close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Ադրբեջան «տարօրինակ պատերազմի» որոշ նրբերանգներ. Ստանիսլավ Տարասով

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 17:07
 Հայաստան-Ադրբեջան «տարօրինակ պատերազմի» որոշ նրբերանգներ. Ստանիսլավ Տարասով

Հայ-ադրբեջանական սահմանին հրետանու կիրառմամբ զինված բախումները սկսվելուց հետո նախ հայտարարվեց ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու մասին, սակայն ավելի ուշ տեղեկացվեց, որ այն հետաձգվել է «միջոցառման անցկացման ձևաչափի որոշման համար», ավելի ճիշտ` իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրման համար: Բանն այն է, որ եթե առաջնորդվենք թեզով, թե Ադրբեջանը որոշել է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել: Սակայն պատկերացրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել նման ակցիայի, զոհաբերելով  Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական օրինակելի հարաբերությունները բոլոր մակարդակներում, այդ թվում` բարեկամական կապերը նախագահների միջև, անհնար է: Խոսքն այլ բանի մասին է` սահմանին զինված միջադեպի, որը, չգիտես` ինչու, վերաճեց մասշտաբային զինված հակամարտության. ըստ yerkir.am-ի` Regnum-ում հրապարակած հոդվածում գրում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը;

«Հենց դրանում է հանելուկը: Եթե մտածենք պատմական անալոգիաներով, ապա Լեռնային Ղարաբաղում  2016-ի ապրիլյան պատերազմին նախորդել էր զինված բախումը 2015-ի սեպտեմբերին Թովուզի շրջանում: Այդ պատճառով չի կարելի բացառել, որ հայկական կողմը, Ադրբեջանի հետ սահմանին սրման գնալով, գործողություններ է իրականացրել, որոնք համարում է կանխարգելիչ: Որովհետև կասկածել, թե Երևանը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել ևս ինչ-որ ադրբեջանական շրջան, անմտություն է: Առավել ևս, որ այն բանից հետո, երբ Ալիևը հայտարարեց ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հեռանկարի կորստի մասին, սպառնաց նույնիսկ հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերից, իսկ Բաքվում ավելի բարձր սկսեցին հնչել ռազմական ռևանշի մասին կոչեր, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացավ, բայց ոչ` հայ-ադրբեջանական սահմանին»,- գրում է վերլուծաբանը:

Ըստ Տարասովի` եթե իրավիճակը գնահատենք այդ դիրքերից, ապա Հայաստանը, առաջ բերելով համաշխարհային հանրության, ԵՄ-ի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համապատասխան արձագանքը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակից հրաժարվելու և բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կոչերը, հաղթել է այս փուլում` այդպիսով պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը: Ներկայիս միջազգային պայմաններում քառօրյա պատերազմի կրկնությունը` նման քանակի ուժերի ու ծանր տեխնիկայի ներգրավմամբ, վերլուծաբանի կարծիքով,  քիչ հավանական է:

«Իսկ ի՞նչն է հավանական: Ինչպես 2016-ի ապրիլին, Մինսկի խմբի համանախագահող երկրներից միայն Մոսկվան առաջարկեց իր միջնորդական ջանքերը` Բաքվի ու Երևանի միջև բռնկված միջադեպը կարգավորելու համար: Հիշեցնենք, որ այն օրերին գործընթացին միացել էր ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլ նաև անձամբ նախագահ Պուտինը, որը քիչ բան չարեց Սանկտ Պետերբուրգում համաձայնությունների ձեռք բերման համար, որոնք նախատեսում են հակամարտող կողմերի շփման գծում մոնիտորինգի և միջազգային դիտորդների համակարգերի ստեղծում: Բայց հետո  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով այդ ամենը արգելակների վրա դրվեց, ինչը Մոսկվայում ընկալվեց որպես «համընդհանուր հրաժարում ռուսաստանյան բացառիկ աջակցությունից»: Ներկայումս իրավիճակը փոխվում է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ընդունելով փաստը, որ ավելի վաղ Ալիևի ու Փաշինյանի միջև հաստատված ուղիղ կապը չի աշխատում, կողմերին կոչ անելով` «որքան հնարավոր է արագ վերսկսել առարկայական բանակցությունները», սկսեցին ընդգծել տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարևորությունը` հենց հանգամանքները թույլատրեն: Կարճ ասած` նրանք մտադիր են բանակցային գործընթացը վերադարձնել Մադրիդյան հիմնարար սկզբունքներին, որոնցից Ալիևն ու Փաշինյանը միասնաբար  շեղվել էին: Ինչ վերաբերում է Մոկսվային, ապա նա պետք է  Բաքվին ու Երևանին զրկի սեփական խաղաքարտերը գաղտնի խաղարկելու հնարավորություններից` կոշտ կերպով առաջադրելով պայմաններ, որոնք նախևառաջ համապատասխանում են ռուսաստանյան ազգային շահերին»,- գրում է Ստանիսլավ Տարասովը:

Բացի դրանից, ըստ նրա, ռուսաստանյան դիվանագիտությունը չպիտի թույլատրի, որ հայկական և ադրբեջանական խաղաքարտերով երրորդ ուժեր խաղան:

«Իսկ առայժմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, կողմերը շարունակում են  քաղաքական «սիրալիրություններ» փոխանակել: Թեև այսօր ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լրջորեն մեծ պատերազմի պատրաստ չեն, իսկ հակամարտության «սառեցումը» տարբեր պատճառներով օգուտ է բոլորին»,- եզրափակում է ռուսաստանցի վերլուծաբանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica