close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«5-րդ ալիք» հ/ը դիմում-բողոքը ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետ՝ Ա.Պապոյանին

Իրավունք

10 Հուլիսի 2020, 15:42
 «5-րդ ալիք» հ/ը դիմում-բողոքը ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետ՝ Ա.Պապոյանին
5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հեռուստաընկերության դիմում-բողոքը ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա.Պապոյանին՝ 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրված վարչական վարույթի վերաբերյալ։ 
 
Yerkir.am-ը ներկայացնում է դիմում-բողոքւ ստորև.
 
Հարգելի՛ պարոն Պապյան,
03.07.2020թ. Ձեր կողմից կազմվել և ինձ՝ Հարություն Հրաչիկի Հարությունյանին է տրվել ծանուցում, որով Դուք 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրել եք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչներ Հ. Մարգարյանի և Վ. Բախշյանի մոտ՝ իմ նկատմամբ իրականացվելիք վարչական վարույթին մասնակցելու համար:
 
Սույնով հայտնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսային համավարակի (Covid-19) տարածմամբ պայմանավորված, ավելին դրա ծայրահեղ վտանգավոր ցուցանիշների առկայությամբ, հոգ տանելով մեր և մեր ընտանիքի անդամների կյանքի և առողջության մասին, ստիպված կլինենք բաց թողնել Ձեր կողմից հրավիրված լսումները: Նշվածը պայմանավորված է ի թիվս այլի այն հանգամանքով, որ Ծանուցմամբ որևէ կերպ չի հիմնավորվել ք. Երևան Վրացյան 90, թիվ 224 աշխատասենյակի սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ (Skype, Zoom և այլ նման գործիքների) մասնակցելու վարչական վարույթին:
 
Միաժամանակ կցանկանանք մեր դիրքորոշումը հայտնել նաև գրավոր ձևով սույն փաստաթղթի շրջանակներում՝ հույս ունենալով, որ այն պատշաճ քննարկման առարկա կդառնա Ձեր կողմից հրավիրված լսումների շրջանակներում, հաշվի առնելով վարչարարության և վարչական վարույթին ներկայացվող օրենսդրական պահանջները:
 
Այսպիսով, առաջնահերթաբար անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը ակնհայտորեն անհիմն է, չի բխում անձանց կյանքի և առողջության ապահովման անհրաժեշտությունից և միտված է սահմանափակել լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը, որպիսի պայմաններում մեր նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ մենք պետք է ազատվենք վարչական պատասխանատվությունից:
 
Նախ և առաջ նշենք, որ հաշվի առնելով հեռուստաընկերությունների գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգայնորեն առկա հատուկ կարգավորումները, մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր իրավակարգավորումներն են կիրառելի հեռուստաընկերությունների գործունեության և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում Պարետի որոշումների տեսանկյունից:
 
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Պարետի որոշմամբ սահմանվել են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կանոններ, որոշակի սահմանափակումներ: Այսպիսով, առանձին Հավելվածներով Պարետն անդրադառնում է այնպիսի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, ինչպիսիք են արտադրական, գրասենյակային, շինարարական, առևտրային, հանրային սննդի, մարմնամարզական, գեղեցկության սրահներ, կրթական և այլն: Սակայն նշյալ տնտեսվարող սուբյեկտներին վերաբերելի իրավակարգավորումների շրջանակներում առկա չէ որևէ հատուկ իրավակարգավորում, որը կվերաբերի լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին կամ համանման գործունեությամբ զբաղվող անձանց, որպիսի պայմաններում կամ անհրաժեշտ է արձանագրել առկա օրենսդրական բացը, կամ էլ, առնվազն, կողմնորոշվել, թե ո՞ր բլոկի մեջ է առավել նպատակահարմար և ողջամիտ դիտարկել մեր գործունեությունը:

Այսպիսով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:

Նախևառաջ նշենք, որ վերոգրյալ իրավակարգավորումը բխում է խոսքի ազատության սահմանադրորեն և կոնվենցիոնալ ամրագրված իրավունքից, որպիսի պայմաններում ցանկացած սահմանափակում կամ արգելք, որն ուղղակիորեն նպաստելու է խոսքի ազատության իրավունքի իրացմանը, անթույլատրելի է և ոչ իրավաչափ:

Ուստի գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության կողմից դրսևորվող նման մոտեցումը, հեռուստաընկերություն մուտք գործելը, բնականոն գործունեությունը խաթարելը, ինչպես նաև այլ խոչնդոտող գործունեություն իրականացնելը ուղղակիորեն խախտում է խոսքի ազատության իրավունքը: Պատահական չէ, որ ԶԼՄ-ների գործունեության պաշտպանվածությունը և դրան խոչընդոտելու արգելքը նախատեսված է ընդհուպ մինչև քրեաիրավական կարգավորումներով:

Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նորմի մեկնաբանմանը, մատնանշելով հեռուստաընկերությունների կողմից իրականացվող գործունեությանը, դրանց գործունեության տեսակին և ուղղվածությանը: Այսպիսով, օրենքում հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ կարգավորման շրջանակներում օգտագործվում է «արտադրություն» բառը, որն ուղղակիորեն բերում է այն եզրահանգման, որ օրենսդիրը հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկում է որպես արտադրական:

Նման իրավիճակում անհրաժեշտ է նաև հասկանալ, թե կոնկրետ ինչպիսի՞ սահմանում է տրված «արտադրական» գործունեություն հասկացությանը Պարետի որոշման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարետի որոշմամբ ուղղակիորեն տրված չէ սույն հասկացության սահմանումը, ապա անհրաժեշտ է ելնել իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա ընդհանուր մոտեցումից, ուստի կարող է և պետք է կիրառելի լինել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հետևաբար, հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկվում է որպես արտադրական և դրա վերաբերյալ կիրառելի է Պարետի որոշման թիվ 3 Հավելվածը:

Անդրադառնալով Պարետի որոշման թիվ 3 Հավելվածին, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մեր կողմից ամբողջապես պահպանվել են որոշմամբ սահմանված անվտանգության ապահովման պահանջները, որպիսի պայմաններում առկա չէ որևէ հիմք մեր նկատմամբ վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, Պարետի որոշման թիվ 3 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն. «Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ»:
 
Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ դիմակների և դիմային վահանակների օգտագործումը պարտադիր է բացառապես այն դեպքերում, երբ աշխատավայրում հնարավոր չէ ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը:

Ներկայիս իրավիճակում ստեղծվում է մի պատկեր, երբ ակնհայտ է դառնում մեր նկատմամբ վարչական վարույթի հարուցման ոչ իրավաչափությունն այն պարագայում, երբ Ձեր կողմից հեռուստաալիք այցելելու և վերահսկողություն իրականացնելու շրջանակներում իրականացվել է հենց իմ օրինական պահանջով տարածքի չափագրում, որով ուղղակիորեն պարզ է դարձել, որ տաղավարում գտնվող զրուցավարի և հյուրի միջև, ինչպես նաև նկարահանող խմբի անդամների միջև ապահովված է որոշմամբ սահմանված 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ավելին, հեռավորությունը լրագրող-զրուցավարի և հյուրի միջև կազմում է2.8 մետր, որպիսի պայմաններում իրավախախտման մասին խոսելն առնվազն անհիմն է:

Ինչ վերբերում է դիմակ կրելուն, անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը սևեռել միջազգային փորձին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին: Այսպես, առկա չէ առնվազն մեկ պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հաղորդավարները հանրությանը հանդես գան դիմակներով կամ դիմավահաններով: Բացառապես բոլոր մինիմալ իրավագիտակցության շեմն ապահովող պետություններում անգամ հեռուստատեսությունների համար օրենսդրորեն սահմանված են հատուկ կարգավորումներ, որպիսով վերջիններս չեն կրում պարտականություն հեռուստադիտողի առջև հանդես գալ դիմակով (հաշվի առնելով գործունեության բնույթը և ինքնին տաղավարային հատվածներում մշտապես սոցիալական հեռավորության առկայությունը): Դա առնվազն էթիկապես սխալ է և որոշակիորեն խանգարող: Միաժամանակ հենց նույն իմ ղեկավարած հեռուստաընկերությունը ապահովում է սոցիալական խթանումը դիմակներ կրելու վերաբերյալ, մշտապես տարածելով՝ «կրիր դիմակ» արտահայտությունը:

Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան: Այսպես, մի շարք լրատվամիջոցներ խիստ բացասական լույսի ներքո են դիտարկել ՀՀ տարածքում տեղի ունեցողը, մասնավորապես «5-րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և տեղի ունեցող հետապնդումները, որպիսի պայմաններում խիստ քննադատության են ենթարկվել նման հետապնդում իրականացնող անձինք և մարմինները: Նման պայմաններում ակնահյտ է մեր իրավունքների խախտումը, որը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և անվերապահորեն:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հասկանալ Ձեր կողմից իրականացվող վերահսկողության տրամաբանությունը և դրա ուղղվածությունը, հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ ցանկացած գործողություն, որը նախաձեռնվում է վարչական մարմինների կողմից Պարետի որոշման ապահովման և իրացման տեսանկյունից, հետապնդում է որոշակի նպատակ, որն էլ պետք է ապահովվի՝ հնարավորինս զերծ մնալով լիազորությունների չարաշահում և, առավելևս, նման չարաշահմամբ իրավունքի խախտում իրականացնելուց:

Այսպիսով, Պարետի որոշման ուղղվածությունն է ապահովել ՀՀ Կառավարության կողմից 16.03.2020թ. ընդունված «Արտակարգ դրություն ապահովելու մասին» Որոշումը: Այսինքն, սույն որոշման գերնպատակ է սահմանվում հասարակության կյանքի և առողջության պաշտպանությունը, իսկ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է՝ հիմնվելով սույն որոշման վրա, պետք է բխի հենց կյանքի և առողջության ապահովման առաջնային նպատակից: Հետևաբար վարչական մարմինների կողմից ցանկացած գործողություն, որը խախտում է սահմանված նպատակը կրում է բոլորովին այլ միտվածություն:

Այսպիսով, Պարետի որոշմամբ սահմանված է սոցիալական հեռավորության ապահովման պարտականությունը բացառապես բոլորի կողմից և ոչ միայն մեր հեռուստաընկերության, ուստի Ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն փակ տարածքներում գտնվող անձանց և ընկերությունների՝ անվտանգության կանոններին հետևելու պարտականությանը, այլև առհասարակ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Տարակուսանք է առաջացնում այն մեկնաբանությունը, որ սրճարաններում միմյանց դիմաց կամ կողք-կողքի նստած անձանց միջև որևէ կերպ չի ապահովվում և չի կարող ապահովվել սոցիալական հեռավորությունը, սակայն նման իրավիճակը երբևէ չի մտահոգել վարչական մարմիններին, մինչդեռ մեր կողմից իրականացված օրինաչափ գործունեությունը խիստ վերահսկողության առարկա է դարձել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կողմից պահպանվել են, պահպանվում են և շարունակելու են պահպանվել համապատասխան որոշմամբ սահմանված բոլոր պահանջները, ընդհուպ մինչև ոչ թե 1.5 այլ 2.8 մետր հեռավորություն ապահովելով: Մենք հոգ ենք տանում մեր, մեր աշխատակիցների առողջության և կյանքի մասին, ուստի ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ պաշտպանության միջոցները՝ համավարակի տարածումը կանխելու և տարածման պատճառ չհանդիսանալու համար: Ուստի խնդրում ենք Ձեզ չխոչնդոտել մեր կողմից բնականոն գործունեության իրականացմանը և զերծ մնալ մեր խոսքի ազատության իրավունքի հակաօրինական սահմանափակումներ թույլ տալուց:

Միաժամանակ գտնում ենք, որ Ձեր կողմից խախտվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որպիսի պայմաններում Ձեր կողմից կայացված վարչական ակտը, որը բացասական հետևանքներ կնախատեսի մեզ համար, կդիտվի ոչ իրավաչափ և կբեկանվի դատական կարգով:

Այսպիսով, համաձայն «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով»:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:

Վկայակոչված իրավադրույթների համակցված վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ վարչական մարմիններն իրենց պարտականություններն իրականացնելիս պարտավոր են յուրաքանչյուր դեպքում ելնել սահմանված սզբունքներից և չիրականացնել գործունեություն, որը որևէ կերպ կխախտի սահմանված սկզբունքներից առնվազն մեկը: Նշյալը համապարտադիր պահանջ է և ենթակա է կատարման անգամ արտակարգ դրության և դրա ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում:

Այսպիսով, օրենսդրորեն արգելվում է վարչական մարմիններին լիազորությունների չարաշահումն ու որոշակի գործողությունների իրականացումը, որը չի բխում օրենսրդրորեն ամրագրված նպատակներից և կրում է կամայական բնույթ: Վարչական մարմինները պարտավոր են բոլորի նկատմամբ դրսևորել հավասար, համաչափ մոտեցում և համանման փաստական հանգամանքների պայմաններում կիրառել միանման միջոցառումներ, այլապես առկա է վարչարարության սկզբունքի խախտում:

Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ որոշակիորեն խոսքի ազատությունը «լռեցնելու» քողարկված նպատակ են հետապնդում (ի թիվս այլի «սառեցնող էֆֆեկտի» վերաբերյալ հիշատակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման մեջ):

Միաժամանակ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները գտնում ենք, որ տվյալ դեպքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից չի իրականացվել որևէ գործողություն, որն իր մեջ պարունակում է վարչական իրավախախտում կատարելու պարտադիր տարրերը՝ զանցակազմը առհասարակ բացակայում է:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի282-րդ հոդվածի համաձայն՝

Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
 
1) վարչական տույժ նշանակելու մասին.
 
2) գործի վարույթը կարճելու մասին:
 
Վերոգրյալից բխում է, որ իմ նկատմամբ չէր կարող սկսվել վարույթ, քանի որ իմ գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման դեպքը և կազմը:Իսկ արդեն իսկ ապօրինի կերպով սկսված վարույթը ենթակա է կարճման:
 
Բացի այդ ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
 
Սույն դեպքում վարչական իրավախախտման վարույթ հարուցելիս վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամքնների բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում, քանի որ վերջիններիս ներկայացվել է բավարար հիմնավորումներ այն մասին, որ Ընկերությունը իրականացնում է արտադրական գործունեություն, որը Պարետի համապատասխան որոշմամբ ունի այլ կարգավորումներ,որի պարագայում որևէ իրավախախտում իմ կողմից չի կատարվել և վարչական մարմնի կողմից վարչական վարույթ չէր կարող հարուցվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից վարչարարության շրջանակներում հիմնովին խախտվել են կամայականության արգելքի, համաչափության, օրինականության և վարչական վարույթի բազմակողմանիության սկզբունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ իմ գործողություններում բացակայում է իրավախախտման դեպքը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 282 –րդ հոդվածի 2-րդ կետի դրույթով՝
 
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ
 
Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով:
 
Հարգանքով՝
5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica