close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիկտոր Ենգիբարյան. ԱԺ-ի հերթական «թմկատիրուհին»

Խմբագրի անկյուն

18 Հունիսի 2020, 19:36
 Վիկտոր Ենգիբարյան. ԱԺ-ի հերթական «թմկատիրուհին»

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության 86 պատգամավորները և նույն խմբակցության փաստացի կցորդ, իրեն «անկախ» հռչակած հայտնի արկածախնդիր Արման Բաբաջանյանը քվեարկեցին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին որոշումների օգտին։ Ավելի վաղ քննարկել էինք նախկինում ակտիվ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի և երկար տարիներ Գ. Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցած, նրա քաղաքական ուժի հայացքները կիսած և 2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Արսեն Ջուլֆալակյանի վարքագիծը։  

Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը արձագանքել է հանրային քննադատություններին և, թաքցնելով իր կենսագրության կարևոր՝ քաղաքական դիրքորոշումների և կողմնորոշումների վերաբերյալ հատվածը, հետևաբար նաև 2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված լինելու իրողությունը (ԲՀԿ-ի ավագանու ցուցակ պատահական մարդիկ չեն ընդգրկվում, և միայն Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին հավատարմության երդում տված մարդիկ կարող էին այնտեղ հայտնվել), փորձել է մոլորեցնել հանրությանը։ Նշելով, որ ինքը պարգևատրումներ է ստացել ոչ միայն Գ. Ծառուկյանից, Ա. Ջուլֆալակյանը գրել է. «Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին / ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների / ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ»։ Լավ։ Փորձենք համոզվել: Չնայած՝ Ջուլֆալակյանների և Ծառուկյանի միջև առկա մարդկային բարձր հարաբերությունները բարոյական հողի վրա առաջացնում են բազմաթիվ «պարտքեր»։ Իսկ քաղաքական հողի վրա ինչպե՞ս բացատրել Արսեն Ջուլֆալակյանի վարքագիծը։ Ենթադրելով Ջուլֆալակյանի խոսքի վերջաբանից՝ նա այլևս չի անդրադառնալու այս խնդրին։ Ինչևէ: 

Իմ քայլը խմբակցության՝ Գ. Ծառուկյանի դեմ քվեարկած պատգամավորների շարքում էր նաև Վիկտոր Ենգիբարյանը։ Մարդ, ով հանդիսացել է ոչ միայն ԲՀԿ անդամ, այլև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի խորհրդականը: Ժամանակի ընթացքում դուրս գալով ԲՀԿ-ից և անդամակցելով Լուսավոր Հայաստանին՝ 2017 թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Վ. Ենգիբարյանի անունը Լուսավոր Հայաստան կուսակցության խողովակներով հայտնվեց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում: Չընտրվելով՝ նույն թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում կրկին ընդգրկվեց «Ելք» դաշինքում, կրկին չընտրվեց, մի տարի հետո՝ 2018 թ. մայիսին, ի վերջո փոխարինման կարգով դարձավ Երևանի ավագանու անդամ։ Նույն թվականի աշնանը, արդեն նախապատրաստվելով Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի միջոցով սողոսկել Ազգային ժողով, կուսակցական «փոթորկուն» կյանքով ապրող Ենգիբարյանը կրկին կուսակցափոխություն ապրեց՝ սահուն քայլերով այս անգամ էլ լքելով Լուսավոր Հայաստանը։ 

Հետաքրքրական է, որ, օրինակ, 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ Վ. Ենգիբարյանը, լինելով դեռևս Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, քվեարկել է ոչ թե իր քաղաքական ուժի (Լույս դաշինքի), այլ Իմ քայլը դաշինքի օգտին՝ ցույց տալով, որ իր համար գոյություն չունեն գաղափարական,  կուսակցական կամ քաղաքական սկզբունքներ: Թիմային որոշման հանդեպ ցուցաբերելով նման վերաբերմունք՝ Վ. Ենգիբարյանը վաղուց ապացուցել է, որ, ի դեմս նրա, գործ ունենք անվստահելի տարրի կամ «Տրոյական ձիու» հետ:   

Իշխանական Իմ քայլը խմբակցության մեջ Վ. Ենգիբարյանը, գտնելով բազում իր նաններին, լողում է արդեն ինչպես ձուկը ջրում: Նա, մաքրելով կենսագրականից ԲՀԿ-ի մասին բոլոր հիշատակումները, որպես «հեղափոխության առաջամարտիկ», հանգիստ խղճով և առանց այլևայլության արդեն քվեարկում է Ծառուկյանին ազատությունից զրկելու օգտին։ 

Ցավոք, պարոն Ենգիբարյանին «մի փոքր» կարող է տհաճություն պատճառեն միայն այն  լուսանկարները, հրապարակումները և այլ նյութերը, որոնք ստվերի նման նրան հիշեցնելու են սեփական ԲՀԿ-ական կամ «Լուսավորչական» անցյալը. անցած ուղին, որի վրա բազմիցս թքել է ինքը, և դրա թարմ օրինակը հունիսի 16-ի քվեարկությունն էր։   

Վ. Ենգիբարյանի կենսագրականը չնայած զարդարված է «Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ», «Հայ ակադեմիականների միության գործադիր խորհրդի անդամ» և այլ ճռճռան պաշտոնների մասին հիշատակումներով, այդուհանդերձ, նրա տոտալ անգրագիտությունն ի հայտ եկավ հայտնի հարցախույզի ժամանակ, երբ պարզվեց, որ նա տեղյակ չէ, թե ով է ՀՀ պետական օրհներգի հեղինակը, իսկ դրոշի նարնջագույնը, ըստ նրա, խորհրդանշում է… ծիրանագույնը:                 

Այսպիսով, ծանոթացանք ևս մի կենսագրականի հետ՝ ցույց տալու համար նաև, թե ինչպիսին չպետք է լինի պետական պաշտոնյան։  

Վ. Սարգսյան 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica