close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազատվեցիք քրեական պատասխանատվությունից, իսկ ձեր խղճի՞ց...». «Իրավունք»

Հարցազրույց

19 Հունիսի 2020, 15:19
 «Ազատվեցիք քրեական պատասխանատվությունից, իսկ ձեր խղճի՞ց...». «Իրավունք»

Իր դեմ հարուցված կաշառքի եւ խարդախության վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված` մեկուկես տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Հայոց արծիվներ.միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ հացադուլ հայտարարեց: 44 օր մնալով հացադուլի մեջ, ապա դուրս գալով` 10 օր հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից: Շուրջ մեկուկես տարի հանցավոր լռություն է պահպանվել, թե ովքեր էին մեղավոր այդպես էլ արդարության չհասած ու իր բողոքի ձայնը կիսատ թողած Մհեր Եղիազարյանի մահվան համար: Մինչդեռ նրա մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեռեւս նախորդ տարվա հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործը, ապա ապրիլի 15-ին նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ո՛չ ավել, ո՛չ պակաս մեկուկես տարի ձգձգված դատաբժշկական փորձաքննության պատասխանը, վերջապես կա: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 15 էջից բաղկացած «ստեղծագործությունն» ավարտվում է այսպես. «Հանգամանքների համակցությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մհեր Եղիազարյանի հացադուլի գտնվելու ժամանակ, դրանից հետո` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ստացիոնարում բուժում ստանալու, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից վերջինիս հետազոտությունների ընթացքում, բուժօգնություն ցուցաբերելիս թերություններ կամ բացթողումներ, որոնք նրա մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ, չեն հայտնաբերվել»: Մհեր Եղիազարյանի որդուց` ՎԱԶԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ էլ տեղեկացանք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շուրջ տարիուկես գործը քնեցնելուց հետո, դատաբժշկական քննության եզրակացությունը ստանալուն պես` շտապել է կարճել հարուցված քրեական գործը: Այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Եղիազարյան կրտսերի հետ:

– Վազգեն, որքանո՞վ էր սպասելի Ձեզ համար, որ մեկուկես տարի հետո կստանաք դատաբժշկական քննության նման եզրակացություն, եւ քրգործն այդպես հապճեպ կկարճվի:

– Սպասել մեկ տարուց ավելի եւ ստանալ այդպիսի պատասխաններ... Մեր նախորդ զրույցում նշել էի, որ առանձնապես չեմ սպասում օբյեկտիվ եզրակացության, եւ որ առանցքային հարցերի պատասխաններն այդ փորձաքննությունը չէ, որ պետք է տա... Տպավորություն է, որ եզրակացությունը հենց առաջին պահերից գրված է եղել Հ1-ի եթերներում` պետրոսների եւ պողոսների կողմից, իսկ այս 1 տարվա ընթացքում ուղարկվել էր համապատասխան մասնագետներին` ստորագրություններ դնելու համար: Քննչական մարմնի «ապահովագրությունը» հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության պատասխանն է, եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում կարող էր նշանակել լրացուցիչ փորձաքննություն, սակայն քրեական գործը կարճելու մասին որոշումից հետեւում է, որ անհամաձայնություններ չկան:

– «Հիվանդը լքել է ստացիոնարը` առանց բուժանձնակազմին տեղյակ պահելու», - ասված է եզրակացության մեջ: Ինչպե՞ս կարող էր կալանքի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը լքել «Էրեբունի» ԲԿ-ն` առանց բուժանձնակազմին տեղյակ պահելու:

– Այդ նախադասությունը կարդալուց հետո մոտ մեկ շաբաթ է փորձում եմ ինչ-որ խելամիտ կամ տրամաբանությանը մոտ պատկերացում կազմել. անհնար է, չեմ կարող Ձեր այդ հարցին պատասխանել: Իսկ քրեակատարողական հիմնարկ չվերադառնալու ցանկություն հայտնելու դեպքում հորս կուղեկցեի՞ն տուն...

– Ի՞նչը Ձեզ ամենաշատը զարմացրեց եզրակացության մեջ, կամ ի՞նչն էր Ձեզ համար բացահայտում:

– Երեւի ավելի հեշտ կլինի պատասխանել, թե ինչը չզարմացրեց: Խնդրում եմ` այս նյութին կից տեղադրել նաեւ եզրակացությունը, որպեսզի պարզ լինի, թե ինչու եմ այդ կարծիքին: Փորձագետներին ուղարկված եւ գործի համար էական նշանակություն ունեցող կարեւոր հանգամանքներից մեկը եղել է այն, որ Մ. Եղիազարյանի` 44 օր հացադուլի մեջ եղած ժամանակահատվածում, ամբուլատոր քարտի համաձայն` հսկողություն է իրականացվել 17 օրվա ընթացքում, եւ դրան ի պատասխան եզրակացության մեջ նշված է, որ թերացումներ եւ բացթողումներ չեն եղել, իրականացվել է պատշաճ բժշկական օգնություն... Ազատվեցիք քրեական պատասխանատվությունից, իսկ ձեր խղճի՞ց... Ինչքան էլ ցուցմունքներդ համաձայնեցրած ներկայացնեք, թե հացադուլից հետո ամենօրյա այցեր, հսկողություններ են եղել, մի օր էլ ուղղակի կպատասխանեք, թե ինչ ճնշումների արդյունքում եք անտարբերության մատնել Մ. Եղիազարյանին...

– Ըստ էության, քրգործ հարուցելուց 2.5 ամիս անց` ապրիլի 15-ին է միայն նշանակվել «հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»: Կարծում եք ի սկզբանե արդեն իսկ նպատակ ունեի՞ն գործը կոծկելու: 

– Երկուսուկես ամիս անց ստացվեց դիակի դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որից հետո նոր նշանակվեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Անկախ ամեն ինչից չեմ կարող չնշել գործով առաջին քննիչի (Ռազմիկ Ս.-ի) սրտացավ մոտեցումը, իսկ նրա այլ քննչական բաժին տեղափոխվելուց հետո գործի ընթացքն էականորեն դանդաղեց: Ինչ վերաբերում է գործը կոծկելուն, ապա միանշանակ «ամենապատվաբերը» հանցակազմի բացակայության հիմքով կարճելն էր, բայց ամեն ինչ պետք է արվեր հնարավորինս հիմնավոր եւ առանց անպատասխան հարցերի, սակայն այսօր եզրակացությունը լինելուց հետո դրանք ավելի շատ են: 

– Ի՞նչ եք պատրաստվում անել, բողոքարկելո՞ւ եք այլ ատյաններում, թե` ոչ:

– Կրկին լարված ապրումներ, սպասումներ եւ հիասթափություն. ահա ինչ կտա հերթական բողոքարկումը ՀՀ-ում: Համապատասխան աջակցություն լինելու դեպքում` միայն ՄԻԵԴ: 

– Ի վերջո, ո՞ւմ խղճին է մնալու Մհեր Եղիազարյանի մահը...

– Այն մարդու, ով ժամանակին գործած իր անբարոյականությունները թաքցնելու համար պատրաստ էր ամեն կերպ լռեցնելու հորս, Հայաստանը փոքր երկիր է, եւ այն, ինչ գիտեին շատ քիչ մարդիկ, այսօր արդեն նրանց  շրջանակը մեծանում է, մնում է ընդամենը չնչին փաստ, ապացույց դրանք բարձրաձայնելու համար: Ասածս շատերի համար անհասկանալի կթվա, բայց ոչ հասցեատիրոջ համար: Այո՛, ես եւ շատ մարդիկ գիտենք առեղծվածային այս դեպքի «ակունքները»...

Սկբնաղբյուրն՝ այստեղ.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica