close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսնում ենք նախկինի նախկինների ավելի դաժան ու անգրագետ վերարտադրությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի․ Շաղիկ Մարուխյան

Քաղաքական

26 Հունիսի 2020, 22:55
 Տեսնում ենք նախկինի նախկինների ավելի դաժան ու անգրագետ վերարտադրությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի․ Շաղիկ Մարուխյան

Վերադառնում են նախկինի նախկինները՝ իրապես ամբողջ ուժով, Տեր-Պետրոսյանի մշակույթով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը։

Նա հիշեցրեց այն շրջանը, երբ Լևոն Տեր-Պետորսյանը փակեց դաշնակցական մամուլն ու հետապնդումներ սկսեց կուսակցության նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, նույն ուղու վրա է՝ իշխանության երեք ճյուղերն իր ձեռքում կենտրոնացնելուց հետո անցնում է չորրորդ իշխանությանը և դրա ցրցամն արդեն տրված է։

«ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում, պարբերաբար, տեսնում ենք նման ոտնձգություններ ազատ մամուլի նկատմամբ․ ինչո՞ւ ենք հեռու գնում, երբ Դաշնակցությունը փակվեց 1994 թ-ին, հիշում եք նույն «Երկիր» թերթի նկատմամբ Տեր-Պետրոսյանի ոտնձգությունները, ամբողջ դաշնակցական մամուլի նկատմամբ։ Վերադառնում են նախկինի նախկինները՝ իրապես ամբողջ ուժով, Տեր-Պետրոսյանի մշակույթով և ժողովուրդը պիտի գիտակցի, որ եթե իշխանության երեք ճյուղերն իր ձեռքն է առնում, չորրորդ իշխանությունը մնում է միակ ճանապարհը, որով ժողովուրդը կարող էր ստանալ ինֆորմացիա և կարողնալ վերլուծել՝ ինչ է կատարվում երկրում։ Եթե դա էլ է վերանալու, գնում ենք տոտալ բռնապետության»,-հայտարարեց նա։

Շաղիկ Մարուխյանը «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր հենց շրջանում, որի մասին Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրված հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից․ նա գոչեց, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի համարի վերջին էջում տեղադրվել է Հանրապետության հրապարակում դիակի լուսանկար։ Շաղիկ Մարուխյանն արդեն հերքել է Փաշինյանի սուտը՝ ի ցույց դնելով այդ համարի վերջին էջի լուսանկարն ու փաստելով, որ դա «Օրվա զավեշտը» խորագրի տակ «Ազնիվ հարկ վճարողի վերջին ուրվականը» վերնագրված՝ լրիվ այլ ուղերձ փոխանցող պատկեր է՝ պիջակ՝ անտեր գցված Հանրապետության հրապարակում։ Սա, իհարկե, Փաշինյանն էլ գիտեր, բայց անգամ այս մանր հարցում նրա ներսում հաղթեց ստախոսն ու մանիպուլյատորը։

«Անակնկալ չէր ինձ համար, որ նա սխալ ասեց կամ ոչ հավաստի ինֆորմացիա փոխանցեց․ ինքը դա շարունակաբար անում է երկու տարի՝ դա անում է և՛ երկրի տնտեսության մասին իր զեկույցներում, և՛, առհասարակ, ներքաղաքական կյանքի, և, առավել ևս, արցախյան բանակցութունների մասին խոսելիս։ Այնպես որ, եթե անգամ «Երկիր» օրաթերթի մասին այդ փոքրիկ դրվագն էլ չլիներ, ինքը բազմաթիվ անգամ ցույց է տվել, որ իր ասածները հավաստի չեն, որ ինքը հավասարակշռված քաղաքական գործիչ չէ և որևէ ռազմավարություն, ծրագիր, տեսլական չունեցող քաղաքական գործիչ է։ Իր մոտ փողոցում էր լավ ստացվում»,-ասաց Շաղիկ Մարուխյանը։

Նրա համոզմամբ, Փաշինյանն այն քաղաքական գործիչներից է, որը և՛ որպես ընդդիմություն է ապացուցել դեմագոգ լինելը, և՛, ցավոք, նաև երբ նախկիններին մերժելու կոչերով եկավ իշխանության, շարունակեց զբաղվել այդ դեմագոգիայով, մաինպուլյացիաներով և հանրությանը ոչ ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելով։

«Այդքան էժան մանիպուլյացիաների փոխարեն կարելի էր իսկականից մշակել պլատֆորմ և տեսլական՝ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար»,-նկատեց Շաղիկ Մարուխյանը։

Ինչպե՞ս կարելի է վստահել լուրջ մարտահրավերների դիմակայող երկրի ղեկավարի խոսքին, եթե նա անգամ այս մանր հարցերում է ստում, Շաղիկ Մարուխյանի համար ակնհայտ է․ «Ես շատ ցավում եմ, մանավանդ որ ինքը եկել է 4-րդ իշխանությունից, իսկ լրագրողը պիտի հասկանա, որ սխալ ինֆորմացիա տալ հանրությանը, այն էլ գիտակցելով, ոչ միայն բարոյական չէ, այլև լրագրողի սկզբունքներին դեմ է»։

«Երկիր» օրաթերթի վերջին էջին 1999 թ-ի հոկտեմբերի 26-ի երեկոյան տեղադրված լուսանկարը Շաղիկ Մարուխյանը՝ պատասխանատու քարտուղարի հետ ընտրել էր տարբեր ֆոտոների շտեմարանից, որտեղ և՛ թերթի լուսանկարչի նկարածներն էին, և՛ այլ ֆոտոներ։ Ամեն օր քաղաքական, սոցիալական, մշակութային՝ տարբեր ոլորտներից նկարներ էին դնում՝ տարբեր վերնագրերով։ Շաղիկ Մարուխյանի համար, իհարկե, հստակ է Փաշինյանի ստի նպատակը՝ հետաքրքրվողները կարող են գտնել և հասկանալ դա ինչ լուսանկար էր, բայց  բնակչության մեծ մասը այդքան հետևողական չի լինի, պարզապես կմտածի՝ երկրի ղեկավարը մի բան գիտի, որ ասում է։

Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում նաև հայտարարեց, որ հաջորդ ընտրություններից հետո հաջորդ խորհրդարանում կլինեն այն քաղաքական ուժերը, որոնք սատարել են 2018-ի հեղափոխությանը։

«Իհարկե, երկրի ղեկավարը չի կարող որոշել խորհրդարանում ինչ ուժեր պետք է լինեն, բայց սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Փաշինյանը այդպես էլ չդարձավ ղեկավար»,-նշեց Շաղիկ Մարուխյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանը երբեք պետական մտածողություն չի ունեցել, ամբողջ իր անցյալով եղել է ընդդիմադիր, սենսացիաներ փնտրող լրագրող և դրանից ավելի չի աճել։

«Հենց այս երկու տարին ցույց տվեց, որ ինքը փողոցում ժողովրդի զանգվածներ առաջնորդող ղժղժան ընդդիմադիրի կերպարից չի աճել։ Ինքը նույնիսկ լրագրող էլ չէ, որովհետև իր թերթում այնքան կոմպրոմատային նյութեր, անընդհատ հերքումներ, անընդհատ դատեր․․․ մի բան դրեցի, հետո կհերքեմ՝ այսպես էր աշխատում։ Չգիտեմ ինչպես բնորոշել, հենց ինքը լավ օրինակ է իրեն բնորոշելու համար»,-ասաց Շաղիկ Մարուխյանը։

Վարչապետն, իհարկե, չի կարող հայտարարել, թե ժողովուրդը ում պիտի ընտրի, ում պիտի չընտրի, ասաց նա, բայց ինքն այնքան է մեզ մատուցել նման սյուրպրիզներ ամեն օր, որ արդեն հիրավի ոչ մեկը չի զարմանում։

«Ես հենց դրա համար եմ ասում, որ շատ եմ ցավում, որ երկրի վարչապետը, որն, ըստ էության, երկրի առաջին դեմքն է, այդքան անլուրջ է, այդքան ոչ պետական և այդքան փորձում է բոլոր առիթները մանիպուլյացիաներով և դեմագոգիաներով լցնել»,-ասաց Շաղիկ Մարուխյանը։

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները ևս տեղավորվում են Շաղիկ Մարուխյանի նշած՝ իշխանության բոլոր ճյուղերն  իր ձեռքում կենտրոնացնելու՝ վարչապետի մտադրության եզրագծում։

«Այսինքն, ինքը որոշում է՝ ով պիտի լինի օրենսդիրում, գործադիրը, բնականաբար, ինքն է արդեն կազմում, ինքը որոշում է՝ ո՛ր դատավորն իրեն պիտի լսի՝ հիշենք խոսքը՝ ո՞ր դատավորը կհամարձակվի իր հրամանը չկատարել, այսինքն ինքը նաև չի պատկերացնում, որ անկախ դատական իշխանությունը երկրի ժողովրդավարության առաջին գրավականներից է։ Եվ չի պատկերացնում, որ բոլոր այն լոզունգներով, որ մարդկանց հանեց փողոց 2 տարի առաջ և հեղափոխություն կազմակերպեց, երկրի ժողովրդավարությունը դա է։ Այո՛, նախկիններից պետք է ձերբազատվենք, քանի որ նախկինները ամեն ինչ իրենց ձեռքն էին պահում, ժողովուրդը ձայն չուներ, բայց հիմա ի՞նչ ենք տեսնում՝ տեսնում ենք նախկինների ավելի դաժան ու անգրագետ վերարտադրությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, շատ ավելի կատարելագործված․ եթե նախկիններում գոնե գոյություն ունեին պետական մտածողություն ունեցող մարդիկ, ապա ես դա բացարձակ չեմ տեսնում երկրի այսօրվա ղեկավար կազմում»,-նշեց Շաղիկ Մարուխյանը։

Եղել է շրջան, երբ հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած պարբերականն են ցանկացել փակել այն տարիների իշխանությունները։ Եղել է շրջան, երբ արտասանած մտքի համար Փաշինյանին ազատազրկել են։ Եվ հենց այն ժամանակ «Երկիր» օրաթեթի խմբագիր Շաղիկ Մարուխյանն առաջինն է եղել, որ ի պաշտպանություն ազատ խոսքի խմբագրական է գրել։  Ինչպե՞ս կարող է սեփական ազատ խոսքի դեմ հետապնդում զգացած մարդը այժմ նույն ճանապարհով գնալ՝ Շաղիկ Մարուխյանի համար պատասխանը հստակ է՝ նա փորձում է ամեն գնով պահել իշխանությունը։

«Ինքն, իհարկե, գիտակցում է, որ չորրորդ իշխանությունը շատ կարևոր է, բայց այսօրվա դրությամբ իր համար մեկ խնդիրը հաղթահարելն է իր վախը իշխանությունը կորցնելուց։ Եվ իր բոլոր քայլերը, խուճապը, բյուջեի կատարողականի առիթով ԱԺ ելույթը վերածելը փողոցային միտինգի, նախկինների մասին խոսելը և այլն, այդ ամեն ինչից հստակ երևում է, որ ինքը լուրջ խնդիր ունի իշխանություն պահելու և ոչ մի միջոցի դեմ չի ընկրկի, բոլոր հնարավոր միջոցներով կուզենա իր ձեռքում պահել իշխանության բոլոր ճյուղերը»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica