close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական ուժերի համախմբման ցանկացած փորձ ողջունում եմ, ինքս էլ պատրաստ եմ աջակցել․ Պարույր Հայրիկյան

Քաղաքական

15 Հունիսի 2020, 21:50
 Քաղաքական ուժերի համախմբման ցանկացած փորձ ողջունում եմ, ինքս էլ պատրաստ եմ աջակցել․ Պարույր Հայրիկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ արշավը ոչ թե քաղաքական հետապնդում, այլ մարդկային նախասիրություն է համարում ԱԻՄ մախագահ Պարույր Հայրիկյանը։

«Ի վերջո, քաղաքականը բարձր բան է, քաղաքականը կապված է պետության հետ, դրա համար ես «քաղաքական» եզրը օգտագործելիս զգուշավոր եմ։ Քաղաքական նկատառումներ իրենք չեն էլ կարող ունենալ, որովհետև իրենք քաղաքական ոչինչ չունեն։ Մարդը որ ասում է՝ ես «իզմ» չունեմ, դա ի՞նչ քաղաքական։ Քաղաքական նշանակում է «իզմ» ունեցող, հետևաբար, եթե «իզմ» չունի, ուրեմն ունի մարդկային նախասիրություններ։ Եվ մարդկային սկզբունքներով պետություն ղեկավարողը գոնե պիտի հիմնական սկզբունքները դրսևորած լիներ՝ հավատարմությունը ժողովրդավարությանը, չի դրսևորել»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա համարում է, որ եթե գործող իշխանությունը սկզբունքով առաջնորդվելու լիներ՝ ժողովրդավարությունը պաշտպանելու պատասխանատվության զգացում ունենար, ապա այս 2 տարվա ընթացքում պետք է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև իրենց իսկ թույլ տված սխալներին ու հանցանքներրին անդրադառնար։

«Եթե սկզբունք լիներ, այս 2 տարին անհետ չէր անցնի։ Դա հսկայական ժամանակ է։ Տիգրան Մեծը 2000 տարի առաջ գերությունից վերադառնալուց հետո 2 տարվա ընթացքում այնպիսի հզոր Հայաստան ստեղծեց, որ խեղճացրեց հակառակորդներին, իսկ սրանք 2 տարի է եկել են իշխանության և առաջին անգամ խոսում են անցյալում թույլ տրված սխալները հանուն ժողովրդավարության ուղղելու մասին։ Առաջին անգամ են խոսում։ Անգամ Ընտրական օրենսգիրքը չեն փոխել․․․ այնպես որ, ես չեմ կարող նրանց մասին ասել, որ առաջնորդվում են բարձր արժեքներով»,-արձանագրեց Հայրիկյանը։

Այն գործերը, որոնք քննության արժանի են, պետք է քննվեն, այլապես պետություն չես դառնա՝ նշեց Պարույր Հայրիկյանը, միևնույն ժամանակ ավելացնելով․ «Ի՞նչ էր պատահել, միանգամից մի քանի գործեր երկու տարվա ընթացքում չկայի՞ն։ Բայց, իսկապես, շատ լավ երևում է, որ սա արձագանք դրսևորում էր։ Դրան նախորդել էր ինչ-որ դիրքորոշում, հայտարարություններ, որոնք նոր էին հնչում Գագիկ Ծառուկյանի շուրթերից»։

Իշխանությունների հայտարարությունների մեջ, սակայն, Պարույր Հայրիկյանը իսկապես ազգօգուտ, ժողովրդավարության տեսանկյունից շահեկան շեշտադրում էլ է նկատել․ այն, որ ժողովրդավարական հեղափոխությունից 2 տարի անց վերջապես շեշտադրվեց ժողովրդավարության համար շատ կարևոր ընտրական գործընթացներում խախտումների քննարկումը՝ անկախ նրանից ում հետ է կապված։

«Ես սա Ծառուկյանի հետ անմիջականորեն չեմ կապում, Հայանաստանում  նախորդ ընտրություններին պետք է անդրադառնալ և ընկալել որպես Սահմանադրական կարգի տապալում, ծանր հանցագործություն ժողովրդի դեմ։ Կարևոր եմ համարել միշտ և ամբողջ այս գորշության մեջ մի փոքր լուսավոր պահն այն է, որ խոսվում է ժողովրդավարական իրավունքները պահպանելու պատասխանատվության մասին»,-ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունների օպերատիվ՝ արագ, ընթացքը Պարույր Հայրիկյանին ենթադրելու հիմք է տալիս, որ դրանք վաղուց էին նախապատրաստված, անգամ Սերժ Սարգսյանից են դա վերցրել, որը 2015-ին հատուկ նիստ գումարեց և անդրադարձավ Ծառուկյանին։

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության դռնփակ քննված գործի մանրամասները 41 տարի անց հրապարակելը Պարույր Հայրիկյանը անպատվաբեր գործողոթյուն է համարում․ «Անցյալում Գագիկ Ծառուկյանի դատավարության նյութի հրապարակումը ես չգիտեմ որքանով կարելի է անմիջականորեն կապել իշխանությունների հետ, բայց դա մարդու ողբերգությունն է եղել, եղել է մի պահ, որ ժամանակին արել է մի բան, որ ցանկալի չէր, որ արած լիներ և 41 տարի հետո այս մարդուն այդ տեսանկյունով ներկայացնելը պատվաբեր գործողություն չէ՝ ով էլ որ դա արել է»։  

Պարույր Հայիկյանն արձանագրեց, որ երբ 2 տարի առաջ իրենք հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչը չէ, որը պետք է մեր երկիրը ներկայացնի և բարձրաձայնեցին այդ մասին, Գագիկ Ծառուկյանը լռում էր։

«2 տարի առաջ քանի որ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում էր «քաղաքացին պետք է դառնա երկրի տերը» գաղափարը, ես ասացի, որ պետք է նրան աջակցել՝ ով էլ ուզում է լինի, այն ժամանակ դեռ զրոյական վիճակում էր։ Երկու-երեք ամիս անց ես տեսա, որ նա ինքն իրեն հավատարիմ չէ և ասացի, որ, չէ՛, այս մարդը վստահության արժանի չէ, գործով ստուգեցինք այդ մարդուն և ասացինք, որ այս մարդը արժանի չէ, որ դառնա պետության գլխավոր պատասխանատուն։ Ես դա ասել եմ 2 տարի անընդմեջ։ Մանավանդ որ, նախորդ իշխանության կողմից մեր ներկայացրած Սահմանադրության նախագծի պարտակմանը անգամ չուզեցին անդրադառնալ, որը ծանր հանցագործություն է։ Բայց Գագիկ Ծառուկյանն այդպես չէր ասում, ինքը հենց սկզբից խոսեց աջակցելու մասին․ մյուս կառավարության հետ էր, բայց հանկարծակի փոխեց իր դիրքորոշումը։ Ինքը երկար ժամանակ չէր արձագանքում նաև մեր կոչերին, տեսեք՝ Սահմանադրության նախագիծ է պարտակված եղել, Սահմանադրությունից կարևոր ոչինչ չկա, առավելագույնը որ ինքն ասում էր, ասում էր, որ ինքը նախագահականի կողմ է, որ բացարձակ ժողովրդավարության մեջ մտնում էր»։  

Պարույր Հայրիկյանը, այս ասելով, ճշտեց՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կալանավորված չէ, որպեսզի կարողանա պատասխանել իր դիրքորոշմանը։

«Եթե կալանավորված լիներ, ես շատ զգույշ կխոսեի, քանի որ արձագանքելու հնարավորություն չէր ունենա։ Եթե այս իրավիճակը չլիներ, որ կարող են կալանավորել, ես ավելի հստակ կարտահայտվեի։ Չէ՞ որ մենք ազդեցիկ քաղաքական կուսակցություններ ենք ունեցել, որ միանգամից անցան, ասենք՝ «Օրինաց երկիրը»։ Արդյո՞ք դա կուսակցություն էր, արդյո՞ք դա գաղափարախոսություն ուներ կամ ճանապարհ էր անցել»,-ասաց նա։

Հայրիկյանն առաջարկեց Ծառուկյանի դեմ իշխանությունների գործողությունները որպես ահազանգ ընկալելով հանդերձ, սպասել․ «Գիտե՞ք, ինչի սպասենք․ լինում են քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ բան են ասում, հետո վեր են կենում, ասում են լրիվ հակառակը, նույնիսկ ասում են՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու, վերջ, հետո զբաղվում են քաղաքականությամբ»։

Հայրիկյանն ասաց՝ ինքը «հեղափոխությունը» միշտ չակերտավոր է օգտագործել, բայց երբ խոսքը արդարադատության իրականցման մասին է, չի կարող դա հակադրել այլ երևույթների․ «Երբ ամրագոտիներ պետք է կապեին, մի հայտնի լրագրող եթերից հայտարարեց՝ պրն․ ոստիկան, դու պիտի կենդանի լեգենդ Հայրկյանին կանգնեցնես, ասես՝ գոտի կապի՞ր։ Ես նրան հակադարձեցի հետևյալով․ ասացի՝ ոչ մի կապ չունի, օրենքի առաջ բոլորը հավասար են»։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի ձախորդությունը մատնացույց արած և լուծում գտնելու համար ԱԺ հատուկ նիստ պահանջած քաղաքական ուժին՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, Փաշինյանը որակեց «բացիլ» և հայտարարեց, որ «իրենք պատմության աղբանոցում են, պարզապես հիմա տեղի ա ունենում այդ աղբանոցի վրա շատ ամուր կափարիչ դնելու պրոցեսը»։

Պարույր Հայրիկյանի տպավորությունն այս որակումներից հետևյալն է․ «Ես, որպես այլ կուսակցության ներկայացուցիչ, կարող եմ քննադատական խոսք ասել անաչառ կամ ոչ անաչառ, բայց վարչապետը այդ մակարդակով խոսելու իրավունք չունի, վարչապետը բոլորի վարչապետը պիտի լինի։ Քննադատությանը բոլշևիկյան հեղափոխական ոգով պատասխանելը ինձ համար անընդունելի է, անթույլատրելի է այդպիսի բան ասելը պետության առաջին դեմքի կողմից»։

2018 թ-ի ամռանը տեղի ունեցածի մասին, որից հետո հոկտեմբերի 2-ին Փաշինյանը հրապարակում ստորագրեց կոալիցիոն կառավարության մյուս ուժերի, այդ թվում՝ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարի հրաժարականն ու միանձնյա ձևավորեց կառավարություն, Հայրիկյանը համարում է հեղափոխական ալիքի վրա արված քայլ, բայց նաև փաստում․ «Փաստը մնում է այն, որ կարող քաղաքական ուժերի մտավոր ներուժից այս իշխանությունները ոչ միայն օգտվել չեն ուզում, այլև սարսափում ու վախենում են, որովհետև միանգամից կերևա իրենց անմակարդակությունը»։

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և միասնական օրակարգի շուրջ քննարկումները Պարույր Հայրիկյանը ողջունում է, բայց նրա համար անհասկանալի է՝ ինչպես են դա անում առանց ԱԻՄ-ի։

«Եթե ազգային համաձայնության մասին են խոսում, եսակենտրոն չեմ, բայց ԱԻՄ-ը եղել է հայ ազգային քաղաքական կյանքի առաջնեկը և բոլորի համար ճանապարհ բացողը, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ԱԻՄ-ը եղել է այն կուսակցությունը, որը ճանապարհ է բացել մյուսների համար․ հիմա այդպիսի միջոցառում են անում ու ԱԻՄ-ին չեն հրավիրում։ Սա եսակենտրոն չէ, սա առողջ գնահատական է։ Ոնց որ 1920 թ-ին հավաքվեին ու Նժդեհը կամ Արամ Մանուկյանը կենդանի լիներ, նրան չհրավիրեին»,-պատկերավոր համեմատեց նա։

Պարույր Հայրիկյանը ողջունում է ցանկացած համագործակցության փորձ, մանավանդ ազգային համաձայնության խորացման ուղղությամբ, բայց նաև նշում, որ իրական կուսակցություն է համարում այն ուժերին, որոնք ունեն գաղափարախոսություն, անցած ճանապարհ, ներդրում ազգային  կյանքում։

«Ես հայ քաղաքական ուղղվածության մասին խոսող ուժերի համախմբման ցանկացած փորձ ողջունում եմ, ինքս էլ պատրաստ եմ աջակցել, բայց լուրջ, արժանապատիվ հարաբերությունների պայմաններում։ Իսկ եթե որևէ մեկը համարձակվի հայ ժողովրդին եռագույնը վերադարձրած կուսակցությանը որպես կցորդի վերաբերվել, ինձ համար դրանք շարքային չեկիստներ են կամ հիվանդ բարդութավորվածներ, որոնց հետ անելու բան չունեմ։ Մյուս կողմից, առանց ԱԻՄ-ի ժողովրդավարական ոչինչ Հայաստանում կատարյալ լինել չի կարող»,-ասաց նա։

ԱԻՄ նախագահությունը բովանդակային քննարկել է կորոնավիրուսի դեմ գործող իշխանությունների պայքարն ու գնահատել խիստ բացասական՝ իր հակասական դրսևորումներով։

Պարույր Հայրիկյանը չի ընդունում նաև այս իշխանությունների անգործությունը նախորդների Սահմանադրությունը փոխելու հարցում․ «Եթե նախորդ իշխանությունների նկատմամբ համընդհանուր ժողովրդական ազգային վերելքը ընդունում ենք որպես փաստ, ոչ թե հանուն Նիկոլի, չէ՛, այլ անցյալի ստերը մերժելու, փաստն այն է, որ մարդկանց համար հիմնականում անընդունելի էր, որ Սերժ Սարգսյանը մեծ կամ փոքր սուտ էր ասել։ Դրանից հետո «Մերժիր Սերժին» կարգախոսով ժողովրդի վերելքը հանգեցներ նրան, որ Սերժ Սարգսյանի հիմնական ներդրումը՝ բացասական Սահմանադրությունը, մանավանդ իր ընտրական հատվածով, որը սարսափելի է՝ այսինքն, պառլամենտը ներկայացուցչական մարմին չէ, կոչվում է համամասնական, բայց համամասնական չէ, դա պիտի փոխվեր, 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, նշանակում է՝ այդ բացասականը իրենց հոգեհարազատ է»։

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել սահմանադրական կարգի լուրջ խախտմամբ՝ եթե ոչ տապալմամբ։

«Հայրենակիցները, որ իշխանության տեր են դարձել, չափի զգացողությունը կորցրել են․ հանրությունը չնկատեց Փաշինյանի թույլ տված սահմանադրական կարգի գրեթե տապալումը, որի համար պատասխան է տալու եթե ոչ դատարանի, ապա պատմության առաջ, որը հավասարազոր է Աստծո առաջ»,-ասաց նա ու բացատրեց՝ ինչու։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու գործընթացում, ըստ նրա, փորձեց քաղաքական քայլերի շարքում օգտվել Սերժ Սարգսյանի ստեղծած հնարավորություններից և, լինելով վարչապետ, հրաժարական տվեց և շարունակեց վարչապետի պաշտոնում մնալ, ինչը հակասում էր Հայաստանում գործող օրենքներին։ Հետո Սահմանադրության ավելի լուրջ խախտում թույլ տվեց․ Նիկոլ Փաշինյանը առաջադրեց իր թեկնածությունը, չընտրվեց, որ խորհրդարանը արձակվի, չընտրվեց, բայց աշխատեց վարչապետ։ Ոչ միայն աշխատեց, այլև այդ պաշտում լինելով՝ գնաց ընտրության․ «Սա սահմանադրական կարգի կոպիտ խախտում է, ինքը սա մարսեց, տեսավ, որ Հայրիկյանից բացի ոչ ոք չի խոսում։ Խանդավառվեց և հիմա, երբ Սահմանադրությունը նախատեսել էր ՍԴ 7 անդամներից ազատվելու նախագիծը ՍԴ ներկայացնել, չարեց։ Հիմա էլ Հանրաքվեով պետք է անի, բայց տանում է ԱԺ։ Այնինչ, իշխանության տարանջատված 3 ճյուղերը իրավահավասար են, չի կարելի հանգեցնել, որ ԱԺ-ն ինչ ուզի՝ անի։ Դրանք հավասար ճյուղեր են, չեն կարող այդ երեք ճյուղերից մեկին գերակայություն տալ, որ մյուսների գործունեությունը քննության ենթարկի»։

Սահմանադրության նախագիծը, որը սկզբում հիշատակեց Պարույր Հայրիկյանը, 2014 թ-ին ԱԻՄ-ը մշակել էր՝ այլ 6 ուժերի հետ, և առաջարկել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին։ Նախորդ իշխանությունների ձևավորած հանձնաժողովը, սակայն, քննարկել էր բոլոր տարբերակները ու հայտարարել, որ այլընտրանք չկա, միայն Սերժ Սարգսյանի նախագիծը պետք է ընդունվի և անտեսել, ըստ Հայրիկյանի, բացարձակ ժողովրդավարությունը համաշխարհային մակարդակով ներկայացրած փաստաթուղթը։

«Նախագիծը ներկայացնում ենք չակերտավոր «հեղափոխական» Նիկոլին ու ինքն ասում է՝ փաստարկներ կան՝ հրապարակավ է պատասխանում մեզ։ Հետո ուղարկում ենք, արդարադատության նախարարությունն է պատասխանում, որ կարող եք ներկայացնել, բայց հանրաքվեի միջոցով։ Երրորդ նամակն ենք ուղարկում՝ 6 կուսակցություններ 10 տարի առաջ ընդունել են, բայց անտեսվել է, դա քրեական գործի արժանի լուրջ հարցադրում է՝ ովքեր են պարտակել այս նախագիծը։ Հետո հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը չարժե որ լինի մեր ժողովրդի գլխավոր ներկայացուցիչը և աշխարհում գլխավոր պատասխանատուն մեր պետության»,-բացատրեց Պարույր Հայրիկյանը։

Սահմանադրական բարեփոխումների ներկա հանձնաժողովին իրենց նախագիծն ուղարկել Հայրիկյանը վարանում է․ «Այդ հանձնաժողովի առաջին գործը պիտի լիներ, փաստորեն, Սահմանադրական հանրքավեին անդրադառնալը․ չանդրադարձավ։ Փաստորեն, զրոյական հանձնաժողով է։ Այդ հանձնաժողովում ես առաջադրված եմ եղել 2 հասարակական կազմակերպությունների կողմից, այն դեպքում, որ մյուսները առաջադրվել են լավագույն դեպքում 1 հկ-ի կողմից, բայց իմ թեկնածությունը մերժել են՝ ասելով, որ ինքն այնպես էլ կարող է իր նախագիծն ուղարկել։ Այսինքն, նույն աշխատաոճն է, որը կար։ Մինչդեռ իրենք պետք է ուրախ լինեին, որ ես՝ նախկինում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով գլխավորած մարդը, Սովետական Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ու առաջնորդ ճանաչված մարդը լիներ այդ հանձնաժողովում»։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica