close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլի» պատգամավորները դասակի նման շարքով կանգնած՝ սպասում են կոճակ սեղմելու․ Արամ Սարգսյանը՝ Ծառուկյանի դեմ արշավի մասին

Քաղաքական

17 Հունիսի 2020, 21:42
 «Իմ քայլի» պատգամավորները դասակի նման  շարքով կանգնած՝ սպասում են կոճակ սեղմելու․ Արամ Սարգսյանը՝ Ծառուկյանի դեմ արշավի մասին

Մենք միշտ պատրաստ ենք եղել համագործակցության բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատասխանատու են եղել նախինում և այսօր էլ են պատասխանատու իրենց քայլերի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր որոշ ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք», «Նոր Հայաստան», «Ազգային օրակարգ» կուսակցությունների կոնսոլիդացիոն գործընթացին միանալու պատրաստակամությունը։

«Սա այն իրավիճակն է, երբ մենք կուզենայինք ստանալ առաջարկ համագործակցության վերաբերյալ, ինչպես մենք դա արել ենք տարիներ շարունակ, երբ մենք ենք նախաձեռնել այդպիսի քայլեր։ Իսկ մեր դիրքորոշումը շատ հստակ է․ այն, ինչ կատարվում է հիմա այսօրվա իշխանությունների կողմից, անընդունելի է և դատապարտելի»,-ասաց Արամ Սարգսյանը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանական արշավը նրա տեսանկյունից ընտրովի մոտեցում է, քանի որ եթե մտադրությունն ընտրակաշառքները բացահայտելն է, ապա դա հնարավոր չէ անել միայն Ծառուկյանի մասին խոսելով, այլ պետք է քննարկվի ամբողջ երևույթը։

«Ես երեկ ուշադիր հետևում էի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դասակի նման բոլորը շարքով կանգնած էին և ընդամենը սպասում էին՝ երբ են կոճակ սեղմելու։ Որևէ ձևով չբացահայտեցին իրենց վերաբերմունքը երևույթի նկատմամբ։ Եթե խոսքն այն մասին է, որ այնտեղ եղել են ընտրակաշառքներ, ենթադրենք, ապա քննարկեիք ընդհանրապես այդ երևույթը, որ դա արմատախիլ լինի մեր իրականությունից, թե չէ՝ եթե խոսքը միայն այս անձի վերաբերյալ է՝ այդպիսի ուղղակի քաղաքական պատվեր կատարելով, արդեն պարզ է, որ իսկապես սառը հաշվեհարդարի հետ է կապված»,-պարզաբանեց Արամ Սարգսյանը։

Նա հարցադրում է անում՝ եթե փետրվարին արդեն հայտնի էին այդ դեպքերը և եթե դատախազությունն ու իրավապահ մարմինները կարողացել էին այդքան սպասել, ապա ի՞նչն էր խանգարում, որ արտակարգ դրությունն ավարտվեր, նոր սկսվեր այս գործընթացը, որպեսզի ավելորդ սրացում չունենայինք հանրության շրջանում և  այս ծանրագույն պայմաններում, երբ պետք էր կոնսոլիդացնել հանրությանը պանդեմիայի հետևանքների՝ նաև տնտեսական և սոցիալական, դեմ պայքարելու  համար։

«Եթե խնդիրը այդ երևույթը վերացնելն էր, ժամանակ կար, 4 ամիս սպասել էիք, մի ամիս էլ սպասեիք, ավարտվեր, նոր։ Բայց այս ամենից արդեն պարզ է դառնում, որ խոսքն այն մասին է, որ եթե Ծառուկյանը հունիսի 5-ին հայտարարություն չաներ կառավարության 100 տոկոսով փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ, ապա այս գործը շարունակելու էր մնալ որպես մահակ, որ երբ պետք լիներ, համապատասխան ձևով դուրս գար»,-եզրակացրեց Արամ Սարգսյանը։

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հիմա արեց այդ հայտարարությունը․ Արամ Սարգսյանը նրա տրամադրություններին չի տիրապետում, բայց որպես քաղաքացի իրավիճակը վերլուծելով՝ թե ինչ վիճակում է հանրապետությունը տարբեր մարտահրավերների հետ կապված՝ Արցախի հարցում, արտաքին հարաբերություններում, ներքին տնտեսական ծրագրի բացակայության պարագայում և սոցիալական հնարավոր լարվածությունների ավելացման պարագայում, ապա այս պայմաններում, նրա համոզմամբ, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը եթե լռեր՝ կհամարվեր շինծու ընդդիմադիր․ «Եթե ընդդիմադիր է, պետք է պարտադիր ներակայացնի իր տեսակետը։ Իսկ իշխանությունը պարտավոր է նրա հետ բանավիճել, այլ ոչ թե հետապնդել, շրջափակել, ոնց անում են խորհրդարանում, երբ որևէ մեկը փորձում է իրենց ասել, որ իրենց աչքի վերևն ունք կա, նրանք միանգամից խմբակ են ստեղծում և սկսում են ոչ թե քաղաքական լեզվով բանավիճել, այլ նրան վախեցնել, ահաբեկել, ասել՝ ո՞նց կարող է մենք սխալված լինենք և այլն»։

Ծառուկյանի կողմնակիցների ու լրագրողների դեմ ոստիկանական օպերացիան Դեմկուսի նախագահի մոտ հարցադրումներ է առաջացրել․ «Ես ուզում եմ իրենց հարց տալ՝ այն ծախսը, որ արեցին այս երկու օրվա ընթացքում, արդարացվա՞ծ են համարում․ այդ քանակությամբ ոստիկանական ուժեր դուրս բերել փողոց, այստեղից այնտեղ տեղափոխել, բերման ենթարկել 250-ից ավելի մարդ, հետո մյուս օրը նույն բանն անել, քաշքշել կանանց, պառկեցնել հատակին և այլն․․․ այս ամբողջը համաչա՞փ եք համարում այն ամենին, ինչ արել եք։ Հաշվեք, տեսնենք քանի՞ միլիոն դրամ ծախսեցիք այդ հարյուր հազարավոր մարդուն՝ ոստիկաններին, նաև կիրակի աշխատեցրելու համար երևի թե կրկնակի վճարելու համար, էլ չեմ ասում՝ ինչքան վառելիք են ծախսել, ինչքան մեքենա են հանել, թուղթ են մրել, սա համաչա՞փ էր այս պայմաներում․ իհարկե ո՛չ»։

Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց կուսակցությունը պայքարել է երեք ռեժիմների դեմ և հիմա էլ նույնը շարունակում է այսօրվա իշխանությունների հետ կապված։

«Եթե մենք տեսնեինք, որ արդարության ճանապարհին ոչ թե սուբյեկտիվ մոտեցումներ են ցուցաբերում, ոչ թե ընտրովի են անում այդ արդարության հաստատումը, այլ փորձում են համակարգը փոխել, իհարկե, մենք կողմ կլինեինք այս իշխանությունների բոլոր քայլերին»,-նշեց նա։

Դեմոկրատական կուսակցության ղեկավարը վստահեցրեց, որ անընդհատ կառուցողական առաջարկներ են արել այս 2 տարվա ընթացքում, բայց իշխող թիմից որևէ արձագանք չկա։

«Վերջին առաջարկությունները պանդեմիայի հետ կապված՝ 4 օր չէին կարողանում գտնել մեր գրությունը, որից հետո ասացին՝ մենք ձեզ գրավոր չենք պատասխանի, որովհետև դուք չեք ասել, թե պահանջում ենք հանդիպում, մենք խնդրել էինք, որ իրենք գնահատեն մեր առաջարկները, դա չհամարվեց․․․ ես ուղղակի չգիտեմ, թե ո՞ւմ հետ գործ ունենք, մենք չենք հասկանում՝ ի՞նչ համակարգ է գործում»,-ասաց Արամ Սարգսյանը՝ համոզված, որ իշխանությունն է պատասխանատու այս իրավիճակի համար։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր հանդես եկավ կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարի արդյունավետությունը հետազոտող՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությամբ։ Արամ Սարգսյանը կարծում է՝ դա ահրաժեշտ է, նույնիսկ մի քիչ ուշացած։

«Ես կարող եմ հարցադրումները շարունակել․ Արժույթի միջազգային հիմնադրամից 280 միլիոն դոլար վարկ ենք ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ստեղծել ենք համապատասխան հիմնադրամ, որտեղ նույնպես կուտակվել են գումարներ։ Նորից դիմում եք Արժույթի միջազգային հիմնադրամին, թե՝ փողը չի բավարարում։ Ինչ-որ գրանտներ, օգնություն եք ստացել և այլն։ Մի հատ հաշվետվությամբ հանդես եկեք՝ հասկանանք, թե ինչպե՞ս եք օգտագործել այդ միջոցները։ Մենք իրենց ասել ենք, որ պանդեմիայի հետ կապված ձեր խնդիրը կառավարչական ոլորտում է, ոչ թե առողջապահական․ այն, ինչ իրականացվեց, ասենք, Վրաստանում, չիրականացվեց Հայաստանում։ Իհարկե, մենք անհրաժետություն ունենք հենց հիմա այդ հարցադրումները պարզաբանելու և շտկելու այն սխալները, որոնք թույլ են տվել»,-նշեց Արամ Սարգսյանը։

Ընդամենը 2 շաբաթ առաջ Դեմկուսն իշխող թիմին առաջարկել է՝ եթե չգիտեք կառավարչական այն մեթոդները, որոնք անհրաժեշտ են, դիմեք այն պետություններին, որոնք դրա հաշվին կարողացել են լոկալիզացիայի ենթարկել պանդեմիայի վտանգը․ «Դուք անգամ դա չեք անում, նոր-նոր հրավիրում եք բժիշկների այլ երկրներից, ընդամենը այդքանը»։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նաև մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հավաքների ազատությունը սահմանափակող միջոցառումների օրինականությունը վիճարկելու հարցով։

«Առաջին հերթին իշխանությունը պետք է այդ հարցը բարձրացներ, որովհետև իրենք են ասում, որ ժողովրդավարության սկզբունքները մեզ մոտ արդեն հաստատված են և այլն։ Ինչո՞ւ եմ ասում, որովհետև այս պայմաններում արտակարգ դրությունը որպես շղարշ դարձրին և ասում են՝ ո՞նց կարելի արտակարգ դրության ժամանակ հավաքներ անել, չգիտեմ ինչեր են հնարել և այլն։ Հարցը հետևյալն է՝ եթե դուք արտակարգ դրությունը անընդատ հետաձգում եք, ի դեպ, անարդյունավետ, որովհետև մենք տեսնում ենք, որ լուրջ արդյունքների չեք հասնում այդ պայմաններում, կնշանակի դուք ևս պետք է այն վիճահարույց հարցադրումները, որոնք կան այսօրվա օրակարգում, հետաձգեք․ օրինակ, ո՞վ էր պարտադրում, որ այդ աղմկահարույց Լանզարոտեի կոնվենցիան հիմա թաքուն-թաքուն, առանց քննարկման վավերացնեք, երբ լուրջ քննարկման կարիք ուներ, որոնք անպայման արձագանք են գտնելու հանրության մոտ»,-ասաց Արամ Սարգսյանը։

Այլ հարց է, որ իշխող ուժը հիմա ներկայացներ այն տնտեսական ծրագիրը, որով պետք է կորոնավիրուսի հետևանքները հաղթահարվեր և կարողանային մեր երկրի զարգացումը ապահովել։

«Այսպիսի պայմաններում, իհարկե, պետք է վիճահարույց համարել բողոքներ, հավաքներ սահմանափակելու իրավունքը, թող բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները կատարվեն, բայց մարդիկ իրավունք ունենան բողոքները իրականացնելու։ Բացի դրանից, կարելի է հեռավար բողոքներ ներկայացնել, բայց մի պայմանով, որ նրանք իսկապես կարձագանքեն և կգնան այդպիսի քննարկման»,-ասաց նա։

ՄԱԿ-ը խորհրդատվական զեկույց է հրապարկել, որում անդամ երկրներին, այլ դրույթների թվում, ասում է նաև, որ կորոնավիրուսի տարածման պատրվակով չի կարելի սահմանափակել հավաքների ազատությունը, քանի որ դա ներառում է մարդկանց ամենակարևոր՝ խոսքի ազատությունը։

Արամ Սարգսյանը համամիտ է․ «Միանշանակ է դա։ Գործը հասավ նրան, որ «Նյու Յորք Թայմսը» արդեն մատնանշում է, որ կորոնավիրուսի դեմ պպայքարը տապալած երկրում փորձում են խոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին զրկել անձեռնմխելիությունից․ նրանք պարզ ասում են՝ լսեք, այս պահին փոխանակ կոնսոլիդացնեք ձեր ուժերը պանդեմիայի դեմ պայքարում, հետո նոր զբաղվեք ուրիշ հարցերով, դուք զբաղված եք պառակտելով ձեր ազգը և ձեր հանրությունը»։

Հետևելով իշխանության գործելաոճին, Արամ Սարգսյանը եզրակացնում է՝ այն իշխանությւոնն է այս մեթոդներով աշխատում, որի մեջ վախ կա, ով փորձ չունի և նա չի տեսնում հասարակության հետ քննարկված այն ծրագիրը, որն ուզում են իրականցնել։

«Էլ չեմ ասում, որ եթե ուզում եք հանրությունը հասկանա, այդ հանրության էլիտայի հետ պետք է քննարկեք, համաձայնեցնեք ձեր գործողությունները․ սա քաղաքական պրոցես չէ, անգամ խորհրդարանում քննարկում չկա։ Այն ժամանակ էլ, երբ ես պատգամավոր էի, Հանրապետականներն էին միանգամից փորձում լռեցնել ինչ մենք որպես ընդդիմություն փորձում էինք բարձրաձայնել, այդ դեպքում՝ եթե ընդամենը մարդկանց ենք փոխում, մեթոդները նույնն են մնում, հանուն ինչի՞ պիտի փոխվեր այդ իշխանությունը»,-տարակուսեց նա։

Նա նկատեց, որ այսօրվա դրությամբ վարչապետն ինքը չի պատկերացնում, որ այն բառապաշարը, որն ինքն է օգտագործում, երիտասարդների մոտ վերաբերմունք է դառնում․ «Տեսեք, Ոստիկանությունը երեկվա-առաջին օրվա գործերով զբաղվելու փոխարեն պիտի կանխեր այն դանակահարությունների ու հարձակումների քանակը, որ օր-օրի ավելանում են․ այս ֆոնի վրա ի՞նչ քաղաքական գործընթացի մասին է խոսքը»։

Եվրախորհրդարանն օրեր առաջ խիստ մտահոգիչ հայտարարություն ընդունեց Արցախի հարցի կարգավորման մասին․ «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեն», որի նախագահն է Արամ Սարգսյանը, դիմում է հղել Եվրապառլամենտի նախագահին։

«Ինչո՞ւ պետք է մենք դիմենք Եվրախորհրդարանի նախագահին՝ ասելով, որ կասեցրեք այս գործընթացը, որովհետև դուք իրավասու չեք և այլն, երբ խոսքը այն մասին է, որ Եվրախորհրդարանում այսօր արդեն հաստատվում է երեք սկզբունք՝ որ Ղարաբաղը օկուպացված տարածք է, որ Արցախի հիմնահարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով և երրորդ, որ մենք կառուցողական չենք․․․ մենք ընդունում ենք, որ այդպես էլ պետք է լինի՞։ Ես ինչո՞ւ եմ սա ասում․ երբ BBC-ի թղթակիցը Զոհրաբ Մնացականյանին հարց է տալիս՝ չէ՞ որ Ղարաբաղն Ադրբեջանի հողն է, ի՞նչ է պատասխանում մեր նախարարը, ասում է՝ բայց հայեր են, չէ՞, ապրում․․․ եթե այս սկզբունքով է այսօրվա իշխանությունը շարժվում, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարության մակարդակով, այդ դեպքում պարտավոր են միանգամից վար դնել իրենց լիազորությունները որպես իշխանություն, կամ ուղղակի հասկանան՝ ինչպիսի հակազդեցություն է լինելու իրենց հանդեպ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։

Նա համոզված է, որ, ինչքան էլ փորձեն լռեցնել ընդդիմությանը հիմա, սա 21-րդ դարն է և լավ կլիներ մի քիչ հետ նայեին, տեսնեին՝ ինչով են ավարտել նախորդ իշխանությունները և ինչ վիճակում են այսօր։

«Սա այնքան տրիվիալ բան է․․․ ամեն անգամ մարդկանց պետք է բացատրել, որ, լսի՛ր, պաշտոնը հո ամբողջ կյանքում չես տիրապետելու, շատ արագ ես կորցնելու և մտածիր, որ դրանից հետո ինչ է լինելու»,-ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica