close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ֆրանսիական մամուլը բացահայտորեն սկսել է նույնացնել Թուրքիան և Ադրբեջանը՝ ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սահմանային ախորժակների հարցում». Հրաչ Վարժապետյան

Հարցազրույց

31 Հուլիսի 2020, 15:31
 «Ֆրանսիական մամուլը բացահայտորեն սկսել է նույնացնել Թուրքիան և Ադրբեջանը՝ ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սահմանային ախորժակների հարցում». Հրաչ Վարժապետյան

Երեկ մարսելաբնակ հայերը՝ ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, բողոքի ակցիա են իրականացրել Մարսելում Թուրքիայի հյուպատոսության դիմաց՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանագոտում (Տավուշի մարզի) իրականացված ադրբեջանական սադրանքների: 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը:

– Ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում և, ընդհանրապես, այսպես ասած, Սփյուռքի տարածքում, բողոքի այս ակցիաները տեղի են ունենում Դաշնակցության երիտասարդական միավորների, կամ Հայ Դատի մարմինների նախաձեռնությամբ: Բայց պետք է ասել, որ բոլոր հոսանքները միացել են այս հավաքներին՝ մի կողմ թողնելով ներքին տարակարծությունները, որովհետև թեման և միացնողը Հայաստանն է, ՀՀ սահմաններն են, հայկական բանակին զորակցությունն է, և այստեղ գաղափարական կամ ներքին ոչ մի տարակարծություն գոյություն չունի: Մարսելը Ֆրանսիայի երկրորդ մեծագույն քաղաքն է, ամենահայաշատ գաղութը, իսկ հավաքը տեղի ունեցավ թուրքական հյուպատոսության առջև՝ ոչ թե, որ այստեղ չկա ադրբեջանական հյուպատոսարան, այլ՝ որովհետև այսօր Թուրքիան նախագահի մակարդակով բացահայտորեն հայտարարում է, որ զորակից է Ադրբեջանի բանակին՝ խոսքով, գործով, մարդկային ուժով, զինվոր է ուղարկում Ադրբեջանում ՀՀ-ի դեմ կռվելու համար: Հետևաբար՝ մեզ համար Ադրբեջանը և Թուրքիան նույն հասկացողությունն են, մեկ մեդալի երկու երեսը: Եվ մեր ակցիան նախընտրեցինք կազմակերպել թուրքական հյուպատոսության դիմաց այդ իմաստով: Թուրքիան այսօր ակտիվ մասնակից է ՀՀ-ի սահմաններին տեղի ունեցող ոտնձգություններին: Սա պետք է նկատի ունենալ: Եվ ես զարմանում եմ, որ ձայներ են բարձրանում, թե Թուրքիան այսօր նույնը չէ, ինչ Ադրբեջանն է: Նման բան գոյություն չունի, Թուրքիան Ադրբեջանի հոգևոր հայրն է և կմնա, մանավանդ, որ նախագահն Էրդողանն է:

Երեկվա մեր միտինգը թուրքական հյուպատոսության առջև ունի նաև երկրորդ պատճառը, դա այն է, որ շաբաթներ, օրեր ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ Սփյուռքի, Հայ Դատի դեմ պայքար է բացել, որ 1915-ի Ցեղասպանության հարցն այլ կերպ պիտի ավարտի ինքը, և, որ այն տակավին ավարտված չէ: Երբ նման արտահայտություններ են արվում՝ աշխարհի դիմաց բացահայտորեն, առանց որևէ դատապարտման, սա իրապես անընդունելի է: Ըստ այդմ՝ թուրքական հյուպատոսության դիմաց մեր ցույցի կազմակերպման նպատակն Ադրբեջանի և Թուրքիայի նույնացումն էր:

– Եվրոպայի վերաբերմունքը փոխվե՞լ է Թուրքիայի հանդեպ, այդ թվում՝ Ֆրանսիայի՝ հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, գուցե Եվրոպայի վերաբերմունքի, քաղաքականության մեղմացո՞ւմ կա:

– Այսօր թուրք-ֆրանսիական հարաբերությունները լավ մակարդակի վրա չեն, բայց գիտենք, որ այս ամենը քաղաքականություն է. վաղը դարձյալ կարող է փոխվել ամեն ինչ, հարաբերությունները լավանալ, մյուս օրը՝ դարձյալ վատանալ: Մենք պետք է օգտվենք այս առիթներից, ելևէջներից: Այսօր լավ չեն Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները Լիբիայի հարցով, ընդհանրապես Միջին Արևելքի մեջ նոր օսմանական ախորժակից դժգոհ է Ֆրանսիան, մտահոգ Էրդողանի վարած նոր, այսպես ասած, հարձակողական քաղաքականությունից, և այդ պատճառով նաև թուրք-ֆրանսիական հարաբերություններն այսօր բավական մոխրագույն են: Եվ այս առիթից պետք է օգտվել: Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ ոտնձգություններին, այստեղ հետաքրքրական է այն, որ ֆրանսիական մամուլը նույնպես բացահայտորեն նույնացնում է Թուրքիան և Ադրբեջանը՝ ասելով, որ առաջին անգամ է, որ Թուրքիան բացահայտ զորակցում է Ադրբեջանի ոտնձգություններին: Եվ ինչպես մենք, նաև ֆրանսիական մամուլը սկսել է նույնացնել Թուրքիայի և Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը՝ ՀՀ-ի և Արցախի նկատմամբ սահմանային ախորժակների հարցում: Սա շատ կարևոր է:

– Դուք ասացիք, որ Հայաստանը պետք է օգտվի թուրք-ֆրանսիական հարաբերությունների այսօրվա ոչ լավ մակարդակից, հակասություններից, ի՞նչ պիտի արվի:

– Արտաքին քաղաքական առումով Թուրքիայի նկատմամբ դժգոհություն կա ոչ միայն՝ Ֆրանսիայի կողմից, այլև՝ ԱՄՆ-ի, մասնավորապես, Լիբիայի հարցով, առհասարակ տարածաշրջանում Էրդողանի կայսերապաշտ, օսմանյան նոր քաղաքականություն վարելու ախորժակի մասով: Սա նշանակում է, որ, երբ Արևմուտքի կամ որևէ պետության հարաբերությունները Թուրքիայի հետ սկսեն վատանալ, հայկական դիվանագիտությունը, նաև՝ Սփյուռքը, Հայ Դատի մարմինները սա պիտի հաշվի առնեն, թեպետ Հայ Դատի մարմիններն իրենց գործն անում են: Բայց ՀՀ-ն արտաքին քաղաքականության առումով պետք է ևս դուրս գա պասիվությունից, ակտիվ լինի այս իմաստով, օգտվի առիթից՝ հայտարարություններով, միջամտություններով, համապատասխան դիվանագիտական աշխատանք պիտի տարվի հատկապես Եվրոպայի տարածքում: Օրինակ, պատերազմական վերջին շրջանում հայկական բանակը, ՀՀ-ն սահմաններում ռազմական փայլուն հաղթանակ տարավ և արժանի պատասխան հասցրեց թշնամուն, բայց այսպես պիտի լինի նաև դիվանագիտական հարթությունում: Պետք է նաև քաղաքական, դիվանագիտական ճակատում հարվածել Ադրբեջանին, Թուրքիային, այսինքն՝ ես և՛ ռազմական, և՛ դիվանագիտական առումով խրամատ եմ տեսնում: Պիտի այս երկուսը համահունչ դառնան, ցավոք սրտի, դիվանագիտական ճակատում կտեսնեմ, որ ապագան թույլ է այդ առումով: Չնայած որ, այսօր բոլոր տվյալները կան, որ մենք կարողանանք նաև դիվանագիտական փայլուն հաղթանակ տանել, ինչպես զինվորական հաղթանակ արձանագրեցինք:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ֆրանսիա կամ հայ-ֆրանսիական ներկա հարաբերությունները:

– Հայ-ֆրանսիական հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, բայց ոչ անպայմանորեն ՀՀ դիվանագիտական ջանքերի շնորհիվ: Պետք է ընդունել, որ դա հիմնականում այստեղ գործող կազմակերպությունների և կազմակերպված տեղի համայնքի, գաղութի շնորհիվ է: Այստեղ հայ համայնքը կազմակերպված նշանակալի ուժ է, ունի քաղաքապետներ, Ֆրանսիայի քաղաքական կյանքում ներկայություն ունի հայությունը, որն իր բոլոր միություններով, կրկնում եմ, կազմակերպված համայնք է, գաղութ: Սա է հիմնական պատճառը հայ-ֆրանսիական հարաբերությունների այսօրվա փայլուն վիճակի: Անշուշտ, սրանից պիտի օգտվի հայկական դիվանագիտությունը և պետությունը: Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ անկախությունից հետո վերջին երեսուն տարիներին բոլոր իշխանությունների ժամանակ էլ ՀՀ-ն Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններ է ունեցել, հայ-ֆրանսիական հարաբերությունները եղել են փայլուն, քանի որ առկա է նաև դարերի պատմություն:

Երկրորդ՝ ֆրանսիական քաղաքականությունը միշտ հայամետ է եղել, հատկապես վերջին 100-ամյակում: Անշուշտ, Ֆրանսիայի հայամետ լինելը քաղաքական է, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, բայց, կրկնում եմ, սրանում դերակատարում ունի տեղի հայ համայնքի նշանակալի ուժ լինելու հանգամանքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica