close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկխոսության պայմանը առողջ բանականությունն է

Քաղաքական

29 Հունիսի 2020, 23:53
 Երկխոսության պայմանը առողջ բանականությունն է

Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարվածության մեջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցության դեմ նույն երգը երգել Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան նախագահների հետ համագործակցության մասին: Հրատապ նշանակությո՞ւն ունի այսօր այդ հարցը, իհարկե ոչ, բայց չեմ կարծում, թե մարդիկ չգիտեն ինչ են անում: Եթե նման հրապարակումները պարզաբանումներ ստանալու նպատակ հետապնդեին իհարկե կարելի էր համապատասխան ձեւով արձագանքել դրանց, բայց երբ. «մեղադրական փաստերի հիման վրա կարդացվում են դատավճիռներ» իհարկե ուշադրություն դարձնելու կարիք չկա, քանի որ Դաշնակցությունը որեւէ մեկի առաջ արդարանալու անհրաժեշտություն չունի: Այնուամենայնիվ երեւույթը պարզաբանել արժե, անդրադառնալով ՀՅԴ-իշխանություններ նախորդող երկու տասնամյակների եւ դրանից էլ այն կողմ անցնող փոխհարաբերությունների թեմային:

Նախ, եթե իշխանությունների հետ փոխհարաբերությունների հարցն է մեջտեղ բերվում ինչո՞ւ խնդիրը չի քննվում ավելի վաղ շրջանից, երբ Դաշնակցությունը նաեւ համադրել է գործողությունները անկախ Հայաստանի առաջին իշխանությունների հետ՝ արցախյան պատերազմական գործողությունների հարցում, կայացման շրջանում, միջազգային ատյաններում, հայկական երկու հանրապետությունների հետապնդած խնդիրների, Ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցությունների ուղղությամբ, օժանդակել է Հայաստանի նորաստեղծ դիվանագիտական ներկայացուցչություններին եւ այլն: Սա կրկնեմ այն տարիներին, երբ Հայաստանում իշխանությունը հալածում էր կուսակցությանը, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր կոշտ կեցվածք էր որդեգրել:

Ի դեպ եթե նման համագործակցությունը այդքան մեծ մեղք է ինչո՞ւ որեւէ քննադատություն չի հնչում այսօրվա վարչապետի հասցեին, ով իր քաղաքական դաստիարակությունը ստացել է ՀՀՇ-ի խոհանոցում, ով եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը 2008 թվականի ընտրություններում՝ առաջնորդվելով Արցախը հանձնելու պլատֆորմով: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա հիշեցնեմ եւս մեկ փաստ, որ գուցեեւ դուր գա Դաշնակցության վարկով խիստ մտահոգներին: 1920 թվականի դեկտեմբերին, իշխանությունը բոլշեւիկյան հեղկոմին հանձնելուց 1-2 օր անց ՀՅԴ բարձրագույն մամինը՝ Բյուրոն շրջաբերական հղեց կուսակցության շարքերին, որով հայտնում էր, որ ինքը հարկադրաբար լքում է երկիրը, սակայն հազարավոր դաշնակցականները կարող են ներգրավվել պետական աշխատանքներում նոր իշխանության պայմաններում շարունակելով ծառայությունը հայրենիքին:

Բոլոր ժամանակներում Դաշնակցությունը տարբերակել է պետությունը իշխանությունից եւ երբեք չի մտահոգվել, թե պետությանն իր ծառայությամբ կարող է ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտակար լինել նաեւ օրվա իշխանություններին: Դաշնակցության համագործակցությունների հարցը քննողները ինչո՞ւ չեն ցանկանում լուսաբանել նաեւ այն հարցը, որ Փաշինյանի առաջարկին ընդառաջելով Դաշնակցությունը դաշինք կազմեց եւ նրա հետ, իսկ այն բանից հետո, երբ խզվեց այդ դաշինքը ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ՀՅԴ-ն այդուհետ էլ շարունակեց աջակցության առաջարկներ ներկայացնել իր կողմից քննադատվող իշխանությանը:

Այստեղ անդրադառնանք հարցին թե ինչո՞ւ մեկ դեպքում ստացվել է ուղղակի համագործակցությունը, իսկ այլ դեպքերում՝ ոչ: Պատճառը շատ պարզ ու ակնհայտ է. ի տարբերություն առաջին եւ չորրորդ ղեկավարների երկրորդն ու երրորդը չէին տառապում ամենագետի, ինքնասիրահարվածի եւ անհանդուրժողի բարդույթներով եւ պատրաստ էին լսելու դիմացինին, քննարկելու եւ համատեղ լուծումներ փնտրելու ազգային այլեւայլ հիմնահարցերի վերաբերյալ: Մոտ քսան տարի Դաշնակցության ղեկավարությունը մշտական շփումների մեջ է եղել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Հաճախ նման քննարկումները ստացել են բանավեճերի բնույթ, հաճախ հաջողվել է ընդհանուր լուծումների հանգել, իսկ հաճախ էլ չի հաջողվել: Պատահել է նաեւ, որ տեսակետների բեւեռացում է եղել եւ օրինակ իշխանության դեմ Դաշնակցությունը ձեռնարկել է հրապարակային պայքար: Հիշեցնեմ բոլորին հայտնի հայ-թուրքական արձանագրությունների օրինակը: Այն ժամանակ Դաշնակցությունը մեկ կողմից ճնշում գործադրելով, իսկ մյուս կողմից քաղաքական պայքարը չհասցնելով ներքին թշնամանքի փորձեց իշխանությանը համոզել ու ստիպել, որ ետ կանգնի թուրքերի հետ «հաշտության» սայթաքուն ճանապարհից: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց այդ պայմաններում Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան որոշեց շրջագայել Սփյուռքում եւ համազգային կարեւորության հարցի վերաբերյալ լսել նաեւ սփյուռքահայության տեսակետը:

Հավանաբար նա հրաշալի պատկերացնում էր, թե ինչ է լսելու Սփյուռքում, ուր իրեն դիմավորողների մի ակտիվ հատվածը դարձյալ դաշնակցականներն էին լինելու: Սփյուռքը իր քաղաքական եւ այլ բազմազանությանբ նույնպես եղավ կոշտ, բայց ոչ թշնամական: Այդպես հայ ժողովուրդը հայոց քաղաքական-պետական ուժերի հետ ձեւավորում էր համազգային եւ ներպետական քաղաքական հանդուրժողության մշակույթ՝ անկախ նրանից, թե կողմերը ինչ տեսակետ կունենային միմյանց նկատմամբ, ինչն այսօր հաջողությամբ փլուզում է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ եթե այդ մշակույթը արմատներ նետած չլիներ մեր երկրում չէր լինի նաեւ Նիկոլի թավիշը, որովհետեւ այն ոչ թե պայմանավորված էր ընդդիմության, այլ իշխանությունների հանդուրժողությամբ՝ «հեղափոխականները» չէին հարձակվելու ուժայինների վրա: Իսկ թե Փաշինյանի պատկերացումներն ինչ էին ներքաղաքական-ներհասարակական փոխահարաբերությունների վերաբերյալ այսօր ակնհայտ է ներհայկական պառակտվածության եւ թշնամանքի, համատարած քրեական հետապնդումների, վախի սերմանման, ուժայինների բիրտ գործողությունների, օրենքներիի ոտնահարման, մատնությունների եւ ընդհանրապես քաղաքական ընդդիմության հայտ ներկայացնողների դեմ քրեական, քաղաքական ու ամբոխային տոտալ հարձակում ձեռնարկելու մշակույթի սերմանման պայմաններում:

Ինչ վերաբերում է 20 տարի երկիրը կառավարած իշխանությունների նկատմամբ Դաշնակցության վերաբերմունքին, ապա այս հարցում ՀՅԴ քննադատներին խորհուրդ կտամ բացել այդ տարիների ցանկացած օրվա թերթերը եւ նրանք դժվար թե դրանցում քննադատություններ չգտնեն գործող իշխանությունների հասցեին: Համացանցում շատ տարածված են երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի կոշտ ելույթները ներկայացնող տեսանյութեր: Այդ բոլոր տեսանյութերը որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրօք չեն նկարահանվել հետաքրքիր է ո՞ւմ օրոք են արձանագրվել: ՀՅԴ բազմաթիվ գործիչների քննադատական նման ելույթները բազմաթիվ են, եւ ում թվում է, թե 2018թվականին նոր թվարկություն է սկսվել կարող է մի քիչ քչփորել ձեռքի տակ եղած աղբյուրները եւ թարմացնել հիշողությունը:

Այս ամենին Դաշնակցության անցյալով մտահոգները տեղյա՞կ չեն, թե այսօր այդպես է պետք:

Տվյալ երեւույթին հետեւողները կարող են նկատել, որ տեղի ունեցողը զուգակցվում է ՀՅԴի այսօրվա վճռական դիրքորոշումների հետ՝ գործող իշխանությունների, մեր կարծիքով պետականաքանդ գործունեության նկատմամբ: Այսինքն, այս գործընթացներում Դաշնակցության դիրքերը թուլացնելու համար փորձ է արվում հարվածել նրան նաեւ կողքից ու թիկունքից, փորձել վարկաբեկել եւ ժողովրդին վանել ազգային խնդիրներով գործնականորեն մահոգ կուսակցությունից:

Արդեն երկու տարի նոր ուժերը իշխանության լիակատար տնօրինողներն են երկրում: Այս ընթացքում ոչ միայն խոստացված բարեփոխումների հետքերը չկան, այլեւ ստեղծված չեն այնպիսի հիմքեր ու նախադրյալներ, որոնք գունե հուսալի ապագայի ակնկալիքներ կարող էին ներշնչել: Դրա փոխարեն ոչ պալատական տնտեսագետներն ու այլ մասնագետները մռայլ կանխատեսումներ են կատարում մոտակա հեռանկարի հետ կապված: Սրան զուգահեռ խայտառակ, եթե չասենք ողբերգական իրավիճակ է համաճարակը հաղթահարելու ճակատում: Այս ամենին ինչպե՞ս է արձագանքում իշխանությունը՝ հարձակումներով ընդդիմության դեմ, նոր դատավարություններով ու քրեական բնույթի աղմկոտ մեղադրանքներով եւ հնի սաստկացող քննադատությամբ: Ուզես, թե չուզես մտքիդ մեջ համեմատություններն են զուգահեռվում, ինչպես անցած դարի 20ականներին, երեսունականներին եւ նույնիսկ դրանից հետո խորհրդային միությունում ոչնչացվում էր պետական-պաշտոնական գծին չհամապատասխանող ամեն ինչ: Հնի «հանցավոր էության ու գործունեության» բացահայտման եւ հետապնդման մոլուցքով առաջնորդվել են մշտապես նրանք, ովքեր ունակ չեն եղել լավ բան անելու ժողովրդի համար, բայց հիվանդացած են եղել անսանձ ու անվերահսկել իշխանության տիրանալու մոլագարությամբ:

Ուրեմն խորքում այլ խնդիր է: Խորքում Հայաստանում տարածված, բայց բարեբախտաբար, արագորեն հաղթահարվող այն համաճարակն է, որը կարելի է անվանել նիկոլապաշտություն: Զարմանալիորեն ժողովրդավարությունից ու այլ մեծամեծ արժեքներից դատողները ընդօրինակում եւ խրախուսում են ամեն տեսակ քննադատությունը բոլորի հասցեին միայն ոչ Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը կեսարի կնոջ պես կասկածից վեր է: Եւ չկասկածեք՝ Հայաստանում ինքն իրեն հաստատեկ փորձող ճորտության ու բռնիշխանության ներուժը վառ ընդունակություններից զուրկ Նիկոլ անձինը չէ, այլ պետական հաստատությունները նվաճած, համացանցային հարթությունում մի կողմից թշնամանք ու մյուս կողմից պաշտամունք սերմանող մոլեռանդ կռապաշտների նոսրացող բանակինը:

Դաշնակցության համագործակցության որակը նորանկախ Հայաստանի այս կամ այն իշխանության հետ չափվել կարող է միայն ի շահ երկրի ու պետականության իրականացված աշխատանքի արդյունավետությամբ, ինչպես եւ նրանով, թե կուսակցությունը որքանով է կարողացել պահպանել ինքնուրույնությունը: Կարող է գնահատվել նրանով, թե տվյալ շրջանում երկրում զարգացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցն է իր չափով եղել Դաշնակցությունը: Իսկ ամպի պես հալվող ամբոխի այն ծվենները, որոնք կարծում են, թե Փաշինյանի թվարկությունից առաջ ամեն ինչ սեւ է եղել, իսկ նոր թվարկության հետ ամեն ինչ դարձել է վարդագույն գուցե դեռ նոր փորձությունների կարիք ունեն: Համենայնդեպս հասարակական թե քաղաքական երկխոսություն հնարավոր է նրանց հետ, ում առաջնորդում են ոչ թե կույր ատելությունն ու նույնքան կույր սերը, այլ առողջ բանականությունը: Ոչ թե օդ արձակվող պղպջակների պես սուտ խոստումները, այլ այն իրականությունը, որն աչքի առջեւ է եւ ամեն օր զգում ես սեփական մաշկի վրա:

Արտաշես Շահբազյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica