է Վարդանիկը...

Վարդանիկի կանխազգացումը կատարվեց. Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան առաջ երկա՜ր, տուտը չերևացող անքուն հերթեր էին: Հերթերը հալվում էին նախ դեսպանատան գանձարկղում մուծվող տուրքերի ձևով, հետո դորս էին գալիս մերժվածները ու հատ ու կենտ ՉՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ... Այդ տարիներին դեսպանատան գանձարկղը այնքան փող մտավ տուրքի ձևով, որքան երևի մեր նորանկախ պետության տարեկան բյուջեն էր... ԱՄՆ մուտք գործելու արտոնագիր ստանալը շատ-շատերի համար անհաս երազ էր մնում, իսկ ում անձնագրում հայտնվում էր երանելի թույլտվության կնիքը, ասես դրախտի ուղեգիր ստացած սավառնում էր երկնքում ու բացականչում. «Ամերիկա՜՜, Ամերիկա՜՜, որտեղ ե՜ս, գալի ՜ս եմ...»:

Այդ օրը դես պանատան սպա սասրահում քար լռություն էր տիրում, թեև լիքն էր սրահը... Եթե մի քիչ լսողությունդ լարեիր, կլսեիր սպասողների սրտերի անհանգիստ զարկերը... Հիշում եմ, նորապսակ մի զույգ էլ կար սպասողների մեջ՝ հարսանեական հագ ու կապով: Որոշել էին ամուսնական ճամփորդութեան մեկնել: Հերթը նրանց հասավ: Կարճ տևեց հարցախույզը՝ փեսացուն մերժվեց, հարսնացուն մուտքի երանելի արտոնագրիը ստացավ....

«Մենք հարսանեական ճամփորդության ենք մեկնում»,- փորձեց մերժման պատճառը պարզել փեսացուն ու մնաց անպատասխան:

Ապակու ետևից դեսպանատան աշխատակիցը ամերիկյան հերթապահ ժպիտը դեմքին ասաց.- հաջորդը:

Լուսատախտակին վառվեց հերթական համարը: Իմ հերթն էր: Անձնագիրս, թեև մի քանի օր առաջ արդեն դեսպանատանն էր, բայց կարծես առաջին անգամն էր աշխատակիցը ձեռքն առնում, մի քանի անգամ թերթեց, զննեց մեկնածս երկրների էջերը, կնիքները ու հենց այնպես, ասես ի միջաելոց հարցրեց.

-Օ՜, այս քանի անգամ եք Սիրիա, Լիբանան գնացել, ի՞նչ առիթներով:

-Աշխատանքային գործուղումներ են,-պատասխանեցի:

-Սիրիա՞... Լիբանա՞ն...

-Եթե Թուրքիա լիներ, նույն հարցը կտայի՞ք:

Ժպիտը չքացավ... Մի անգամ էլ մանրամասն զննեց անձնագիրս, կնքեց ու բարի ճանապարհ ասաց:

Օրեր անց օդակայանում հանդիպեցի նորապսակներին՝ փեսացուն մոլոր, շփոթ դեմք ուներ, հարսնացուին էր ճամփում:

-Դու գնա, մի վեց ամիս հետո նորից կդիմեմ... Մարդ կգտնեմ... Ասում են ներսում մեկը կա՝ վիզաների գործ է անում...:

Այն տարիներին գնացողների մեծ մասը չէր վերադառնում, բայց պատմությունս նրանց մասին չէ, ինչպես ասում են՝ Աստված հետները:

....1998 դեկտեմբեր: Անսպասելի մի հանդիպում ունեցա Լոս-Անջելեսում, որ երբեք մտքովս չէր անցնի: Հյուրանոցի («ԴԵՅԶԻՆ») հերթապահը ինձ այցեքարտ փոխանցեց ու ասաց, որ անպայման հեռաձայնեմ: Սենյակս մտնելուն պես հավաքեցի հեռախոսահամարը. մեր հի՜ն թաղեցիներից էր, նրանց ընտանիքը դեռ Սովետի տարիներին էր Ամերիկա հասել: Խնդրեց առավոտյան ոչ մեկին ժամադրություն չտամ, ինքն էր գալու, ու երևանյան շեշտով ասաց. «Լավ տեղ ենք գնալու...»:

Չմերժեցի:

Առավոտ կանուխ հյուրանոցի դռանն արդեն սպասում էր: Բարևեցինք, գրկախառնվեցինք: Երկար տարիների բաժանումը միանգամից վերացավ, թվում էր, թե ընդամենը երկու-երեք օր է եղել մեր բաժանումը, այնինչ երեք երկար ու ձիգ տասնամեակ կար մեր արանքում...

-Քեզ Լաս-վեգաս տանեմ, էտ էլ ստեղի Գառնի-Գեղարդն ա,- ժպտալով կատակեց նա ու բացեց մեքենայի դուռը:

Մինչև Վեգաս հասնելը ճանապարհին մի քանի տեղ դադար առանք՝ խորտկարաններ, խաղատներ... Օրը մթնում էր, երբ Լաս-Վեգաս հասանք: Լույսերի հրավառություն էր, թվում էր, մտել ենք նորահայտ մի մոլորակ, ուր աշխարհի բոլոր ծագերից ժամանել են ամեն լեզվի ու հավատի, ամեն գույն ու սեռի մարդկանց խմբեր ու բոլորը եկել են շահելու, բոլորը եկել են հաղթելու, այնինչ՝ ճիշտ հակառակն է՝ այստեղից բոլորը հեռանում են պարտված ու դատարկաձեռն, հեռանում են նորից վերադառնալու պայմանով...

Խաղատանը մի տրցակ դոլար հանելով գրպանից, հի՜ն թաղեցիս ասաց.

-Էսքանը խաղալու ենք,- հետո ծիծաղելով հիշեց,- ստեղ ոչ թաղային կա, ոչ էլ՝ է՜ն բոզի տղեն...

Հիշեցինք, թե ինչպես, թղթախաղի թունդ պահին հանկարծ ծլում էր թաղայինը՝ կաշվե խորհրդավոր թղթապանակը թևի տակ, կանգնում գլխներիս վերևում: Բաժին չտանելու պատրվակով հավաքում էր ունեցած-չունեցած փողերը, իբր ակտ էր գրում... Բայց դե գիտեինք, որ գրպանում էր, մի թուլափայ էլ է՜ն բոզի տղուն էր գցելու...

Խաղատա նը տրցակով դոլարները հալվեցին... Վերադարձին կրկին հուշերի գիրկն էինք ընկել.

-Սաքոյին հիշու՞մ ես,- հարցրեց:

-Ո՜նց չեմ հիշում, մի դասարան բարձր էր ինձանից, բոշի թաղի...

-Հա՜, հա՜, ԲՈՇԻ ԹԱՂԻ Սաքոն...

Կարճ լռությունից հետո շարունակեց:

-Լավ տղա էր, ափսո՜ս...

-Ի՞նչ է, չկա՞... մահացել է՞...

-Մեռներ ավելի լավ չէ՞ր... Մեզանից առաջ էին եկել... Հիշու՞մ ես՝ ինչ սուսիկ-փուսիկ աղջիկ էր կնիկը... Ստեղ Սաքոյի վրից թռավ... Տղեն էլ Սան-Ֆրանցիսկո փախավ աֆրո-ամերիկացու հետ... Հիշու՞մ ես, Սովետի վախտ անեկդոտ էին պատմում. «Հայը հային հարցնում է,

-Էդ խի՞ ես տխուր...,

-Տղես ամուսնացել է...

-Վայ տնաշեն, փոխանակ ուրախանաս, կանչես մի-մի թաս բան խմենք, նոթերդ ես կիտել...

-Տղայի հետ է ամուսնացել,-տխրության գաղտնիքը բացում է մյուս հայը:

-Է՞, գոնե հա՞յ է... փորձում է ընկերոջ վիշտը մեղմել ընկերը... »:

-Էն ինչ Սովետում անեկդոտ էր, Ամերիկայում իրականություն է,- եզրակացրեց հի՜ն թաղեցիս ու նայեց ժամացույցին:

-Մի ժամից հյուրանոց կհասնենք...

... Հյուրանոցի բացօթեա սրճարանում հրաժեշտի վիսկին ու սուրճն էինք վաելում:

-Երնեկ քեզ, որ Երևան ես գնալու, էս ապրելու երկիր չի ախպեր,- հետո դրամապանակից հարյուր դոլարանոց հանեց ու…

-էս մեր թաղայինին կտաս, կասես Խչոն բարևում էր, որ հանկարծ չհիշի, կասես՝ ԲՈՒԼՈՆ, հաստատ կհիշի...»:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica