close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շնորհավոր ծնունդդ սիրելի Ռազմիկ Դավոյան

Մշակույթ

3 Հուլիսի 2020, 14:24
 Շնորհավոր ծնունդդ սիրելի Ռազմիկ Դավոյան

Աներկբա խոստովանենք՝ մեր ժամանակի մեծագույն գրողներից Ռազմիկ Դավոյանը իր գրականությամբ կամրջեց անցյալն ու ներկան՝ բացելով հավիտենականություն գնացող ճանապարհի դուռը։

Սիրելի գրողը այսօր դարձավ 80 տարեկան։ Ոչ շատ է, ոչ քիչ։ Բայց մի բան հաստատ է, այս ամբողջ տարիների ընթացքում նա իր ներկայությամբ կարողացավ բովանդակել այն միջավայրը, ուր գտնվեց։ Ղեկավարեց Հայաստանի գրողների միությունը, եղավ Հայաստանի նախագահի խորհրդական, Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադիր անդամներից մեկը, ակտիվ գործունեություն ունեցավ հասարակական -քաղաքական կյանքում։ Նրա ապրած տարիները նաև մերն է. քանի սերունդ և դեռ սերունդներ նրա ստեղծագործություններով պիտի հաղորդակցվեն ոչ միայն բարձրարժեք գեղարվեստին, այլ ապրեն մարդկային բոլոր այն հոգեվիճակները, որոնք Դավոյան բանաստեղծը հանճարի ուժով փոխանցել է մեզ։

Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական թախիծը մեզ չի հուսահատեցնում, այն անակնկալ ներս է մտնում, բիբերի խոնավ ճանապարհով, թափանցում էությանդ մեջ, իսկ հետո․ հետո մարդն իրեն ապաքինված է զգում, լավատես է դառնում և հավատով նայում աշխարհին։ Նա զարմանալի անկեղծ ու անմիջական է, երբեք չի վարանում ընթերցողին հաղորդակից դարձնել իր ապրումներին։ Բանաստեղծի հոգին հաճախ է տագնապել անդեմ ու անանուն լռությունից։ Սակայն նա նորից տուն է դառնում իր մենակությունը, իր շուրջը ծովացած լռությունը ցրելու հույսով։

Ռազմիկ Դավոյան-բանաստեղծին հաջողվել է ստեղծել միանգամյան կենդանի ու շոշափելի պատկերներ, քեզ թվում է, թե զգում ու տեսնում ես դրանք։ Ահա ինչպիսի պատկեր է ստեղծում նա երկնքի երկունքը ցույց տալու համար. Երկինքն արևի պայծառությունը Կորցնելու համար; Լալիս է հուզված։ Ռազմիկ Դավոյանը ահա այսպես է բառը դարձնում զգացմունք։ Մի առիթով նա գրել է,- ամենակարևորը ինձ համար այն է, որ անդավաճան մնամ իմ կոչմանը, սուտ չգրեմ, որ դուք չհավատաք: Մենք Ռազմիկ Դավոյան բանաստեղծին ու մարդուն հավատում ենք անվերապահ։ Այդ հավատը նա վաստակել է ութսուն տարիների ընթացքում։ Կրկին շնորհավոր սիրելի բանաստեղծ։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր բանաստեղծ, հրապարակագիր և հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակն է։ 

Ռուզան Առաքելյան

«Համազգայինի» երևանյան գրասենյակի կողմից

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica