close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի իշխանության անհետևողական, հայեցակարգ չունեցող քաղաքականությունը Արցախի հարցում հետևանք է ունենում․ Աննա Կարապետյան

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 17:34
 Հայաստանի իշխանության անհետևողական, հայեցակարգ չունեցող քաղաքականությունը Արցախի հարցում հետևանք է ունենում․ Աննա Կարապետյան

Եվրոպական գրեթե բոլոր հարթակներում ականատես ենք լինում, որ Ադրբեջանի առաջ մղած թեզերը շատ ավելի ընկալելի և ընդունելի են դառնում, քան Հայաստանինը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

«Դա հետևանք է Հայաստանի անհետևողական, հայեցակարգ չունեցող քաղաքականության։ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումը միշտ եղել է հիմնավորված և ընկալելի միջնորդների և միջազգային հանրության համար,  բայց այսօր ունենք Հայաստանի իշխանություն, որն անընդհատ իրար հակասող հայտարարություններ է անում․ մեկ՝ խաղաղություն է կառուցում, մեկ՝ սպառնում է, մեկ՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին է խոսում, մեկ՝ ասում է, որ  Արցախը Հայաստան է․․․ բայց, ընդհանուր առմամբ, չկա մեկ ընդհանուր ձեռագիր և քաղաքականություն, հետևաբար, Հայաստանը ընկալվում է որպես անկանխատեսելի, անհասկանալի երկիր, որին դժվար է կառոցողական համարել»,-նշեց նա։

Նրա համոզմամբ, որքան էլ Փաշինյանը փորձի իր այդ ոչ արդյունավետ, արհեստական թեզով, որ՝ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ այդ թվում Ադրբեջանի ժողովրդի համար, որ ցույց տա, որ ինքը կառուցողական է, սակայն քանի որ նա բոլոր հարցերում անհետևողական ու անկանխաեսելի է, ինքնին արդեն կառուցողական ընկալվել չի կարող։

Սա, իհարկե, հետևանք է ունենում արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Վկայությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած դատապարտող Հայտարարությունը դեպի Արցախ ճանապարհի կառուցման մասին։

«Այդ հայտարարության ընդունումը ակնհայտ Ադրբեջանական նախաձեռնություն էր, որը ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանը բավական ուժեղ է, բավական ընկալելի է, ինչն ինքնին աննորմալ է, որովհետև չի կարող կենսականորեն անհրաժեշտ ճանապարհի շինարարությունը Եվրոպայի խորհրդարանում այդպիսի արձագանք ստանալ՝ հաշվի առնելով Եվրոպայի արժեքները, և չի կարող հավասարության նշան դրվել ճանապարհի շինարարության և Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության միջև։ Սա մի կողմից մեր թերացումն է, մյուս կողմից՝ Ադրբեջանի դիրքերի հետևողական ամրապնդումը»,-ասաց Աննա Կարապետյանը։

Ադրբեջանը օգտվում է Հայաստանի արտաքին հակասական քաղաքականությունից, ներքաղաքական գործընթացների վերաբերյալ Եվրոպայում ձևավորված բացասական տրամադրություններից և գնալով ուժեղացնում դիրքերը՝ օգտվելով Հայաստանի դիրքերի թուլացումից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նոր չեն, բայց  ակնհայտ է, որ ունենք տոնայնության փոփոխություն՝ նկատեց քաղաքագետը։

«Եթե առաջ դա պատերազմի սպառնալիք էր, հիմա արդեն հայտարարություններ են, որ՝ ես իրավունք ունեմ ուժով վերականգնել իմ երկրի տարածքային ամբողջականությունը և նման այլ բաներ։ Առավել ևս, չթաքցնելով այս տոնայնության աճը, ցույց են տալիս, որ Ալիևն այսօր իրեն առավել ամուր է զգում բանակցային գործընթացում, քան երբևէ»,-նշեց Աննա Կարապետյանը։

Նրա համոզմամբ՝ նախկինում բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը ապակառուցողական է, Հայաստանը՝ կառուցողական, հետևաբար կար նաև ուղղակի ճնշում Ալիևի վրա և Ալիևը ինքն էլ խոստովանել էր, որ՝ միջանցքներում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Այսօր իրավիճակը փոխված է և Ալիևը փորձում է ցույց տալ, որ, այո, ինքն ագրեսիվ է, սակայն ոչ թե ինքն է ապակառուցողական, այլ Հայաստանն է այնքան ապակառուցողական, որ ինքը, դրանից ելնելով, իրավունք է ստանում այդպես անել։

«Այսինքն, փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ և սեփական գործողությունները դրանով արդարացնել։ Իհարկե, դա անըդունելի է և որևէ կերպ ընկալելի լինել չի կարող, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք դրա հետ և պետք է դա հաշվի առնելով մեր քայլերը, գործողությունները ծրագրենք»,-ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը։

Ադրբեջանը, ըստ նրա, փորձում է միանգամից երկու բան․ իր թեզերը դաշտ բերելով մի կողմից ստուգում է միջազգային հանրության արձագանքը, և երբ եվրոպական կողմը կամ միջնորդները չեն արձագանքում կոշտ կերպով, կամ տեղիք են տալիս Ադրբեջանի քաղաքականությանը, դա Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես իր այդ քաղաքականության աջակցություն և ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, Ադրբեջանն ընկալում է, որ դա ընդունելի է և դրանից բխող արդեն մյուս գործողությունները հնարավոր է շատ կոշտ արձագանք չստանան։

Երկրորդը՝ նույնը պրոյեկտում է Հայաստանի վրա․ աստիճանաբար մեծացնելով իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, Ադրբեջանը ստուգում է, թե ինչպես է Հայաստանի հանրությունը դրան արձագանքում, ինչպես են իշխանությունները արձագանքում՝ հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կունենան իր քայլերը։

Եվ երբ տեսնում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են չնկատել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը ագրեսիվանում է, փորձում են հանրությանը ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, «ադրբեջանական համայնք» կոչվածի ակտիվացումը, ասենք, փորձում են չնկատել, Ադրբեջանն էլ օգտվում է դրանից։ Քաղաքագետի համոզմամբ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանը զգոն չէ, նույնիսկ հակառակը՝ Հայաստանի իշխանությունը փոխանակ հանրության շրջանում համապատասխան արձագանքներ առաջացնելու, փորձում է հանրությանը ներշնչել, որ ամեն ինչ լավ է, այստեղ նույնպես լուրջ խնդիր է առաջանում Հայաստանի համար։

Իշխանությունները, հայտնի խողովակով, կրկին հիշեցրին Լևոն Տեր-Պետրոսյան պարտվողական թեզը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» խորագրով։ Աննա Կարապետյանը նկատեց, որ ցանկացած երկրում կա այլակարծություն, բայց հանրությունը իրավունք չունի կորցնել իր զգոնությունը։

«Հաղթանակած ժողովուրդը իրավունք չունի պարտվողական տրամադրություններին տեղիք տալ։ Ի սկզբանե այդ թեզը՝ «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ», իր արձագանքը ստացավ 1998 թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գաղափարը կրողը լինելու համար ստիպված եղավ հրաժարական տալ։ Չեմ կարծում, որ դրանից հետո հայ ժողովրդի մոտեցումները, կարծիքները այդ հարցի նկատմամբ փոխվել են կամ կարող են փոխվել»,-ասաց նա։

Իշխանությունների քաղաքականությունը, հակասականությունը մեկ բան է, նկատեց քաղաքագետը, բայց հանրային տրամադրությունն ու հանրային իմունիտետը մեկ այլ բան և 2016 թ-ի ապրիլին, ըստ նրա, հայ ժողովուրդը ցույց տվեց, թե որն է իր ցանկությունը և այստեղ որևէ փոփոխություն լինել չի կարող։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica