close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարսանիք է, հարսանիք …

Հասարակություն

7 Հուլիսի 2020, 00:01
 Հարսանիք է, հարսանիք …

Աշխարհում հայտարարված է կորոնավիրուսի համավարակ, սակայն այն չի խանգարում կատարելու հարսանիքներ: Ճիշտ է, առաջվա նման հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, կերուխումով չեն կատարում հարսանիքները, կան սահմանափակումներ, բայց կյանքը շարունակվում է: Իսկ ինչպե՞ս են վաղ անցյալում կատարել կամ հիմա կատարում հայկական հարսանիքները: Սկսենք իրավական հիմքից:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը   2011թ. հոկտեմբերին ընդունել է  «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը: Այդ օրենքի նպատակասլաց կիրարկումը կարեւոր դեր կարող է կատարել մեր ազգային արժեքների պահպանման, արմատավորման եւ իրացման գործում:

Օրենքի գործունեության ոլորտները բազմազան են. անդրադառնանք միայն Մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված «ժողովրդական սովորույթներ»  դրույթին:     

Հայտնի է, որ սովորույթների եւ ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը: Որեւէ ազգի, նրա մշակույթի մասին խոսելիս պետք է նախ եւ առաջ հաշվի առնել ազգային սովորույթները եւ ավանդույթները, որոնք անպայման արտացոլվում են ժողովրդական ստեղծագործություններում:

Ավանդույթների միջոցով են հասարակական հարաբերություններում ծնվում ազգային գաղափարախոսությունը եւ բարքերը: Դրանք նոր սերնդի մեջ այն հատկությունների վերարտադրության գործընթացներն են, որոնք հղկվել են պատմության ընթացքում, տվյալ ժողովրդի կողմից, ըստ ավանդական մշակույթի պահանջների:

Ավանդույթներն ուսուցողական եւ դաստիարակչական դեր ունեն, եւ դրանց վերջնական նպատակը հաջորդ սերունդներին այն հունով տանելն է, որով զարգացել է տվյալ ժողովրդի ավագ սերունդը:

Ի տարբերություն ավանդույթների, սովորույթը որոշակի իրավիճակում միշտ որոշակի պահանջ է ներկայացնում մարդու հոգեւոր հատկությունների նկատմամբ: Սովորույթը մանրամասն ազդարարում է՝  ինչր կարելի է եւ ինչը չի կարելի անել, թեեւ չի մանրամասնում, թե ինչպես պետք է անել: Սովորույթը սերունդների վարքի ուղղորդումն է կոնկրետ իրավիճակում` գործողությունների մանրամասն կանոնակարգումով:

Սովորույթները եւ ավանդույթները հիմնականում ունեն երկու գործառույթ.

ա) հասարակական հարաբերությունների կայունացման միջոց են,

բ) իրականացնում են հարաբերությունների վերարտադրությունը նոր սերնդի կյանքում:

Չնայած իրենց տարբերություններին, սովորույթները եւ ավանդույթները կատարում են ընդհանուր` հասարակական հարաբերությունների կայունացման եւ վերարտադրության դեր: Երկուսն էլ ներկայացնում են «սոցիալական ժառանգության» սերունդների հաղորդականության մեխանիզմներ: Նրանք իրենց այդ գործառույթն իրականացնում են տարբեր ճանապարհներով եւ միջոցներով:  

Սովորույթները եւ ավանդույթները ավելի վառ են արտահայտվում ամուսնության`նոր ընտանիքի կազմավորման ամբողջ գործընթացի ժամանակ (խնամախոսություն, նշանդրեք, պսակ-հարսանիք):     

Արցախյան պատերազմի հաղթանակից հետո հույժ կարեւոր խնդիր է առաջացել համայն հայության համար` վերականգնել հայ  էթնոսի արցախյան հատվածի գենոֆոնդը: Թե ինչքանով է դա հաջողվում, դժվար է մխիթարող բառեր գտնել, բայց, այնուամենայնիվ, բռնագաղթածները, բռնատեղահանվածներն ու ինքնակամ հեռացածները  մասամբ  վերադառնում  են  իրենց բնօրրանները, բազմազավակ ընտանիքների թիվը, թեկուզ շատ դանդաղ, բայց ավելանում է, հարսանիքներն էլ չեն պակասում:

Արցախում 2008 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել  զանգվածային հարսանիք, որի ընթացքում ամուսնացել է 674 զույգ։ «Մեծ հարսանիքը» նախաձեռնել է հայտնի բարերար, ազգային գործիչ Լեւոն Հայրապետյանը: Նրա նպատակը Արցախի ժողովրդագրական պատկերի փոխմանն էր միտված, երազանքն էր՝ Արցախն ունենա  300 հազար բնակիչ: Իսկ ինչպե՞ս է կատարվում ժամանակակից հայի հարսանիքը: 

Սովետական ժամանակաշրջանում ձեւափոխել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը: Այն իր խորը կնիքն է թողել ժամանակակից հայի հարսանիքի վրա: Մի կողմից՝ վաղ անցյալի ժառանգությունը, մյուս կողմից` հոգեւորի զարթոնքը (նկատի ունենք քրիստոնեությունը` ի դեմս Հայ առաքելական եկեղեցու,  թեկուզ դանդաղ, բայց հաստատուն մուտքը հայի ապրելակերպի մեջ) ժամանակակից հայի մոտ առաջացրել է երկընտրանք` պսա՞կ (հոգեւոր իմաստով եւ ավանդական ձեւով), թե՞ հարսանիք (աշխարհիկ իմաստով ու խառը ձեւով): Վերջերս էլ ինքնաբերաբար` առանց որեւէ  հիմնավորման, ձեւավորվել է պսակի եւ հարսանիքի գռեհիկ միախառնման տարբերակը:

Դարեր շարունակ հայ քրիստոնյան կատարել ու կատարում  է  Պսակի խորհուրդը:

Այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են եւ ստանում Սուրբ Հոգու շնորհը, որով այդ միությունը, որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար` ունենալու զավակներ եւ նրանց դաստիարակելու քրիստոնեական ոգով:    

Պսակի սուրբ խորհրդով  այր ու կին «ստանում են աստվածային օրհնություն», խորհրդավորապես միանում միմյանց՝  «դառնում մեկ մարմին, եւ մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով»  ըստ  Քրիստոսի եւ իր Եկեղեցու միության օրինակի,  նվիրվում են Աստծո արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն:

Այս ճանապարհին ամուսինները ոչ միայն պետք է արտաքին պարկեշտությունը պահպանեն,  այլեւ ներքին` հոգեւորը: Այնպես որ, ամուսնության մեջ մարմնականը չպետք է գերակշռի, այլ հոգեւորը:  Մասնավորապես, պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը` հոգեւոր ուրախության եւ աստվածատուր շնորհի: Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, եւ պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից: Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե´ ուրախությունները եւ թե´  դառնությունները միասին պետք է ճաշակեն:

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը  լինեն մկրտված եւ դրոշմված: Եկեղեցին արգելում է որեւէ  քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն:

Փոխադարձ  սիրո հիմքը միահավատությունն է, որովհետեւ հավատքով է աճում մարդկանց հոգեւոր կյանքը: Տղամարդը տան գլուխն է, կինը` սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ:

Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից` խաչեղբոր եւ ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակն  անվավեր է: Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որեւէ մեկը մահանում է: Եկեղեցին երկու անգամ թույլ է տալիս կատարել Պսակի խորհուրդը՝ «Կանոն կույսի պսակի» եւ «Կանոն երկրորդ պսակի»: Երրորդ պսակն անթույլատրելի է:

Հայոց եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետեւյալ պարագաներում.

1. Պոռնկության դեպքում:

2. Երբ ամուսիններից մեկը վարակված է անբուժելի եւ վարակիչ հիվանդությամբ:

3. Երբ ամուսիններից մեկը դիվահար է կամ խելագար:

4. Երբ ամուսիններից մեկը 7 տարի բացակայում է տնից:

Պսակն անվավեր է, երբ.

1. Գաղտնի է կատարվում:

2. Բռնությամբ է կատարվում:

3. Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի:

Ամլության պատճառով ամուսնալուծում չի կատարվում: Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսեւորումներ կան:

Պսակի խորհուրդը Եկեղեցին է կատարում, եւ միայն կաթողիկոսն է, ով իրավունք ունի այն լուծելու:

Եվ այսպես, պսակի խորհուրդը եկեղեցում կատարելուց հետո հայ քրիստոնյաները, ընդունված ծիսակարգի համաձայն, հավաքվելով հարսանեկան ճոխ սեղանի շուրջ, խնջույք են կազմակերպում եւ շնորհավորում պսակը:

Աշոտ Սարգսյան

Հգ. Հաջորդ համարում կանդրադառնանք հարսանեկան ծիսակարգին, կխոսենք հարսանեկան խնջույքի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք, ըստ ամենայնի, չեն համապատասխանում հայկական համ ու հոտով ուրախ հարսանեկան ավանդական ծիսակատարությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica