close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր միակ ուղերձը միջազգային հանրությանը պետք է լինի մեր բանակի պատժիչ գործողությունները, ուրիշ ոչինչ․ Բագրատ Սրբազան

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 10:48
 Մեր միակ ուղերձը միջազգային հանրությանը պետք է լինի մեր բանակի պատժիչ գործողությունները, ուրիշ ոչինչ․ Բագրատ Սրբազան

Ընդհանուր առմամբ լարված վիճակ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն այսօր՝ Բերդում, երեկ՝ Մովսեսում, Չինարիում շրջում, հետևում է իրավիճակին, խոսում մարդկանց հետ։

Սրբազանը վստահեցրեց՝ Բերդ քաղաքը թիրախ են դարձրել, բայց ոչ խուճապ կա, ոչ տագնապ, վիճակը լրիվ վերահսկվում է մեր բանակի կողմից։

«Մեր ժողովրդի տրամադրությունը տեղն է, անշուշտ, մտահոգություններով։ Տագնապի զգացողություն չկա, խուճապի զգացողություն չկա։ Դժբախտաբար, սովոր իրավիճակ է, արդեն 30 տարի է՝ մեր ժողովուրդը այսպես ապրում է, և տրամադրություններն էլ այնպես են, որ ինչքան իրավիճակը լարված լինի, այստեղից չեն հեռանալու։ Սա էլ նրանից է գալիս, որ բացարձակ վստահություն գոյություն ունի մեր բանակի նկատմամբ, կատարվող գործողությունների նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ տրամադրությունները երբեք չեն խախտվի»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Պատճառված վնասի չափի ստույգ գնահատական տալ Սրբազանը չցանկացավ՝ բոլորը կգնահատվի, կհրապարակվի։

Բերդ խաղաղ բնակավայրն այս անգամ թիրախավորեցին նոր տեխնոլոգիայով՝ անօդաչու թռչող սարքով։ Խաղաղ բնակիչներին թիրախավորելն արգելող բազմաթիվ կոնվենցիաներ հեղինակած՝ միջազգային հանրության արձագանքն առայժմ թույլ լսելի է։

«Միջազգային հանրությունը, դժբախտաբար, իրենց պատկերացրած՝ չակերտավոր ասած «հավասարակշռված քաղաքականությունն» է վարում՝ կեղծ դիվանագիտությամբ։ Մենք մեկ անգամ չէ, որ հասկացել ենք, տեսել ենք, որ արդարության բանաձևն իրենց մոտ դրված է, թե ինչպիսի ընտրություն իրենք կկատարեն, այլ կերպ ասած՝ ընտրովի արդարադատության մասին է խոսքը»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նա նկատեց, որ միջազգային հանրությունն, ընդհանրապես, ո՛չ մի կերպով, ո՛չ մի ժամանակ ո՛չ կարողացել է գնահատել, ո՛չ ցանկանում է գնահատել իրավիճակը։

«Մեր միակ ուղերձը միջազգային հանրությանը՝ այս պահին և ընդհանրապես, պետք է լինի մեր բանակի պատժիչ գործողությունները, ուրիշ ոչինչ»,-հայտարարեց Սրբազանը։

Նա վստահ է, որ դա պետք է լինի մեր պատասխանը թե՛ մեր թշնամուն, թե՛ մեր երեխաներին ու մեր ընտանիքներին, թե՛ մեր սահմանին ու անվտանգությանը, և թե՛ միջազգային հանրությանը․ «Միջազգային հանրությունը այն ժամանակ չգիտեմ՝ ինչ պիտի խոսի։ Ես նկատի ունեմ ոչ թե հանրությունը լայն առումով, այլ աշխարհաքաղաքական խաղացողներին»։

Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ մե՛նք պիտի լուծենք բոլոր խնդիրները, առանց հույսը դնելու որևէ մեկի աջակցության կամ մասնակցության վրա։

Թուրքիան Ադրբեջանի գործողություններն արդարացնող ագրեսիվ հայտարարությամբ հանդես եկավ։ Թուրքիայի անվտանգության հայեցակարգի մեջ միշտ առկա է Հայաստան ներխուժելու օրակարգը։ Մինչդեռ Հայաստանի՝ հուլիսի 10-ին ընդունված ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ միայն մեկ երկչոտ նախադասությու ն է․ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»։

Բագրատ Սրբազանն ասում է՝ Թուրքիայի՝ սպառնալիք լինելը փաստաթղթերով չէ արտահայտվում, դա մեր բնական զգացողությունն է, պատկերացումը և աչքով դիտած սահմանը։

«Թուրքիան մեկ անգամ չէ, որ փաստել է Հայաստանի համար սպառնալիք լինելը։ Համաչափությունն էլ մեր մեջ նստած է՝ որքան փաստաթղթով կարտահայտվի, չի արտահայտվի, մենք դա խորությամբ գիտակցում ենք և գիտենք»,-ասաց նա։

Մեր խնդիրն այժմ, Սրբազանի համոզմամբ, համարժեք արձագանքելն է բոլոր տեսակի քայլերին՝ լինեն ռազմական, թե դիվանագիտական։

Ազգային կրթության կարևորությունը, այս և այլ իրավիճակներում, մշտապես էլ նույնն է, ասաց Բագրատ Սրբազանը, արժեքներով սնվող ժողովուրդը բարձր գիտակցություն ունեցող ժողովուրդ է։

«Անկախ նրանից, թե մենք ինչ կասենք, ինչ մտածումներ կունենանք, ինչպես կարտահայտվենք, մեր ընդհանուր անվտանգությունը, մեր երկրի առաջնայնությունը, պետականության զորությունը մնում են բարձրակետի վրա։ Մենք պիտի կարողանանք, հատկապես այսպիսի լարված և վտանգված ժամանակներում, մի պահ դադարեցնել ամեն ինչ և համընդհանուր մտքով, համընդհանուր շահով, կոնկրետ քայլերով, ձեռնարկներով և կոնկրետ արդյունքներով առաջնորդվել․ ուրիշ կերպ չունենք այս պահին»,-ասաց նա։

Իսկ խաղաղությունը, Սրբազանի համոզմամբ, մենք պարտարել ենք և պարտադրելու ենք․ «Մենք երբեք խաղաղություն խնդրելու ոչ մի տրամադրություն ո՛չ ունենք, ո՛չ էլ կունենանք։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ կամ որևէ կերպ մեր հանրության մեջ խաղաղություն խնդրելու տրամադրություն գոյություն ունի, խաղաղությունը միայն պարտադրվում է և չարի ձեռքը պետք է բռնվի»։

Բագրատ Սրբազանը արժևորում է՝ այս երկու օրերին մեր տղաները կարևոր խնդիր են լուծել, մեր բանակը անվտանգությանը միտված, պետական սահմանի ամրացման և մեր գյուղերի պաշտպանությանը միտված կարևորագույն քայլ են կատարել։ Հակառակորդը, բնականաբար, շատ դառը հարված է ստացել և, ինչ-որ իմաստով, նաև պատվի խնդիր ունի լուծելու։

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին հղելու ուղերձ չունի Սրբազանը, նրանց ամեն օր է հանդիպում ու զրուցում։ Փոխարենը նրանց կողմից է ուղերձը հղում՝ ասելով․ «Մենք ամուր կերպով կանգնած ենք այս սահմանին, որևէ թիզ որևէ կեպով նահանջելու տեղ չունենք և մեր բանակն էլ կարևորագույն առաքելություն է իրականցնում։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, կյանքը խաղաղվի, բայց նաև պատրաստ ենք որևէ քայլի, որ  կարող է գալ մեր հակառակորդի կողմից»։

Նա շատ է ուզում մեր ժողովուրդը մտածի, որ սահմանային խնդիրները միայն սահմանի եզերքին՝ առաջնագծում չէ, որ լուծվում են,  դրանք միայն որոշակի մարդկանց չեն վերաբերում, այլ մեզ՝ բոլորիս։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, որտեղ ենք գործում՝ Երևանում ենք, թիկունքում ենք, արտասահմանում ենք, թե այլուր, սահմանային խնդիրները Հայաստանի պետականության և պետական անվտանգության բարձրագույն խնդիրներից են։

«Իսկ մեր ողջ ժողովրդին էլ խնդրում եմ, որ աղոթք անեն, մտածեն, խորհեն, իրենց աջակցությունն ու քաջալերանքը հայտնեն որևէ կերպով, որ կկարողանան մեր սահմանապահ գյուղերի բնակիչներին և մեր բանակին»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նա վստահ է, որ հենց այդպես էլ կա։ Եվ հորդորում է, որ հեռավորության վրա գտնվողներն էլ  չտագնապեն, որովհետև ոչ տագնապ կա, ոչ խուճապ կա, Տավուշում արժանապատիվ, պատվով, հավատքով, սիրով կանգնած մարդիկ են։ 

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica