close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չափազանց սպիտակ ու հին. ԱՄՆ-ում դասական երաժշտությունը ռասիստական են համարում

Մշակույթ

29 Հունիսի 2020, 16:44
 Չափազանց սպիտակ ու հին. ԱՄՆ-ում դասական երաժշտությունը ռասիստական են համարում

Դասական երաժշտությունն իր լավ օրերը չի ապրում ԱՄՆ-ում, որտեղ այն քննադատաբար համարում են «չափազանց սպիտակ», թեև հարգի է նաև ասիական ծագմամբ երիտասարդ ամերիկացիների շրջանում: ԶԼՄ-ներում ի հայտ են գալիս նույնիսկ պնդումներ, թե դասական երաժշտությունն էությամբ ռասիստական է. ըստ yerkir.am-ի` գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Ըստ թերթի` դասական երաժշտության լսարանն արդեն մի քանի տարի շարունակ կրճատվում է, և քննադատություններ են հնչում, թե դասական երաժշտությունը չի կարողանում հարմարվել երկրի աճող` էթնիկ բազմազանությանը: Բանը հասել է նրան, որ դասական երաժտության գոյության հարցը` երկարաժամկետ հեռանկարում, հարցականի տակ է դրվում, ասում են` երկրի վերնախավի գլխավոր մշակութային խորհրդանիշերից մեկը պետք է փոփոխության ենթարկվի կամ անհետանա:

Թվերն իսկապես մտահոգիչ են: Վերջին հետազոտությունների համաձայն` դասական երաժշտության համերգի տարեկան գոնե մեկ անգամ ներկա եղած մարդկանց թիվը 1982 թվականի 13 տոկոսից նվազել է մինչև 2017 թվականի 8,6 տոկոսը: Բացի դրանից` 1982-2002 թվականներին 30 տարեկանից ցածր հանդիսատեսների թիվը նվազել է  27 տոկոսից մինչև 9  տոկոս: Զուգահեռաբար նվազել է դասական երաժտությունը նախընտրողների ընդհանուր թիվը. եթե 1992 թվականին հասուն ամերիկացիների 4,2 տոկոսն ասում էր, որ կարող է որևէ երաժշտական գործիք նվագել, 2008 թվականին նրանց թիվն ընդամենը  2 տոկոս էր: Ինչ վերաբերում է երաժշտական ալբոմների վաճառքին, թեև վերջին երկու տարիներին վիճակը փոքր-ինչ բարելավվել է, երկարաժամկետ հեռանկարում ընդհանուր անկումը կասկածներ չի հարուցում:  Երկիրը դեռևս կարող է պարծենալ աշխարհում հանրահայտ նվագախմբերով` Չիկագոյի սիմֆոնիկով և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկով, սակայն դասական երաժտության տխուր վիճակից խուսափել չի լինի:

Մասնագիտացված մամուլն այդ ամենը բացատրում է մի քանի պատճառներով` հիմնականում մասնավոր միջոցների վրա հենվող տնտեսական մոդել, դպրոցներում ուսումնական ծրագրերի կրճատում, երիտասարդության շրջանում ավելի մեծ հեղինակություն վայելող ժանրերի մրցակցություն: Ֆրանսիական թերթի կարծիքով` այսպիսի իրավիճակում դասական երաժշտությունը վերաիմաստավորման կարիք ունի: Ըստ մասնագետների`հիմնախնդիրներից մեկն այն է, որ դժվար է փոխել կայացած իմիջը` դասական երաժշտությունը համարում են  «չափազանց սպիտակ»: 2016 թվականի տվյալներով` նվագախմբերում աֆրոամերիկացի երաժիշտների թիվը եղել է 1,8 տոկոս, լատինաամերիկացիները` 2,5: Բացի դրանից` համերգների ընթացքում կատարվող ստեղծագործությունները մեծ մասամբ եվրոպացի կոմպոզիտորների է, ինչն ԱՄՆ-ում համարվում  ոչ այնքան «ներառական»: Այսպես`San Francisco Chronicle-ն ափսոսանքով գրել էր, որ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը 2017-2018 համերգաշրջանում կատարել է բացառապես «սպիտակ տղամարդկանց ստեղծագործություններ»:

«Չափազանց սպիտակ ու հին. պնդում են, որ դասական երաժշտությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի ժողովրդագրական փոփոխություններին: Այսպես, ըստ կանխատեսումների, փոքրամասնությունների թիվն ավելանալու է, և նրանք դառնալու են բնակչության մեծամասնությունը հարյուրամյակի կեսերին, ընդ որում` 18-23 տարեկանների խմբում նրանք արդեն 45 տոկոսն են: Այդ պատճառով մի շարք ամերիկյան պարբերականներ դատապարտում են դասական երաժշտության «էթնիկորեն չափազանց միատարր» բնույթը: The New York Times-ը այն անվանում է  երկրի ամենաքիչ բազմազանված ինստիտուտը և մեղադրում ռասայական խնդիրների քողարկման մեջ, իսկ Seattle Magazine-ը կոչ է անում պայքարել դրա «սպիտակության» դեմ: Հետ չի մնում նաև մասնագիտացված մամուլը. National Public Radio-ն դասական երաժշտության միջավայրը որակում է «չափազանց սպիտակ և էլ ավելի մարգինալացվող», իսկ New Music USA-ը պնդում է, որ դասական երաժշտությունն իր էությամբ ռասիստական է»,- գրում է Le Figaro-ն և ներկայացնում այդ մեղադրանքների տրամաբանությունը` եթե ինչ-որ կառույցում ոչ եվրոպացի մարդիկ շատ չեն, կասկածներ են առաջ գալիս, որ անձնակազմին հավաքում են խտրական ճանապարհով, կամ դա նույնիսկ «կառուցվածքային ռասիզմի» դրոշմ ունի:

Վերջին ժամանակաշրջանում այդպիսի քննադատության են արժանացել տարբեր ոլորտներ` կինեմատոգրաֆը (#OscarsSoWhite), հոկեյը (#HockeySoWhite), Սիլիկոնային հովտի միջոցառումները (#SiliconValleySoWhite): Այդ բոլոր կառույցներում ստուգումներ են իրականացվում, և դիտարկվում է դրանց` «բազմազանությանը» բաց լինելու խնդիրը:

«Դասական երաժշտության մեջ դա պետք է հանգեցնի տարբեր էթնիկ արմատներով երաժիշտների ընտրելու առաջնահերթությանը, կոմպոզիտորների ցուցակի փոփոխությանը և համերգների նոր ձևաչափերին` երիտասարդության շրջանում ժողովրդականություն վայելող երգիչների հետ համագործակցությամբ. սա առաջարկվում է  Ամերիկյան նվագախմբերի լիգայի «Բազմազանությունն ինչպես կարող է փրկել դասական երաժշտությունը» զեկույցում: Հույս կա, որ էթնիկական վերակողմնորոշման այս նախագիծը հնարավորություն կտա նոր ուժ հաղորդելու դասական երաժշտությանն ԱՄՆ-ում»,- նշում է ֆրանսիական թերթը` հավելելով, որ թերահավատները, սակայն, նախընտրում են խաղադրույք կատարել ասիական ծագում ունեցող ամերիկացիների պատանի սերունդների` այդ երաժշտության նկատմամբ անհավանական սիրո վրա: Նրանց շրջանում ավելի շատ պրոֆեսիոնալներ ու սիրողներ կան, ինչը հակասում է այն պնդումներին, թե դասական երաժշտությունը դժվարամատչելի է փոքրամասնություններին: Չինաստանից, Կորեայից, Սինգապուրից և Թայվանից ներգաղթյալների երեխաներն անհամամասնորեն ավելի շատ են կոնսերվատորիաներում, իսկ նրանց ծնողները խթանում են նրանց ուսումը, քանի որ դրանում են տեսնում կարգապահության ու ինքնազարգացման երաշխիքը: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ` բնակչության շրջանում նրանց ժողովրդագրական կշիռը հնարավորություն կտա՞ հաղթահարելու դասական երաժշտության անկման միտումը:

Այս առումով ԱՄՆ-ում իրավիճակը ասիական մի շարք երկրների հակառակն է, օրինակ` Չինաստանի: Թեև դասական երաժշտությունը մշակութային հեղափոխության տարիներին այդ երկրում արգելված էր, այսօր մոտ 50 մլն պատանի չինացիներ դաշնամուր են նվագում` ոգեշնչվելով համաշխարհային հռչակ ունեցող  երաժիշտների օրինակով, ինչպիսիք են Լի Յունդին, Վան Յույցզյան և Լան Լանը: Չինաստանը նաև  դարձել է դաշնամուր արտադրող ու սպառող առաջատարն աշխարհում` համաշխարհային առաջարկի 80 տոկոսը: Այս ամենը հաստատում է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական նախկին տնօրեն Լորին Մաազելի խոսքերը. «Մեզ հարկավոր են դասական երաժշտության` մեր ավանդույթի պահապաններ, և եթե դասական երաժշտությունը գոյատևի, այն իր գլխավոր պահապաններին կգտնի Չինաստանում»:

«Լավատեսներն ուրախ են, որ ասիական լսարանը պատրաստ է հաճույքով ընդունել մշակութային լքված ժառանգության էստաֆետը: Հոռետեսները դրանում տեսնում են այն բանի հերթական կանխանշանը, որ Արևմուտքը մոռանում է իր արմատների մասին և անտարբերությամբ է նայում սեփական մշակութային ժառանգության կորստին` աննկատ ու թերթերի առաջին էջերում քիչ հայտնվող երևույթ, որն, այդուհանդերձ, մեծ նշանակություն ունի մեր քաղաքակրթության զարգացման համար»,- գրում է Le Figaro-ն:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է ամերիկացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Ջեսի Նորմանի կատարումը անգլիացի կոմպոզիտոր Հենրի Փյորսելի (1659-1695) «Դիդոնե և Էնեաս» օպերայից: 

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica