close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետությունը գայթակղում է հիփոթեքով

Տնտեսական

11 Հուլիսի 2020, 17:52
 Պետությունը գայթակղում է հիփոթեքով
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

2020թ․-ի հուլիսի 1-ից անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճարը մուծելու համար։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, Պարսյանը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Աշոտ Սաֆարյան

m.armeniasputnik.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica