close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ հիասթափվում են․ արտագաղթի ու սոցիալական լարվածության նոր ալիք է բարձրացնելու

Հասարակություն

12 Հուլիսի 2020, 18:01
 Մարդիկ հիասթափվում են․ արտագաղթի ու սոցիալական լարվածության նոր ալիք է բարձրացնելու

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, այս տարվա հինգ ամիսների տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3․9 տոկոսով։ Ի՞նչ զարգացումներ են ընթանում տնտեսությունում և ի՞նչ ցուցանիշներ ակնկալել տարվա կտրվածքով։

-Այո, հունվար-մայիս ամիսներին ձեր նշած անկման ցուցանիշը կա, բայց կարևոր է նաև փաստել, որ դա ոչ թե 5 ամսվա հավաքական տվյալներով է, այլ իրականում մենք հունվար-փետրվար ամիսներին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի գրեթե երկնիշ աճ։ Եվ այդ ներուժն է, որ դեռևս անկման ավելի բարձր տեմպ չունենք։

Մարտից սկսած տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումն արդեն մեծ տեմպ ստացավ ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ ցավով պետք է արձանագրենք, որ այս միտումը շարունակվում է շատ պարզ պատճառով, որովհետև անկմանը բերող հիմնական պատճառներն ու մակրոգործոններն առկա են նաև այժմ։ Խոսքը վերաբերում է և համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքներին, և նաև արդեն իսկ տնտեսության բացասական թափ առած այս մակրոմիջավայրին։

Մասնավորապես, այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են պետական բյուջեի եկամուտաները՝ շուրջ 33 մլրդ դրամով։ Ծախսերը օբյեկտիվորեն չեն կարող նվազել, որովհետև կառավարության աջակցության ծրագրերն ունեն աճի միտում։ Եվ որ ամենակարևորն է, տնտեսական ոլորտի այս սահմանափակումները շարունակվելով՝ կոնկրետ առանձին ոլորտների համար նույնիսկ կարելի է ասել՝ կործանարար հետևանքներ են ունենում։ Խոսքը զբոսաշրջության, հանրային սննդի, հանգստի ապահովման ոլորտների մասին է։ Այսպես շարունակվելու պարագայում, տարբեր կանխատեսումների համաձայն, մենք կարող ենք տարին փակել երկնիշ տնտեսական անկման ցուցանիշով։ Իսկ հայտնի է, որ ՀՆԱ անգամ մեկ տոկոս նվազումը նաև բազմապատիկ էֆեկտով ազդում է աղքատության մակարդակի վրա, և սոցիալական խնդիրներն են սրվում։

-Աջակցության ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի կառավարությունն այս առավել տուժած ոլորտների համար, որպեսզի արդյունքն ավելի մեծ լինի։ Մեր պետության հնարավորությունն ի վերջո որքա՞ն է։

-Պետության հնարավորությունը հարաբերական է, որովհետև իրականում ցանկացած պետություն ունի սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ու ռեսուրսներ։ Բայց այստեղ միայն պետության հնարավորությունները շեշտադրելն ամբողջական չէ, որովհետև կարևոր է նաև ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը։

Այսպիսի ճգնաժամային իրավիճակում հակաճգնաժամային կառավարման հիմնական ուղենիշը պետք է լինի իրավիճակին համարժեք և ոչ ուշացած գործողությունները, որոնք պետք է հայացք ունենան դեպի կանխարգելում, ոչ թե սպասենք հետևանքներին ու փորձենք վերացնել դրանք։

Սա կարևոր պնդում է, կարծում եմ՝ շատերը սրա հետ համաձայն կլինեն, նույնիսկ գործող իշխանություններն այսօր իրենց ուղերձներում այսպիսի անդրադարձ են ունենում։ Բայց փաստը հետևյալն է՝ մենք ուշացրեցինք կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ արտակարգ դրության իրական սահմանափակումները։

Դրանք նաև ձևական բնույթ ունեին սկզբնական փուլում։ Եվ հետևանքը եղավ այն, որ մենք կորցրեցինք համաճարակի օջախների ու տարածման կառավարելիությունը։ Սա շատ վտանգավոր անցում էր։ Հենց դրանից է բխում նաև այսօրվա իրավիճակը, մենք լիարժեք պետք է գնահատենք իրականացված քայլերի արդյունավետությունը և դրանց ընթացիկ գնահատականն ունենանք։ Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մենք պետք է սպասենք ինչ-որ անհասկանալի ժամանակ ու հետո նոր անդրադառնանք սրան։

-Այսինքն՝ ընթացիկ սխալնե՞րը պետք է շտկել։

-Իհարկե, հետո հնարավորություն կլինի գնահատել այս իրավիճակը վերջնական տեսանկյունից, բայց ընթացիկ գնահատումը քայլերը վերաիմաստավորելու և գոնե կատարված սխալները սրբագրելու համար ուղղակի անհրաժեշտություն է։ Չպետք է վախենալ և չպետք է նորից տրվել պոպուլիզմին, այո, պետք է այդ գնահատումները լինեն։ Այո, մենք այս ընթացքում մեր երկրում կատարել ենք բազմաթիվ սխալներ, այդ սխալների հետևանքն է նաև այսօրվա տնտեսության վիճակը։ Այո, սխալներ կարող են լինել, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ոլորտներում տեղի են ունեցել բացթողումներ, բայց այսօր այդ ընկալումը չկա՝ սրբագրելու սխալները։

Կոնկրետ ոլորտների առումով այսօր նույն սխալները շարունակվում են։ Դա է վկայում այն, որ նույն հանրային սննդի ու ժամանցի ապահովման ոլորտում տարիներ շարունակ բիզնես վարած մարդիկ այսօր ահազանգում են։ Երկրորդ, այդ ոլորտի աշխատակիցներն են ահազանգում։ Երրորդ, պաշտոնական վիճակագրությունն այդ ոլորտներում արձանագրում է տասնյակ հազարավոր, արդեն շուրջ 100 հազարին մոտեցող աշխատողներ, որոնք, ճիշտ է, դեռևս չեն ազատվել աշխատանքից, բայց գտնվում են չվճարվող հարկադիր պարապուրդում։ Սա իրական խնդիր է։

Չորրորդ, այդ ոլորտի արդեն բազմաթիվ տնտեսվարողներ փակվել են վերջնականապես, և այդ ոլորտի հազարավոր աշխատողներ այլևս գործազուրկ են։ Այս օրինակը բավարար է հասկանալու համար, որ այստեղ պետք են իրական կանխարգելիչ միջոցառումներ և չպետք է սպասել, որ ամբողջովին հյուծվի ոլորտը, նոր հետո սոցիալական նպաստներով փորձեն այդ մարդկանց այս անգամ էլ սովամահ լինելուց փրկել։

Խնդիրը պարզ է՝ եթե դու ոլորտին տվել ես աշխատելու որոշակի հնարավորություններ, ապա առնվազն պետք է հաշվի առնես, որ այդ բիզնես ոլորտում քո տված հնարավորությունները գոնե մինիմալ բավարարեն, որ օրական մինիմալ ծախսերը գոնե ծախսածածկվեն, հատուցվեն եկամուտներով։ Իսկ այս սահմանափակումների պարագայում, ճիշտ է, այս մարդիկ անունով աշխատում են, բայց իրենց օրվա ծախսերը չեն կարողանում ծածկել։ Այսինքն՝ ամեն օր կրում են կորուստներ։ Սա ո՞ւր է տանելու։ Ակնհայտ է, որ այս պրոցեսը տանելու է այդ ոլորտների վերջնական կազմաքանդման։

Եթե դուք մարդկանց ի սկզբանե չեք տվել աշխատելու այդ հնարավորությունը, մի հատ էլ կողքից հորդորում եք, որ մարդիկ չօգտվեն այդ ծառայություններից, ստացվում է, որ այդ ոլորտի բիզնեսն ու աշխատողների ապագան ամբողջությամբ դրված է հարվածի տակ։Եթե այս պարագայում իրոք այդ սահմանափակումները պետք են, հետևաբար, այդ ոլորտներն ընդհանրապես պետք է փակվեն, չաշխատեն։

Այդ իրավիճակը կհամարվի ֆորս-մաժորային, և պետությունն արդեն այդ պայմաններում պետք է իր իրական աջակցությունը բերի ոլորտին։ Այսինքն՝ այսօր փոքր մանիպուլյացիաներով մի կողմից ասում են՝ թողել ենք, աշխատեք, մյուս կողմից ակնհայտ ասում են՝ ընկեք փոսը, որովհետև սա է ձեր ճանապարհը։ Մարդիկ հիասթափվում են, սա բիզնեսի փակման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի ու սոցիալական լարվածության նոր ալիք է բարձրացնելու։

Կարճ ասած՝ այսօրվա տեսանելի բացթողումը, կոնկրետ սխալը վաղն ունենալու է շատ հստակ հետևանքներ, պատիկներ անգամ մեծ հետևանքներ, քան այն դեպքում, երբ հնարավոր էր դա կանխարգելել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica