close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը մնում է Թուրքայի ռազմական օդային գործողության թիրախը․ Ռուբեն Մելքոնյան

Քաղաքական

19 Հունիսի 2020, 19:52
 Երևանը մնում է Թուրքայի ռազմական օդային գործողության թիրախը․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դեռ սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունում ունեցել է թիրախներ և այդ թիրախներից մի քանիսը գտնվել են Խորհրդային Հայաստանում, որոնք ենթակա էին օդային հարձակման, ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառման՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրք լրագրող, Շվեդիայում գործող «Nordic Monitor»-ի գործադիր տնօրեն Աբդուլլահ Բոզքուրթի գաղտնազերծած 2019 թ-ի փաստաթղթերին, որոնց համաձայն Թուրքիան  Հայաստանի դեմ օդային հարձակումներ էր նախաձեռնել և 2020 թ փաստաթղթերին, որոնք փաստում են, որ Թուրքիան Հունաստան ներխուժելու ծրագիր ունի։

«Կարծում եմ, Թուրքիայի ռազմական գերատեսչությունների համար շարունակում է արդիական մնալ Հայաստանի վրա օդային հարձակման՝ այն ժամանակվանից հստակեցված թիրախները»,-նկատեց նա։

Թուրքաիայի օդային թիրախներից էր Երևանը և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր օջախներ՝ Ատոմակայանը կամ Ատոմակայանի շրջակայքը, ջրամբարները, Հայաստանը Իրանին կապող ցամաքային ճանապարհը, հիմա արդեն Հայաստանը Արցախին կապող ճանապարհը՝ Եղեգնաձորի և այլ հատվածներում, Նախիջևանի ուղղությունը։

Ռուբեն Մելքոնյանն արձանագրեց, որ Թուրքիայի կողմից Հայաստանի և Հունաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակ միշտ եղել է։ Եթե 1974-ից հիմնականում քննարկվում էր Հունաստանի վրա հարձակումը, երբ թուրքական ուժերը օկուպացրին Կիպրոսի մի հատվածը, ապա Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի նպատակներ սկսել են տեսականորեն և գործնականորեն մշակվել երկրի անկախացումից անմիջապես հետո՝ 1991 թ-ից։

«Դա Թուրքիայի անվտանգության կոնցեպտի մեջ կոչվում է «Մեկ ու կես պատերազմ», այսինքն, մեկ պատերազմ արտաքին թշնամու դեմ, կես պատերազմ՝ ներքին թշնամու՝ քրդերի դեմ, և Հայաստանը միշտ այդ արտաքին պատերազմի թիրախներից մեկն է»,-ասաց թուրքագետը։

Նա հիշեցրեց, որ 1992-94 թթ երկու անգամ ամենառեալ հնարավորությունն է եղել Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակվելու համար։ Նույնիսկ թուրքական զորքերը բերվել էին մարտական պատրաստվածության աստիճանի, մոտեցել էին Հայաստանի սահմանին և Թուրքիայի նախագահը՝ Թուրգութ Օզալը, հայտարարել էր՝ ի՞նչ կլինի, որ Երևանի վրա մի քանի ռումբ ընկնի։

«Մյուս նախագահները նույնպես միշտ իրենց հռետորաբանության մեջ դա պահել են՝ Հայաստանի վրա հարձակվելու, Հայաստանը ռմբակոծելու թեզերը, բայց միշտ եղել են զսպող մեխանիզմներ և դրանցից առաջինը, և իմ կարծիքով ամենառեալը, հայ-ռուսական ստրատեգիական հարաբերություններն են և հայ-ռուսական համատեղ զորքը, ռուսական ռազմաբազան, որը Թուրքիայի պարագայում հիմնական զսպող ուժն է եղել և պատմությունը դա ապացուցել է․ հայտնի է մարշալ Շապոչնիկովի հայտարարությունը 1990-ականներին Թուրքիայի հավանական հարձակման պարագայում։ Իհարկե, հրապարկվեց, որ ԱՄՆ-ը նույնպես կոչ է արել չհարձակվել Հայաստանի վրա, բայց կոչը ուրիշ բան է, իսկ ռեալ սահմանին կանգնած զորքը լիովին այլ բան»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ էր ծրագրել» խորագրով՝ փաստաթղթերի ներկա արտահոսքը, նրա համոզմամբ, նույն տրամաբանության շարունակությունն է․ այսինքն, Թուրքիայում փոխվում են իշխանություններ, բայց թուրքական մարտավարությունը, տեսությունը Հայաստանի հանդեպ, ըստ էության, մնում է նույնը և, թուրքագետի խոսքով, զարմանալ պետք չէ, որ տարբեր տարիների համար մշակվել են Հայաստանի և Հունաստանի վրա հարձակվելու պլաններ․ դրանք եղել են և՛ 2000 թվականին, երբ խոսվում էր հոկտեմբերի 27-ից հետո անկայունության պայմաններում Հայաստանի վրա հարձակվելու հեռանկարի մասին, և՛ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Ռուբեն Մելքոնյանը վստահեցրեց, որ գոնե մասնագետների համար սա կանխատեսելի զարգացում է, քանի որ Թուրքիայի անվտանգության տեսության մեջ Հայաստանի կամ Հունաստանի վրա հարձակվելու հարցը կա ամեն տարի՝ տարբեր թարմացումներով․ «Ուղղակի հիմա տեղի ունեցել արտահոսք և հանրությունը ծանոթացել է նման պլաններից մեկին, բայց այն, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, սա ուղղակի խոսք չի և Թուրքիայի հավանական հարձակումը ուղղակի ենթադրում է Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակություն»։

Նա համոզված է, որ սա ուղղակի խոսք չի, այլ իրականություն և ևս մեկ անգամ մեզ պետք է զգոնության մղի, որ ոչ թե սին հայտարարությունները, կեղծ խոստումները, և տարբեր ամբիոններից հնչող սպառնալիքները, այլ իրական քայլերն ու իրական, մշակված տեսություններն են, որ կարող են լինել Հայաստանի անվտանգության երաշխիքը։

Ռուբեն Մելքոնյանն, իհարկե, ընդգծում է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ Հայաստանի դեմ օդային հարձակման թիրախները տեսական բնույթ են կրում, որովհետև Հայաստանի օդային սահմանը նաև պաշտպանվում է համատեղ ուժերով և ըստ պայմանագրի, Հայաստանի օդային սահմանի խախտումը դա, ըստ էության, նշանակում է պատերազմ ՀԱՊԿ-ի դեմ, պատերազմ հայ-ռուսական համատեղ դաշնակցային ուժերի դեմ։

«Բայց հաշվի առնելով տարբեր քաղաքական և ռազմաքաղաքական զարգացումներ, սրանք մեզ պետք է զգոնության կոչ անեն: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք խոսում են, օրինակ, ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին։ Երբ մենք կկարողանանք ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները Թուրքիայից և 102-րդ ռազմաբազայի փոխարեն ունենանք ինքնուրույն համարժեք ռազմաբազա, իհարկե, կարելի այդ թեման քննարկել, բայց հիմա կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք, ուղղակի չեմ կարծում, որ որևէ տարմաբանության մեջ տեղավորվում է և չեմ կարծում, որ հայրենասիրության հետ կապ ունի»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Սիրիա և Իրաք ներխուժման համար Թուրքիան պատրվակում էր, որ այնտեղ կան քուրդ «ահաբեկիչներ», որոնց պետք է չեզոքացնել։ Հայաստանի դեպքում էլ 1990-ականներին հայտարարում էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները կրթվում և ապաստանում են Հայաստանում, մասնավորապես, Արմավիրում և Արցախի Քաշաթաղի շրջանում:

Արդյո՞ք այս հայտարարությունները բավարար են ներխուժման համար, թե փաստեր են պետք ՝ հարցին ի պատասխան Ռուբեն Մելքոնյանը հիշեցննում է, որ երբ ԱՄՆ-ը հարձակվեց Իրաքի վրա, խոսվում էր, որ այնտեղ կա քիմիական զենք, բայց հարձակվելուց, Իրաքը կործանելուց ու Սադամ Հուսեյնին կանխելուց հետո հայտարարվեց, որ այդ քիմիական զենքը այդպես էլ չգտան․․․ բայց պատրվակը շարունակեց մնալ և հարձակումը տեղի ունեցավ։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, նշված թեզերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, քուրդ «ահաբեկիչների» և այլնի հետ կապված շարունակում են մնալ Թուրքիայի քաղաքական  հռետորաբանության մեջ։ Այսօր էլ Թուրքիայի վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում երկրի նախագահը շարունակում են հնչեցնել այդ թեզերը, որ PKK-ն, իբրև թե, հայկական կառույց է, որին Հայաստանը աջակցում է, իբրև թե, ձերբակալված և սպանված PKK-ականների մեջ հայեր կան․ սրանք ընդունված թեզեր են և, վստահ եմ, որ քաղաքագիտական խոսույթում շարունակում են մնալ որպես հարմար պատրվակ հավանական ռազմական ագրեսիայի համար։ Դրա համար շատ խորը փաստեր փնտրելու կարիք չկա, Թուրքիայի հարձակման համար բավական է նաև թեկուզ կեղծ այդ պատրվակներից որևէ մեկի շահարկումը»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Այս ամենին ի պատասխան Հայաստանը շարունակում է խաղաղասիրական թեզեր նետել հրապարակ։ Ռուբեն Մելքոնյանը կարծում է՝ վաղուց ժամանակն է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության, տերմինալոգիայի, հռետորաբանության մեջ տեղ գտնեն այնպիսի ձևակերպումներ,  որոնք վկայում են, որ Թուրքիան ապակառուցողական երկիր է տարածաշրջանում, որ Թուրքիան սպառնալիք երկիր է, որ Թուրքիան ահաբեկչությունը բացահայտ կամ քողարկված սատարող երկիր է, որ Թուրքիան Ցեղասպանության մտածողությունը կրող ու շարունակող երկիր է։

«Եվ այս բոլոր թեզերի համար մենք ունենք ավելի քան բավարար հիմքեր և փաստեր, որ կարող ենք դարձնել մեր պաշտոնական հռետորաբանության մաս։ Բայց, ցավոք սրտի, մենք ավելի շատ տուրք ենք տալիս կեղծ խաղաղասիրական լոզունգներին, որոնք ոչ մի պարագայում և ոչ մի ժամանակաշրջանում էֆեկտիվ չեն եղել, եթե դիմացինդ պատրաստվում է քեզ ոչնչացնել, եթե դիմացինդ զինվում է և դիմացինիդ հասարակական և քաղաքական մտածողության մեջ դու թիրախ ես, ինչքան էլ ուզում ես խաղաղասիրության մասին խոսիր, միևնույն է, դա էֆեկտ չի ունենալու։ Սա մեր արտաքին քաղաքական գերատեսչության, կարելի է ասել, մարտավարական թերացումներց է, որ այս թեզերը չեն դրվում համապատասխան մարտավարական ճիշտ շրջանառության մեջ, այլ մենք շարունակում ենք կրկնել արդեն մաշված և որևէ ազդեցություն չունեցող հայտարարություններ։ Այս հարցի հասցեատերը իշխանություններն են, որոնց երևի թվում է՝ իրենք անսխալական են և իրենց արարքները քննության ենթակա չեն»,-մտահոգություն հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։

Վերջին շրջանի միֆը, թե Թուրքիան ընդամենը Ադրբեջանի կողքին է Արցախի հարցում և, իբրև թե, տարածքներ զիջելուց հետո նրանք Հայաստանին հանգիստ կթողնեն, դարձյալ քաղաքական կարճատեսության հետևանք է։

«Եթե նայենք այն թշնամական քաղաքականությունը, որը վարում էր Թուրքիան Հայաստանի և հայության նկատմամբ անցյալ դարի 20-ական թվականներին, այդ քաղաքականության ծիրում և հենց Թուրքիայի ջանքերով առաջ եկավ «ադրբեջանական գործոնը»՝ որպես հակահայկական հերթական բաստիոն, Ադրբեջան պետությունը, Ադրբեջանի  նկրտումները Հայաստանի հանդեպ։ Պետք է հասկանանք, որ այս գլոբալ քաղաքականության գծողը, իրականացնողը և խրախուսողը  Թուրքիան է, իսկ Ադրբեջանը հակահայկական կրտսեր գործընկերոջ իր ֆունկցիան կատարում է նաև այստեղ։ Երբեմն, քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, առաջնային է դառնում Ադրբեջանի գործոնը․ օրինակ, անկախությունից հետո որպես երկու պետություններ իրար հետ խնդիր ունեն Հայաստանն ու Ադրբեջանը, բայց այս ամենի խորքում միանշանակ կանգնած է Թուրքիան և պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մասնագետ կարող է դա վկայել և բազմաթիվ ապացույցներ բերել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Բավարար է նայել այդ ժամանակվա բանակցությունները և միջազգային պայմանագրերը՝ հասկանալու համար, որ Թուրքիան ամեն ինչ անում էր, որ Նախիջևանը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, որ Խորհրդային Հայաստանում մնան ադրբեջանցիներ՝ հետագայում այդ գործոնը օգտագործելու համար, ինչպես և այժմ է ամեն ինչ անում, որ Արցախը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները գծվեն իրեն ձեռնտու տարբերակով։

Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ սա երկարաժամկետ թուրքական պրոյեկտ է, որի վերջնական նպատակը Հայաստանի ու հայության ոչնչացումն է, իսկ մենք գործում ենք կարճաժամակետ նպատակների կոնտեքստում, որը, բնականաբար, համարժեք չէ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica