close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս ծրագիրը մերժելի և աղբանոց նետելու խոտան պետք է համարվի»․ Վարդան Դևրիկյանը՝ կրթական նոր չափորոշիչների մասին

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 19:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս ծրագիրը մերժելի և աղբանոց նետելու խոտան պետք է համարվի»․ Վարդան Դևրիկյանը՝ կրթական նոր չափորոշիչների մասին

ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակված հանրակրթական դպրոցի նոր չափորոշիչները, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, ԲԳԴ Վարդան Դևրիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում որակեց որպես խորտակված ինքնաթիռ: Ըստ նրա, նոր չափորոշիչներում երեք անընդունելի հասկացություն կա, որոնց վերացնելու դեպքում միայն կարող ենք խոսել ծրագրում ներառված հեղինակների, թեմաների և ստեղծագործությունների մասին. «Այս նոր չափորոշիչներով հայ գրականությունը հիշեցնում է մի խորտակված ինքնաթիռ, իսկ դասագրքերը՝ մեծ պարկ, որոնց մեջ անսիստեմ, այստեղից-այնտեղից հավաքված, լցված են այդ խորտակված ինքնաթիռի բեկորները: Այս ծրագիրը մերժելի և աղբանոց նետելու խոտան պետք է համարվի: Ավագ դպրոցի դասագրքերը չեն կարող լինել հիբրիդ: Հովհաննես Թումանյանը մի միտք ունի, ասում է՝ թեև գրականությունը հայրենիք չունի, սակայն ամեն հայրենիք ունի իր գրականությունը: Մեր դպրոցներում անցնելիք գրականությունը պետք է լինի մեր ժողովրդի գրականությունը ՝ հայ գրականությունը: Հաջորդ անընդունելի կետն այն է, որ գրականությունը ներկայացվում է ժանրային բաժանմամբ և ոչ թե ժամանակագրական ընթացքով: Սա առավել անթույլատրելի է՝ հայ գրականության դեպքում, որովհետև հայ գրականությունը մեծապես ստուգաբանվում է հայ ժողովրդի պատմության շրջանակում: Այսինքն՝ իրավունք չունենք գրականությունը կտրել պատմության կոնտեքստից»,- ասում է գրականագետն ու վկայում հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացուն. «Մ. Խորենացին կարծես այս օրերի համար էր մարգարեացել ասելով, որ առանց ժամանակագրության պատմություն չի կարող լինել: Հայ գրականությունը ժամանակագրությունից հանելը շատ վտանգավոր միտում է: Գուցե ասածս գրական չհնչի և անթույլատերի համարվի, բայց հայ գրականությունը «պադվալներում» և «կռիշներում» ստեղծված գրականություն չի եղել։ Հայ գրողը անմիջականորեն կիսել է մեր ժողովրդի ճակատագիրը և նրա գրածը ստուգաբանվում է մեր գրականության շրջանակում: Այնպես որ պետք է վերջ տալ այդ անհեթեթ ժանրային բաժանմանը և անցնել ժամանակագրական ընթացքին: Այս հայեցակարգ կոչեցյալ ծրագրի փոխարեն կա ոչինչ չասող, ամեն կարգի ստանդարտ բառակույտեր, բայց չկա ծրագիր: Փոխարենը՝ ունենք ընթերցանության անհաջող, խառնափնթոր ժողովածու: Սա կարծես լինի գրականության քրեստոմատիա կամ ժողովածու, ընդ որում, կազմված մի քանի մարդու ճաշակով: Այսինքն՝ հայ գրականությունը, որ մի ամբողջական խճանկար է, կարծես բռնել ու խառնել են լոտոյի քարերի պես և ամեն տեղում մի բան դրել են։ Սրա վերջը պետք է տալ»:

Թե, ինչու են կրթական չափորոշիչների հեղինակները առաջնորդվել սեփական ճաշակով, պարոն Դևրիկյանն ունի մեկ բացատրություն՝ պատճառն անփորձությունն է. «Այս մարդիկ, ըստ երևույթին, փորձ չունենալով առաջնորդվել են իրենց ճաշակով ու նախասիրությամբ: Իսկ գիտության մեջ, ընդհանրապես դա լինի դասագրքերի, բուհական ձեռնարկների, հանրագիտարանների դեպքում, կազմողները իրենց ճաշակով չեն առաջնորդվում, այլ ընդհանրացված ըմբռնումներով, որովհետև դասագիրքը նորմավորված հասկացություն է»:

Մեր այն դիտարկմանը, որ նոր չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկից հետո ԿԳՄՍՆ-ն պատճառաբանեց, թե սևագիր տարբերակն են դրել հանրային քննարկման, պարոն Դևրիկյանը ափսոսանք հայտնելով փաստեց, որ նման քայլերը հեղինակազրկում են մեր պետական կառույցները: Ըստ նրա, դասագրքերի քննարկումը իր հերթին ծնունդ տվեց մի քանի անհեթեթ բանավեճերի: Գրականագետը, թերևս ողջունում է կրթական նոր հայեցակարգում ժամանակակից գրականության առկայությունը, բայց պահանջում է, որ այն լինի նորմալ գրականություն՝ ժամանակագրական ընթացքով: Դրա համար, բանախոսը ԿԳՄՍՆ-ին առաջարկում է ամեն ինչ ջնջել ու սկսել զրոյից. «Այսինքն, մի քանի մարդիկ, որոնք բանակի, մեր երկրի պաշտպանության հետ որևէ հեռավոր աղերս չեն ունեցել, հավաքվել ու իրենց ճաշակով այս ժողովածուն են կազմել: Ըստ երևույթին, այդ հանձնախմբի անդամները մտածել են, որ ինքնատիպ ստեղծագործություն է, բայց ինքնատիպ ստեղծագործությունները ուսանողական շրջանից՝ խմբակներում, գրական տարբեր ուղղությունների հավաքույթներում կարելի է, իսկ դպրոցը նորմավորված բան է, դպրոցում երեխայի մտածողությունը չպետք է խեղաթյուրվի: Ամեն ինչ իր մեջ պետք է պերմանենտ զարգացում պարունակի, որտեղ պերմանենտ զարգացում չկա, դա շիզոֆրենիայի դրսևորում է: Ինքնատիպ են միայն շիզոֆրենիկները, մնացյալ յուրաքանչյուր մարդ ստեղծագործաբար շարունակում է եղած ավանդները, ով չի շարունակում նա հոգեկան հիվանդ և տարբեր շեղվածություններ ունեցող է:

Յուրաքանչյուր շրջանավարտ, ըստ էության, համարվում է զորակոչիկ, իսկ այս դասագրքերը պարզապես հանցագործություն են: Երբեմն՝ նենգափոխում են և ժամանակակից մտածողության, սերունդների վեճ են դիտում, բայց մեզնից որևէ մեկի ուղեղը այդքան կարծրացած չէ, որ չկարողանանք հասկանալ, որ այստեղ այլասերված, անընդունելի, նույնիսկ՝ մեր ավանդական բարոյական ընկալումներից այն կողմ այլանդակություններ կան, որոնք պետք է անվերապահորեն մերժվեն»:

Այնուամենայնիվ, կրթական նոր չափորոշիչները հիմնահատակ չեղարկելու համար Վ․ Դևրիկյանը ՀՀ ԿԳՄՍՆ-ի առջև ժամկետներ է սահմանել. «Ոչ թե որպես Վարդան Դևրիկյան եմ ասում, այլ՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն պաշտոնապես հայտարարում եմ, եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն, մինչև օգոստոսի 25-ը պաշտոնապես չհայտարարի, որ հրաժարվում է այս ծրագրերից, որ գալիս է զրոյական կետի և ակադեմիական հաստատությունների, բուհերի համապատասխան ամիբիոնների, ինչպես նաև ՀՀ գրողների միության հետ ձեռնարկում է նոր դասագրքերի կազմում, ապա օգոստոսի 25-ից հետո,առաջիկա տասն օրվա ընթացքում գրավոր նամակով կդիմեմ ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ՀՀ պաշտպանության նախարարությանը  և ԱԱԾ-ին: Այդ գրավոր նամակում ցույց կտամ թաքնված, խորը վտանգները: Ես ոչ միայն որպես մտավորական, այլ որպես ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա և արցախյան պատերազմի մասնակից անվերապահորեն հայտարարում եմ, որ սա շատ մեծ հարված է լինելու բանակի ներքին կանոնադրական հարաբերություններին: Այս հայեցակարգը կարծես գլխիվայր շրջված, տանիքը գետնին, հիմքերը՝ վերև մի տուն կառուցած լինեն, դա ուղղել հնարավոր չէ, պիտի քանդել, նորից հիմքերը գցել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Սպասվում են տեղումներ
16 Հունվարի 2021, 10:20 Սպասվում են տեղումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica