close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը արագորեն դառնում է «իզգոյ» պետություն․ Արա Մարջանյանը՝ Ատոմակայանը խոցելու սպառնալիքի մասին

Քաղաքական

21 Հուլիսի 2020, 21:27
 Ադրբեջանը արագորեն դառնում է «իզգոյ» պետություն․ Արա Մարջանյանը՝ Ատոմակայանը խոցելու սպառնալիքի մասին

Ադրբեջան պետությունը կորցրել է հավասարակշռությունը և արագորեն դառնում է rogue state կամ страна-изгой․ միջազգային հարթակներում այս  հանգամանքը անհրաժեշտ է շեշտել` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ խոսելով ՀՀ Ատոմակայանը խոցելու մասին Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարության մասին։

Նրա համոզմամբ, դա վերին աստիճանի վտանգավոր դրսևորում է, հատկապես որ Ատոմակայանը խոցելու սպառնալիքները հնչել են բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից՝ Ադրբեջանի Հանրապետությունում։

«Որովհետև մի բան է, որ այդպիսի կոչեր հնչում են որոշ անհավասարակշիռ թոշակառուների շուրթերից, այլ բան է, որ դա ասում է ՊՆ խոսնակը»,-ընդգծեց Արա Մարջանյանը։

Տեխնիկապես ՀՀ Ատոմակայանը Ադրբեջանից խոցել քիչ հնարավոր է, նշեց նա, քանի որ այն Ադրբեջանի արձակման կայանքներից գտնվում է իրենց հեռահարության սահմանի վրա, Թուրքիայի կողմից խոցել տեխնիկապես հնարավոր է։

Բայց եթե անգամ այդպիսի փորձ արվի, միանշանակ կձախողվի մի քանի պատճառով․

ա․ Ատոմակայանը, Արարատյան հարթավայրը և Երևան մայրաքաղաքը հուսալիորեն պաշտպանվում են հակաօդային և հակահրթիռային եռաշերտ համակարգով՝ հեռահար, միջին հեռավորության և կարճ հեռավորությունների էշալոններով,

բ․ Հայաստանում առկա է տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանության համակարգը, առկա են նաև հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանում եզակի կարողություններ․ սա նա հատուկ է ընդգծում։ Այն հակահրթիռային համակարգը, որը գտնվում է այսօր Հայաստանում, բացառիկ է և եզակի ողջ տարածաշրջանի համար։ Այդպիսի համակարգեր աշխարհի 200 երկրներից ունեն միայն 3-ը՝ այդ համակարգերն արտադրող Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը։

Ատոմակայան խոցելը, որից կտուժի ոչ միայն տվյալ պետությանը, այլև հարևան երկրները՝ այդ թվում խոցելու սպառնալիք հնչեցնող պետությունը, թվում է վերին աստիճանի անտրամաբանական։ Արա Մարջանյանը նկատում է՝ տրամաբանություն այստեղ պետք չէ փնտրել, որովհետև ամբողջ այս իրադարձությունը գտնվում է տրամաբանությունից դուրս։ Ատոմակայանի խափանման դեպքում առաջին հերթին, իհարկե, կտուժի Հայաստանը, բայց հաստատակամորեն կտուժի նաև Թուրքիան, Նախիջևանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Եվ ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի բավականին վատ վիճակում։

Անգամ ԱԹՍ-ից Ադրբեջանը ունակ չէ խոցել հայկական Ատոմակայանը, նշեց փորձագետը, այդ բանը կարելի է իրականացնել, եթե օգտագործվեն ամերիկյան կամ իսրայելական տեխնոլոգիաներ և Թուրքիայի օդային տարածքը, բայց նա համոզված է, որ դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է։

«Այդպիսի հարվածը կնշանակի Երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի սանձազերծում, դրան կարող է ընդունակ լինել միայն խելագարության եզրին հասած ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասաց նա։

Արա Մարջանյանը նկատեց, որ ռազմավարական նշանակության օբյեկտներ գոյություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, մի տարբերությամբ՝ ադրբեջանական ռազմավարական օբյեկտները գտնվում են հայկական զինուժի խոցման տիրույթում, իսկ հայկական օբյեկտները նախ՝ գտնվում են Ադրբեջանի զինուժի խոցման տիրույթի շեմին և երկրորդը՝ պաշտպանված են եռաշերտ ՀՕՊ և հակահրթիռային համակարգով, այն, ինչ բացակայում է Ադրբեջանի մոտ։ Այնպես որ, իրադրությունը այստեղ սիմետրիկ չէ, այն ասիմետրիկ է։

Խոսելով Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների մասին, որոնք մեր զինուժի խոցման տիրույթում են, միջազգային փորձագետը նախ՝ ընդգծեց, որ ինքը պաշտոնատար անձ չէ, հասարակ քաղաքացի է և կարող է իրեն թույլ տալ նման մտորումներ անել։

«Դա միայն Մինգեչաուրի ջրամբարը և պատվարը չեն, Ադրբեջանում առկա են մոտ մեկ տասնյակ ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք բոլորը գտնվում են հայկական զինուժի խոցման տիրույթում։ Դա Սանգաչալայի նավթագազային տեմինալն է, դա մի շարք այլ ջրամբարներ են Ադրբեջանի տարածքում և էլի մի քանի օբյեկտներ, այնպես որ կենտրոնանալ միայն Մինգեչաուրի վրա, սխալ է։ Բայց իմ ասածը հետևյալն է․ ընդհանրապես, այս փոխադարձ ոչնչացման կամ անընդունելի վնասի պատճառման դոկտրինան ժամանակին շատ ճիշտ կոչվել է MAD, որն անգլերեն նշանակում է խելագարություն, և եթե բացենք այս հապավումը, կստացվի՝ փոխադարձ երաշխավորված անընդունելի վնաս»,-նշեց Արա Մարջանյանը։

Այս դոկտրինի՝ MAD-ի, իրագործումը, նրա խոսքով, ուղղակի խելագարություն է նշանակում, իսկ Ադրբեջանի պարագայում, քանի որ այն հնչեցվել է պաշտոնատար անձի շուրթերով, դառնում է ծայրաստիճան վտանգավոր և կարիքը կա, որ միջազգային հանրությունը աներկբա, հստակ և սևեռուն կերպով Ադրբեջանին ի ցույց դնի այսպիսի հայտարարությունների և մտածողության անընդունելիությունը։

Այս ամենը հաշվի առնելով, ՄԱԿ-ի միջազգային փորձագետը հրատապ է համարում վերանայելը ԱՄՆ-ից և Եվրոպայից Ադրբեջանին ռազմամթերք վաճառելու գործընթացը։

«Այդ հարցը հրատապ է, այժմեական և պետք է վերին աստիճանի հետևողական լինի հայկական կողմը և ոչ միայն հայկական,  այլ նաև Վրաստանը, Ռուսատանը, ՀԱՊԿ-ը և անգամ ՆԱՏՕ-ն։ Դա ուղղակի անթույլատրելի վարք է, որը դրսևորում է Ադրբեջանի Հանրապետությունը իր պաշտոնական ներկայացուցիչների շուրթերով։ Դա արդի աշխարհում անընդունելի երևույթ է»,-ասաց նա։

Միջազգային կազմակերպությունները հապաղում են գործուն քայլերի դիմել այս հարցում․ Արա Մարջանյանը դա փորձում է բացատրել ծանր իրավիճակով, որը պատել է միջազգային համակարգը՝ պայմանավորված COVID-19-ի համավարակով․ «Բայց, հիմնականում, կարծում եմ այս ծանր վիճակը հետևանք է միջազգային կառույցների նշանակության էռոզիայի, թուլացման և  այս պոպուլիստական տրամադրությունների գերիշխման տարբեր հարթակներում։ Ահա՛ դրանք են թուլացնում միջազգային հանրությունը»։

Այս ամենի հետ հաշվի նստելով՝ նա համոզված է, որ  չպետք է թուլացնենք մեր ճնշումը՝ ուժեղացնելու վերահսկողությունը Ադրբեջանին մատակարարվող ոչ միայն սպառազինության, մանավանդ, հարվածային սպառազինության ուղղությամբ, այլև երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցման տեսանկյունից։

«Այդպիսի մեխանիզմներ գոյություն ունեն․ դրանք թե՛ միջազգային, թե՛ երկկողմ բնույթ ունեն։ Միջազգային մեխանիզմներից կուզենայի նշել «Հրթիռային տեխնոլոգիաների տարածման ռեժիմը»․ դա բավական լուրջ կառույց է և Հայաստանը պետք է ակտիվորեն դիմի այդ կառույցին՝ զսպելու համար Ադրբեջանի և Թուրքիայի ապակառուցողական այս քաղաքականությունը։ Երկրորդը դա Վասսեռնաարյան պայմանավորվածություններն են․ այդ միջազգային կառույցը նույնպես կարող է շատ կոնկրետ դերակատարում ունենալ, այն ամբողջ աշխարհում վերահսկում է երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցումը»,-նշեց Արա Մարջանյանը։

Հայաստանը, նրա համոզմամբ, նաև պետք է ակտիվորեն աշխատի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ, որ վերահսկողության տակ դրվի Ադրբեջան եկող տեխնոլոգիաները այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը, Պակիստանը և Թուրքիան․ «Այս երեք երկրներն են, որոնք առավել մտահոգություն են առաջացնում երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցման և հարվածային զինատեսակների առումով»։

Ընդհանրապես, Հայաստանը պետք է զգոն լինի և չզլանա անընդհատ ճնշում բանեցնել այս հարցը ակտիվ պահելու ուղղությամբ՝ համոզված է փորձագետը։

Վարկածը, որ Տավուշում սրացումը նպաստեց, որ ադրբեջանական էներգակիրները ուղղվեն դեպի Ռուսաստան, էներգետիկ հարցերով փորձագետը չբացառեց, բայց նաև անմիջական կապ նշմարել դժվարացավ․ «Այդպիսի բան իսկապես կար, բայց Նովոռոսիյսկի նավթամուղը Ադրբեջանը ունակ չէ լցնել նավթով, նա եղած իր նավթը գերադասում է ուղղորդել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Պարբերաբար, որոշակի լոկալ պայմանավորվածությունների հետ կապված, ռուսական «Ռոսնևթի» հետ կապված որոշակի խմբաքանակներ ուղղորդում է դեպի Նովոռոսիյսկ կամ Վրաստանի Սուպսայով՝ Սև ծովով, հասցնում Օդեսա, որից հետո նավթը հասնում է Բելառուսին։ Ադրբեջանը այս հանգամանքը օգտագործում է իր աշխարհաքաղաքական նկրտումներն ուժեղացնելու համար։ Բայց անմիջական կապ Տավուշում սանձազերծած ադրբեջանական պրովոկացիայի հետ դժվար է նշմարել, չնայած բացառել էլ չի կարելի»։

Այստեղ, նրա համոզմամբ, կարևոր է հասկանալ մի այլ բան․ Տավուշի վերջին օրերի դեպքերը ակնհայտ սադրանք էին Ադրբեջանի կողմից՝ դա ակնհայտ էր բոլոր վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ կողմերի համար։

«Իրականում, այդ սադրանքն ուներ շատ հեռուն գնացող քայլեր, որոնք վիժեցվեցին և խափանվեցին հայկական հակահարվածի շնորհիվ»,-նշեց Արա Մարջանյանը։

Տավուշյան սադրանքի ընթացքում Ադրբեջանը երկու տեղ խոցեց գյուղեր մտնող գազամուղը․ ՄԱԿ-ի միջազգային փորձագետը համոզված է, որ սա պետք է զգուշացում լինի տարածաշրջանում խողովակաշարերի անվտանգությամբ շահագրգիռ կողմերի համար, քանի որ սկսած 1996 թ-ից մինչև 2020 թ-ի հուլիսը, տարածաշրջանում խողովակաշարներ վնասել են միայն Ադրբեջանը և միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված՝ միջնորդված հրոսակախմբերը, Հայաստանը երբևիցե տարածաշրջանային ենթակառուցվածք չի վնասել։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica