close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որակական փոփոխութիւնն անխուսափելի է

Սփյուռքի ձայնը

2 Հուլիսի 2020, 17:35
 Որակական փոփոխութիւնն անխուսափելի է

Հարցազրոյց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումեանի հետ

— Հարգելի՛ ընկեր Վիգեն, նախահամաճարակային ամիսներին բավականին բուռն իրադարձություններ տեղի ունեցան Իրանի շուրջ: Նկատի ունեմ տարածաշրջանային հարցերը, ամերիկյան պատժամիջոցները, որոնք չընդհատվեցին անգամ, երբ համաճարակի պատճառով որոշակի զինադադար հաստատվեց ամենուր: Այդ քաղաքականությունը բացասական ազդեցություն էր թողնում Իրանի տնտեսության, ինչպես և հանրային տրամադրությունների վրա: Ներկայումս ինչպիսի՞ մթնոլորտ է Իրանում ներքին ու արտաքին խնդիրների առնչությամբ, և կարելի՞ է ասել, թե համաշխարհային իրավիճակների բերումով, այսպես ասած, ժամանակավոր զինադադար է հաստատված արտաքին ճակատում:

— ԱՄՆի ներկայ վարչախումբը նոյնիսկ համաճարակից յետոյ պատժամիջոցները չդադարեցրեց։ Ընդհակառակը՝ դրանք աւելի շեշտակի բնոյթ ստացան։

Այն, որ այս բազմամեայ ու բազմապիսի պատժամիջոցները անչափելի վնաս են հասցրել Իրանի տնտեսութեանը, եւ ոչ միայն, կասկածից վեր է։

Այն, որ կենսամակարդակը մի քանի անգամ անկում է արձանագրել, անհերքելի փաստ է։

Միայն մի օրինակ բերեմ: Անցնող 2-3 տարիների հետ համեմատած` նաւթի վաճառքի գները (զուտ արտադրական ծախսերը հանած) կիսուել են, իսկ արտահանման ծաւալները` 4-5 անգամ նուազել։ Հետեւաբար նաւթի վաճառքից ստացուած եկամուտը 8-10 անգամ անկում է արձանագրել։ Սակայն, միւս կողմից, որոշակի բնագաւառներում Իրանին յաջողուեց ճարտարուեստական զարգացում ապահովել։

Լինելով մեծ ու հարուստ երկիր` այդ անկումը չի հանգեցրել սոցիալական սուր տագնապի, եւ կարելի է ասել` կեանքը քիչ թէ շատ բնականոն հունի մէջ է։

Արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան առումով Իրանի կարեւորագոյն դաշնակիցները ՌԴն եւ Չինաստանն են։ Այդ առումով, եթէ անակնկալներ չլինեն, ապա դժուար թէ ռազմական ծանր գործողութիւնների դուռ բացուի, յատկապէս նկատի առնելով նաեւ Իրանի հզօր ռազմական ենթակառոյցները, Արեւմուտքի դաշնակից եւ Իրանի հարեւանութեամբ գտնուող երկրների խոցելիութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում բազմաթիւ դաշնակից խմբաւորումների անվերապահ հաւատարմութիւնը Իրանին։

— Չինաստանից հետո համաշխարհային համավարակը կարծես թե ամենից ուժեղ հարվածեց Իրանին: Նախնական տպավորություն էր, թե այս երկիրը կունենա մեծագույն կորուստներ, և մեծ հարց էր թվում, թե իշխանությունները որքանով ունակ կլինեն վերահսկելիության շրջանակում պահելու իրավիճակը: Իսլամական այս երկիրն աղետի դեմ պայքարում համեմատաբար լավ արդյունք և նվազ կորուստներ գրանցեց, քան աշխարհի ամենազարգացածը համարվող շատ երկրներ: Ի՞նչ գործոններով կբացատրեք այս երևույթը:

— Դուք գիտէք, որ ամբողջ աշխարհում յայտարարուած թւային տուեալները կորուստների եւ յատկապէս վարակուածների մասին 100 տոկոսով ճշգրիտ չեն։

Յաճախ խնդիրը ոչ թէ թաքցնելը կամ կեղծելն է, ինչը Արեւմտեան որոշ շրջանակներ խարդախօրէն փորձում են վերագրել իրենց մրցակից պետութիւններին, այդ թւում` նաեւ Իրանին, այլ տուեալների ճշգրիտ գնահատման, զեկուցման, կենտրոնացման ու համակարգման շղթայում թոյլ տրուած վրիպակներն են, նաեւ առողջապահական ու բժշկական արդիական միջոցների անբաւարար քանակն ու որակը։Հետեւաբար կարծում եմ` դեռեւս հնարաւոր չէ կանխատեսել վերջնական պատկերը։

Այն, որ Իրանում այս կամ այն չափով կարելին արուել է, համաձայն եմ, բայց բաւարար հետեւողականութեամբ սահմանափակումները չեն պարտադրուել ու մարդկանց կողմից չեն յարգուել, յատկապէս ճամփորդութիւնների, մեծ ու բազմապիսի ոչ ահրաժեշտ հաւաքների եւ հանրային փոխադրամիջոցների ապահով օգտագործման հետ կապուած։ Ժամանակից շուտ արգելքներն ու սահմանափակումները զանց առնելը սխալ պատգամ է փոխանցում հանրութեանը եւ կարող է կացութիւնը անվերահսկելի դարձնել՝ հասկանալով հանդերձ տնտեսութեան վերաշխուժացման հետ կապուած անհերքելի մտահոգութիւնները։

— Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում Իրանի հայկական կազմակերպությունների և մասնավորապես ՀՅԴ-ի ու վերջինիս ուղեկից կառույցների կողմից այս դժվարին օրերին հայկական համայնքներին աջակցելու գործում:

— Իրանահայ համայնքը ղեկավարւում է աշխարհագրական բաժանման հիմունքով պատմութեան ընթացքում ձեւաւորուած երեք նմանատիպ կառոյցների միջոցով` Թեհրանի, Իսֆահանի (Նոր Ջուղա) եւ Թաւրիզի թեմական կառոյցներով։ Սրանցից իւրաքանչիւրը ունի իր իշխանութիւնը՝ Պատգամաւորական ժողովը, եւ դրանից բխած գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը։ Ամբողջապէս համայնքի անդամների քուէներով ընտրուած այս երեք կառոյցները, գործելով միմեանցից անկախ, մտնում են Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանու ներքոյ։

ՀՅԴ տեղական մարմինները կարեւոր դերակատարութիւն ունեն սոյն կառոյցների գործունէութեան մէջ ընդհանրապէս, ինչպէս նաեւ համաճարակի պայմաններում կարիքաւոր զանգուածին աջակցութիւն հասցնելու գործում։ Կարելի է ասել՝ համայնքի կարիքաւոր հատուածին ուղղուած օժանդակութիւնների աշխատանքը մեծ չափով կենտրոնացած է Թեմական խորհուրդներում։ Գոյութիւն ունեն նաեւ բարեսիրական, եկեղեցական, կանանց եւ այլ միաւորներ, որոնց մի մասը նորից կապուած է եւ զեկուցում է ազգային երեք առաջնորդարաններին։

Հասցէագրուած օժանդակութիւնները գոյանում են համայնքում հանգանակութիւններ կազմակերպելով, ինչպէս սփիւռքեան միւս համայնքներում, հաշուի առնելով այն իրողութիւնը, որ մեր կառոյցները առանձնաբար եկամուտի այլ աղբիւրներ չունեն։ Միեւնոյն ժամանակ առայժմ համայնքում դադարեցուել են մարզական, մշակութային եւ հասարակական միջոցառումները, եկեղեցական արարողութիւնները։

— Գաղտնիք չէ, որ Հայաստանում, ի դեպ նաև Իրանում, հայությունը շատ զգայուն է հայ-իրանական հարաբերությունների հարցում: Սա բնական է, եթե նկատի ունենանք Իրանի` որպես հարևան ու բարեկամ երկրի կարևորությունը մեզ համար: Ի՞նչ վիճակում են ներկայումս այդ հարաբերությունները, որքանո՞վ է շարունակվում փոխադարձ վստահության վրա հիմնված գործակցությունը: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի առիթով վերջերս ցույց տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Այս երևույթը քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակների կողմից: Շատերը սրա մեջ Հայաստանին ուղղված նախազգուշական ուղերձներ տեսան: Նաեւ այս միջադեպին անդրադարձեք խնդրեմ ձեր պատասխանի մեջ:

— Ոչ միայն որպէս հարեւան ու բարեկամ երկիր, այլեւ որպէս ելք դէպի արտաքին աշխարհ։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Հաշուի առնելով մեր հարեւաններից երկուսի խիստ թշնամական դիրքը ՀՀ նկատմամբ` Իրանը եւ Վրաստանը հանդիսանում են մեր 2 բնական ելքերը՝ բոլոր առումներով, այն տարբերութեամբ, որ Իրանը, լինելով շատ աւելի հզօր, ունի առաւել անկախ քաղաքականութիւն եւ ենթակայ չէ սրա-նրա, այդ թւում` Թուրքիայի ճնշումներին։ Նաեւ Իրանը Հայաստանի հետ ունի (քիչ արտայայտուած, բայց իրական) հասարակաց աշխարհաքաղաքական շահ, այն է՝ արգելակել պանթուրքիզմի ագրեսիան, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին։

Այս բոլորը մեզ յուշում են Իրանի հետ յարաբերութիւնների խիստ զգայուն լինելու մասին։

Իմ գնահատմամբ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնները բարեկամական են եւ փոխվստահութեան հիմքի վրայ կառուցուած։ Գոյութիւն ունի երկու կարեւոր հանգամանք, որոնք կարող են խաթարել տարիների ընթացքում ձեւաւորուած լաւ յարաբերութիւնները։ Առաջինը Հայաստանի Հանրապետութեան չափից աւելի թեքումն է դէպի Արեւմուտք, եւ երկրորդը Իսրայէլի հետ կապերը հզօրացնելու որոշումն է։

Հետաքրքիր է` Իսրայէլի հետ դիւանագիտական կապերը հաստատուել են 1992 թ.՝ Լեւոն ՏէրՊետրոսեանի օրօք, իսկ հիմա յարաբերութիւնների մակարդակի բարձրացման խնդիրը մէջտեղ է նետւում Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան ժամանակներում։ Արդեօք սա պէ՞տք է վերագրել ՀՀՇ-իմքայլական միասնութեան մէջ Իսրայէլի համախոհների ակտիւ ներկայութեան։ Հարցն այն է, որ ո՛չ անցեալում եւ ո՛չ էլ այսօր սոյն յարաբերութիւններից մեզ շահ չկայ։ Ընդհակառակը` այն կը վշտացնի Իրանին եւ արաբ-իսլամական որոշ շրջանակներին։

Բայց լիայոյս եմ, որ գոնէ այս հարցով ողջախոհութիւնը կը յաղթի, եւ Իրան-Հայաստան կապերը կը մնան անխախտ, ու երկկողմ շահերն ապահովող բարեկամական մթնոլորտը չի վտանգուի։

— Ոչ պակաս կարևորություն են ներկայացնում Հայաստանի հարաբերությունների բնույթն ու որակը Սփյուռքի հետ: Հայաստանի ներկա իշխանություններն այդ հարաբերությունների և գործակցության աստիճանը նախարարության մակարդակից իջեցրին հանձնակատարի մակարդակի: Խնդրում եմ` գնահատեք ՀայաստանՍփյուռք հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի վերաբերմունքը և իրականացվող քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ:

— Ճիշտ էք, նախարարութիւնը յանձնակատարի գրասենեակով փոխարինելը ոչ մի դրական բան չի ենթադրում, ընդհակառակը` փաստում է այս իշխանութիւնների սխալ պատկերացումներն ու թերագնահատումը։ Անկախ այս քայլից` իշխանութիւնների կիրառած քայլերում նկատելի է մի անընդունելի միտում։

Նրանք Սփիւռքը պատկերացնում են կամ ցանկանում են տեսնել գոյութիւն ունեցող կայացած կառոյցներից դուրս՝ հնարաւորինս շրջանցելով դրանք։ Կառոյցներ, որոնք մի քանի տասնեակ տարիների կենսագրութիւն ունեն եւ գրեթէ միակ դերակատարն են եղել համայնքների՝ Սփիւռքի կազմաւորման գործում։ Ազգային առաջնորդարաններ, կուսակցութիւններ, Հայ դատի կառոյցներ, մշակութային, բարեսիրական, կրթական, մարզական եւ այլ հիմնարկներ, որոնք այսօր կազմում են մի ամբողջական կուռ համակարգ։

Այդ շրջանցման քայլերին զուգահեռ` իշխանութիւնները փորձում են աճեցնել իրենց դրածոներին։ Սա եւս պառակտման տանող գործելաոճ է։ Ապարդիւն։ 30 տարուայ մէջ փորձուած, բայց արագ յետ քաշուած քայլեր։ Պէտք է ասել՝ մի՛ քանդէք եղածը, նորը չէք կարող սարքել։ Այս ոճով Սփիւռքը եւս նոյն ճակատագրին կարժանացնէք, ինչ Հայաստանը։ Բոլորս կը տուժենք, բայց դուք հաստատ չէք շահի։

— Համաժողովրդական խանդավառության ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած կառավարող ուժը օրեցօր կորցնում է իր հեղինակությունը: Սրան զուգահեռ սրվում է ներքաղաքական մթնոլորտը, ավելի ու ավելի շատ ձայներ են լսվում այն մասին, որ ներկա իշխանությունը ոչ միայն ունակ չէ իր խոստացած բարեփոխումներն իրականացնելու, այլև նորանոր վտանգներ է ստեղծում կայացման ընթացքի մեջ գտնվող հայոց պետականության համար: Այս մտահոգությունների շուրջ իր գնահատականներն է հնչեցնում նաև Դաշնակցության ղեկավարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

— Այո՛, դժբախտաբար, բոլոր որոշումներն ու ջղաձգումների պայմաններում արձակուած հրահանգները, չհամապատասխանելով խոստացուած բարեփոխումների ոգուն, հանգեցրին լիակատար ձախողման։

Հենց սկզբից մի կողմ դրուեց շարժման «թաւշեայ» բնոյթը։ Սկսուեցին կրքոտ հետապնդումներ՝ ոչ թէ հիմնուած օրէնքի եւ անկողմնակալութեան վրայ, այլ թիրախաւորուած։ Քինախնդրութիւնը փոխարինեց լայնախոհ արդարամտութեանը։ Յետոյ սկսուեց պառակտման գործընթացը, ապա` ազգայինին յարուածելու քաղաքական գիծը։ Ամբողջ երկու տարի անձնակենտրոն գործելաոճը երկիրը հասցրեց միապետութեան սեմին։ Սա ոչ ոքի համար ցանկալի վերջաբան չէ, բայց հասել է մի տեղ, երբ որակական փոփոխութիւնն անխուսափելի է։

«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica