close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորվել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար․ սահմանադրագետ

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 17:01
 ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորվել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նախագահի կողմից օրենքի չտորագրման իրավական հետևանքներին։ Նա մասնավորապես նշել է, որ նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս նախագահին չստորագրելու օրենքը, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։ Գրառումը՝ ստորև․

«Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ ՍԴ մասին օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո Նախագահն ունի երկու տարբերակ՝ կամ ստորագրել այն, կամ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ Նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ Նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից /որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ/, այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ Նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, Նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica