close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահան Հովհաննիսյանը Եվրախորհրդարանում պրոֆեսիոնալ գործեր էր անում, իսկ ներկա պատվիրակներն անգամ չունեն գաղափարախոսություն․ Զարուհի Փոստանջյան

Քաղաքական

12 Հունիսի 2020, 20:16
 Վահան Հովհաննիսյանը Եվրախորհրդարանում պրոֆեսիոնալ գործեր էր անում, իսկ ներկա պատվիրակներն անգամ չունեն գաղափարախոսություն․ Զարուհի Փոստանջյան

Այստեղ միանշանակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի պատվիրակության մեղքը կա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախկին անդամ (2008-2013թթ), Եվրանեսթի նախկին անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի ադրբեջանամետ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև նոր մայրուղու կառուցման առնչությամբ։

Այս հարցում հայկական ներկա պատվիրակության մեղքը Զարուհի Փաստանջյանը հիմնավորում է նրանով, որ Արցախը տարբեր քաղաքների հետ կապող արդեն 2 մայրուղի ունենք՝ Հյուսիսային և Հարավային ճանապարհները, սա արդեն 3-րդը պետք է լինի, բայց մինչև այսօր նման կոշտ ձևակերպումներով, «օկուպացիա» բառը օգտագործելով հայտարարության ականատեսը չենք եղել։

«Սա կոշտ, աննախադեպ հայտարարություն է, որը մեր խորհրդարանական դիվանագիտության մեղքով է տեղի ունեցել, բայց այստեղ կա նաև աշխարհաքաղաքականություն՝ միանշանակ է, որ կա նաև «խավիարային դիվանագիտության» հոտն ու համը․ համալիր կոնտեքստում եկեք դիտարկենք այս ամենը»,-ասաց նա։

Եվրոպական խորհրդարանական հարթակում Զարուհի Փոստանջյանի տարիների փորձը ցույց է տվել, որ այնպես չէ, որ նախկինում այս աշխատանքը լավագույնս էր կատարվում, բայց, ասաց, ՀՀԿ-ն լուծումը գտել էր։

«Երբ նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցության ուժերը չէին բավարարում դիվանագիտական այդ մակարդակում պատշաճ ներկայանալու համար, նրանք նաև այլ խմբակցություններից անձանց էին ընդգրկում։ Հենց Եվրոպական պառլամենտում ես առնչություն եմ ունեցել այնպիսի դրվագների հետ, երբ Վահան Հովհաննիսյանն էր պատվիրակության անդամ և Հանրապետականները այնտեղ, իհարկե, չէին փայլում գիտելիքներով և շնորհքով, բայց Վահան Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ մոտեցումներով  բավականին գործեր էր անում»,-վկայեց Զարուհի Փոստանջյանը։

Հիմա, երբ նայում է ներկա խորհրդարանին, նրա համար ակնհայտ է, որ կա փորձի պակաս ընդհանրապես խորհրդարանական լինելու տեսանկյունից, ուր մնաց՝ խորհրդարանական դիվանագիտություն բանեցնելու հարցը։

«Իհարկե, այդ հարթակներում կարևոր են կապերը, շփումները, գաղափարների տարածումը։ Այս խորհրդարանի մեծամասնությունը, որը նաև այդ պատվիրակություններում մեծամասնություն ունի, չունի գաղափարախոսություն։ Իսկ եթե դու ուզում ես ձեռք բերել ընկերներ, ապա պետք է ունենաս գաղափարախոսություն՝ ո՛ր ուղղությամբ է քո պատկերացումները և այդ գաղափարախոսության ներքո դու կարող ես ձեռք բերել նաև ընկերներ, գործընկերներ և նաև վարել քաղաքականություն։ Հիմա այս մարդիկ եթե չունեն գաղափարախոսություն, ինչպես իմանան՝ որտեղ պետք է ընդգրկված լինեն»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ ներկա պատվիրակության անդամները Եվրոպական խորհրդարանում ահագին երկար ժամանակ նույնիսկ ընդգրկված չեն եղել խմբակցությունների մեջ, իսկ խմբակցությունները հստակ գաղափարախոսության ուղղվածություն ունեն․ «Այսինքն, դու ո՞ր գաղափարախոսության կրող ես՝ դա սա շատ կարևոր է»։

Փոստանջյանն արձանագրեց, որ այդ մարդիկ, քանի որ երկար ժամանակ նույնիսկ ընդգրկված չեն եղել խմբակցություններում, բաց են թողել այդ ժամանակը, որ գոնե այդ ընթացքում ձեռք բերեին ընկերներ, ինչը շատ կարևոր պայման է խորհրդարանական դիվանագիտության համար։

«Հետո, ովքեր արդեն ունեին ընկերներ, այդ մարդիկ եթե այլևս խորհրդարանում չեն, առնվազն կարող էին այդ մարդկանց կապերը օգտագործել, բայց դրանցից այս խորհրդարանի մեծամասնությունը նույնպես չի օգտվում։ Փորձի այդ փոխանցումը, խողովակների օգտագործումը, դրանք մեծ նշանակություն ունեն և  նաև տվյալ երկրները ներկայացնող այդ պատգամավորների վրա մեր հայրենակիցների միջոցով ազդեցությունն օգտագործելը։ Այս ամենը մի համալիր շղթա է, որը պետք է իրականացվի։ Մինչդեռ ովքեր ընդգրկված են, ես չեմ իմանում՝ նրանք ինչպե՞ս են աշխատում, բայց միանշանակ է, որ այս հայտարարությունը ապաշնորհ ներկայանալու հետևանք է»,-արձանագրեց Զարուհի Փոստանջյանը։

Անդրադառնալով հայտարարության  հեղինակ պատգամավորներին, նա ասաց, որ Եվրոպական կառույցներում, իհարկե, կան պարկեշտ պատգամավորներ, բայց նաև ականատեսն ենք եղել խավիարային դիվանագիտության և հասկանում ենք, որ այստեղ պետք է օգտագործվեն նաև այլ լծակներ, նաև պետք է աղմուկ բարձրացնել։

«Հիմա ես չգիտեմ՝ մեր պատվիրակությունը աղմուկ բարձրացնելո՞ւ է, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, այսօր այս իշխող քաղաքական ուժը պետք է հանդես գա նաև բողոքի հայտարարությամբ, նաև ԵԽԽՎ պատվիրակության մեր անդամները՝ առաջին հերթին ասելով, որ այդ Եվրախորհրդարանի պատգամավորները չունեն նման հայտարարությամբ հանդես գալու մանդատ, այսինքն, նրանք իրենց լիազորությունները չարաշահել են․ այս հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո է և իրենք իրավունք չունեն այդպիսի գնահատական տալու՝ «օկուպացիայի աջակցություն»։ Եվ հետո, եթե նրանք իրապես ցանկանում են նպաստել, որ վեճերը ունենան արդար հանգուցալուծում, ապա քաղաքացիական նախաձեռնությունները չպետք է այդպիսի գնահատականի արժանանան, այսինքն՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը ճանապարհ է կառուցում դեպի արտաքին աշխարհ, որոնցից մեկն է Կապանով ճանապարհը․ հիմա դուք ի՞նչ եք ուզում ասել՝ այն քաղաքացիները, ովքեր ապրում են Արցախում, չպե՞տք է ունենան ճանապարհ, ելք դեպի աշխարհ։ Եվ այստեղ որևիցե մեկը չփորձի օգտագործել «օկուպացիա» բառը, որովհետև այստեղ մենք արդեն հասկանում ենք, որ այդ մարդկանց նպատակներն ազնիվ չեն, նրանք հետապնդում են ոչ արդար նպատակ և այստեղից գալիս է խավիարի հոտը՝ ինչպես է խավիարը փակում մարդկանց աչքերը և բացում մարդկանց շուրթերը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, Արցախում տարեց մարդիկ խոշտանգվեցին․ «Այդ նույն պատգամավորները ինչո՞ւ իրենց բողոքի ձայնը չբարձրացրին հենց խոշտանգման փաստով այդ վայրագ գործողություններ առիթով։ Այդ ժամանակ նաև զոհվեց երեխա, ինչո՞ւ այդ ժամանակ ձայն չբարձացրեցին»։

Փոստանջյանը համարում է, որ և՛ ՀՀ իշխանությունները, և՛ մեր պատվիրակությունը պարտավոր են այս բովանդակությամբ բողոքի հայտարարությամբ հանդես գալու՝ մասնավորապես սա դիտարկելով որպես հարված ՀՀ-ԵՄ հհարաբերություններին․ «Եկեք սա դիտարկենք նաև այդ տեսանկյունից՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների միջև սեպ խրելու համատեքստում»։

Հայաստանի գործող իշխանության լռությունը, սակայն, Զարուհի Փոստանջյանի համար զարմանալի չէ։ Ավելին, նա վստահ է, որ այդ հայտարարությունը լրիվ տեղավորվում է ՀՀ գործող իշխանությունների հնչեցրած հայտարարությունների համատեքստում։

«Եթե հետևողականորեն նայենք, թե ինչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը, ապա կհասկանանք, որ սա իր կողմից հայտարարված քաղաքականության մի փոքրիկ մասնիկն է։ Այսինքն, սա այն մասնիկն է, որ, իբր, կան տարածքներ, որ մենք օկուպացրել ենք, սա այդ տիպի հայտարարություն է»,-ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Արցախը չի կարելի շարունակել թողնել վեճի առարկա, վաղուց պետք էր փաստաթղթով ամրագրել, որ «սա Հայաստան է և վերջ»։

«Այսինքն, այսօր Արցախը շարունակում են թողնել իբրև վիճելի իր ամբողջ տարածքով։ Այսօր էլ, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, կարևոր չէ՝ փուլային է, փաթեթային է, խոսվում է այն մասին, որ ունենք ինչ-որ տարածքներ, որոնք կարող ենք ինչ-որ մեկին տալ, զիջել կամ վերադարձնել։ Այդպիս բան չկա, ընդհակառակը, մենք ենք այսօր ագրեսիայի զոհ և ՀՀ ամբողջականությունն է այսօր խախտված, մենք դեռ խնդիր ունենք Ադրբեջանի հետ մեր տարածքների վերադարձի հետ կապված»,-հայտարարեց Փոստանջյանը։

Անգամ Արցախ ուղարկվող կորոնավիրուսով հիվանդին տրված ուղեգիրը, որում Շուշին Ադրբեջանում էր նշվում, Զարուհի Փոստանջյանը անփութություն չի համարում, նա համոզված է, որ դրանք մտածված քայլեր են։

«Երբ Աննա Հակոբյանը գնում է Արցախ ու ասում՝ ես այստեղ մեծ հաճույքով կընդունեմ Մեհրիբան Ալիևային և մուղամ կլսենք, սա մտածված քաղաքականություն է, սա պատահական չէ։ Դիվանագիտության և քաղաքականության մեջ կարող է թվալ, որ միամիտ բաներ են տեղի ունենում, բայց դրանք պատահական չեն, հատուկ նպատակային նշանակություն ունեցող գործողություններ և հայտարարություններ են։ Նույն այս հայտարարությունը ևս պատահական չէ»,-ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը համընկնումներ է տեսնում 2016 թ-ի ապրիլյան պատերազմին նախորդող իրադարձությունների ու ներկա զարգացումների միջև։

«Եկեք զուգահեռ անցկացնենք․ 2016 թ-ի հունվարին ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց՝ դա փաստաթղթային դասակարգման տեսանկյունից ավելի բարձր կարգավիճակ ունի, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, թե իբր մենք բռնագրավել ենք, ջրի հետ կապված Ադրբեջանը խնդիր ունի և այլն։ Այդ ժամանակ նաև ոչ պրոֆեսիոնալ և Ազգային անվտանգության ծառայության հետ կապ չունեցող մի անձի նորից արհեստական ընթացակարգերով դարձրին գնդապետ և նշանակեցին ԱԱԾ ղեկավար՝ պրն Գեորգի Կուտոյանին, ցավում եմ, որ նա հետագայում զրկվեց նաև իր կյանքից։

Այսօր գրեթե նույն սցենարով, տեսեք, փաստաթուղթ է, որտեղ խոսվում է օկուպացիայի մասին, այն էլ ինչի՝ ճանապարհի առնչությամբ, որ մարդու իրավունքն է կառուցել ճանապարհ, որ այդ ճանապարհով կարողանա կապվել արտաքին աշխարհի հետ, սա դիտարկում են որպես «օկուպացիա»։ Մյուսը՝ այս ԱԱԾ պետի նշանակումը․ նորից մի անփորձ և ԱԱԾ հետ կապ չունեցող անձի են նշանակում և ինչի՞ համար։ Ես չեմ ցանկանա, որ մենք նորից այդպիսի պատերազմական գործողությունների մասնակիցը դառնանք, բայց սրանք հստակ խոսում են, որ եթե քո արտաքին դիվանագիտությունը չի աշխատում և այսպիսի բացթողումներ է թույլ տալիս, դա ազդում է նաև զինված գործողությունների վրա։ Ես կուզենամ սխալված լինել, բայց այս փաստաթղթերը սկիզբն են՝ եթե դու այստեղ թույլ ես տալիս նահանջ, ապա դա վերածվում է ռազմական գործողությունների»,-կանխատեսեց Զարուհի Փոստանջյանը։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու և ներկա իշխանությունների ձախողումն արձանագրելու օրակարգով համախմբման շուրջ։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ճիշտ և պահանջված է համարում, որ անցկացվեն քննարկումներ, որ տեղի ունենան փափոխություններ և գնահատական տրվի բոլոր բացթողումներին։ Նա համարում է, որ խորհրդակցությունները շարժման վերածելու և ինստիտուցիոնալ տեսք տալու համար, պետք է լինի հստակ պայմանավորվածություն, փաստաթուղթ և գործողությունների ծրագիր։  

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica