close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ե՞րբ, ու՞մ և որտե՞ղ դավաճանեց Դաշնակցությունը

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 16:05
 Ե՞րբ, ու՞մ և որտե՞ղ դավաճանեց Դաշնակցությունը

ՀՅԴ-ին դավաճանության մեջ մեղադրողների շարքում շատերը կգտնեն իրենց: Սույն զրույցում կփորձենք ավելի ազնիվ լինել միմյանց նկատմամբ:

«Դաշնակները էն գլխից էլ դավաճանել են ժողովրդին», «դաշնակները համագործակցել են Երիտթուրքերի հետ», «դաշկակները ծախեցին առաջին հանրապետությունը»: Իմ կուսակցությանը նմանատիպ բազմաթիվ որակավորումներով տվող սիրելի հայրենակից, ես, որպես դաշնակցական դիմում եմ քեզ:

 Ի՞նչ է դավաճանությունը: Դավաճանում են նրանք, ում մարդիկ հավատում են և հույսեր կապում նրանց հետ: Դավաճանություն կարելի է որակել այդ հավատի և հույսերի խորտակումն ու ուրացումը: Սիրելի՛ հայրենակից, ե՞րբ և ո՞ր պարագայում ես վստահել ու հավատացել մեզ, որ այժմ դավաճանված ես զգում մեր կողմից: 

Դու ինձ ու իմ կուսակցությանը մեղադրում ես երիտթուրքերի հետ համագործակցության մեջ, արդյո՞ք դու ծանոթ ես այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում տիրող հասարակական-քաղաքական տրամադրություններին: Ի՞նչ աղբյուրներից և որքանո՞վ ես վստահ, որ ունեցած կամ չունեցած տեղեկությունները բացարձակ ճշմարտություն են: Թե քեզ ուղղակի գայթակղում է երիտթուրք բառը՝ նման մեղադրանք նեկայացնելու համար:

Սիրելի՛ հայրենակից, արդյոք տեղյա՞կ ես, որ այդ ժամանակաշրջանում, հայ ժողովրդի առաջին դահիճն ու ջարդարարը սուլթան Աբդուլ  Համիդն էր, որի հետագա կառավարման ընթացքը ուղղակիորեն սպառնալիք էր հայության ֆիզիկական գոյության հանդեպ, և նրա դրա դեմ դուրս եկած ուժերի հետ համագործակցության մերժումը նշանակելու էր Համիդին աջակցություն, ինչի արդյունքում էլ այսօր դու մեզ մեղադրելու էիր արյունարբու սուլթանի տապալմանը մասնակցություն չունենալու համար:

Տեղյա՞կ ես, արդյոք, որ սուլթանի դեմ երիտթուրքերի հետ համագործակցում էր ոչ միայն Դաշնակցությունը, այլև Օսմանյան կայսրության այլ հպատակ ժողովուրդների (հրեական, արաբական, մակեդոնական) հասարակական-քաղաքական ղեկավար և առաջատար շրջանակները: Տեղյա՞կ ես՝ այդ ժողովուրդների ներկայացուցիչները դավաճան անվանո՞ւմ են այդ ժամանակաշրջանի իրենց ղեկավար գործիչներին, որոնք համագործակցել են թուրքերի հետ:

Առաջին հանրապետության անկման մեջ մեզ մեղադրող սիրելի հայրենակից, տեղյա՞կ ես, արդյոք, Առաջին Հանրապետոության ստեղծմանն ու պատմությանը, որ դավաճան ես անվանում այդ ժամանակաշրջանի մեր պատմությունը կերտող անհատականությունների՝ Արամի, Դրոյի, Քաջազնունու, Նժդեհի, Նիկոլ Աղբալյանի կուսակցությանը: Ծանո՞թ ես այդ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական խճանկարին, Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի փոխհարաբերություններին:

Սիրելի հայրենակից, տեղյա՞կ ես, արդյոք թե ինչպես էին գնդակահարվում, բանտարկվում և աքսորվում մեր հայրենակից սպաներն ու զինվորները, որոնք մեր ժողովրդին պաշտպանել և հաղթանակ էին պարգևել Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսային ճակատամարտերում: 

Մեր ժողովրդին թուրքական սրից պաշտպանած զինվորականությանը կոտորում էին իմ ու քո հայրենակից Ավիս Նուրիջանյանի հրամանով և ղեկավարությամբ: Նույն այն Նուրիջանյանի, որը չէր մասնակցել Մայիսյան հերոսամարտերին: Այո, հայրենիքի պաշտպաններին գնդակահարում էին, նույն այդ հայրենիքի դասալիքները:

Սիրելի հայրենակից, ի վերջո որտե՞ղ է քեզ դավաճանել Դաշնակցությունը:

Դավաճանու՞մ էր 1903 թվականին, երբ Ցարական Ռուսաստանի դեմ պայքարում էր Հայ Առաքելական եկեղեցու իրավունքների համար: 1918 թվականի՞ն, երբ մոխիրներից պետականություն էր կերտվում: ՀՅԴ-ն դավաճանել է «Նեմեսիս» գործողությունները իրականացնելու ժամանա՞կ, երբ մահապատժի էր ենթարկում Ցեղասպանության կազմակերպիչներին, պաշտպանելով իմ ու քո ազգային արժանապատվությունը: Սփյուռքու՞մ, որ կազմակերպում և օժանդակում է հայկական գաղթօջախների կայացմանն ու զարգացմանը: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանա՞կ, երբ կազմակերպում և գլխավորում էր հայության ինքնապաշտպանությունը: Արցախյան պատերազմի տարիների՞ն, երբ իր բազմաթիվ անդամների կյանքեր մատուցեց մեր ժողովրդի ազատության պայքարի զոհասեղանին: Դաշնակցությունը, դավաճանեց 2016 թ. ապրիլի՞ն, երբ առանձին գումարտակով իր վրա վերցրեց Արցախի սահմանների առաջնագծի մի մասի պաշտպանության գործը: 2018 թ. ժողովրդային շարժման օրերի՞ն, երբ կանգնեց ժողովրդի կողմից ձևակերպված արդարացի ընդվզման կողքին, միևնույն ժամանակ թույլ չտալով, որպեսզի խորհրդարանում անձեռնմխելիությունից զրկեն և ձերբակալեն այդ շարժման առաջնորդին:

Սիրելի հայրենակից, ես և իմ ընկերները, որպես դաշնակցականներ, ունենք բազմաթիվ թերություններ և սխալներ, որոնց մասին դիտողություններ և քննադատություններ միշտ էլ պատրաստ ենք լսել և հարկ եղած դեպքում նաև հրապարակավ ընդունել: 

Ես հույս ունեմ, որ այս զրույցի տողերի մեջ մեզանից շատերը կգտնեն իրենց հասցեագրված մտքեր, որոնք կվերաբերվեն թե՛ մեզ քննադատողներին, թե՛ մեզ պաշտպանողներին:

Եվ եթե մենք, պատրաստ ենք ազնիվ լինել ինքներս մեր նկատմամբ, փորձենք հարցադրումների մեջ խորանալով հասկանալ, թե, ով, երբ և ինչու է դավաճանել և ինչքանով է արժանի նման որակավորման:

Առաջին մասն՝ այստեղ.

Գերասիմ Վարդանյան 

ՀՅ Դաշնակցության անդամ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica