Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 5 թեկնածուի
Քաղաքական

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի հինգ թեկնածուի, ովքեր կմասնակցեն օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թեկնածուների թվում են Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, «Բելառուսական սոցիալ-դեմոկրատական Գրամադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենն, ինչպես նաև «Ասա ճշմարտությունը» շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիևը:
Նշվում է՝ ընտրություններին կմասնակցի նաև Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը ձերբակալվել է «հասարակական կարգի կոպիտ խախտման» գործողություններ կազմակերպելու գործով:
Միևնույն ժամանակ մանրամասնվում է՝ ԿԸՀ-ն մերժել է «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի և Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյի թեկնածության գրանցումը: