close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդեն ծիծաղելու աստիճանի արկածախնդրությունների են դիմում․ Մհեր Սահակյանը՝ ՍԴ օրինագծի ընթացակարգի մասին

Քաղաքական

23 Հունիսի 2020, 22:09
 Արդեն ծիծաղելու աստիճանի արկածախնդրությունների են դիմում․ Մհեր Սահակյանը՝ ՍԴ օրինագծի ընթացակարգի մասին

Սա իրավական արկածախնդրություն է, որը ոչ միայն վնաս կհասցնի մեր պետության իրավական անվտանգությանը, այլև հենց պետականության հիմքերին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխության օրինագծի մասին, որով նախատեսվում է ազատվել ՍԴ նախագահից և 12 տարի պաշտոնավարած անդամներից։

Նա ուղղակի անթույլատրելի է համարում, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։

«Քանի որ ընթացակարգը հակասահմանադրական է, շատ մեծ պրոբլեմներ կառաջացնի թե՛ որպես իրավական պետություն մեր պետության հեղինակության համար, թե՛ ինքն իրենով՝ որպես իշխանության յուրացման պրոցես։ Իշխող քաղաքական ուժը արդեն երրորդ անգամ ցանկություն ունի վերացնել Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանության թև։ Սա բռնապետության տանող ճանապարհ է, որից իշխանական ուժը ոչ մի կերպ չի ուզում շեղվել, ամեն կերպ ուզում է հասնել իր առջև դրված խնդրին՝ իշխանության 3 ճյուղերը միավորելուն»,-ասաց Մհեր Սահակյանը։

Ընթացակարգային խախտումներից ամենաառանցքայինը նա համարում է օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՍԴ չուղարկելը․ «Սահմանադրության մեջ նախատեսված է՝ պետք է ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրության հետ հակասության խնդիրները բացահայտվեն կամ, ընդհակառակը, ստանա դրական եզրակացություն  և հիմնավորվի, որ այդ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը։ Չդիմելով Սահմանադրական դատարան, այստեղից արդեն մի քանի խնդիր է առաջացել, ընթացակարգը արդեն խախտվել է, դրա համար ՍԴ ուղարկելու հարցի քվերակությունը աբսուրդ էր, որովհետև չուղարկելով արդեն իսկ խախտել են Սահմանադրությունը»։

Մհեր Սահակյանը վստահեցնում է, որ Սահմանադրական դատարանը ունի լիազորություն քննելու իր գործունեությանը վերաբերող օրինագծեր, բազմիցս քննել է և ոչ մեկի մտքով չի անցել այդ գործառույթը կասկածի տակ առնել։

«Թե՛ ԱԺ-ն, թե՛ կառավարությունը շատ որոշումներ են ընդունել, որոնք վերաբերում է ՍԴ գործառույթներին և ոչ մեկի մտքով չի անցել դրանք չուղարկել ՍԴ»,-ասաց նա։

Մհեր Սահակյանն ընդգծեց, որ ՍԴ-ն յուրահատուկ լիազորություն ունի օրինագծերի ավելի շատ ընթացակարգերին, քան բովանդակությանը անդրադառնալու․ «Ասենք, կենսաթոշակի մասին օրենքը վերաբերում է բոլորին, չէ՞, այդ թվում դատավորներին, բայց ոչ մեկի մտքով չի անցնում նման հարց բարձրացնել»։

Բացի այդ, երբ խոսքը վերաբերում է անհատին, ասաց նա, ՍԴ մասին օրենքի ընթացակարգերը նախատեսում են, որ կարող է շահերի բախում լինել և անձը հրաժարվի տվյալ գործը քննելուց, բայց այլ հարց է երբ խոսքը անհատ դատավորի մասին է, մեկ այլ խնդիր, երբ վերաբերում է  ՍԴ-ին՝  որպես ինստիտուտի։

ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր, որ Սահմանադրության փոփոխության նախագիծն ԱԺ-ում ընդունելուց հետո ուղարակվեր ՀՀ նախագահին, որն էլ կա՛մ պիտի ընդուներ, կա՛մ ուղարկեր ՍԴ։ Երեկ ԱԺ-ում այս ընթացակարգի «դեմն առնելու» համար ևս մեկ հակասահմանադրական քայլ արին՝ որոշեցին փոխել ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքը, որը պարտավորեցնում էր ԱԺ-ում ընդունված օրինագիծն ուղարկել ՀՀ նախագահին և սահմանել, որ ԱԺ նախագահը 7 օրում ստորագրի այն։ Բայց այստեղ էլ ՀՀ նախագահի դեչն առանցքային է՝ անգամ ԱԺ կանոնակարգ օրենքի այդ փոփոխությունը պետք է նախ՝ ՀՀ նախագահը ստորագրի։

«Նախագահը երեք բան ունի անելու․ կամ  ստորագրի՝ իրեն նստեմացնի որպես ՀՀ նախագահ, կամ չստորագրի՝ անգործություն ցուցաբերի և երրորդը՝ օգտվի իր հնարավորությունից և դիմի ՍԴ, պրոցեսը հակասահմանադրական ճանաչելու համար»,-ասաց Մհեր Սահակյանը։

Մի մեխանիզմը մյուսով փոխարինելու իշխանությունների այս գործելաոճը նա որակում է իշխանության բռնազավթման պրոցես․ «Արդեն ծիծաղելու աստիճանի արկածախնդրությունների են դիմում»։

ՍԴ-ն «իրենցով անելու» առաջին քայլը «Վահե Գրիգորյան» պրոյեկտն էր և մինչև նրա առաջադրումը ՀՀ նախագահի առաջադրած ՍԴ անդամի 5 թեկնածուների մերժումը, ապա ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի շուրջ կատարվողը․ Մհեր Սահակյանի դիտանկյունից՝ այս ամենը տրամաբանական բացատրություն չունի, սա անհասկանալի մի պրոցես է, որով Նիկոլ Փաշինյանն ու իշխող քաղաքական ուժը երկիրը տանում են դեպի անդունդը։

«Ես սա քաղաքական բռնապետության հասնելու պրոցես եմ  գնահատում»,-ասաց նա։

ՀՅԴ պետաիրավական հանձնախմբի ղեկավարը վստահեցնում է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերն անպայմանորեն իրավունք ունեն դիմելու Սահմանադրական դատարան նշված օրինագծի սահմանադրականությունը որոշելու համար․ «Ունեն լիազորություն և պարտավոր են դիմելու․ հենց Սահմանադրությունն է տալիս այդ հնարավորությունը, որ  ԱԺ որոշումների, օրենքների սահմանադրականությունը որոշելու համար դիմեն ՍԴ։ Անգործությունն էլ մեծ հանացագործություն է․ թե՛ նախագահի, թե՛ ԱԺ երկու խմբակցությունների կողմից այս ընթացքի դեմը չառնելը հանցագործություն է»։

Նա նշեց այն հիմքը, որով պատգամավորները և ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ․ ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշվում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ 169 հոդվածի 2-րդ մասում նշում է, որ  Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։

ԱԺ «Բագավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն նախաձեռնել է գործընթացը։

«ԱԺ երկու խմբակցությունները պարտավոր են անձնական և խմբային վիրավորանքները մի կողմ դնել և միասին դիմել ՍԴ՝ օգտագործելով իրենց հնարավորությունները»,-ասաց Մհեր Սահակյանը։

Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական կարծիքներում ուսումնասիրել է նախադեպերը և ասել, որ «սահմանադրական վերահսկողությունը» պետք է անպայման լինի, հիշեցրեց Մհեր Սահակյանը, ինչ ձևով էլ իշխանությունը ուզում է իր նպատակին հասնի, այդ ընթացակարգերը պետք է պահի։

Պատրվակը, թե ՍԴ անդամները ծառայում են հին ռեժիմին Մհեր Սահակյանը կեղծ օրակարգ է համարում։

«Ամենակեղծ օրակարգը, որ այսօր մեր պետությունում կա, դա հնի և նորի տարանջատումն է, որ իշխանությունները երկու տարի հետևողականորեն պահում են։ Չկա նման բան։ ՍԴ-ն մի քանի անգամ ցույց տվեց, որ կարող է իր անկախությունը պահել, արդյո՞ք մեր ուզածը դա չէ, արդյո՞ք մենք դա չենք ուզում»,-ասաց նա։

Մհեր Սահակյանը ընդգծեց, որ եթե գործադիրը և օրենսդիրը չեն ուզում իրենցից կախյալ դատարան, ապա փաստացի ունեն՝ իրենք էլ են արձագրում, որ իրենք չեն կարողանում ուղղորդել դատարաններին, իսկ եթե համարում են, որ կան «թալանչիներ», ապա գործադիրն ունի բավարար գործիքներ, որ  հակազդի «թալանչիներին»․ «Մեր խնդիրը ո՞րտեղ է այստեղ»։

Եթե իշխանությունները մտադիր են բողոքի ակցիաներով ճնշել, որ ՍԴ դատավորները հրաժարվեն աշխատանքի գնալ, ապա Մհեր Սահակյանը նախ՝ չի հավատում, որ հասարակության թիվ մեկ խնդիը ՍԴ 2-3 դատավորի հարցը լուծելն է, և հետո դա համարում է հասարակ շանտաժ, որն իշխանությունը վերջին տարիներին փորձել է  և իրենց թվում է՝ նորից կստացվի։

Նա համոզված է՝ եթե նույնիսկ իշխանությունը այդ փորձը կրկին անի, դա նույնպես հակասահմանադրական է և իշխանության յուրացման գործընթացի բաղադրիչ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica